Սիրանուշ Զախարյան/Արի զրուցենք․․․

«Երբ քեզ սպասում էի, դու ուշանում էիր։ Ուշանում էիր, հայրիկ, ու հիմա եմ հասկանում, որ փախուստ էր ուշացմանդ անունը։ Ես թույլ էի, նվազ ու քո պատկերացրած որդին չէի, ում ծննդյանը սպասել էիր տարիներ շարունակ։ Դու ուրիշ կերպ էիր պատկերացնում ինձ, մեզ, քեզ՝ ինձ հետ։ Բայց․․․ ներիր։ Ես չեմ արդարացրել քո սպասելիքները ծննդյանս պահից սկսած։ Գուցե ներողություն խնդրողն ամենևին էլ ես չպետք է լինեմ, բայց դա հիմա էական չէ։ Փաստն այն է, որ կա մայրս, կաս դու, կան չորս քույրերս ու կամ ես։ Երբ փոքր էի, ուզում էի քեզ ճանաչել։ Ուզում էի, որ թեկուզև չկարողանամ քեզ պատասխանել, բայց դու զրուցես ինձ հետ, որ լսեմ քեզ։ Բայց դու․․․ փախչում էիր։ Դու չէիր հավատում, որ լսում եմ քեզ․ երևի այդպես արդարացված էր փախուստդ։ Ես հաճախ էի լսում քո և մայրիկի զրույցները, որոնք տեղի էին ունենում ձեր այն համոզումից հետո, թե իբր քնած եմ․ բայց ինչպե՞ս թմրեր անգամ կանգնելու կամ խոսելու համար էներգիան չծախսած մարմինը։ Ձեր զրույցներից ինձ պարզ էր դարձել, որ ծնվելուս օրը, բժիշկներին հակառակվելով, մայրս հանձն է առել իմ խնամակալությունը։ Իմացել էի, որ ինձ տասը տարվա կյանք են տվել։ Ամեն անգամ թրթիռով էի սպասում քո համաձայնությանը մորս առաջարկներից որևէ մեկին, բայց․․․»։

– Եթե կարծում ես, թե չի լսում, արի խուլ ու համրերի դպրոց տանենք։

– Ինչի՞ համար։

– Որ գոնե շփվել սովորի, իրպեսներին տեսնի։

– Իմաստ չկա։ Դրա փոխարեն մեծ աղջկադ համալսարանի վարձը հավաքիր։

– Դա էլ կանենք։

– Չէ, դու անուղղելի ես։ Բառացի ասե՞մ, որ մեկ ա՝ բան չի մնացել։

– Իսկ ես չեմ հավատում այդ դատարկաբանություններին։ Արի գոնե դիմենք բարերարներին, ներառական կրթության տանենք։

– Իսկ ես իմ տեսածին եմ հավատում։ Էլ չի քննարկվում։

Մայրս հավատում էր ինձ։ Նա հաճախ էր զրուցում ինձ հետ՝ հաշվի չառնելով իմ չարձագանքելու փաստը։ 

– Ես գիտեմ, որ դու կարող ես։ Ես չեմ վախենում քեզ համար։ Եթե պետք լինի, ես դեմ կգնամ բոլորին։ Դու գիտես, չէ՞, որ ուժեղ ես ու խելացի։ Խնդրում եմ, արձագանքիր։ Գիտեմ, որ լսում ես ինձ։

Իսկ ես իմ սառը հայացքը վախենում էի թեքել նրա կողմ։ 

Անմարդկային էին նրա տանջանքները ինձ սայլակից մահճակալ, մահճակալից սայլակ տեղափոխելիս։ Բայց այս դեպքում ես չէի խաղում․ մարմինս թմրած էր։ Ես նախանձում էի քույրերիս, որոնք վազում էին, պահմտոցի կամ «վերջին տառերով բառեր» էին խաղում, կարդում էին, սովորում, երգում։ Երբեմն պատահում էր, որ մենակ էի մնում ու փորձում էի խոսել նրանց նման։ Սակայն կցկտուր արտահայտություններիցս և ոչ մեկը բառ չէր դառնում։ Քույրերս էլ էին խոսում ինձ հետ, սակայն նրանք վստահ էին, որ իրենց չեմ լսում։ Ես գիտեի նրանց բոլոր գաղտնիքները՝ ով ում է սիրահարված, ով ինչից է տխրում, ում սիրտն է կոտրված, ով ումից ինչ է թաքցնում, ով է առաջին անգամ համբուրվելուց հետո փախել՝ սիրած տղային շփոթված կանգնած թողնելով։ 

– Ես էրեխուս կվերցնեմ ու կգնամ, եթե մի անգամ էլ այդ մասին խոսես, – մորս ձայնի մեջ միաժամանակ և՛ վիշտ կար, և՛ հանդիմանանք, և՛ վճռականություն։

– Ո՞ւր պետք է գնաս։

– Դա արդեն իմ խնդիրն է։ Դու պարտավոր ես ընդունել։ Արդեն քանի տարի է՝ նույն բանն ես ասում։

– Իսկ աղջիկնե՞րը։ Իսկ ե՞ս։

– Ես իմ ոչ մի երեխայից չեմ հրաժարվում՝ ի տարբերություն քեզ։ Քո ասածը մարդասպանություն է, երեխայասպանություն։ Ո՞նց կարող ես քեզ թույլ տալ նույնիսկ մտածել այդ ուղղությամբ։ Ես քեզ չեմ հասկանում, փաստորեն այսքան տարի քեզ չեմ ճանաչել։ Եթե աղջիկների ժամանակավոր խնամքից հրաժարվես, ես նրանց էլ ինձ հետ կտանեմ։ 

Առավոտյան հայրս գնաց տնից, մեզնից, ինձնից․․․

Հետո պետք է հասկանայի, որ մարդն իր ողջ գունապնակով բացվում է դիմացինի առաջ, երբ նրան նեղություն է տրվում, երբ ստիպված, իր կամքին հակառակ գործողությունների է պարտադրվում կյանքի կողմից։

Նրա գնալուց հետո առաջին օրը մայրս ցայտնոտի մեջ էր․ չգիտեր՝ ինչ անել, ուր գնալ, ինչպես աշխատել և միաժամանակ լինել խնամակալս։ Տատս՝ հորս մայրը, մեզ հետ էր ապրում։ Սկզբնական շրջանում  կշտամբում էր մորս ու մեղադրում նրան որդու հեռանալու համար։ Բայց մի քանի անգամ մորս խիստ և կտրուկ պատասխաններից հետո հասկացավ, որ այդ թեմայով պետք է լռել հավերժ, այլապես ստիպված կլինի ավելի հաճախ լսել, որ որդին վախկոտ է, անպատասխանատու և թուլակամ, որ ունակ չէ հոգ տանելու, պայքարելու, ճակատ առ ճակատ առերեսվելու խնդիրների հետ, որ սովոր է լինել անթերի միջավայրում գլխավորի դերում և նման այլ ճշմարիտ մեղադրանքներ։

Մի քանի օր անց մայրս արդեն ինձ տանում էր խուլ ու համրերի դպրոց։ Որոշ ստուգումներից հետո խլությունս հերքվեց․ ամենից շատ այդ փաստը անհանգստացրեց քույրերիս, բայց իզուր․ ես չէի պատրաստվում նրանց գաղտնիքները բացահայտել։ Երբեք չեմ մոռանա լսող և խոսող մարդկանց նվիրվածությունը խուլ ու համրերին։ Մարդիկ իրար համար ինչեր ասես, որ չեն ստեղծել․ խուլ ու համրերի համար (հետ) շփման լեզու են մտածել, սովորում են, թարգմանում են, սովորեցնում են․․․ ստեղծել են անվասայլակներ, որ իրենց նմանները հեշտ տեղաշարժվեն․․․ ստեղծել են պրոթեզներ, հազարավոր սարքեր, հորինել են բժշկությունը․․․ Փշաքաղվում եմ ամեն անգամ մարդկանց՝ իրար հանդեպ հավատարմությունն ու հոգատարությունը տեսնելով։ Ո՞ր կենդանին է իր հաշմանդամ ձագի համար սայլակ ստեղծել։ Չնայած ես չհաչող շների մասին ոչինչ չգիտեմ, բայց ո՞ր շունը իր չհաչող ձագի համար լեզու կմտածի, կսովորեցնի դա ուրիշներին, կպայքարի, որ ձագուկն իրեն մեկուսացած չզգա․․․ Այդ օրերը հիմնովին փոխեցին ինձ։ Ես սկսեցի սիրել մարդկանց, չափսոսալ, որ ծնվել եմ նրանց աշխարհում, սկսեցի սիրել ինձ․․․ Թեպետ այդ պահին չէի ընկալում փոփոխություններս, բայց դրանք տեղի էին ունենում։ 

«Ծննդյանս օրն էր, ու ես դառնում էի տասը տարեկան։ Դու երևի սպասում էիր, որ այդ օրն իմ կյանքում չի գա, բայց այն եկավ ու ինձ համար նոր ծնունդ դարձավ։ Այդ օրն առաջին անգամ մայրս լսեց ձայնս, որը տարբեր էր ճիչից, որը խոսքային արձագանք էր՝ այնքան տարբեր հայացքով իր ասածը ընկալելու հաստատումից (այդ արձագանքները սկսել էի փոխանցել խուլ ու համրերի դպրոցից հետո), հուզվեց, գրկեց ծանր մարմինս ու ոգևորությունից ծնված էներգիայով՝ պարելով պտտեցրեց ինձ։ Նա այնչափ չէր զգում իր ֆիզիկական բողոքները, որ տասը րոպե տևած պտույտներից հետո մի քանի օր համարյա անկողնային ռեժիմում էր՝ չհաշված իմ խնամքին տրամադրվող րոպեները։ Այդ րոպեներին մայրս միշտ աննկարագրելի սիրով է օծել ինձ։ Ես երբեք չեմ զգացել նրա ո՛չ հոգնությունը, ո՛չ վատառողջ կամ անտրամադիր լինելը, ո՛չ հոգու բողոքն առ ինձ, առ Աստված, առ քեզ․․․»։

Իսկ ես ասել էի․

– Կարդալ․․․

Այդ օրվանից սկսած ես սկսեցի սովորել կարդալ։ Մայրս ու քույրերս ջանք չէին խնայում, որ ինձ սովորեցնեն իրենց իմացած յուրաքանչյուր մանրուք։ Մի քանի օր ինձ դպրոց տարան։ Բայց այնտեղ դժվար էր թե՛ ինձ, թե՛ դասընկերներիս համար։ Ես հասկանում էի, որ շփումը դժվար, գուցե նաև անհնար է լինելու, բայց հատուկ դպրոցներից ինձ ուղղորդում էին հանրակրթական դպրոցներ։ Ճիշտ է, ոչ ոք ինձ չէր նեղացնում, ես ոչ ոքի չէի վնասում, բայց ինձ վատ էի զգում այդ միջավայրում։ Ի վերջո՝ մայրս տեղի տվեց իմ խնդրանքներին, ու ես շարունակեցի կրթություն ստանալ տան պայմաններում։ Դպրոցից միակ լավ հիշողությունը առաջին սիրահարվածությունս է, որի մասին այնքան ուզում էի պատմել հորս։ Բայց այն որքան արագ այցելեց հոգուս խորքը, նույնքան արագ էլ չեզոքացվեց։ Եվ ինչո՞ւ սիրել, եթե դրանից միայն տառապանքիս չափաբաժինն էր մեծանալու․ նա ինձ նայում էր այդ ատելի խղճահարությամբ։

Եղան նաև բարդ շրջաններ, երբ կասկածում էի իմ ուժերին, երբ ուզում էի վերջ տալ կյանքիս ու համոզված էի, թե հայրս ճիշտ էր։ Նման զգացողությունները հաճախ գլուխ էին բարձրացնում այն ժամանակ, երբ հերթական բուժզննման արդյունքում հիվանդությունիցս գլուխ չէին հանում․ ես ախտորոշում չունեի։ Այդ պահերին ինձ մոլախոտ էի զգում, ով աճել էր ոչ ճիշտ տեղում ու շարունակում էր փչացնել ուրիշների կյանքը, խլել նրանց հատկացվելիք ռեսուրսները։ Ինձ զգում էի որպես ճղճիմ, ավելորդ ու անտեղի գոյություն։ Ինձ թվում էր, թե խանգարում եմ մարդկանց, ում սիրում եմ։ Բայց երկու անգամվա հիմար փորձերը, որոնց անհաջողությունից հետո տեսա մորս վախեցած, կոտրված, տապալված, հետո վերակենդանացած հայացքը, ինձ բերեցին այն համոզմանը, որ աշխարհում մեկը հաստատ կա, ում պետք եմ․․․ Իսկ նրան կարող էի մեծարել ու վարձահատույց լինել միայն ապրելով, միմիայն ապրելով․․․

Մեծ քույրս հոգեբան էր դառնալու։ Քիչ թե շատ սկսել էի հասկանալ, թե դա ինչ է․ բարձրաձայն էր սովորում դասերը։ Որոշել էի ինքս էլ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ կատարել։ Ուսումնասիրություններիս ընթացքում հասկացա, որ սեփական մարմինը կարող են ատել նաև առողջ մարդիկ, որ մեկուսանալ կարող են նաև նրանք, ովքեր ունեն ծնողներ, շատ մտերիմներ ու ընկերներ, որ կյանքը զզվելի խաղ կարող է թվալ նաև նրանց համար, ում բոլոր աշխարհիկ պահանջները բավարարվել են։

Տարիների ընթացքում ընկերներ ու որոշակի կապեր էի ձեռք բերել, որոնք օգնել էին ճշտել հորս հասցեն ու իմանալ, որ նա թաքուն հետևում է մեզ։ Նոր ընտանիք, ավելի ճիշտ՝ նոր կին ունի, հաճախ է կնոջից թաքուն հարբում, առավոտյան միայն վերադառնում տուն ու վայելում կնոջ կշտամբանքները, ով ամեն անգամ խոստանում է, որ էլի կրկնվելու դեպքում կհեռանա։ 

«Ես այսօր քսան տարեկան եմ դառնում։ Հոգեբանության ֆակուլտետում եմ սովորում։ Բայց իմ ու քրոջս դրդապատճառները տարբեր են։ Նա դարձել է հոգեբան, որ առաջին հերթին իրեն հասկանա, հետո օգնի ուրիշներին՝ հասկանալ իրենց։ Իսկ ես դառնում եմ հոգեբան քեզ հասկանալու համար։ Ես խոսում եմ, լսում ու կարողանում եմ կառավարել անվասայլակս․ ձեռքերիս թմրությունն անցել է։ Ես խոստանում եմ առաջինն ինձ, հետո՝ մորս, որ երեսուն ամյակիս նաև քայլելու եմ։ Իսկ քեզ խնդրում եմ՝ եթե ժամանակ ունենաս, արի զրուցենք․․․»

Please follow and like us: