Արեգ Ազատյան / ԱՄՆ Դաշնային Հետախուզության Բյուրոն մ.թ.ա. 917թ-ին

ԴԱԴԱՐԻ ՊԱՀԻՆ (ժողովածուից)

Հյուսիսային Ամերիկա։ Մ.թ.ա. 917թ․։ Այժմյան Կալիֆոռնիայի տարածք։ Անհայտ բնակավայր։ Տարիքով մի մարդ նստած է իր տան առջև ու ծխում է։

Քիչ անց նրան է մոտենում թոռը։ Նրա անունը Ահիգա է։ Ահիգան խնդրում է պապին չծխել։

– Քո ծուխը խանգարում է ինձ կենտրոնանալ։

– Ես միայն այդպես եմ կարողանում հանգստանալ,- ասում է ծերունին։

– Ծուխն այնքան խիտ է ու մշուշոտ, որ ես նույնիսկ կարող եմ այն դանակով կտրել,- ասում է Ահիգան։ Ծերունին գրպանից փոքրիկ դանակ է հանում ու տալիս թոռանը։

– Վերցրու, կարող ես այս դանակով կտրել ծուխը։ Դա քեզ համար հրաշալի զբաղմունք կլինի։

– Ես ուզում եմ, որ ծուխն իմանա, որ իրենից զզվում եմ,- ասում է Ահիգան ։

– Երբ դանակահարես նրան, անպայման կիմանա։

– Այդ ժամանակ հօդս կցնդի՞,- հարցնում է Ահիգան։

– Այո,- պատասխանում է ծերունին։ Մի քանի ժամ անց Ահիգան կրկինմոտենում է պապին։

– Ես մի քանի մասի բաժանեցի ծուխն ու փաթաթեցի կտորի մեջ։ Ծուխն ինձ ոչինչ չասաց, բայց տվածդ դանակը մի քանի անգամ կտրելուց հետո բթացավ։

– Ես այլևս դանակ չունեմ,- ասում է ծերունին։

– Ինձ դանակ հարկավոր չէ, պարզապես ցանկացա շնորհակալություն հայտնել, որ ինձ ծուխ կտրել սովորեցրիր։

– Խնդրեմ,- ասում է Ահիգայի պապն ու վեր կենում նստարանից։ Քիչ անց մի մեքենա է հայտնվում նրանց տան առջեւ։ Մեքենայից տարօրինակ արտաքինով երկու մարդ է իջնում։

– Բարև ձեզ,- ասում է նրանցից մեկը։

– Բարև,- ասում է Ահիգայի պապը։ Մի քանի տարի առաջ այստեղ մարդ են սպանել, մենք ոստիկանությունից ենք, կարո՞ղ ենք խուզարկել տարածքը։

– Այո, բայց ինչո՞ւ եք այդքան ուշ գալիս։

– Ձեր անունն ի՞նչ է։

– Սանի։

– Մենք շատ գործեր ունենք, պարոն Սանի, -ասում է ոստիկանն ու խնդրում գործընկերոջը հանել մեքենայի բեռնախցիկից մետաղե սև պայուսակը։

Ահիգան մոտենում է պապին ու ապշած նայում ոստիկանների գործողություններին։

– Այս ի՞նչ գործիք է,- հարցնում է Ահիգան։

– Չգիտեմ,- պատասխանում է Սանին։

– Ինչո՞ւ են նրանք եկել,- հարցնում է Ահիգան։

– Ոստիկանությունից են, ինչ-որ բան են փնտրում։ Դու ավելի լավ է գնա կտորով փաթաթված ծուխը բեր,- ասում է Սանին։ Ոստիկանները մի քանի գործիք են հանում պայուսակից։

– Ի՞նչ եք անում,- հարցնում է Սանին։

– Արդեն ասացի, սպանված մարդու դին ենք փնտրում։

– Իսկ դա ի՞նչ գործիք է։

– Սա՞։ Սա ականազերծման գործիք է։ Մենք ենթադրում ենք, որ Ձեր տան շուրջ ականապատ տարածքներ կան։

– Որտեղի՞ց որոշեցիք,- հարցնում է Սանին։

– Մենք ԱՄՆ դաշնային հետախուզական բյուրոյի ոստիկաններ ենք։

– Ի՞նչ ԱՄՆ, դուք ինչ-որ բան երևի շփոթում եք։

– Չէ, մենք ամեն ինչ շատ ճիշտ ասացինք,- պատասխում է ոստիկանը։

– Միշտ այդպես է, երբ անկեղծ ես խոսում` սկսում են չհավատալ, տարատեսակ հարցեր են տալիս,- միջամտում է մյուս ոստիկանը։

– Ես հասկանում եմ Ձեզ,- ասում է առաջին ոստիկանը,- Դուք երևի զարմացաք, թե ինչու են հետախուզության աշխատակիցները հետաքրքրված ինչ-որ մի անհայտ բնակավայրով։

– Ոչ, ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչո՞ւ եք դուք այդքան սիրալիր և ինչո՞ւ եք աթաբասկերեն խոսում,- հարցնում է Սանին։

– Մենք աթաբասկերեն չենք խոսում, սա սովորական անգլերեն է, որով բոլոր ամերիկացիները խոսում են,- պատասխանում է ոստիկանը։

– Ես կարող եմ տարբերել աթաբասկերենը անգլերենից, դեռ այնքան չեմ ծերացել։

– Խնդրում եմ մի խանգարեք։ Ձեր հարցերը մեզ չեն թողնում աշխատել։

– Դուք ներխուժել եք իմ տարածք, ձեզ հետ բերել եք անհասկանալի իրեր, անբացատրելի վարք եք դրսեւորում և այդքանից հետո ուզում եք, որ հարցեր չտա՞մ,- զայրացած ասում է Սանին։

– Մենք իրավունք ունենք ցանկացած վայրում, ցանկացած ժամի, ցանկացած պայմաններում որոնողական և հետախուզական աշխատանքներ ծավալել, իսկ Դուք չարաշահում եք մեր համբերությունը,- ասում է ոստիկաններից մեկը։

Ահիգան տնակից դուրս է գալիս՝ կտորե կապոցները ձեռքին։ Նա մոտենում է պապին։

– Ես բերել եմ ծուխը։ Սանին նայում է կապոցներին, շոշափում է, հետո վերցնում է Ահիգայի ձեռքից։

– Կարող ես գնալ,- ասում է Սանին և ուշադիր նայում, թե ինչպես է Ահիգան մտնում տնակ։ Երեխան փոքր-ինչ տարակուսած է, վախեցած, նրան ինչ-որ միտք է տանջում, միգուցե փորձում է ինչ-որ բան գուշակել, սակայն այնքան շատ է հարգում պապին, որ չի համարձակվում որևէ հարց տալ։

Սանին մոտենում է ոստիկաններին.

– Եթե վերջացրել եք, գնացե՛ք, ես թոռնիկիս հետ գործեր ունեմ։

– Չէ, դեռ շատ կա, Դուք կարող եք գնալ մի քանի ժամ զբոսնել,- ասում է ոստիկաններից մեկը։

– Կամ մի քանի օր,- քմծիծաղով ավելացնում է մյուսը։

– Ես ուզում եմ իմ տանը մնալ։ Դուք իրավունք չունեք ինձ իմ տնից վտարելու։

-Մենք Ձեզ չենք վտարում, չնայած եթե այդպես շարունակեք՝ շատ հնարավոր է, որ վտարենք։

Սանին նայում է ԱՄՆ դաշնային հետախուզության բյուրոյի աշխատակիցներին։ Նրա կոպերը դողում են։ Նա այդ պահին մտածում է միայն Ահիգայի մասին։ Սանին բացում է կտորե կապոցներն ու ատելությամբ նետում ոստիկանների կողմը։ Ասես՝ այդ քայլով անիծում է կամ փորձում է կախարդել։ Ոստիկաններից մեկը բաճկոնի տակից հանում է 0,65 մմ տրամաչափի փամփուշտով հրազենն ու մի քանի անգամ կրակում Սանիի ուղղությամբ։ Ծերունին նույնիսկ չի հասցնում որևէ խոսք ասել։ Նա տապալվում է գետնին։ Ոստիկանները ոգևորված շարունակում են կրակահերթը։

Ահիգան նայում է պատուհանից, սակայն վախենում է դուրս գալ տնից։ Նա իրեն մեղավոր է զգում, քանի որ կարծում է, թե իր հորինած ծխե կապոցների պատճառով սպանեցին պապին։ Նա կարծում է, որ եթե ծուխ կտրել չսովորեր, ոչինչ չէր լինի, ու ոչ մի ոստիկան չէր հայտնվի իրենց բնակավայրում։ Իսկ դաշնային հետախուզության աշխատակիցները ջանասիրաբար թաղում են Սանիին։ Որից հետո շարունակում են ուսումնասիրել տարածքը։ Քիչ անց նրանցից մեկը բղավում է.

– Հե՜յ, ես կարծես դիակ եմ գտել։

– Որտե՞ղ է,- հարցնում է մյուսը։

– Այստեղ, տան բակում։ Ծերունի է։

– Փաստորեն, իսկապես այստեղ մարդ են սպանել,- ասում է մյուսը։

– Այո, փաստորեն։

– Մենք ճիշտ հետքի վրա էինք։

– Մեքենան բեր, դիակը պետք է փորձաքննության տանել։ Սա այնքան էլ հին դիակ չէ։ Դժվար թե երկու տարի առաջ սպանված լինի,- ասում է մյուս ոստիկանը։

– Փորձաքննությունը ցույց կտա։ Նստիր մեքենան։

Ոստիկանները Սանիի դին տեղավորում են մեքենայի բեռնախցիկն ու հեռանում գյուղից։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *