Սիլվի Ռիեսկո Բերնիերը իսպանացի բանաստեղծ է, Լեզուների պաշտոնական դպրոցների դասախոս և լեզվաբանության դոկտոր։ Մադրիդի գրողների միության փոխնախագահն է և Խաղաղության դեսպան (2019)։ “La magia de la leche”, “Poemocionario en ti”, “También yo”, “A las 8 en tu ventana” գրքերի, ինչպես նաև երկու մանկական գրքերի հեղինակն է։
Անտեսանելի մոր մենախոսությունը
Չկարծես, թե մաքրուհի եմ։
Ամենից շատ մաքրել եմ
վախիդ, ցավիդ ու հոգնածությանդ փոշին՝
առանց հետք անգամ թողնելու։
Չկարծես, թե միամիտ եմ։
Շատ լավ գիտեմ, թե ինչ է կյանքը։
Բայց որպեսզի այն քեզ համար ճանապարհ դառնա,
գեղեցիկ պատկերեցի։
Չկարծես, թե անհամ եմ։
Աղ եմ լցրել
ուրախության ու վճռականության արգանակների մեջ՝
աննկատ, հարգանքով։
Չկարծես, թե կանգ եմ առել։
Կյանքս աշխատանքից բացի ուրիշ ոչինչ չի եղել։
Տալ մինչև վերջին շունչս,
«այո´» ասել՝ առանց դադարի։
Բայց ամենից առաջ՝
մի՛ սպասիր, որ աստվածուհի լինեմ։
Ամեն ինչ չէ, որ կարող եմ։
Քո հայացքի կարիքն ունեմ,
որ նրանում տեսնեմ ինձ՝ ներսից։
Խոստովանում եմ
Եփել եմ կերակուր, որ այդպես էլ չհամտեսեցիր։
Քո մնացորդներից միայն՝ համադամ եմ պատրաստել։
Հաշվել եմ մինչև երեքը ու… գետնից կարելի է ուտել։
Կուլ եմ տվել այն, ինչ ինքս եմ այնքա՜ն քննադատել։
Բացել եմ բերանս, որ դու ծամես։
Շորս դեն եմ նետել, որ ստիպված չլինեմ լվանալ։
Քեզ սրբել եմ թևքովս։
Տնից դուրս եմ եկել՝ լաքոտ հագուստով։
Շփոթել եմ օշարակի չափաբաժինը.
Որտեղ գրված է՝ 3,4, կարող է լինել՝ 4,3։
Ծծակը ծծել եմ՝ այն թրջելու հնար չունենալով։
Մի վայրկյան ուշացել եմ, ու գետնին ես ընկել։
Ձևացրել եմ, թե քնած եմ՝ գուցե ինձ նմանակես։
Ստուգել եմ, որ շնչում ես, երբ քնած ես։
Շունչ եմ քաշել, երբ վերջապես քնել ես։
Հուսահատվել եմ, երբ անդադար լացել ես։
Հորինել եմ անհեթեթ օրորոցայիններ ու չավարտվող հեքիաթներ։
Ինձ բռնացրել եմ՝ միայն քո երգերը լսելիս,
ու ժողովների կեսին՝ երգերդ քթիս տակ երգելիս։
Գրքերս զբոսանքի եմ հանել։
Ձմռանը մոռացել եմ վերարկուս։
Առանց պատճառի տագնապել եմ։
Շրջվել եմ՝ հեռվում մի ճիչ լսելով,
ու տեսել, որ հանգիստ քնած ես կողքիս։
Կուրծք եմ տվել քեզ՝ հանգստացնելու համար։
Պլանշետ կամ հեռախոս, որ աշխատել կարողանամ։
Զգացել եմ, որ լավ չէի անում։
Լացել եմ, որ ամեն ինչ չեմ հասցնում։
Մայր դառնալով՝ ինձ ավելի դուստր եմ զգացել։
Լսել եմ ինձ՝ մորս խոսքերը կրկնելիս։
Վախեցել եմ երկուս դառնալուց։
Հանձնվել եմ անդադար ընդհատումներին։
Զգացել եմ ինձ՝ քեզնով լցված, ինձնից՝ դատարկ։
Փնտրել եմ նրան, ով էի՝ հայելու մեջ։
Քեզ գտել եմ լռության մեջ։
Խոստովանում եմ՝ մեկ ուրիշն եմ հիմա
ու ծնվել եմ քեզնից։
Հարցեր
Կան հարցեր, որ տալիս եմ ինքս ինձ՝ լռության մեջ,
և չեն հասնում շուրթերիս։
Անհարմար, որ նույնիսկ չեն ուզում բարձրաձայնվել։
Հարցնում են ու ետ գալիս,
վերադառնում են ու տակնուվրա անում ներսս։
Ինչո՞ւ է զգալը կորչում մտածելիս։
Ինչո՞ւ ենք ասում, որ նույնն ենք։
Ինչո՞ւ հղիանալը ո՛չ ծննդաբերել է, ո՛չ էլ կրել։
Ինչո՞ւ է «ես»-ը վերջինը հաշվի առնվում,
չնայած առաջին դեմքի անձնական դերանուն է։
Ինչո՞ւ է դժվար «ոչ» ասելը, իսկ «այո»-ն մրցակից չունի։
Ինչո՞ւ է կին լինելը մաշկ ու դիմակ։
Ինչո՞ւ է մայրը լույս ու ստվեր միաժամանակ։
Ինչո՞ւ է մեղքը շրջանաձև։
Ինչո՞ւ լինելու համար հարկավոր է ունենալ,
իսկ տալու համար բավարար է կամենալը։
Ինչո՞ւ է մեծացնելը հեռացող ներկան։
Ինչո՞ւ է «carpe diem»-ը մեռնում արտասանելիս։
Ինչո՞ւ է բաց թողնելը թույլ տալիս հաղթել։
Ինչո՞ւ է սպասումը շտապեցնում, իսկապես:
Ինչո՞ւ է ապրելը գոյատևել։
Ինչո՞ւ են մեզ սովորեցնում թաքցնել՝ ցույց տալու փոխարեն։
Ինչո՞ւ կյանքը նույն կշիռը չունի սկզբում և վերջում։
Ինչո՞ւ։
Սրանք են տեղին հարցերը,
իսկ սա՝ այն մեկը, որ լռեցնում է դրանք.
Իսկ ինչո՞ւ ոչ։
Լեզուս ետ է գնում…
Պապանձվում է։
Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի
También Yo,
Editorial Dilema, Madrid 2023

