Հովիկ Մխիթարյան/Առաջին օրը

Անսովոր էր ամեն ինչ` թե՛ չդադարող կրակահերթերը, թե՛ վառոդի թունդ հոտը և թե՛ օդում ծանրացած մռայլ հանդիսավորությունը: Մի տեսակ վախեցնող լրջություն կար այդ ամենի մեջ, և դա ճնշում էր նրան: Զինվորը անընդհատ շուրջբոլորն էր նայում և կլանում ամեն ինչ: Նա դեռ նոր էր, չէր ընտելացել…

Հները քաջալերում էին նորեկներին, սովորեցնում և երբեմն էլ զինվորական կոպիտ կատակներ անում, սակայն սեր կար այդ կատակների մեջ, և դրանից չէին նեղանում, որովհետև հաճելի էր նաև այդ կոպտությունը զինվորական պարզակենցաղության ու միապաղաղության մեջ: Այն մի տեսակ վստահություն էր ներշնչում և լիցքաթափում մթնոլորտը:

Սակայն զինվորը վախենում էր: Աշխատում էր վանել մահվան մասին կպչուն մտքերը և ուրախ մտքերի տրվել, բայց չէր ստացվում: Աներես ճանճերի նման դրանք անընդհատ պաշարում էին ուղեղը, որովհետև մահահոտ կար օդում: Մարտին դեռ բավական ժամանակ կար: Խրամատներից հեռու տարածվում էր ռազմադաշտը, իսկ մի քիչ կողքի սարն էր, որի հետևում պատսպարվել էր հակառակորդը: Դեռևս մարտի չմասնակցած զինվորի համար շատ խորհրդավոր ու սարսափելի էր այդ թշնամին: Այն զուգակցվում էր կրակահերթերի, ռումբերի պայթյունների և մահվան մասին մտքերին:

Զինվորը լարված առաջ էր նայում խրամատից և փորձում թափանցել խավարի մեջ` կարծես ցանկանալով ավելի լավ տեսնել նրանց, ովքեր իր մահն էին ցանկանում: Իսկ թե ինչ էր ցանկանում ինքը, դեռևս չէր հասկացել, քանի որ կյանքի աղքատիկ փորձառությունը դեռ չէր հասցրել նստվածք տալ նրա հոգում, և նոր միայն պատրաստվում էր կենսական մեծ մարտերին: Իսկ մինչև ճակատամարտը բավականաչափ ժամանակ կար, և նա ցանկանում էր քնել, բայց չէր ստացվում: Միտքն աշխատում էր լարված, կառչում ամեն մանրուքից, փորձում հասկանալ իրադրությունը և իր տեղը այդ ամենի մեջ: Միգուցե այդ օրը վերջինը լիներ իր կյանքում, ո՞վ գիտե` ինչ էր պատրաստում իր համար հաջորդ ժամը և օրը. սարի հետևում իր նման, իրեն հասակակից շատ տղաներ կան, որոնք կազմ ու պատրաստ ազդանշանի են սպասում, որպեսզի խոցեն ու խոցվեն, վախեցնեն ու վախենան: Զինվորի 19-ամյա գիտակցությանը դեռևս հասու չէին շատ դաժան ճշմարտություններ, և միտքը աշխատում էր անկանգ ու լարված…

Նա անհանգիստ շարժվեց տեղում, և խոր կասկածներ սողոսկեցին ուղեղը, երանի գնա հեռո՜ւ մի տեղ, շատ հեռու և անվտանգ, ուր չկան այսպիսի տագնապներ ու անորոշություն: Սակայն դա էլ ելք չթվաց ու թեթևություն չպատճառեց նրան, որովհետև կողքին հանդարտ քնած ընկերներին դավաճանելը տհաճ թվաց նրան: Նորեկը կարեկցանք զգաց իր նման` մահվանը այդքա՜ն մոտ այդ տղաների հանդեպ, և հեռու վանեց փախուստի միտքը. դավաճանե՞լ նրանց, ում կարող ես օգնել քո մի կրակոցով կամ հենց միայն ներկայությամբ…

Իսկ ինչ անել վախի հետ, անորոշության սարսափների հետ, որ ջլատում էին նրա չձևավորված կամքը: Համարյա շոշափելիորեն նա զգում էր, թե ինչպես է վախը սողոսկում բջիջների մեջ և ֆիզիկական ցավ պատճառում: Նա նույնիսկ թեթև նախանձով նայեց անխռով քնած ընկերներին: Ապա խղճահարության ու ցավի ալիքը ողողեց նրա ներսը, և նա սիրո ու կարեկցանքի հորձանք զգաց մահվան շեմին կանգնած և նրա ծանր հոտը շնչող այդ տղաների հանդեպ: Ցանկացավ մարտից առաջ հրաժեշտի խոսքեր ասել և համբուրել նրանցից յուրաքանչյուրին: Այնքա՜ն իրական և ներսը հրդեհող այդ ցավը զարմանալիորեն հանդարտեցրեց իրեն, որովհետև աննշան ու ճղճիմ թվացին սեփական տագնապները, եսական ու չնչին այն ահավորի համեմատ, որ կարող էր պատահել այս տղաներից ցանկացածի հետ։

Աստիճանաբար ցրվում էր խավարը, և սառը վաղորդայնը նինջ էր բերում նրան: Իսկ միգուցե լուծվող խավա՞րն էր պատճառը, որ նա դադարեց մտածել:

Նինջը իր գիրկն էր առել նրան և խաղաղ օրորում էր, երբ մարտը հանկարծակի նրան խլեց այդ քաղցր թմբիրից: Անիրական երազների փոխարեն իրականը հառնեց նրա առաջ, և այգաբացի օրորների փոխարեն մահաբեր կրակոցները շաչեցին նրա գիտակցության մեջ: Զինվորը չհասցրեց նույնիսկ վախենալ և իրեն գտավ ընկերների կողքին. նրանց հետ, համաձույլ նույն նպատակին և երազանքներին` պայքարել ապրելու համար: Գնդակների հեղեղը և պայթյունները մի այլ աշխարհ տեղափոխեցին նրան, դա այն չէր, ինչ ինքը գիտեր և սովոր էր, ու անհեթեթ թվացին նրան մարդկային աննպատակ ու անիմաստ վազվզոցները հանուն հանապազօրյա հացի: Սա էր իրականը` մարտը հանուն այն երաժշտության, որ հայրենիք է կոչվում, հանուն այն հողի, որ քո ոտքերի տակ է, հանուն քո ապրելու և գոյատևելու իրավունքի:

Օդը հագեցել էր աղմուկից ու մարդկային ճիչերից: Ռազմի աստվածը չափազանց դաժան թվաց զինվորին, իսկ պատերազմը` ծաղր ապրելու սուրբ իրավունքին: Անտարբեր ու անզգա էր այդ աստվածը այս դյուրաբեկ ու խոցելի արարածների հանդեպ, որոնք մոլեգին այս ու այն կողմ էին վազվզում, հարձակվում կամ նահանջում: Կամա թե ակամա նա մասնակից եղավ այն աշխարհի օրենքներին, երբ քո ապրելու իրավունքը վաստակում ես զգոն գիտակցությամբ, պրկված մկաններով ու ջղաձգված կամքով:

Զինվորը փորձեց հասկանալ այդ ամենի իմաստը, գտնել իր տեղը այդ տարօրինակ թոհուբոհի մեջ: Ավտոմատը ձեռքին՝ նա անիմաստ ու շփոթահար այս ու այն կողմ էր գնում, երբ մեկը հանկարծ հրեց և գետնին գցեց նրան, ապա ակնթարթորեն ծածկեց իր մարմնով, իսկ ինքը բնազդաբար կառչեց հողից, ցանկացավ ձուլվել նրան, անէանալ: Հետո արագ վեր թռավ տեղից` մի կողմ հրելով կյանքը փրկած անծանոթին և սարսափով նայեց իր նախկին տեղում փորփրված, բզկտված հողին: Դեռևս սարսափահար ու մշուշված գիտակցությամբ նա տեսավ իր փրկարարի կիսաժպտուն հայացքը և երախտագիտության նման մի զգացում ապրեց նրա հանդեպ: Իսկ մինչ կցանկանար նրան շնորհակալություն հայտնել, փրկարարն այլևս չկար: Պարտքի զգացումը ալիքվեց ներսում, վախը կարծես նահանջեց մի փոքր, փրկվածի ուրախություն ունեցավ, վերստին կյանք ստացածի ցնծություն:

Այո, պայքարե՜լ իր նման բազմաթիվ տղաների կողքին, որոնք աղմկում էին և հևում, ընկնում ու վեր կենում, փրկում ու մահանում… Պայքարել այն հողի համար, որ ցաքուցրիվ էր լինում ոտքերի տակ, այն լեռնագագաթի համար, որ աչք էր շոյում հեռվից. ահա թե ինչու էր ինքը այստեղ: Նոր միայն սկսում էր հասկանալ շատ բան` կապույտ ամպերի, բզկտված թփերի ու քրքրված հողի երաժշտությունը, որ հայրենիք էր կոչվում և իրենն էր առհավետ: Պետք էր պայքարել այդ հայրենիքի և այնտեղ ապրելու համար: Պայքարել… ապրելու համար:

Թեև վախը քիչ-քիչ լքում էր նրան, մահվան ուրվականը շարունակում էր հետապնդել և սարսռեցնել մահը չընդունողի, բայց և մահկանացու նրա գիտակցությունը: Մինչև այսօր մահը հեռու էր ու անիրական, իսկ այսօր մոտեցավ և շնչում էր իր երեսին. կարելի էր շոշափել նրա անկիրք մարմինը և զգալ ժանտ շունչը: Ահա՜ թե որն էր մահը` կրակոցների տարափը, ընկերների ճիչերը և սարսափահար ու ապաստարան փնտրող մարմինը: Մահվան այդ սառցե շնչառությունը ջլատում էր նրա գիտակցությունը, երկաթե մամլիչներով ճնշում կամքը և ջանում ստրկացնել:

Հանկարծ կողքին բղավոց լսեց և արագ թեքվեց: Իր փրկարարն էր, որ դանդաղ գետին տապալվեց և մահացու տնքաց: Կարծես ցնորական երազում, զինվորը տեսավ իր փրկարարի արյունաշաղախ դեմքը: Այնքա՜ն հարազատ էր այդ անծանոթ, բայց արդեն սիրելի դարձած դեմքը: Նա ծնկի եկավ ու վախեցած նայեց․ կիսաբաց աչքերը անշարժ էին, արյան ու հողի մեջ կորած դեմքը մահացու գունատ էր: Նա վախի ու անզորության համարյա կենդանական նոպա ունեցավ և տհաճ սրտխառնոց զգաց. սառը, լպրծուն քրտինքը ծորաց դեմքն ի վար: Խաբե՜ց իրեն մահը, լա՜վ խաբեց, ապա տնքաց. «Աստվա՜ծ իմ, այս որտե՞ղ եմ ես` երկրի վրա՞, թե՞ դժոխքում»:

Փրկարարը չէր շնչում: Զինվորը խուլ ոռնաց և գլուխն առավ ափերի մեջ: Մի կարճ ու հպանցիկ ողբ կոկորդից դեպի աչքերը բարձրացավ, և զինվորը լացեց ողջ մարմնով, փղձկաց ցավից: Ապա զգաց, թե ինչպես մի բան դժվարությամբ դուրս եկավ իր միջից և հեռացավ անվերադարձ: Նա ոտքի կանգնեց միանգամայն չոր աչքերով, անկիրք նայեց մահվան անդեմ աչքերին և հաստատակամ ասաց.

– Ես չե՛մ վախենում քեզանից:

Հետո ուղղվեց ողջ հասակով մեկ և ձեռքերի մեջ ամուր սեղմելով ավտոմատը` քայլեց առաջ` դեպի մարտի ամենաթեժ տեղը, ուր կրքերի օվկիանոսն էր և մահվան շառաչը:

Please follow and like us: