Նինա Սադուր/Վհուկի  արցունքները

Շնչառության պես կամացուկ ճռճռում էին հին մայթի տախտակները։  Օրդինսկում  դեռ պահպանվել են այդպիսի փայտյա մայթերը։ Նրան ասել էին՝ սկզբում գնա Սիբիրյան փողոցով մինչև կրպակը, այնտեղից ձախ՝ դեպի սեփական տները, և կանաչ տունը վհուկինն է։
Աղջիկը պատրաստել էր տասնհինգ ռուբլի և նրա լուսանկարը․ այնտեղ նա այնքան երիտասարդ զինվորիկ է, դեռ մինչև իր հետ ծանոթանալը,
քնքշահեր, փքուն շուրթերի լուսավոր ժպիտով։
Վհուկի հասցեն տվել էր ընկերուհին, բնականաբար գաղտնի։ Գալյան ասել էր, որ պետք է գնալ ուշ երեկոյան՝ գիշերվա ժամի, և միանգամից հետը գումար վերցնել։
Մայթը անսպասելի վերջացավ, և աղջիկը ոտք դրեց հողին։ Հեռվում աղոտ նշմարվեց թերթի կրպակը։ Հասնելով դրան՝ աղջիկը ձախ թեքվեց,
այդտեղից սկսվում էին փայտե տները, որ սուզվում էին թխկիների և  թխենիների մթին թավուտում․․․ Նա քայլում էր զգուշավոր լռող տների խավար փողոցով,ասում են՝ այդ տներում շատ թաթարներ են ապրում։
Նրանք իրենց գեղեցկուհի դստրիկներին թույլ չեն տալիս ամուսնանալ ռուսների հետ։ Վերջերս այդտեղ արյուն էր հեղվել։
Աղջիկը մտածեց՝ այդ խավարում չի կարողանա գտնել կանաչ տունը,
բայց միանգամից գտավ ու կռահեց,որ հենց դա է, թեև այն սև էր,ինչպես և ամբողջ փողոցը։
Դուռը թակեց։ Հետո կրկին, մեկ անգամ էլ․․․
Ինչ-որ մեկը հառաչեց։ Աղջիկը շարունակեց անդադար թակել՝ ամբողջ մարմնով դողալով ու ձախ ուսին սեղմելով սպիտակ, հարթ պայուսակը , որի մեջ տասնհինգ ռուբլին էր  և լուսանկարը։
Բակում ցախատուն կար, այնտեղ խոզն էր հառաչում։ «Երևի կախարդված է,-եզրակացրեց աղջիկը՝ լսելով խոզի խռխռոցը,- երևի վհուկը տանը չէ, ինչ-որ տեղ հյուր է գնացել»։
Բայց երբ հուսահատ ուզում էր հեռանալ, դուռն զգույշ  բացվեց՝ պարուրելով աղջկան սոխեռածի հոտով, և նեղլիկ անցքից ներս թափանցող աղոտ լույսի մեջ նա տեսավ վհուկին։ Վերջինս ոչինչ չհարցրեց, նայեց մի պահ, և դուռը կիսաբաց թողնելով՝ շրջվեց ու մտավ սենյակ։ Նադյան ստիպված ներս մտավ առանց հրավերի։ Սիրտը պայուսակով ծածկած՝ ոտք դրեց շեմից,դուռը միանգամից աղմուկով փակվեց ՝ասես զայրացած։
«Միջանցիկ քամին էր»,- մտածեց Նադյան՝ քաջություն հավաքելով, երբ տեսավ սովորական բնակելի սենյակը։ Նա մոտեցավ սենյակի մեջտեղում դրված սեղանին, որ ծածկված էր գեղեցիկ, մաքուր սփռոցով, և աչքերով փնտրեց տատիկին։ Այդ պահին ինչ-որ բան թպրտաց ձեռքերում, ապա վերածվելով ջերմ, սրդողած շնչող էակի՝ դուրս պրծավ ու ճախրեց հենց աչքի առաջ ․․․
-Իմ պայուսա՜կը,- բացականչեց Նադյան՝ ձեռքը վախվորած մեկնելով ճերմակ աղունիկին (չարաճճի վհուկը պայուսակը վերածել էր թռչունի)։
Թիկունքում ծիծաղ լսեց, ինքն էլ սկսեց ծիծաղել․ աղունիկը շատ լավիկն էր՝ նուրբ, ուռուցիկ թևերով, փոքրիկ, կլորավուն գլխիկին գանգուր փոմփոլիկով։
-Նստի՛ր, աղջի՛կ,-ասաց վհուկը՝  ցույց տալով սեղանի մոտ դրված վիեննական աթոռը։
Նադյան նստեց՝ հայացքը չկտրելով վհուկից,ով, ինչպես  պարզվեց, սովո-
րական պառավ է՝ հագին տարօրինակ, շատ բաց գույնի ու շատ տխուր վուշե զգեստ՝ մեծ-մեծ գրպաններով երկար կիսաշրջազգեստն ի վար՝ անչափ տխուր ու հոգնած ծալքեր․․․
Այդ ընթացքում աղունիկը գնում-գալիս էր  սեղանի վրա՝ ամենևին չվախենալով ներկաներից։ Միայն հիմա Նադյան նկատեց, որ թռչունի կրծքին այն  բաբախում ու կծկվում է, ինչպես իսկականը, և այն իրոք իսկական էր, անկասկած, դա սիրտ էր․․․ Եվ ամենատարօրինակը (որ  չգիտես՝ինչու,ամենևին չվախեցրեց իրեն) փոքրիկ ալ բիծն էր սրտիկի կենտրոնում։ Բիծը պինդ ու մի քիչ գոգավոր տեսք ուներ, ինչպես քարը մեդալիոնի վրա։ Երբ ճրագի լույսն ընկնում էր վրան, այն բարակ շողեր էր անդրադարձնում։
Վհուկը սկսեց քայլել սենյակով, ինչ-որ բան մտածել, կարծես չէր նկատում Նադյային։ Ու աղջիկն էլ, ակամա կտրելով հիացած հայացքը աղունիկից,
սկսեց նայել նրան։ Բացի անհասկանալիորեն իրեն զարմացրած զգեստից,
վհուկի հագին նկատեց սպիտակ գուլպաներ ու թեև էժանագին մոմլաթե,
սակայն մի տեսակ տոնական փայլփլուն, լայն կաշեգոտուց բոկոտիկներ։
Վհուկի դեմքը շատ սփրթնած էր, խորշոմած ու այնքան տափակ, կարծես նկարած էր։ Եվ ինքն էլ  բարձրահասակ էր, լղար ու տափակ, ասես ստվարաթղթից կտրված լիներ։ Սենյակով քայլում էր անձայն, անաղմուկ,
կենտրոնացած՝ չնայելով Նադյային և ոչնչի մասին չհարցնելով։ Նադյան նույնպես լռում էր։ Նա վախվորած ու հնազանդ նայում էր տատիկին։
Հանկարծ դեղին վարագույրը շրշաց։ Պատուհանը բաց էր և միայն վարագույրով էր ծածկված։
«Շատ հնարավոր է, որ վարագույրը քամուց շարժվեց»,- մտածեց աղջիկն ու կծկվեց։ Շղարշի հետևում ինչ-որ բան շարժվում էր, վերուվարում,
հրմշտում ու հառաչում։
Ծաղիկները․․․ Ձյունափրփուր, խիտ ծաղկեփնջերը զարնվում էին պատուհանին ու  սրտաճմլիկ թոթովում։ Նրանք հրում էին վարագույրը համառ ճակատներով ու ներս ձգվում պատուհանից։
-Գնացե՛ք, գնացե՜ք,- գոռաց վհուկը , ոտքերը խփեց  հատակին, ձեռքերը թափահարեց, և ծաղիկները ծղրտալով չքացան։
Դրանք ամենևին էլ  ծաղիկներ չէին, նորածինների լուսավոր, կլորիկ գլխիկներ էին։
Որպեսզի վախից չմեռնի, աղջիկը  բռունցքներով ամուր գրկեց ու սեղմեց ծնկները, ծնոտը  վեր ձգեց ու սկսեց մտածել․ «Ես այստեղ եմ, որ նրան՝
Վիտկային՝ իմ զինվորին, չարիք պատճառեմ։ Պետք է ասել ու փողը միանգամից տալ, և շտա՛պ, շտապե՛լ»։ Գլուխը թեքեց դեպի կախարդուհին ու բացեց բերանը։
-Լռի՛ր, սո՜ւս մնա,- ձեռքը թափահարեց աղջկա վրա։ Ձեռքը մեծ էր ու պեպենոտ։
Եվ ահա կատարվում է սարսափելին։ Նադյան գիտի, որ սա տեղի  է ունենում, և գիտի՝ որտեղ՝ սեղանի վրա։ Ու թե նայի, սիրտը չի դիմանա,
կպայթի , բայց չի կարող չնայել, ինչպես սովորաբար կյանքում է՝այն, ինչ մեզ կործանում է, ձգում է։ Եվ հայացքը՝ խելակորույս, թափառիկ, ձգում է դեպի լույսի շրջանակը սփռոցին։
Աղավնյակը․․․Նա արձանացած կանգնել է՝ գլուխը կողքի խոնարհած։
Գանգուր, ճերմակ փոմփոլիկը ՝ասես գիպսե կամ օճառափրփուրից, որ մանուկ հասակում  գլուխը լվալիս հայելու առաջ փրփրեցնում ու հնաոճ սանրվածքներ էինք  անում․․․ Աչուկները  թաղանթով են պատված․
աղունիկը քնած է։ Ու չի տեսնում՝ ինչ է կատարվում․ նա չի զգում, որով-
հետև տագնապի նշույլ անգամ չունի, նրա կտուցը մեծանում է, երկարում,
աճում է, կորանում, ձգտում է դեպի ոսկե սրտիկը, որ քարացել է սարսափահար սպասումով։
«Չե՛մ նայելու, չե՜մ նայելու»,- մրթմրթում է աղջիկը՝ աչքերը հառած, և վախենում է, և գիտի՝ ինչ է լինելու ահա։ Ու գիտի՝ ինչու։ Ահա կտուցը շոշափեց սրտիկը, թեթևակի հպվեց ալ կաթիլին ու խմեց․․․
Դա քար չէր, բարակ թաղանթում տեղավորված արյուն էր, կտուցը պատռեց այն, խմեց կաթիլը, և մնաց դատարկ փոսիկը, ինչպես մատանու վրա ակի տեղը։ Եվ նույն պահին սիրտը սարսռաց ու հանգավ, աղունիկը ինքնասպանված  ընկավ սեղանին՝ թևերը տարածած, կտուցը առաջվա պես կարճլիկ ու կիսաբաց։
Ինքնավստահությունը միանգամից անհետացավ, աղջիկը սկսեց կասկածել՝ ճի՞շտ է արդյոք իր մտածածը, և մարմինն այնպես տկարացավ ու թուլացավ, ասես երկարատև հիվանդությունից հետո էր ոտքի ելել։
Բայց նա ոգո՛վ էր շատ ամուր։
-Միևնույն է,- ասաց համառորեն,- ուզում եմ  դժբախտացնել նրան ։ Խաբեց ինձ,չամուսնացավ, ես երեխայիս սպանեցի։ Վատություն արա նրան։
-Վե՛ր կաց,- ասաց վհուկը, և աղջիկը ելավ տեղից։
-Կանես՝ իմ ասածով, հանկարծ մի բառ էլ ասես, չի ստացվի։ Տո՛ւր լուսանկարը։
Աղջիկը վերցրեց սեղանից իր սպիտակ պայուսակը, հանեց նկարը, աչք գցեց ․լուսանկարում տղան այնքա՜ն ջահել է՝ վճիտ աչքերով զինվորիկ․․․
-Շահամոլություն չկա՞ սրտումդ,- հարցրեց վհուկը։
Նա պատրաստ էր ասել, որ չկա, բայց հիշեց՝ պետք է լռել, վհուկը դիտմամբ է հարցնում, որ ոչինչ չստացվի, ինչպես այն խաղում՝ տիրուհու, ավելի ու ցախավելի մասին*, որ մանուկ օրերին խաղում էին։ Լռեց,ավելի լավ է՝ թող մտածի, որ մղումը եսասիրական է, ոչ թե լոկ ցավն ու հուսահատությունն են սրտում։ Լուսանկարը մեկնեց  կախարդին, վերջինս վերցրեց առանց նայելու, գցեց սև, մոխրոտ կաթսայի մեջ, հետո ինչ-որ խոտաբույս նետեց այնտեղ, ջուր լցրեց, կաթսայի տակ թույլ կապտավուն կրակը բոցավառվեց հանկարծակի՝ տարածելով խեղդող գոլորշի․․․
Վհուկը կանգնած նայում է կաթսայի մեջ, ինչ-որ բաներ է մրթմրթում,
ձեռքերը տարուբերում է ու սկսում հորանջել։ Հա,Նադյային ասել են․ էդ, էդ  չարքերն են գալիս նրա մոտ՝ կանչով, նզովքի ուժով։
Կողքին մի ամպիկ է հայտնվում, ամպիկի միջից փոքրիկ մարդուկը ծիկրակում է, ձեռքով անում․ զվարճալի է այնքան։ Ախր հենց նա՜ է․․․
Ամեն ինչ ավարտվում է, վհուկն այլևս չի հորանջում։ Մի վերջին  անգամ էլ  ձեռքը տարուբերեց, և ամեն բան վերացավ։ Կաթսան տարավ խոհանոց,
հետ եկավ, նստեց Նադյայի դիմաց ու նայեց․ գույնը գցել է սաստիկ, ուր որ է՝ կքնի։ Օրորվում է աթոռին, մտախոհ է։ Արդեն արե՞ց , չարիք գործե՞ց։
Արդեն կարելի՞ է գնալ։ Բայց աղջիկը լռում է, գիտի՝ խոսել չի կարելի։
-Հիմա կգնաս գետի մոտ։ Հետ-հետ քայլելով կգնաս, առանց շրջվելու,
կգնաս, մինչև ասեմ՝ կանգնի՛ր։ Այնտեղ կհանես գուլպան ձախ ոտքիցդ և ձախ քունքիցդ մի մազ կպոկես, ու չարիքը կկատարվի։
Աղջիկը դուրս եկավ, վհուկը՝ նրա հետևից։ Գնում է ու գնում հետընթաց, չի շրջվում, նայում է վհուկին, որ դատարկ հայացքն հառած՝ գրեթե ոտնատակ է տալիս իրեն։ Ամեն ինչ կանի՞, որ նրան դժբախտացնի։ Ինչ սարսափելի՜ է։
Ահա անցնում են թաթարական փողոցով, ուր արյուն է հեղվել, նրանք իրենց դուստրերին թույլ չեն տալիս ռուսների հետ ամուսնանալ։
Լապտերներից մեկը վառվում է, մյուսը՝ ոչ, մեկը լույս է տալիս, մյուսը՝ ոչ,
մեկը լույս է տալիս․․․
Վհուկը ոտնատակ է տալիս իրեն, և ինքն ընկրկում է, ինչպես ասվել է, հենց նա է այդպես հրամայել, սակայն ստացվում է՝ վհուկը հետապնդում է իրեն, իսկ ինքը հետ է նահանջում։
Փողոցը վերջանում է, թիկունքին փչում է գետի զով քամին։ Ջրի, տիղմի,
մազութի հոտ է շուրջը։ Շոգենավն է գվվում ինչ-որ տեղ։ Արդեն ավազ է ոտքերի տակ։ Կարելի՞ է վեր նայել։ Լռում  է։ Վերում աստղիկներն են առկայծում, փայլում, նայում են, թե ինչպես է ինքը չարիք պատճառում  իր սիրեցյալին։ Ախ, այնպե՜ս էր նա սիրում իրեն, որքա՜ն քնքուշ էր, տաք, ի՜նչ բառեր էր շշնջում․․․ Իսկ ինքը նրան՝ վատություն․․․ Սակայն ինչպես է իրեն տանջել, գիտե՞ք։ Ի՞նչ անի։ Ահա կկանգնի, կհանի գուլպան ձախ ոտքից․․․ Վիտկայի սիրտը կտոչորվի, կհյուծվի, նա կհիվանդանա-կմեռնի։
Ուրիշների հետ էր սիրաբանում․ էլ չի՛ անի։ Իսկ ե՞րբ  պետք է կանգ առնել։
Աստղիկները երկնքում դողդղում են, խուճապով իրար են անցել, ի՞նչ են հուշում նրանք։ Շուտով, շուտով․․․ Ամենը նրա մեղքով է․ ի՜նչ տառապանքներ է կրել նրա պատճառով ու վախերի․․․
Ահա շուտով․․․Այլևս չի լինի նա, երբե՛ք․․․ Նա․․․ Երբե՛ք․․․ Սակայն ու՞մ համար է տառապելու հետո, ու՞մ է անիծելու։ Կդատարկվի աշխարհը,
կմթնի ․․․ Դեռ ուշ չէ,պետք է կանգ առնել։ Կամ ասել ինչ-որ բան։ Թե չէ՝  հետո ու՞մ մասին է լինելու իր տառապանքը․․․
Ահա ջուրը թրջում է ոտքերը, ա՜խ,կանգ առնել․․․սառն է, երանի տուն հասնի շուտ, մեղրով կաթ խմի ու քնի՝ բարձը արցունքներով թրջած։ Ահա ջուրն արդեն սեղմում է ոտքերը, որովայնը,կուրծքը սառչում է։ Ինչ լա՜վ է տանը քնել տաքուկ անկողնում՝ Մուռկա փիսիկի հետ, քնկոտ կոպերի միջով տեսնել պատուհանին աճող խորդենին։
Ահա ջուրը, կոկորդը․․․ Երբեք չի՛ կարելի ոչ մեկին  սպանել։
-Տատի՜կ, ես․․․,- կլկլոց։
«Օ, Մարեկյարե՜,Օ , Մարեկյարե՜»**,- գոռում են շոգենավի վրա։
Նավարկում են խնդուն լույսերը։ Այնտեղից  չի երևում  ափին կանգնած ճերմակ պառավը՝ վեր տնկած դեմքով ու անզոր կախված ձեռքերով։ Հետո դանդաղ թափառելով հետ է դառնում։ Տանը միացնում է դատարկ սենյակի լույսը, կարգի բերում  շուրջբոլորը, աթոռները դնում իրենց տեղը, նստում պատուհանի մոտ։ Սպասում է։ Պատուհանից անդին հառաչանք է․ սպիտակ վերնաշապիկով թաց ուրվականը ներս է մտնում պատուհանից, ջուրը կաթում է ամենուր։ Ուրվականը ծնկի է իջնում, գունատ ձեռքերը պարզում պառավին․
-Կործանեցի՜ր ինձ, ի՛նձ կործանեցիր, իսկ նրան՝ ո՛չ։ Նրա՛ն էլ վատություն արա, նրա՛ն էլ չարիք պատճառիր ուրեմն․․․
-Չքվի՛ր, քո տեղը հիմա այնտեղ է՝ գետի վրա, կլինես գետակի լույսը,
փարոսների վերևով կսավառնես, շոգենավերը կճանապարհես, բակենապահներին կահաբեկես։ Դա է քո տեղը։Այնտեղ ազատությունն է․․․
Ուրվականը, պառավի ոտքերն ընկած, խնդրում է, որ  նրան էլ դժբախտացնի․․․
-Հեռացի՛ր։ Մի՞թե սիրելիներին չարիք կպատճառեն․․․
Հեռանում է ուրվականը։ Պառավը չորացնում է հատակը, դարձյալ նստում է պատուհանի մոտ, չի սպասում այլևս ոչնչի։ Լալիս է։ Նա խղճում է դժբախտ աղջկան, որ այնքա՜ն երիտասարդ էր։ Սակայն խաղաղ քնած է զինվորիկը, անտեղյակ է, չգիտի ոչինչ, և ոչ ոք  այլևս չի նեղացնի նրան։
Բարության համար շա՜տ լավ է․ այն լուսավոր է, բաց, ոչնչից չի վախենում,
միայն ուրախություն կա նրանում։ Սակայն երբ տառապանքի մեջ դիմում են չարին, ո՞վ գիտի՝  ի՜նչ տառապանքներ է կրում այն արթնացածը՝  ցավի ու անարդարության ճիրաններին հանձնված․․․

ծանոթագրություններ թարգմանչի կողմից՝
*մանկական խաղ է․ հարցերին պետք է տրվեն պատասխաններ՝ առանց «այո» և «ոչ» բառերի։
**Նեապոլիտանական երգ է:

Ռուսերենից թարգմանեց Մարինա Գևորգյանը

Please follow and like us: