Մարինա Գևորգյան/Անմահական խնձորներ

Այդ օրվա մասին շատ բան չէր հիշում, չէր էլ կարող․ ընդամենը երկու տարեկան երեխա է եղել, էդ տարիքում ի՞նչ հիշողություններ կարող էր ունենալ փոքրիկ աղջնակը։ Բայց մի պատկեր միշտ հառնում էր աչքի առաջ ու ստիպում  տխրել։

Չգիտեր՝ երազում է տեսել, թե իսկապես եղել է․ փոքրիկ աղջնակը ավտոբուսով գնում է, ցուրտ է, պատուհանից գորշ տեսարաններ են, երկինքը թխպոտ է, ամենուրեք ձյուն, և հետևի նստարանին երկու երեխա խրթխրթացնելով կծում են մեծ, կարմիր, հյութեղ խնձորները, ճպճպացնելով ծամում ու կուլ  տալիս։ Ինքն էլ է երեխա, ինքն էլ  է ուզում, չգիտես՝  ինչու,  սկսում  է լաց լինել, կամակոր չէ, բայց այդ պահին կամակորությունը լցվել  ու թափվում է հեղեղի պես․
-Խնձո՜ր եմ ուզում, ուզո՜ւմ եմ ․․․խնձո՜ր․․․
Մայրը չգիտի՝ ինչպես հանգստացնի երեխային, ամաչում է, ճակատից հոսող քրիտինքի կաթիլները խառնվում են աչքերից հոսող արցունքներին ու հազիվ լսելի շշնջում է․
-Սպասիր, շուտով կհասնենք, պապիկը քեզ համար խնձոր կառնի․․․
Իսկ ճանապարհը ձգվում է երկար, երկար, ասես վերջ չունի․․․ Ճանապարհը սկսվել է քանդուքարափ եղած, ավերակված քաղաքից ու տանում  է, տանում  է, և վերջը չի երևում․․․ Հեշտ է ասել՝ սպասիր․․․
Ավտոբուսը Երևան է  ուղևորվել առավոտյան վեցին, հնարավորինս վաղ, որպեսզի հնարավորինս շուտ անտուն, անօթևան մնացած մարդկանց հասցնի հյուրանոցներ ու հանրակացարաններ։ Այնտեղ պիտի ապաստանեն երկրաշարժից հրաշքով փրկվածների  անորոշությունը, ցավն ու լուռ տառապանքը, կիսադատարկ հանրակացարանային պատերում պիտի խլանան նրանց հառաչանքները, անպատասխան հարցերը, երջանիկ օրերի անվերջանալի սպասումներն ու հույսը․․․Իսկ աղջնակը լալիս է, իր լացով ընդհատում ցրտահար ու վշտաբեկ մարդկանց լռությունը․  խնձոր է ուզում․․․  Խնձոր է ուզում․․․  մորից, երկնքից, աշխարհից․․․ Ի՞նչ մեծ բան է որ․ մի խնձոր ընդամենը․․․ Մոր համար մեկ հատիկ խնձորը հիմա անզորության հոմանիշն է։  Թե ինչու՞ հենց այս ավտոբուսը նստեցին, ինչու՞ են հետևի նստարանին ծվարած երեխաները խնձորն ուտում այսպիսի աղմուկով, այսպիսի ախորժակով․․․

– Մե հատըմ խնձոր տուր, աղչի ջան, էն էրեխեն սրտաճաք էղավ լալով,- բշտում է մի կին , որ ըստ երևույթին խնձոր ուտող երեխաների մորը ճանաչում է։

– Յանի մենք շատ ունի՞նք, էն քանիմ հատն էլ հետո ուտելու հըմար է, – քթի տակ փնչացնում  է կինը։

– Օ՜ֆ, Օ՜ֆ,- հառաչում է ընկերուհուն բշտող կինն ու լռում։

Երեխան էլ է  լռում , որովհետև հոգնել  է լաց լինելուց  և քնել մոր գրկում․․․ Մոր աչքի առաջ փլվող իննհարկանի շենքն է։ Կինը գրկել է վեց ամսական երեխային ու փախչում է փոշու  ամպերի միջով։ Ամուսինը մոխրագույն վերարկուի մեջ փաթաթել  է երկու տարեկան դստրիկին ու ինչ-որ սյունից կառչած փորձում է ոտքի վրա մնալ․․․

Նկուղային հարկից դուրս գալը  հեշտ ստացվեց, բայց ինչքան մարդ չհասցրեց փախչել․․․
Եվ ահա աղետի երրորդ  օրն է՝ դեկտեմբերի ինը․․․ Կինը հիշում է անցած տարվա այդ օրը․ հավաքվել են ընկեր ու բարեկամ, դստեր մեկ ամյակն են նշում։ Երանի՜, երանի՜ անցած օրերին․․․ Հետո սթափվում է տատիկի գրկում անհանգիստ թնկթնկացող փոքրիկի ձայնից, ետ է գալիս իրականություն․ երեք օր կիսավեր տնակի մի անկյունում՝ օջախի շուրջ անցկացրին, տղամարդիկ պարբերաբար թափ էին տալիս ծածկի ձյունը, որ անդադար թափվում ու կուտակվում էր։ Ձյունն անդադար թափվում էր՝ ասես քողարկելու, ծածկելու , խլացնելու համատարած այն ցավը, որից չխելագարվելը մեծ հերոսություն եղավ․․․

Ո՞վ իմանա՝ ինչ  ֆանտաստիկ հրաշքով մարդիկ անցան այդ դեկտեմբերի միջով և ապրեցին։ Մարդը քարից էլ պինդ է, մարդը՝ անհավանական ուժի տեր, որ տեսնելով այս ամենը՝  կարողացավ  շարունակվել ․․․ Մեկը հավատից կառչած, մեկը հույսից, ամեն մեկն իր բաժին հեքիաթի երկնքից ընկնող խնձորներին սպասելով․․․ապրեցին։
Երեխան քնի մեջ խոսում է՝ խնձոր, ժպտում  է, էլի կրկնում՝ խըն-ձո՜ր․․․
Աղջնակը երևի լավ երազ է տեսնում, պայծառ ու լուսավոր, տաքուկ ինչ-որ աշխարհ, ուր տուն կա, ծաղկուն այգի, այգում խնձորենիներ կան՝ բերքից կքած ճյուղերով,  և աշնան քամու հետ թափվում  են, թափվում են մրգերը․․․Աշխարհը խնձորի այգի է, աշխարհը էլ չի երկրաշարժվում այնտեղ՝ ինչ-որ տեղ, ինչ-որ օր ապագայում․․․

Իսկ հիմա լուսացել է ձմռան իններորդ օրվա առավոտը, ավտոբուսը սլանում է մայրաքաղաքի փողոցներով և կանգ առնում հանրակացարանի շենքի մոտ։

Իջնում են, ամեն մեկին հատկացված է մի սենյակ, աշխատակիցները ժպիտով դիմավորում են, հարազատի պես գրկում, փորձում  սփոփել։

Աղջնակն իջել է մոր գրկից, ձեռքում սեղմել  է ինչ-որ գիրք․ ոչ ոք ընտանիքում չի հասկանում, թե այս փոքրիկ, մի մատ երեխան ինչու է գիրքը գրկած ամեն տեղ հետը ման տալիս, ախր կարգին մի խոսել էլ դեռ չգիտի, ուր մնաց՝  գիրք կարդա, բայց ով է էնքան համարձակ, որ գիրքը ձեռքից վերցնի, մի լաց կդնի, մի աղմուկ կբարձրանա, որ տատի ասածի պես՝ աստված կարոտ պահի․․․ Խաղաղվել  է աղջնակը, երևի  մոռացել է խնձորի մասին, այսպես հանգիստ շունչ է քաշում մայրը, իսկ աղջնակը վազվզում է միջանցքով ու  մեկ էլ հանկարծ սկսում է երգել՝  կա մի խնձոր քաղցր-քաղցր, ես մի օր նրան կուտեմ․․․

Երեկոյան հանրակացարանի սենյակը լցվում է հաճելի աղմուկով՝ փոքրիկն արթնացել է, պետք է կերակրել, աղջնակը տիկնիկ է նվեր ստացել, հեքիաթ  է պատմում խնձորի մասին․․․

Հանկարծ դուռը ծեծում են ․ պապիկն է․․․ պապիկը, որ հեքիաթից պոկված բարի թզուկն է՝ միշտ ինչ-որ կախարդանքով հայտնվող։ Ծնկի է իջնում, ուսից իջեցնում մի մեծ պարկ ու անթիվ-անհամար խնձորները շաղ տալիս աղջնակի ոտքերի տակ․․․ Այն օրից տասնամյակներ են անցել, ժամանակն արել է իր գործը․ քաղաքն արդեն շենացած է, վերքերը բուժած, թևերը լայն բացած թռչունի պես սլացքի մեջ․․․

Եվս մի պտույտով տարին հերթափոխել է եղանակները, օրացույցին ծառից կառչած վերջին տերևի պես էլի կախված է դեկտեմբերը․․․

-Աղչի ջան, չմոռանաս էն խնձորները լվաս,  դնես սեղանին,- ասում է ինքն իրեն․․․

Այն օրվա մասին շատ բան չի լինում հիշել, չէ․․․ Բայց երբ աչքերը փակում է, օրերի միջով գլորվում են, գլորվում են անմահական խնձորներ ․․․ 

Please follow and like us: