Հասմիկ Կարապետյան/Փոխիլ ի տէր(2)

Սկիզբը՝ այստեղ

II

Աստված մեռավ

Նիցշեն հաստատեց այն թեզը, որ Աստված կա ու անգամ հասցրեց մեռնել։ Անգամ Աստված մեռավ, բայց Խաչատուրի հայրը այդպես էլ չմեռավ։ Սեփական գերեզմանահորից դուրս գալուց հետո Խաչատուրի հայրը տասը տարի էլ ապրեց։ Իսկ Խաչատուրը ստիպված դարձավ բանվոր, որովհետև  դա «մարդավայել» աշխատանք էր։ Խաչատուրի անկողնու տակ ննջում էին Դյուման ու Չարենցը, իսկ Խաչատուրի հայրը ոչնչացրեց այն, ինչը Չարենցն անվանում էր «անեզր տիեզերք»։ 

Գիտեք, անգամ մի պահ պատկերացրի այդ տեսարանը։ Խաչատուրի հայրը մտնում է որդու սենյակ։ Ձեռքում պահում է ծանր մուրճը։ Զննում է չորս կողմը։ Ունքերը կիտում ու մտածում՝ լակոտը քիչ չէ թաղել էր իրեն, մի հատ էլ գրադարակ էր ստեղծել։  «Ճակատագրի սիմֆոնիան» սկսում է հնչել այն ժամանակ, երբ հայրը ջարդում է գրադարակն ու հերթով պատռում գրքերը։ «Մեսրոպ Մաշտոցը, ցավոք սրտի, մասնատվեց,- հայտարարեց ռադիոն։ «Մեկ րոպե, հենց հիմա մենք նկատում ենք, թե ինչպես է չարագործը պատռում «Հայոց պատմությունն» ու այրում Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը (Գո՜նե «Մատյանը» չայրեիր։ Գո՜նե թաղեիր հողի տակ այնպես, ինչպես քեզ թաղեցինք)։ Իրանական գրականությունը ևս ունեցավ իր տխուր վախճանը, իսկ Պուշկինը շարունակում էր թաքնվել գրադարակի ջարդոտված փայտերի ետևում։ Իսկ Տոլստոյը պահարանի կիսաբաց դռնից թաքուն հետևում էր «զվարճանքին» ու երևի երջանկանում աննկատ մնալու իրականությունից։ 

Նա այդ օրը կոտրեց ո՛չ միայն գրադարակն ու այրեց նրանում եղած  «բերքը», այլ նաև ստիպեց հավատալ, որ չկա առավել երանելի կյանք, քան՝ մահվանից անդին եղած մռայլ կամ լուսավոր «իրականությունը»։ 

«Տե՛ս՝ որ ասում եմ՝ «Աստված մեռավ», հո՛ չեմ ասում՝ չեմ հավատում նրան, ընդհակառակը՝ հավատում եմ ու դրա համար մեռավ։ Մեռավ ու այրվեց քեզ հետ միաձուլվելով, մեռավ քո մտքերում ու քո մեջ, մեռավ այն ժամանակ, երբ գնացիր ծառայության ու ողջ ընթացքում կրկնեցիր՝ «Թող վերադառանամ, ու նա կրկին  թո՛ղ մեռած լինի»։ Մեռավ, երբ կրկին որոշեցիր գրադարակ կառուցել ու ինքդ քո ձեռքով այն ոչնչացրիր, որ հայրիկի ձեռքով հանկարծ չպղծվեին գրքերդ։ Մեռավ, երբ տեսար  հողից ծնված, հողում թաղված ու հողից հարություն առած հայրիկիդ մռայլ իրականությունը։ Մեռավ, երբ ինքնահողի չորացած հողը լցվեց խաշլամայի յուղի մեջ»։ 

III

Ներել չի կարելի սպանել

Կետադրիր ինչպես ուզում ես։ Կետադրիր այնպես, ինչպես սիրտդ կկամենա։ Կետադրիր, այնպես, որ ներես։ Կետադրիր, եթե ուզում ես սպանել։ 

Մի գիշեր, Խաչատուրը մտավ ննջասենյակ ու կանգնեց գլխիս վերևում։ Նրա շնչառությունը ծանր էր, իսկ քրտնաթոր ճակատի սառը կաթիլները մերթընդմերթ թափվում էին չորացած շրթունքներիս վրա։ 

– Արի գնանք, փոս փորենք, – պապին չէր զառանցում, այլ ստիպում էր։ 

Փոս փորելու համար հարկավոր էր բահ, ուժ ու անվախություն։ Պապին բահ ու անվախություն ուներ, իսկ ես՝ ուժ։ Ես պապին պետք էի, որովհետև ուժ ունեի․․․ Պատանեկության ու  առույգության ուժ էր, որը պապի մոտ մարեց, երբ գիտակցեց, որ ծեր է։ Այդպես «մահացան» նաև Ադամն ու Եվան, երբ գիտակցեցին, որ մերկ են ․․․Երբ ԳԻՏԱԿՑԵՑԻՆ․․․Մինչ այդ՝ խենթ էին իրենց միամտության մեջ ու չար՝ իրենց բարությամբ։ 

– Զգո՜ւյշ, կանգնեցիր Սարգսի գերեզմանի վրա, – պապին նպատակասլաց ու հետևողական էր այդ գիշեր (Սարգիսն ինձ կների, որ տրորեցի իր ոսկրոտ հողը)։ 

– Սա էլ Աշխենի ու Հարութի գերեզմանն է, – պապին լապտերն առավել մոտ պահեց Աշխենի կիսաժպտացող աչքերին, մի պահ շոյեց, կարոտով նայեց նրան ու ծանր հոգոց հանելով շարունակեց մահվան ճանապարհը։ 

– Աշխենին շա՞տ էիր սիրում, պապի- մտածեցի ես։ 

– Հա՜, էն էլ ո՜նց էի սիրում։ Ինքը իմ սիրածը չէր, մենք իրար սիրում էինք՝ նախքան նրա պսակվելը։ Ուղղակի չսպասեց։ Չհամբերեց։ ՉԳԻՏԱԿՑԵՑ։ Չգիտեր, որ հայրիկի նման հետ կգամ մահվան սահմաններից, – մտածեց պապին։ 

– Ափսո՜ս, որ սպասեր լավ կլիներ, երևի – մտածեցի ես։ 

․․․Եվ մեր մտածումների թելը կտրվեց այն ժամանակ, երբ պապին կանգնեց տատիս գերեզմանի մոտ։ Պապին մեկնեց բահը։ 

– Ա՜ռ, փոսը փորի։ 

– Ինչո՞ ւ պապի։ 

-Ուղղակի փորի։ Թող էդպես փորած մնա։ Մի անհանգստացիր, ես շա՜տ շունն եմ, ես դեռ մի հարյուր տարի էլ պատրաստվում եմ ապրել , – պապին ժպտաց, ես հավատացի ու սկսեցի փորել։ 

Պապին նստեց փոսի կողքին գտնվող տուֆից պատրաստված նստարանին, վառեց ծխախոտն ու սկսեց մտածել տատի մասին։ Աչքերով խոսում էր հետը, երբեմն ընդհատում էին իրար, վիճում (երևի տատին իմացել էր Աշխենի մասին)։ 

– Որ գնաս ծառայության, առաջին հերթին՝ ինչի՞ մասին կմտածես,-  հարցը հասկանալի էր, իսկ պատասխանելը՝ դժվար։

Փոս փորելն ու ծառայության մասին մտածելն ինձ համար քույր դժբախտություններ էին, իսկ պապի համար սովորական ու անգամ՝ զվարճալի։

– Չարենցի մասին կմտածեմ, պապի։

– Ինչու՞։

– Խեղճը այդպես էլ գերեզման չունեցավ։

– Է՜, Աբովյանն էլ չունի։

– Աբովյանը ունի․․․Ես ուսումնասիրել եմ ու հասկացել եմ, որ Աբովյանը ունի։

– Որտե՞ղ։

– Դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ ունի։

– Եթե չգիտես, ապա ինչպես գիտես, որ ունի։

– Գիտե՜մ էլի․․․Զգում եմ։  Չարենցինը մենակ չեմ զգում։

Տիրեց ծանր լռություն։ Պապին նայում էր հողոտ կոշիկներիս ու երևի հիշում հողոտ ձեռքերով հորը։ Հիշում, որ այն ձեռքերով, որոնցով նա տվյալ պահին ծխախոտն է բռնել, մի ժամանակ փոս է փորել ու մտել մեջը, պաշտպանվել, հետո ընկերոջը փրկել՝ գցելով նույն փոսը։ Հետո Չարենցի «Դանթեականը» բարձր արտասանելով կռվել ու երևի հաղթել․․․Երևի հաղթել։ 

– Վե՛րջ, – այո՜, վերջ։ Փոսը փորված էր։ Հողը տաք։ Իսկ պապի հայացքը սառել էր։ 

– Ես քեզ ասեցի, չէ՞, որ մեռնողը չեմ։ 

– Իհարկե, պապի։ Հիշում եմ։ 

Պապին վեր կացավ։ Ես փոսից մի կերպ դուրս եկա։ Հետո մոտեցավ ինձ, աչքերով ժպտաց ու ասաց․

– Գնա տուն, ես մի գործ էլ ունեմ։ Անեմ՝ գամ։ 

– Մութ է, պապի։ Թո՛ղ վաղը մնա։ 

– Վաղը անպայման կգա, բայց այսօրն արդեն մահացավ։ 

Պապին թեթևակի հրեց ինձ՝ հասկացնելով, որ շուտափույթ հեռանամ։ Ես մե՛կ քայլում էի, մե՛կ ետ նայում։ Պապին նստեց։ Հիմա կանգնեց։ Նորից նստեց։ Հիմա ինչ-որ մտքերի մեջ է։ Հետո մոտեցավ կնոջ շիրմաքարին։ Ու․․․ Ընկավ փոսի մեջ։ 

«Ամեն ինչ բաժանված է արդեն,

և աստղերը, և արևը, և լուսինը:

Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,

ես ամաչում եմ սարսափելի,

որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու ….»։

IV

Հողից ծնվածին՝ հողն էլ կտանի

Խաչատուրը հասկանում էր, որ վերջը եկել է։ Թոքերից լսվում էին վազքի անհանգիստ սրտխփոցները։ Հասկանում էր, որ, եթե հայրիկը կանչում է, ուրեմն վերջը մոտ է։ Իր վերջն է մոտ։ Հասկացավ այն ժամանակ, երբ իր մանկության ընկեր Սարգիսը հայտնեց «չարաբաստիկ» լուրը։ Երբ ոտքերը սկսեցին անհանազանդ դողալ, իսկ ուղեղը գոռում էր, հրամայում, ստիպում՝ շտապելու մասին։ 

Խաչատուրը վազում էր ու աղոթում։ Աղոթում էր ու վազում։ 

– Մայրդ լավ չի զգում իրեն․․․Կողքը նստիր։ Ես էլ գնում եմ։ 

Հայրիկի ձայնը հանգիստ էր։ Իսկ մայրիկը այդքան էլ լավ չէր։ Խաչատուրի սրտխփոցը հանգստացավ։ Փաստորեն մայրիկի համար էր ստիպում ՝ տուն շտապել։  

– Խաչատո՛ւր ջան, գիտե՞ս ՝ ինչու եմ այսքա՜ն վատ։ 

Մտքում պատասխանեց՝ որ չգիտի։ 

– Քույր կամ եղբայր կունենաս․․․։ 

– Կունենամ, բայց որտեղի՞ց։ 

– Ա՜յ էստեղից,- մայրը տաք ձեռքով բռնեց Խաչատուրի կիսաթաց, կեղտոտ ձեռքերն ու դանդաղ քսեց որովայնին։ Թվում էր, որ եթե նման փաղաքշանքով չքսեր,  երեխան կարող է չծնվեր։
– Ուրա՞խ ես, –  սպասում էր պատասխանի։ 

«Չէ, ուրախ չեմ, մա՜։ Մեզ պետք չէ քույր կամ եղբայր։ Մեզ պետք չեն անհավասարություններ, վեճեր, մեղադրանքներ։ Այլ սեր է պետք,  սեր, որը չի լինի, որովհետև չկար էլ։ Ես ատում եմ հայրիկին, որովհետև զոհաբերեց գրքերս՝ շաղախելով քո մեջ քրոջս կամ եղբորս սերմը։ Ես ատում եմ այն րոպեն, երբ ստեղծվեց ծնելիության մասին գաղափարը ու այն վայրկյանը, երբ բարձրաձայնվեց։ Ատում եմ լուսնոտ գիշերը կամ արևոտ առավոտը, երբ այն իրականացավ։ Ատում եմ այս պահը, երբ ասվեց»։

– Ուրախ եմ, մա՜։ 

Մայրիկը գրկեց Խաչատուրին ու իր թաքուն մտքերը։

«Հունիսի վեցին, ժամը՝ վեցին, երբ Աստված աշխարհը ստեղծեց՝ մտածելով որ անպայման յոթերորդ օրը պիտի հանգստանա, երբ տիեզերքում մոլորակներն արդեն ընդունել էին իրենց կատարյալ դիրքը, երբ արևը որոշեց, որ պիտի ավելի վառ շողա, իսկ լուսինը առավել հանգիստ տեսք ընդունի, ու երբ թիթեռնիկը հասկացավ, որ կարող է երկու օր էլ ապրել․․․ հայրիկը մահացավ․․․Վերջապե՜ս մահացավ»։ 

Մարմինը իջեցնում էին փոսը։ Մայրիկին պառկեցրին խոտերի մեջ։ Քահանան աղոթում էր հոգու փրկության համար։ Կնճռոտ կինը հորդորում էր մորս լսել իր հրահանագները։ Հայրիկը աչքերը փակ վայելում էր իր մենակությունն ու հանգստանում աշխարհից։ Մայրիկը փակել էր աչքերն ու արտասվելով աղոթում էր․․․Ո՞ւմ համար․․․Պարզ չէր։ 

Հայրիկի ոտքերին հող լցրեցին, իսկ մայրիկի ջրերն արդեն ցամաքել էին՝ այդ հողի մեջ։ Տղամարդիկ հողոտ վերմակը քաշեցին հայրիկի վրա։ Երբ երեխան լույս աշխարհ եկավ, հայրիկը այդ ժամանակ էլ մահացավ»։ 

– Օղո ՜րմի ․․․Հազար օղորմի։ 

– Առողջ լինես ու վայելես մանկությունդ, պստի՜կ ջան։ 

– Հետաքրքիր է, որ հարություն առավ ու նորից մեռավ։ Հիսուսն էլ էլի տենց եղավ։ 

– Լույս աշխարհ եկար, որ մայրիկի դարդը փափկեցնես։ 

– Խիստ մարդ էր ․․․Հազար ողորմի։ 

– Աղջիկ է։ Կանաչ աչքերով աղջիկ։

Նայեցի քույրիկի բաց կանաչ աչքերի մեջ ու երկինքը կանաչոտվեց, լծվեց քույրիկի մարմնի մեջ ու անհետացավ։ 

Հայրիկը լռեց, երբ նորածին Հասմիկը ճչաց, որ լույս աշխարհ է եկել։ 

V

Փոշոտ անցյալի լայն ոտնահետքերը

Հասմիկի պեպենոտ դեմքը այրվում էր արևի տակ։ Նրա մարմինն անվերջ ակտիվ շարժումների մեջ էր։ Մեկ՝ գետնին էր գցում տիկնիկներն ու վերցնում իմ մանկության տանկերն ու զինվորիկները, մեկ էլ՝ զինվորիկին արհամարանքով դեն նետում ու վերադառնում իր վարդագույն շորերով տիկնիկներին։ 

– Ես լավ գիտեմ՝ ի՜նչ ես մտածում, – բարձրաձայնեց Հասմիկը։ Հետո գլուխը պտտեց իմ կողմն ու լայն ժպտաց՝ շողացնելով սպիտակ ատամները։ 

– Հետաքրքիր է՝ դու գիտես, իսկ ես չգիտեմ։ 

– Չգիտես, որովհետև գրքերդ ու անցյալդ չեն թողնում, որ վերադառնաս ներկա։ 

– Ա՜յ պստլո, դու որտեղի՞ց գիտես էդ ամեն ինչը։ 

Պստլոն լռեց։ Իսկ ես մտահոգ փակեցի գիրքն ու անհամբեր  սպասում էի պատասխանին։

Հետո Հասմիկը հոգնեց խաղերից ու մոտեցավ ինձ։ Կուչ եկավ ոտքերիս մոտ, հետո կատվի նման ձգվեց, հետո դժգոհ հայացք ընդունեց ու հեռացավ։ 

Մայրիկը նստել էր խոհանոցում։ Ծանր մտքերը խոնարհել ափերի մեջ ու աչքերը պատուհանից դուրս հանել։ Ջրի կաթիլները սահում էին նրա նիհար, սպիտակ պարանոցի երակներով։ Լսում էի նրա մտքերը։ Զգում էի, որ մարմինը փոշոտվել էր։ Տեսնում էի , որ հայրիկը գրկել է։ Ու միայն նրան էր գրկել։ 

– Պա՜, բա ինձ չե՞ս ուզում գրկել։ 

– Լակո՜տ, գիտես չեմ տեսել, որ գրապահարանիդ գրքերը շատացել են։ 

– Էդ գրքերի շնորհիվ եմ հիմա քո հետ խոսում։ Տեսնում եմ , որ գրկել ես մայրիկին, իսկ աչքերդ բարկացած են՝ ոչ մայրիկի վրա։ 

– Էն աշխարհից էլ կանիծեմ քեզ․․․Կանիծեմ, բայց չեմ սիրի։ 

Հայրիկը գնաց։ Մայրիկը սկսեց մաքրել այն, ինչի պատճառով Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից։ Ինչին նման են մոլորակներն ու ինչի շնորհիվ Նյուտոնը բացահայտեց տիեզերքի ողջ գաղտնիքը։ Հետո մայրիկը դանակով երկու կես արեց մեղքը։ Ա՜յ քեզ կախարդանք։  Մեղքից մեկը որոշեց տալ Հասմիկին։ Արագորեն հասա խոհանոց ու խլեցի նրա ձեռքից այդ մի պատառ մեղքը, կերա, հետո խլեցի բոլոր մեղքերն ու կերա։ Հասմիկը լացեց։ Իսկ ես երջանիկ էի։ 

Մնաց ինը րոպե

Ռադիոն երգում էր հայրենասիրական ինչ-որ երգ։ Հասմիկը փորձում էր հասկանալ՝ որտեղից է գալիս ձայնը։ Գրկեցի նրան ու բարձրացրի պատին ամրացված ռադիոյի մոտ։ Նրա կանաչ աչքերը զննում էին ռադիոյի խորշում թաքնված անտեսանելի հաղորդակապը։ Նա որսում էր երգող տղամարդու խրոխտ ձայնն ու երջանկանում, երբ ամեն բան հասկանում էր։ 

Ու երբ եկեղեցիներն ու վանահայրերը փլվում էին ներկայի երկրաշարժում, ու երբ ամպերը բարկացել էին պետությունների վրա, ու երբ աղոթելը դարձել էր լոկ փրկության հենարան, ես վազում էի։ Վազում էի Չարենցի «Դանթեականը շուրթերիս, վազում էի ու դանակահարում իմ պետությանը դեմ ջհուդներին, վազում էի ու հաշվում Հասմիկի դեմքի փոքրիկ պեպենները, լռում էի, որ ցավից չգոռայի, գոռում էի, որ լռությունից չխենթանամ։ 

– Խաչատուր, էն ջրով տարրան որտե՞ղ ես դրել։ 

– Ջուր չի մնացել, ցամաքել ենք արդեն։ 

– Մենք ոչինչ, ասա՝ մեր հողը չցամաքի։ 

– Ո՞ւմ է պետք էս հողը, ո՞վ է մեր տերը, – Անդրանիկը բարկացավ իր զինակից ընկերների վրա ու մեջքով արեց։ 

– Ափսո՜ս է էդ անունը, որով կնքել են քեզ։ 

– Անունիս հետ ի՜նչ գործ ունես։ 

– Արի փոխվենք անուններով։ 

Անդրանիկի դեմքի ամեն ուրվագիծը պատմեց նրա մտքերը։ Պատմեց, որ նա այսօր հազիվ է փրկվել մահվան ճիրաններից ու այդ պատճառով է ատում իր հայրենիքը։ Պատմեց, որ Անդրանիկն այսօր քաղցած է մնացել, ու երևակայեց, որ ուտում է  իրենց տան դիմացի այգում շենացած ծառերի վրայի խնձորները։ 

– Առաջարկում եմ Անդրանիկի դարդը չլացել ու հասականալ, թե որ ուղղությամբ ենք շարժվելու։ 

– Ծարավ եմ։ Դժվա՜ր թե կարողանամ շարժվել։ 

– Տղամարդ եղե՜ք, էլի։ Ջուրն էլ կգտնենք։ Հայրենիքն էլ կփրկենք։ Անդրանիկին էլ զոհ կտանք՝ կգնանք, – բոլորը ծիծաղեցին, իսկ Անդրանիկը մի պահ պատկերացրեց, թե ինչպես պիտի տեղի ունենար իր  զոհաբերության արարողակարգը։ 

– Աղը չմոռանաս լցնել բերանը, – հավելեց մեկը։ 

– Չէ՛, Անդրանիկը անալի ուտող է։ 

– Անհամ տղա է, էլի։ 

Լուսնի մեղմ կլորը շարունակում էր հետևել մեզ։ Նա ծիծաղում էր մեզ վրա այնպես, ինչպես մենք էին ծիծաղում Անդրանիկի վախկոտության, թուլության, դավաճան մտքերի ու անհամապատասխան անվան վրա։ Լուսինը մոլորեցնում էր ու սթափեցնում, ստիպում էր առավել ուշադիր լինել, ստիպում էր չքայլել արյունոտ, օրերով նեխած դիակների վրայով։ Դիակները մի ժամանակ շնչում էին, ապրում իրենց սովորական օրը, միգուցե զբոսնում սիրելիի կամ ընտանիքի անդամների հետ։ Նրանք ծիծաղում ու լաց էին լինում, պատմում հետաքրքիր պատմություններ ու տխրում, երբ որևէ դժբախտություն էր պատահում։ Նրանք մտածում էին ու երբեմն էլ զղջում։ Նրանցից մեկը հաստատ սիրում էր նկարելը, մյուսը՝ երգելը, իսկ էն մյուսը՝ միգուցե պաշտպանել հայրենիքը ու երևի դրա համար եկավ սահման, ու երևի դրա համար դիակ դարձավ։ 

– Չէ, ես էս օրին չեմ ընկնի, – մտածում էի, երբ Անդրանիկը կանգնեց դիմացս ու ապտակեց ինձ։ 

– Շեղեցի քեզ դիակներից,- Անդրանիկն ապտակեց ինձ․․․Վախկոտ Անդրանիկի մեջ միգուցե այդ պահին զարթնեց Զորավարն ու հրամայեց՝ արյան գնով պաշտպանել․․․

«Զորավար, ինչո՞ւ պաշտպանեմ․․․Ա՜խր մեկ կյանք եմ ապրում, հասկանում ես։ Ուզում եմ վայելել ու սիրել էս կյանքը, քամել նրա հյութերն ու ընկղմվել նրա խորը անտառներում։ Ուզում եմ գրկել  ու այնպե՜ս պինդ սեղմել, որ կյանքն էլ ինձ սիրահարվի։ Իսկ եթե կյանքը սիրահարվում է քեզ՝ էլ պոկ չի գա։ Խենթ սիրահարի նման գիշերուզօր կապրի քեզնով ու անգամ կմահանա քեզ համար»։ 

Զորավարին երևի դուր չեկան մտքերս։ Զորավարն ասաց՝ «Լսի՛ր, այ խենթ։ Հայրենիքդ սիրի, որ կյանքն էլ քեզ հարգի ու սկսի ապրել քեզ համար։ Դու գոնե գիտես, որ մի ժամանակ սեփական հայրենիքում ապրածները, չսիրելով իրենց հողը, դարձան թափառաշրջիկ մի ճղճիմ կույտ։ Ես էլ մի ժամանակ քեզ պես էի մտածում։ Մտածում, որ իմ պապն ու նրա պապն են ստեղծել հայրենիք սիրելու անտեսանելի թեզը, բայց հետո հասկացա, որ ինչպես թույլին կպաշտպանես ուժեղից ու մի լա՜վ կհասցնես թույլին հարվածող ուժեղի մռութին, այնպես էլ սեփական հայրենիքդ պիտի պաշտպանես, որովհետև նա քեզնով է իմաստավորվում։ Բա՜լա ջան, ամոթ է։ Խելքդ գլուխդ հավաքիր ու ապտակիր Անդրանիկին։ Որովհետև նրա անունը պատիվ չի բերում իրեն։ Ու առհասարակ, է՛ս ախմախին իմ անունը չպիտի դնեին։ Մի սրա՛ն նայիր։ Վախկոտ, պոչը ներս մտցրած ողորմելի է»։ 

Ես ու Զորավարը ծիծաղեցինք Անդրանիկի վրա ու պատասխան ապտակեցի նրան։ Անդրանիկի աչքերում նկատվեց ուժեղ հարվածի կայծը։ Զորավարը դրական նշան տվեց ինձ։ Ու շարունակեցինք մեր ճամփան։ Քայլում էինք մտամոլոր։ Հիշելով ու սիրելով մեր հիշողությունները։ Ես լսում էի Հասմիկի մանկական քրքիջն ու ինքնաբերաբար ժպտում։ Խոստանում՝ չծնկել մահվան առաջ։ Խոստանում՝ չդավաճանել ինքս ինձ։ 

– Հայկ, – նրա մտամոլոր աչքերն իմ կողմ հառվեցին․- Դանթեի «Աստվածային կատակերգությունը» կարդացե՞լ ես։ 

– Ես դրա ժամանակը չունեմ, Խաչատուր։ Ի՞նչ կա որ։ 

– Դե, եթե չես կարդացել, իմաստ չունի խոսել։ 

– Ա՜յ մարդ, դու բացատրի, ես կհասկանամ՝ կարդացել եմ, թե ոչ։ 

Կապուտաչյա Արան ծիծաղեց։ Իսկ շիկահեր Հայկը այդպես էլ չհասկացավ Արայի անբռնազբոս ծիծաղը։ 

Ոտքերս թմրել էին։ Նստեցի մեծ, սառը քարին։ Տղաները աշակերտի պես նստեցին դիմացս ու անհամբեր սպասում էին։ Երևի շատ էին ուզում տեղափոխվել Դանթեի դրախտն ու անտեսել սահմանների քավարանն ու դժոխքը։ 

– Ես դպրոցում ուրիշ բան եմ անցել, – Արան լրջացավ։ Եթե Արան լուրջ էր, ուրեմն ամեն բան դեռ կորած չէր։ 

– Ի՞նչ ես անցել։ 

– Չեմ հիշում՝ որ գրողն էր․․․Ֆրանսիացի էր․․․Հա ֆրանսիացի էր,- գլուխը քորեց, որ լավ հիշեր։ 

– Երևի Դյումա եք անցել։ 

Արան հիացած էր։ Երևի Դյումայով։ 

– Խելքի կտոր ես է՜։ 

– Դյումայի «Հրացանակիրներն» ես կարդացել։ 

– Հա, բայց կիսատ մնաց։ Կպատմե՞ս ավարտը։ 

– Բա՜ Դանթեն։ 

– Թո՛ղ քավարանում սպասի, մինչև կգանք հետևից, – տղաները սկսեցին քրքջալ ու միայն Անդրանիկն էր լուռ ու անտրամադիր։ 

– Դե լա՜վ մռութներդ մի կախիր։ Դու հայ ես, դրա համար էլ ներում ենք քեզ ու քո վախկոտությունը։ 

– Հա բայց ես վախկոտ չեմ։ Երեկ երեք հատ թուրք եմ խփել։ 

– Որտե՞ղ․․․Երազո՞ւմ, – ծիծաղի պայթյունը լսեցին մեզ շրջապատած լեռներն ու երևի ամոթանք տվեցին։ 

Անդրանիկը վեր կացավ։ Ուզում էր հեռանալ։ Հետո փոշմանեց։ Անհանգստացավ։ Մի քիչ մտածեց։ Հասկացավ, որ ավելի լավ է մնա։ Մնաց ու շարունակեց մտքում երգել իր տխրության երգը։ 

– Դանթեն ասում է, որ կա մեղքերի շրջան, որոնցից ծայրագույնը իններորդն է․․․։ 

– Որի պատճառով կործանվեցին գերհզոր պետություններն ու նորածիններ վիժեցին արգանդում։ Որի պատճառով մահը դարձավ քաղցր մեռոն, իսկ կյանքը՝ անտանելի գոյաբանություն։ Որի պատճառով ես սկսեցի չհավատալ ինքս ինձ ու պայքարել սեփական մտքերիս դեմ։ Որի պատճառով հայրս մեռավ ու կրկին վերածնվեց, ու կրկին մեռավ, իսկ մայրս փակվեց իր փշոտ ու փոշոտ ներքին սենյակում։ Որի պատճառով Հասմիկը կոտրեց իր բոլոր խաղալիքներն ու նայեց պատուհանից դուրս՝ փնտրելու իմ ստվերը։ Որի պատճառով իմ երկրի քահանան հանձնեց սեփական գերտերության դարպասի բանալիներն ու տապալվեց խաչի հարվածից։ Որի պատճառով անտեսանելի Մարդը ներեց Հիսուսին, իսկ մահկանացուները շարունակեցին արդարացնել մեկ այլ գող սրիկային։ 

Գիտակցված դավաճանություն․․․Սեփական անձի հանդեպ։ Գիտակցված դավաճանություն մարմնիդ ու հոգու դեմ։ Դավաճանություն, որը մարդուն թաղեց հողում։ Ու որոշեց ստեղծել կլորի «անկյուններում»։ 

Տղաները հասկացան, որ հայտնվել են դիակապատված սահմանում, որովհետև դա դավաճանության դեմքն էր։ Նրանք ատեցին այդ դեմքն ու որոշեցին ջարդել դավաճանության մռութը։

Շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *