Մարինա ԳԵւորգյան/Հույս, հավատ, համբերություն


Առավոտյան ժամը տասին Սոնան դուրս եկավ տնից, արագ-արագ քայլելով անցավ փողոցն ու կանգ առավ միրգ-բանջարեղենի խանութի դիմաց, որ հենց իր վարձած տան հանդիպակաց մայթին էր։ Խորը շունչ քաշեց, ներս մտավ։ Դրամարկղի մոտ կանգնած շիկահեր կինը ժպիտով դիմավորեց, նորից բացատրեց իր անելիքներն ու ասաց, որ հենց այդ պահից կարող է սկսել։
Սոնայի սիրտը տեղն ընկավ․ տիրուհին ռուս է,  ոչ թե․․․ Ձեռնոց հագավ, գոգնոցը կապեց ու անցավ գործի։ Աշխատանքի հայտարությունը տեսել էր կայքերից մեկով, զանգահարել էր, ասել էին՝ արի։ Եկել էր, պայմաններին ծանոթացել, ճիշտ է աշխատավարձը բարձր չէր, բայց տանը մոտիկ էր, կբավականացներ տան վարձին ու սննդին առաջիկա ամիսներին, մինչև բախտը մի դուռ կբացեր․․․Այս պայմանները ներկա պահին լիովին բավարար էին, որ անցներ աշխատանքի․ հայրենիքից վերադառնալուց հետո անգործ էր, եղած փողն էլ հազիվ բավականացրել էր մեկ սենյականոց բնակարանը վարձակալելու համար։  Բնակարան գտնելու պատմությունը, եթե սցենարի վերածեին ու ֆիլմ նկարեին, հաստատ մի մրցանակ կստանար․ այսպես մտածեց, երբ քառասունհինգ հատ տարբեր բնակարանների հայտարաություններ առանձնացրեց, հերթով զանգեց, գնաց, բայց վերջում բոլորից նույն պատասխանը ստացավ, գրական ռուսերենով այս նախադասության ամեն բառը ասեղի պես ծակում էր քունքերը՝ «не славянам жилье не сдаем»*, մի քանիսն էլ շեշտեցին՝ «армянам особенно»**։ Զայրույթից պայթող սրտով ամեն անգամ վերադառնում էր հանրակացարան, որտեղ մի քանի օրով թույլատրել էին մնալ, մինչև տուն կգտներ, բայց ի՞նչ աներ։ Անգամ ռուսական անձնագիրն ու քաղաքացիությունը, որի համար տարիներով գլուխ էր ջարդել ու պայքարել, ոչնչով չէր օգնում։ Ռուս չես, ուրեմն վերջ, տուն չեն տա, միջնորդ գործակալությունն էլ մի կլորիկ գումար էր վերցրել՝ բնակարանի վարձակալության հարցը գլուխ բերելու համար, սակայն իզութոզով կորել էր և մատը մատին չէր տալիս։
Բայց, ինչպես տատն էր ասում, Աստված միշտ մի դուռ բացում է, այդպես էլ եղավ․ երբ հերթական փնտրտուքից հոգնած, անտրամադիր վերադարձավ հանրակացարան, իր հետ նույն սենյակում ապրող  ռուս կինը՝ Տանյան, հայտնեց, որ  ծանոթ մի կին համաձայնել է բնակարանը տալ վարձակալությամբ՝ նշելով որ միայն պարտաճանաչ լինի, ազգությունը կարևոր չէ։ Այդպես Սոնան հայտնվեց քաղաքի կենտրոնի այս թաղամասում։ Ինքը գիտեր, որ ամեն ինչ իր կյանքում հենց այդպես էլ լինում է՝ պատահական, անսպասելի, տան հարցն էլ գցել էր էդ հույսին, և միայն համբերություն էր խնդրում, որ դիմանար։ Այլապես կմատածեր, որ տիեզերքում իր հարցով ինչ-որ բան սխալ է ընթանում։ Այս գործն էլ հենց այդպես անսպասելի ու միանգամից հաջողվեց գտնել (բա ինքը Սոնան է, իր բախտն էլ՝ իր հետ)։

Սոնան ջոկջկում էր հասած մրգերն ու մտածում իրենց այգու բերքի մասին․ հիմա եղբոր երեխաները կքաղեն, հարսն ու մայրը պահածո կանեն, թթու լավաշ ու չրեր կսարքեն, նկարներն էլ կուղարկեն ու կասեն՝ արի սուրճ խմենք։ Մտածում էր ու ժպտում, այդպես էլ հաճախորդներին սպասարկում։ Բարեհամբույր էր, կիրթ, սիրալիր, ռուսերենին տիրապետում էր գերազանց։ Մի քանի օրում գրավեց թաղի կանանց սրտերը, ընդմիջման ժամին հարակից շենքի տատիկից, որ մշտական հաճախորդ էր, շոկոլադի սալիկ ստացավ, թարմ քամած հյութ՝ սառույցով։ Մի տեսակ հետաքրքիր առոգանությամբ, որ ռուսական հեքիաթների մուլտֆիլմերում  էր լսել, տատիկն ասաց․ «Խմիր, կհովանաս, հիմա շատ շոգ է, դու էլ երևի էստեղի հեղձուկ շոգին սովոր չես, էլ չասենք՝ կտրող սառնամանիքի մասին։ Քեզ հույս, հավատ ու համբերություն, աղջիկ ջան»։ Սոնան կարոտեց իր տատին, երանությամբ հիշեց իր մանկությունը։

Առաջին ազատ օրը՝ կիրակին, որոշեց գնալ եկեղեցի․ երկար աղոթեց, շնչեց խնկաբույրը։ Մտախոհ քայլում էր եկեղեցու բակով, երբ ծանոթ ձայն լսեց․ Տանյան էր, որի օգնությամբ վարձեց բնակարանը։ Բարևեցին, հազար տարվա հարազատի պես գրկեցին իրար, Տանյան տպավորված պատմում էր Սոնայի նվիրած հայկական կոնյակի համի մասին․ ընկերուհիներով խմել էին՝ իրեն հիշելով։

– Հը, լա՞վ է էս մի աշխատատեղը։

– Լավ է, էլի,- ասաց Սոնան։

– Բայց դու, կներես, աննորմալ ես, որ էն մի խանութի գործից հրաժարվեցիր, կարգին փող էին տալիս, գնացել ես էս մի տեղը կես գնով ես աշխատում։

– Այդպես էր պետք։

-Դե լավ, դու էլ, էստեղ քեզ ո՞վ է ճանաչում, էնտեղ՝ քո հայրենիքում, ոչ մեկն էլ չէր իմանա, ես խնդիր չեմ տեսնում։

– Ես եմ տեսնում, հասկանո՞ւմ ես, Տանյուշա, ես։

– Ինչ էլ ասես, մեկ է, ես չեմ հասկանա։

– Գիտեմ,- պատասխանեց Սոնան,- ուրեմն արի ուրիշ բանից խոսենք, կամ էլ գնանք իմ տուն՝ քեզ հայկական սև սուրճ հյուրասիրեմ։

Միասին եկան տուն, Սոնան Տանյուշայի համար սև սուրճ պատրաստեց (սրճեփն ու երկու կիլոգրամ աղացած սուրճը տնից դուրս գալիս եղբոր կինն էր դրել ճամպրուկը)։ Տանյուշան հիացավ պղնձե սրճեփի էսթետիկ տեսքով, սուրճի բաժակների հայկական նախշազարդերով։

– Գժվելիք է, լուրջ եմ ասում, դուք ՝ հայերդ, ոնց հասկանում եմ, ամեն հարցում եք էդպես, սիրում եք՝ ամեն ինչ սիրուն լինի, նույնիսկ սրճեփը։

– Բա իհարկե,- ասաց Սոնան։

– Լսի, ես շատ եմ լսել ձեր մշակույթի մասին, տեսարժան վայրերի, հաջորդ անգամ երբ գնաս, հետդ գալու եմ։

-Իհարկե, Տանյուշա ջան, համեցիր, մանավանդ որ ռուսների հոսքը մեր երկիր շատ աշխույժ վիճակում է, գիտես, չէ՞։

– Լո՞ւրջ ես ասում,- զարմացավ Տանյան։

– Հա, շատ լուրջ, էն աստիճանի լուրջ, որ վարձով ապրողներին տանտերերը տներից հանում էին, որ տները տան ռուսներին, կներես,- ասաց Սոնան ու մտածեց, որ չափն անցել է,- բայց որ ասել եմ, խոսքս ավարտեմ՝ իսկ էստեղ ես հազար դուռ եմ ծեծել, որ տուն գտնեմ, դեմքիս ամեն անգամ շրխկացնում էին՝ ռուս չես, չենք տա, հատկապես հայերին։ Ես քո դեմ ոչինչ չունեմ, էլի կներես, ուղղակի փաստն եմ արձանագրում։

– Կը․․կներես, Սոնիչկա, ես էնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու է այդպես, բայց իրոք ապշած եմ։

– Մենք էլ․․․ Տանյուշա ջան, որովհետև ինչ-որ բան սխալ է  իսկապես, մարդկայնորեն սխալ է այդպես, օֆ․․․

– Դե, հա, ճիշտ ես ասում, բայց ես այդպես չեմ մտածում, դու հո գիտես՝ ինձ համար մարդը մարդ է։

– Ապրես,- ասաց Սոնան,- կոնֆետ վերցրու, հայկական է, էս չիրը մամայիս սարքածն է, անցյալ տարվանից պահել էր ինձ համար, հետս բերել եմ։

Տանյան համտեսեց, հիացավ, երկար խոսեցին դեսից-դենից։

Այս բարի կինը իմացավ նաև, որ Ադրբեջան պետությունը Արցախը բլոկադայի մեջ է պահում, փակել է Հայաստանին կապող ճանապարհը, մարդիկ սովի են մատնված, հղի կանայք կորցնում են երկար սպասված պտուղը, որովհետև թերսնված են ու զուրկ ամեն ինչից․․․ Իմացավ, որ էս լուսավոր դարում, երբ Մարսը բնակեցվում է, ինչ-որ տեղ կա աշխարհում, որտեղ հոսանք ու գազ չկա, երեխան երազում է շաքարաքլորի ու մի կտոր խնձորի մասին, երազանքներ են մեռնում, ընտանիքներն ամիսներով բաժանված են իրարից, անընդհատ սպառնալիքների ու նոր ցեղասպանության վտանգի պայմաններում մի կերպ, վերջին ճիգով դիմադրում են, որ ապրեն իրենց հողում, հայրենիքում, իրենց տանը․․․

Տանյան ապշած լսում էր, արցունքները գլորվում էին աչքերից, միայն մի հարց էր տալիս՝ բա ո՞նց անենք, ի՞նչ անենք, մեզնից ի՞նչ է կախված․․․

– Սոնիչկա, իսկ եթե դրամ հավաքենք, ուղարկենք Արցախ, հը՞, որ կարողանան գնումներ անել երեխաների համար․․․

– Տանյուշա ջան, շնորհակալ եմ, ուղարկենք, բայց հարցը փողը չէ, ախր խանութները դատարկ են, հասկանու՞մ ես, ուտելիք չկա, ոչ մի բան չկա, չի մտնում էդ երկիր ոչ մի բան, որտեղի՞ց լինի․․․

– Ցավում եմ, իսկապես, ինչ սարսափելի է, էն էլ էս դարում, Սոնիչկա, չգիտեմ՝ ինչ ասեմ․․․հույս, հավատ ու համբերություն քո ազգին․․․

Հետո խոսեցին աշխարհի անարդարությունից, հույսից ու հավատից, որ ամեն ինչ լավ կլինի։ Գնալուց հետո Սոնան երկար նայեց պատուհանից․․․ է՜հ, Տանյուշա, Տանյուշա, դու ինձ երբեք չես կարողանա հասկանալ, որովհետև քեզ քո հայրենիքում չեն սպանում, չեն զավթում  տունդ։ Քեզ չեն փակել քո երկրամասում, հազարավոր մարդկանց չեն դրել անելանելի դրության մեջ՝ կտրելով կյանքի ճանապարհը, որով հաց ու դեղորայք էին բերում։ Քո հայրենակիցները սովի ու զրկանքների մատնված չեն իրենց իսկ տան մեջ։ Որովհետև հայ են, որովհետև ինչ-որ մի արնախում որոշել է, որ այդ սիրուն երկիրը, այդ դրախտավայրը իրենն է ու վերջ, խեղաթյուրում է պատմությունը, նավթադոլլարներով ծեփում աշխարհի բերանն ու իր ուզածն անում։ Իսկ դու ասում ես՝ հիմարություն է բարձր վարձատրվող աշխատանքից հրաժարվելը, միայն նրա համար, որ գործատուն ադրբեջանցի է․․․  Մեր ոսկե սերունդը պատերազմով բնաջնջած ազգի ներկայացուցիչ, անվերջ կրակող, սպանող, զավթող թշնամի, մեր կորսված մանկության, հիմա էլ մեր երեխեքի հարամված մանկության մեղավորը․․․ Ես աշխատեմ, ինքը հարստանա, էդ փողերից ուղարկի իր երկիր, հարազատները հարկեր վճարեն, էդ փողը դառնա փամփուշտ ու ական՝ թափվելով մեր զինվորների գլխին․․․ Չէ, էդ լինելու բան չէ․․․

Աչքերը փակեց ու տհաճությամբ հիշեց այդ օրվա բոլոր դրվագները․ եթե իմանար, եթե իմանար, ոչ էլ մոտ կգնար էդ խանութին, բայց  ինչ իմանար ախր․․․

– Քույրիկ ջան,- ասել էր  Ամիրը ,- դու ի՞նչ ազգ ես։

– Հայ եմ։

– Լավ, ոչինչ, ես խնդիր չեմ տեսնում։ Իմ ընտանիքն էլ դեմ չի լինի, որ հայ աշխատի մեր խանութում։

– Այսի՞նքն՝ ոչինչ, ի՞նչ է նշանակում՝ ոչինչ․․․ ինչի՝ դուք ի՞նչ ազգ եք։

– Մենք , քույրիկ ջան, ադրբեջանցի ենք։

Սոնան հիշեց իր մարմնի սարսուռը։ Ուրեմն ինքը գա աշխատանքի ընդունվելու, ասի՝ հայ եմ, իրեն ասեն՝ լավ, ոչի՞նչ, էն էլ ովքեր՝ էս ․․․ էս․․․

– Ես եմ դեմ, ե՛ս, – պատասխանել էր Սոնան՝ կատաղությունը զսպելով,- եթե իմանայի, չէի գա, և էս տհաճ խոսակցությունը չէր կայանա։

– Դե լավ դե, դու էլ, ինչի՞ հետևից ես ընկել,- միջամտել էր Ամիրի կինը,- ձևեր մի թափիր, քեզ համար ի՞նչ տարբերություն, գործ լինի, մեջը փող լինի, էլ ի՞նչ ես ուզում։ Եթե գաս, քեզ կրկնակի կվճարենք, որ հավատաս՝ մենք քո դեմ ոչինչ չունենք, չէ՞ Ամիր։

-Հա, հա, էդ հաստատ, կրկնակի կտամ փողը, էդ հեչ էլ խնդիր չէ,- հաստատել էր Ամիրը՝ մորուքը շոյելով։

– Հը՞, չէ, չէ, վերջ, կներեք, բայց ես գնամ։

– Սպասիր, քույրիկ, արի քարը փեշիցդ թափիր, մնա աշխատիր, քեզ գումար է պետք, մենք էլ վայրենի չենք, երկուսս էլ օտար հողի վրա ենք, էստեղ էդ քո սկզբունքներին նայող չկա։

– Ես եմ նայողը, ես,- ասել էր Սոնան,- հա, ճիշտ ես, էստեղ բոլորս էլ հավասար ենք, հավասարապես օտար ենք, եկվոր ենք։ Բայց ես էլ , դուք էլ լավ ենք հասկանում՝ մեր միջև ինչ պատնեշ կա,  էլ չերկարացնենք, լա՞վ, դուք ինձնից էլ լավ գիտեք։

– Քույրիկ ջան, գիտենք, գիտենք, բա ոնց, բայց էդ ոչ իմ խելքի բանն է, ոչ քո, էդ վերևների գործն է, ես ինչ անեմ, կամ դու ինչ կարող ես փոխել։ Ես երեսուն տարի ապրում եմ էս երկրում, ոչ պատերազմի եմ մասնակցել, ոչ  մարդ եմ սպանել, ոչ էլ մեկին վնաս եմ տվել, ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, չեմ խառնվում էդ գործերին։ Հա, ընդունում եմ, որ մենք ունենք ընդհանուր հարցեր, բայց դրանք ոչ միշտ են ընդհանուր, ինձ չի հետաքրքրում էդ ամեն ինչը։

– Իսկ ինձ հետաքրքրում է․ դուք ինձ ասում եք՝ հայ ես, լավ, ոչինչ․․․ ինչ է նշանակում՝ ոչինչ, տեսնու՞մ եք, որ անգամ ձեր այս չեզոք դիրքորոշման պարագայում, էլի ձեր մեջ խոսում է էնտեղ հային վնասողի տեսակը․․․ Իսկ ես երեսուն տարի ապրել եմ հայրենիքում, աչք ենք բացել՝ կրակում են ու ավերում, պատերազմ ու դիվերսիա, հարձակում ու զոհեր․․․ այսպես անցել է իմ մանկությունն ու երիտասարդությունը, պա՞րզ է։ Քո ազգակիցները տասնութ տարեկան զինվորների են գլխատում, տենչում են հայի արյուն խմել, լսե՞լ ես՝ էն մի բլոգերը ոնց է կոչ անում հայի արյունը խմել կամ խառնել քաբաբի մսին․․․ Կարծում եք՝ այսպիսի իրականության դեմ կարող ենք աչք փակե՞լ, մեզ գժի տեղ դրած ձևացնենք, թե ոչինչ էլ չի կատարվու՞մ։ Տո, ախր, ձեր ազգի ներկայացուցիչները․․․ մի խոսքով՝ հաջողություն։

Սոնան ուզեց ասել բորենի են, վայրենի արնախում, բայց զսպեց իրեն, որովհետև դա ոչինչ չէր փոխի, էս կիսագրագետ առևտրականն էլ ոչինչ չէր կարողանա փոխել․ սրան ասած՝ էս բետոնե պատերին ասած․․․ սրա աչքին մենակ իր հարմար ապրելն է երևում, մարդը պատերազմի չի մասնակցել, իր աչքով չի տեսել էն դժոխքը, հանգիստ ապրում է, ինձ էլ ասում է ՝ հայ ես, լավ ոչինչ․․․ տո ողորմելի․․․ ասում է՝ կրկնակի կվճարեմ, երանի քեզ, որ ոչ խելք ունես, ոչ մեղք․․․
Ամիրը նայել էր կնոջ դեմքին՝ ուսերը թոթվելով։

– Մեր խոսակցությունն առանց այդ էլ շատ երկարեց, հաջողություն։

– Ալլահն օրհնի, ալլահն օգնի, քույրիկ ջան, եթե փոշմանես, արի աշխատիր,- ասաց Ամիրը,- հույս, հավատ, համբերություն բոլորիս․․․

Հիշեց, թե ինչպես դուրս եկավ, շունչը տեղը բերեց ․«Հույս, հավատ, համբերություն․․․ տո ողորմելիի մեկը, ինչ հույսից ես խոսում, ինչ համբերությունից, ուղեղներդ անջատած ապրում եք, անմեղսունակներ»։  Ու քայլեց հանրակացարան։ Գրպանում ընդամենը մի քանի ռուբլի ուներ, որով կարողացավ մեկ հաց գնել։ Քառասուն չորս ռուբլի․ այսքանը, հաշվեց, դրեց դրամարկղին, հիշեց՝ քառասունչորս օր ինչ սարսափների միջով անցան ազգովի, աշխարհն աչք փակեց, ոչ մի արդարություն չհաստատվեց, քառասունչորս քոռ կոպեկի արդարություն չգտնվեց մի ազգի համար, որ շատ բան չի ուզում՝ ապրել ու արարել իր պապենական հողի վրա, իր հայրենիքում․․․ էհ․․․

Նստեց իր մահճակալին, ցամաք հացը ծամեց, պառկեց, բայց քնել չկարողացավ։ Հիշողությունները տարան․․․ 2020 թվի ամառն էր, երբ Ռուսաստանում հաստատվելուց երկու տարի անց առաջին անգամ հետ էր եկել հայրենիք, մտերիմներով որոշել էին շրջել տեսարժան վայրերով։ Վիճակ էին գցել, որոշվել էր գնալ Արցախ։ Հետո պատերազմն էր՝ իր բոլոր հետևանքներով, պատերազմ, որ մի օր կավարտվի երևի․․․ Իսկ հիմա ճանապարհը փակ է, մարդիկ՝ գերված։ Ով կպատկերացներ այսպիսի բան։ Դե արի ու էս մարդկանց բացատրիր, թե ինչն ինչոց է, ախր իրեն չեն հասկանա, տո, թող ոչ էլ հասկանան, ում է պետք կեղծ կարեկցանքը, ձևական վայ-վույը, եթե դա ոչնչով չի օգնելու աղետը կանխելուն։ Աշխարհն էլ միայն խիստ մտահոգ է ու վերջ, տո ձեր մտահոգությունը ձեզ պահեք, անխիղճներ․․․ Ոչինչ, հո միշտ էսպես չի մնալու, չի կարող ուղղակի միշտ այսպես վատ լինել, մի օր, մի օր լավ կլինի, մի օր․․․ բայց ե՞րբ, ինչքա՞ն կդիմանանք․․․ Չէ՛, չէ՛,  անկասկած կդիմանանք, էսպիսի բաների՞ ենք դիմացել։
Էսպես օրերը մթնեցին ու լուսացան, բայց այնտեղ՝ հայրենիքում, դեռ ոչինչ լավ չէ, Արցախում օր օրի ամեն ինչ ավելի վատ է, համազգային աղետ է․․․

Աշխատանքային օրվա ավարտին հոգնած տուն եկավ, լվացվեց, հաց ու պանիր վերցրեց, նստեց փոքրիկ բազմոցին ու միացրեց հեռուստացույցը, թերթեց բոլոր ալիքները, ամեն տեղ խոսվում է Ուկրաինայում կատարվող դեպքերից, Ղրիմի կամուրջը պայթեցրել են, Անտարկտիդայում պինգվինների զանգվածային անկում է գրանցվել և այլ բաներ, ոչ մի ալիքով չի խոսվում Արցախի ու այնտեղ գերված հայերի մասին։ Այսօր եղբայրն ասում էր, որ Երևանում միավորվում են՝ շրջափակման մեջ սովի մատնված հայրենակիցներին օգնելու համար։ Վաղը ինքն էլ գումար կուղարկի, չնչին բան է, բայց գոնե մի երկու տուփ մանկական կաթնախառնուրդի կհերիքի։ Մարդու սիրտ է պայթում, մենք ի՞նչ նյութից ենք, որ էս ամենին դիմանում ենք․․․ Վայ կյանք, անտեր կյանք, ով է էս դրվածքը որոշել, որ դու էսքան անարդար լինես ․․․



ծնթ․
* ոչ սլավոնացիներին բնակարան չենք տալիս
** հայերին՝ հատկապես

Please follow and like us: