— Մտե՛ք, երիտասա՛րդ, անցեք առաջ։
— Բայց ես երիտասարդ չեմ։
— Տեսնում եմ կնճիռները, հպարտանալու բան եք գտել՝ գլուխ եք գովում․ դա ոչինչ է մեր գործում, ասեմ ավելին՝ բանի պետք չէ։
«Երիտասարդն» ամոթխած նորահարսի պես տնկվեց սենյակի մեջտեղում և չգիտեր ինչ անել՝ առա՞ջ գար, նստե՞ր աթոռին, թե՞ սպասեր ևս մեկ՝ վերջնական հրավերի։
— Մի՛ ամաչեք, տղա՛, էէէ՜․․․ ծերո՛ւկ, եկեք՝ նստեք այս ջարդած տաշտակին, կարծում եմ՝ առաջին անգամը չէ։ Միայն թե մինչ Ձեր նստելը հանեք բաճկոնը, կոշիկները ևս հանեք՝ թող չխանգարեն մեզ։
— Բայց չեն խանգարում․․․
— Դուք չգիտեք, Դուք ի՞նչ գիտեք որ․ ասում եմ՝ հանե՛ք և տվե՛ք։ Դե, ես պետք է ուզեմ, իսկ Դուք՝ տաք, դա, գուցե, ոչ մի տեղ չգրված, բայց դարերից եկող ու հեռուներ գնացող օրենք է։ Մի վախեցեք, տալը վատ բան չէ, մի անգամ անում եք, հետո արդեն ոչ միայն սովորական է դառնում, այլ նաև հաճույք եք ստանում այդ գործընթացից։ Մենք հո մենակ մեզ համար չենք անում սա։
— Հիմա հանե՞մ կոշիկներս,- Ծերուկը չէր կարողանում հասկանալ՝ շփոթվա՞ծ է, թե՞ վախեցած։
— Իհարկե՛, տվե՛ք ինձ։
Հրամայողն առաջ եկավ և պարզեց ձեռքերը։ Կնճռոտ «Երիտասարդը» դժվարությամբ հանեց կոշիկներն ու բաճկոնի հետ փոխանցեց տղամարդուն։ Տղամարդը վերցրեց կոշիկները, նայեց կողքից, տակից, վրայից, հետո փաթաթեց բաճկոնի մեջ և զգուշորեն դրեց սեղանի կողքի աթոռին։
— Այ հիմա կարող եք նստել,- գոհ հարցազրուցավարն արդեն գողտրիկ ժպտում էր։ — Դե, սկսենք, չնայած մենք Ձեր մասին շատ բան գիտենք, կարդացել ենք Ձեր ինքնակենսագրականը, բայց փոքր-ինչ պատմեք Ձեր մասին։ Ներկայացրե՛ք Ձեզ։
— Ես արդեն չեմ էլ հիշում տարեթիվը, բայց վաղուցվանից աշխատում եմ այս ոլորտում: Շատ վայրիվերումներ եմ ունեցել, հաջողությանը փոխարինել են անկումներ, ընդհուպ եղել են շրջաններ, ես ասեմ տասնամյակներ, Դուք հասկացեք՝ դարեր, երբ գործազուրկ եմ եղել ու մնացել, չեմ կարողացել հանապազօրյա հացի փող վաստակել, մուրացկանությամբ եմ փորձել գոյությունս պահպանել և ասեմ Ձեզ՝ ստացվել է։ Կիսամեռ գիշերել եմ ցուրտ փողոցներում, գոռացել ամբողջ ուժով, բայց ոչ լսող է եղել, ոչ օգնող, մի խոսքով՝ ոչ մեկի պետքը չեմ եղել․․․ Բայց կրկին կարողացել եմ ոտքի կանգնել, վերականգնել նախկին հեղինակությունս և նորից մասնագետ եմ դարձել․․․ Ունակություններս թույլ են տալիս ժամանակից հետ չմնալ և ունեցած ընդունակլություններիս հետ մեկտեղ արագորեն յուրացնել նորերը, տիրապետել անհրաժեշտ գործիքակազմի, որպեսզի մրցունակ լինեմ այս կոշտ մարտահրավերներում․․․ Եվ կրկին արարել եմ, անուշ ժպտացել, գտել եմ նորից ինձ, հասկանո՞ւմ եք, մեծ հաջողություններ եմ ունեցել, բարձունքներ եմ գրավել։ Քիչ չէ, ի՞նչ եք կարծում։
— Չէ՛, քիչ չէ, իհարկե՛, նույնիսկ մի բան էլ շատ է Ձեզ․․․ Ըըը՜, ուզում եմ ասել՝ պատմությունը լավ բան է, բայց գոյություն ունի մաշվածություն, վաղեմության ժամկետի մասին էլ չպետք է մոռանանք․․․ Դե էլ չասեմ, որ մենք էլ մեր պատմությունն ունենք։
— Դուք էլ պատմություն ունե՞ք,- անկեղծորեն զարմացավ Ծերուկը։
— Իհարկե՛,- ուժեղ գոռաց թելադրողն ու անմիջապես ոտքի կանգնեց։
— Ուղղակի Դուք շաաա՜տ երիտասարդ եք թվում,- վախվորած արդարացավ Ծերուկը,- բայց կունենաք, բա ինչ, մարդն առանց պատմության չի լինի․․․
Երիտասարդն իր տեղը չէր գտնում, զրուցակցի հանդիմանություն-հարցը նվաստացուցիչ երանգ ուներ, և պահանջում էր հավասարազոր պատասխան։ Ահագնացող ջղայնությունը նրան դեպի Ծերուկի աթոռը տարավ, և առանց երկար մտածելու երիտասարդն ուժգին ապտակեց նստած թշվառականին։ Ծերուկն ընկավ աթոռից, հետո ոտքի կանգնեց և նույնիսկ հարձակման փորձ արեց, բայց այդ պահին սենյակի դուռը բացվեց, և շեմին երևաց մի աժդահակ։ Ծերուկի մտադրությունն անմիջապես չքացավ, և նա կախեց գլուխը։ Այդ պահին երիտասարդ հացազրուցավարը, իրեն չկորցնելով, ևս մեկ անգամ շրխակցրեց դժբախտի կնճռոտ երեսին։
— Դուրս արի՛, այս պահին դու պետք չես,- դռան մոտ կանգնածին դիմեց հարցազրուցավարն ու շտապեց իր նստատեղը։ Դուռը փակվելուց հետո լռությունը ձգվեց ևս մի քանի վայրկյան և, կարծես ոչինչ տեղի չունեցած, երիտասարդը հանգիստ տոնով շարունակեց․
— Չագուչն էր։ Թե խելոք չպահեիք Ձեզ, ինքը հաստատ կմիջամտեր։ Որտե՞ղ կանգ առանք, կհիշեցնե՞ք։
— Պատմության քառուղիներում, Դուք՝ Ձեր, ես՝ իմ։
— Կարևորը «Ձեր»-ն ու «իմ»-ը չխաչվեն ինչ-որ մի խաչմերուկում։
— Թեկուզ խաղաղությա՞ն։
— Առավել ևս․ իհարկե, խաղաղությունը վատ բան չէ, արժե մուրալ, բայց ոչ երբե՛ք մենք։ Ինչպես հասկացաք, ես չեմ պատրաստվում իմ հարուստ պատմությունը պատմել Ձեզ ու չեմ էլ ցանկանում լսել, և առավել ևս՝ հալած յուղի տեղ ընդունել Ձեր չեղած փորձն ու քստմնելի պատմությունը։
— Բայց իմ գործերն են իմ փոխարեն խոսում․․․
— Ձայնդ կտրի՛ր, թողեք՝ մենակ ձեզ գովեք, անցյալով ապրեք։ Իսկ հիմա հանվի՛, արագացրո՛ւ, հագուստներդ հանի՝ տաբատ, շապիկ, ամեն ինչ, մնա՛ միայն վարտիքով։
— Ի՞նչ։
— Լսեցի՛ր, ուզում եմ ինչ ունես չունես՝ տա՛ս ու դիմացս մերկ նստես։
— Բայց այդպես չի՛ կարելի,- ձայնը փոքր-ինչ բարձրացրեց Ծերուկը, սակայն տեղից չշարժվեց։
— Այստեղ ամեն ինչ էլ թույլատրելի է։ Չնայած,- մի պահ հապաղեց երիտասարդն ու հետ նստելով աթոռին՝ կրկին «դու»-ից անցավ «դուք»-ի,- Դուք ունեք ընտրության հնարավորություն, հարգելի՛ս, կարող եք չտալ Ձեր հագուստը, չմերկանալ իմ առաջ, բայց միջանցքում նստած Չագուչը կմտնի սենյակ և Ձեր ջարդը կտա, գուցե նաև բռնաբարի․ այ ինքը դրա հարուստ փորձն ունի, հաստա՛տ, կարող եք նաև իր պատմությունն ուսումնասիրել։
— Իսկ դրանից հետո, այդ ծեծ ու ջարդից, բռնաբարումից հետո, ես կարո՞ղ եմ կրկին հագուստով մնալ․ ես կարո՞ղ եմ հուսալ։
— Հուսալ Դուք միշտ կարող եք, մենք հո վայրենի չենք, ոչ մեկը Ձեզնից չի կարող Ձեր հույսը խլել․․․ Բայց ես չեմ խոստանում, ավելի հավանական է, որ՝ ոչ, ծեծ ու ջարդից, կոշտ բռնաբարումից հետո մեկ է Ձեզ կմերկացնենք ամբողջությամբ։ Բայց փորձել Դուք միշտ էլ կարող եք, դա Ձեր ազատ ընտրությունն է։
— Մի քիչ շոգացավ սենյակում․․․ — Ծերուկը հերթով սկսեց հանել հագուստներն ու դնել սեղանին։
— Շնորհակալություն։ Ի դեպ, շատ խելամիտ որոշում էր, — երիտասարդը հոգատարութամբ ուղղում էր ճմրթած շորերը, — ռազմավարական առումով նման ակնթարթային որոշումները նույնիսկ հաճախ շրջադարձային են լինում։ Միանգամից երևում է, որ Դուք փորձառու, բայց միևնույն ժամանակ շատ հեռատես մասնագետ եք։ Կրկին շնորհակալություն՝ վստահության համար, խնդրեմ՝ շարունակենք մեր հացազրույցը, երևի արդեն մոտենանք ավարտին։
— Ես այլևս բան չունեմ Ձեզ պատմելու,- տկլոր Ծերուկը կուչ էլ եկել աթոռին,- իմ մասին ամեն բան պատմեցի, Ձեզ տալու է՛լ բան չունեմ․․․
— Սպասեք մտածեմ,- երիտասարդ հարցազրուցավարը հետ ընկավ աթոռին, ափը դրեց դնչի տակ և սկսեց ցուցադրաբար խորհել։ Հետո նայեց մերկ զրուցակցին և անկեղծ ափսոսանք արտահայտեց,- այս ի՞նչ օրի եք հասել, բարեկա՛մ, շատ խղճուկ տեսք ունեք։ Հասկանո՞ւմ եք, հարցը Ձեր մեջ է, ես կապ չունեմ, Չագուչը՝ առավել ևս։ Ինչ-որ անհասկանալի պայքար կա Ձեր պատմության ու Ձեր իրականության միջև․ անընդհատ հղում եք անում այդ պատմությանը, հիշեցնում ինչ-որ պատմական անցքեր և փորձում հենվել այդ հին, մաշված, վաղեմությունը կորցրած իրողությունների վրա, Ձեր պատմությունը խանգարում է ընկալել Ձեր ողբալի իրականությունը, և այդ ամենը թույլ չի տալիս Ձեր ապագան ավելի լուսավոր դարձնել․․․ Ամփոփելով ասեմ՝ Դուք մեզ կայուն չե՛ք թվում, սիրելի՛ս, մենք դեռ չենք կարողանում Ձեզ վստահել։
— Բայց ախր ես տվեցի այն ամենը, ինչ ունեի․ Դուք ուզեցիք՝ ես էլ հնազանդորեն տվի, — Ծերուկի ձայնում հուսահատ խղճահարության երանգներ էին նկատվում։
— Այո՛, ես չեմ ժխտում, բայց նաև չե՛մ կարող պնդել, որ այդքանը բավարար է։ Ամեն ինչ տալը շատ լավ է, նույնիսկ՝ գովելի, ուրիշների մոտ Ձեզ անպայաման որպես նախանձելի օրինակ կբերեմ, բայց միևնույնն է՝ բավարարված չե՛մ․․․ Ինչ-որ ռևանշիստական բան եմ Ձեր մեջ նկատում։ Օրինակ՝ ինչի՞ եք պատրաստ հանուն մեր սուրբ համագործակցության։
— Դուք ինձ մերկացրիք ամբողջովին և դեռ շարունակում եք պահանջե՞լ․․․ Հանուն մեր հաջող համագործակցության ես պատրաստ եմ սիրտ ու հոգի տալ, ավել բան չունեմ այս պահին, թե չէ դա էլ կտայի․․․
— Վատ առաջարկ չէ, գիտե՞ք․ ուզո՛ւմ եմ, հենց հիմա Ձեր սիրտն եմ ուզում, հոգին պետք չէ, շատ մի երևակայեք՝ Դուք դա չունե՛ք էլ, ինձ սիրտն է հարկավոր։ Տվե՛ք Ձեր սիրտը։
— Այսի՞նքն։
— Այսինքն՝ պատռե՛ք Ձեր կուծքը, սա էլ Ձեզ օգնական,- երիտասարդը կողքի դարակից մի մեծ դանակ հանեց ու դրեց Ծերուկի դիմաց,- ցուցաբերեք Ձեր պատրաստակամությունը, Ձեր հավատարմությունը․ ճղեք կրծքավանդակը, հանեք սիրտն ու դրեք սեղանին՝ այս կեղտոտ հոգուստների կողքին։
— Ինձնից անհնարինն եք պահանջում,- ոտքի կանգնեց Ծերուկը, բայց ամեն դեպքում դանակն առավ ձեռքերի մեջ և մոտեցրեց կրծքին։
— Դուք միշտ էլ ընտրության հնարավորություն ունեք, սիրելի՛ս, դանակն էլ այս պահին Ձեր ձեռքին է,- անհոգ ժպտաց երիտասարդ հարցազրուցավարն ու նայեց կրկին սենյակ ներխուժած Չագուչին, որը խոժոռ հայացքով չափում էր Ծերուկին և կռճտացնում ձեռքերի հաստ մատները։