Գրիգոր Գրիգորյան/Ժպիտ

Վերջապես բերեցին Նրան։ Կողպեքը շխշխկաց մի քանի անգամ ու երկաթյա դուռը ճռնչալով բացվեց։ Ժանգը թափվում էր դռան եզրերով․ դարերի մեղքերից ու տառապանքներից լյարդացած արյան հեղեղներն ի զորու են կոռոզիայի ենթարկել ու փոշիացնել մեղավոր աշխարհի ամենակարծր գոյացությունները։ Արյան մեջ քրտինք էր, քրտնքի մեջ՝ արյուն, և մարդկային պատմության զզվելի գարշահոտն իր անմնացորդ հետքն էր թողել տարբեր աշխարհներ իրար հետ կապող այս երկաթյա ծանրության վրա։ Երկու բերետավոր՝ արդուկած զինվորական հագուստներով, Նրա թևերն ընկած՝ ներս մտան։ Բարձրահասակ երիտասարդները քայլում էին դանդաղ, բայց անիրական վստահ, իսկ Նա՝ գլուխը կախ գցած, հազիվհազ հասցնում էր օրենքի պաշտպանների համաչափ քայլերի հետևից։ Սակայն քայլո՛ւմ էր, քարշ չէ՛ր գալիս․ ծանրացած ազդրը դժվարությամբ բարձրացնում էր, փոքր-ինչ առաջ գցում և բոբիկ ոտնաթաթով դմփացնում փոշոտ հատակին, որի տակ ցեղասպան եղած հոգիները զգում էին Նրա ծերունական քայլերի անդավաճան վճռականությունը։ Կիսամերկ մարմինն ամբողջությամբ բզկտված էր, տձև կոշտուկները և թարախակալած վերքերը տեսարանն ավելի խղճահարույց ու անտանելի էին դարձնում։ Վրան մարդագույն հատված էի փնտրում, գոնե փոքրիկ մի վանդակ, աննշան մի կետ, որից կարելի էր կառչել, բռնվել, աչք չհեռացնել, սակայն բոլոր փորձերն իմ հուսահատ էին, ճակատը ծածկող երկար մազերից զատ՝ մարդկային ոչինչ առանձնացնել հնարավոր չէր։

Անցյալն ու ներկան միախառնած այս պատմական անցուղում առաջին անգամը չէր, որ Նա հայտնվում էր։ Քանիցս բերել էին, քանիցս տանջել, քանիցս սպանել․ ամեն բան այնքան սովորական ու կանխատեսելի էր Նրա համար, որ մեկ-մեկ զարմանում էր՝ ֆիզիկական ցավ զգալու մարդկային զգացողությունից։ Մեջտեղում մի մեծ գլոբուս էր դրված, որը, հանդարտ պտտվելով, խորհրդավոր վայրկյաններն ավելի առեղծվածային էր դարձնում։ Ես լուռ հետևում էի Նրա ամեն մի քայլին, ամեն մի գործադրած ճիգ անցկացնում էի մարմնովս, զգում դրա անհնարինությունն ու, ակամա, դիտորդից վերածվում ճգնավորի։ Այդ զգացողությունը գնալով ավելի ուժգնացավ, կյանքի կոչվելու ահասարսուռ վախերս իրականություն դարձան, և էլեկտրական լույսի տատանումների պես մեկ հայտնվում էի երկու սպայի արանքում՝ ճկված ու գլխիկոր, մեկ՝ տեղափոխվում դիտորդի իմ նախընտրելի կարգավիճակ։ Անսպասելիորեն անկայուն թրթիռներն ավարտվեցին, և ես վերջնականապես դիտորդից վերածվեցի տանջահար մի հալածյալի(այս անգամ ևս չհաջողվեց մնալ անկախ դիտորդի անվնաս կարգավիճակում)։ Արմունկներս հստակորեն զգացին երիտասարդ սպաների ջլապինդ դաստակների ցավոտ սեղմումները։ Փորձեցի չուգունե իմ գլուխն ուղղել, սակայն քարացած պարանոցս ըմբոստացավ կամքիս և քրտնած մազերիս թեթևակի շարժումից բացի ինձ ոչինչ չհաջողվեց։ Հենց այդ պահին էլ, օգտագործած փալասի նման, մեղավորիս շպրտեցին գլոբուսի դիմաց դրված փայտյա կառույցի վրա։ Փորձում էի շարժվել՝ առանց որևէ էական նպատակ հետապնդելու, զուտ նրա համար, որպեսզի ինքս ինձ համոզեի, որ դեռ կենդանի եմ, դեռ կարող եմ, շարժվելու կամ ինչ-որ բան շարժելու ունակությունս դեռևս իսպառ չի վերացել։

Թվում էր՝ ուր որ է կարթնանամ, տաքուկ տեղաշորիս մեջ աջից ձախ կթեքվեմ, ու մղձավանջն այս թրթռուն երազի պես կանէանա թավշյա իրականության մեջ։ Սակայն այդպես էլ չեմ զարթնում, ավելի շուտ՝ արթուն եմ քան երբևէ։ Ինչ-որ մեկի կոպիտ ձեռքերն ուղղում են գլուխս, հարմարեցնում տախտակի վրայի փոս ընկած փորվածքին, որի բոսորագույն երանգները լավ բան չեն խոստանում։ Երբ գլուխս արդեն ուղղահայաց դիրքում է, և ես վայելում եմ փշոտ հենակի անգնահատելի հարմարավետթյունը՝ վերևից ևս մեկ տախտակ շրխկում է ներքև՝ տախտակների միացման հատվածից դուրս ցցելով իմ միամիտ գլուխը։ Գիլյոտին էր։ Ինձ թվում էր՝ այս անգամ կախաղանի կարժանանամ կամ, լավագույն դեպքում, խարույկի բաժին կդառնամ, սակայն ժամանակները փոխվել են, և ռոմանտիկ այս տարբերակը, որպես մեծագույն պարգև ու անգնահատելի հարգանքի տուրք, մատուցվեց հավուր պատշաճի։ Թերևս, բարեկամ Ֆրանսիան այստեղ ևս փորձել է առավելագույնս անել, որպեսզի դարերով ամրագրված մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ամուր և հարատև կապը երբե՛ք, երբե՛ք չկտրվի։

Կախված մազերիս արանքից նայում եմ պտտվող աշխարհին(գլոբուսին), ափսոսանքով հետևում մայրցամաքների տձև դասավորություններին, խորդուբորդ սահմաններին, ինձ եմ փնտրում այդ դավաճան կլորի վրա, սակայն չեմ գտնում․ ուր որ է պարանոցս կզգա սրածայր երկաթի հետ շփման առաջին և վերջին հպումը, իսկ ես ոչ մի ձև չեմ կարողանում գտնել ինձ այս անիծյալ աշխարհի վրա։ Մոլորակը շարունակում է պտտվել, կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես ոչինչ էլ չի կարող խաթարել նրա բնականոն պտույտների ընթացքը․ նա ակնհայտորեն ծաղրում է ինձ, արհամարհում ու խորապես ափսոսում սեփական արհամարհանքի համար, իսկ ես, կոտոշավոր կենդանու նման, շարունակում եմ փնտրել՝ անելանելի այս դրության մեջ անիմաստ սկզբունքայնություն դրսևորելով։ Եվ այն վայրկյանին, երբ բութ խրթոցն ազդարարում է իմ հերթական ավարտի սկիզբը, գլոբուսի վրա ես վերջապես տեսնում եմ այդ կետը․ նա կա՛, շարունակո՛ւմ է լինել։ Եվ ի պատասխան այս հոգատար աշխարհի չարամիտ հեգնանքին ես պարզապես ժպտում եմ, որ այդ լայն ժպիտը, մոլորակից երբեք չանհետացող այն փոքրիկ կետի նման, հավետ դրոշմվի իմ գլխատված ազգի ապագա հաղթանակներում։

Please follow and like us: