Լիլիթ Բլեյան/Հիմն դատարկության

Թե չգիտես` ինչի մասին երգել,
Երգի՛ր դատարկության մասին.
էդպես որոշեցի գրել ալբոմիս վերջին երգը,
Քանի որ էլ չունենք ժամանակ, միայն մի օր` մի վերջին երգի համար,
Ու արագ գրեցի երգ` դատարկության մասին,
Որ լցնում է հիմա մեր բոլոր անկյունները,
Որ դուրս է հրում աղմուկը մեր գլխից ու օգնում է հասկանալ
էս դատարկ գարունն իր դատարկ ծառերով,
Հետո սկսեցի հանել բառերն ու թողնել միայն նոտաները,
Որ երգը դատարկվի` դառնա ճիշտ ինքն իր մասին,
Որ աղմուկին չօգնեմ նոր բառերով,
Հետո սկսեցի հերթով հանել նոտաները,
Որ ամեն ինչ դառնա ավելի հավաստի,
Ու էդպես հասա կատարելության`
Դատարկեցի բոլոր բառերն ու նոտաները։

Հիմա փակիր ականջներդ ու լսիր,
Էս իմ նոր երգն է` դատարկության մասին,
Որը չարժի ոչնչով լցնել,
Քանի դեռ ամեն ինչ էսքան լցված է ոչնչով,
Քանի դեռ լացը ոչինչ է, ցավը ոչինչ է, անգամ
ամենակարող վախն է ոչինչ,
Դատարկվիր մինչև վերջ,
Ու գնանք` իբրև մի նոր մարսագնաց`
էս դատարկության մեջ կյանքի հետքեր որոնելու։

Please follow and like us: