Գրիգոր Գրիգորյան/Երազանք

— Դժվար բան չկա։ Լուրջ եմ ասում։ Այս ամենի ամենակարևոր մասը՝ ինքդ քեզ կարողանաս համոզել, անկեղծորեն հավատալ դատարկաբանությանը և դա նպատակ դարձնելով՝ ամեն ինչից առաջ դնես. տրամաբանություն, գործողություն, վերլուծություն, բարոյականություն և ուրիշ շատ «ություն»-ներ պետք է կախյալ լինեն ամենաառջևում սահմանած այդ նվիրական նպատակից, որը ես կոչել եմ «ինտելեկտուալ կապիկություն»։ Տղանե՛ր և աղջիկ, — իր կողքին հավաքված տղաներին և միակ աղջկան է դիմում հռետոր երիտասարդը, — հռչա՞կ եք ուզում, ճանաչելիությա՞ն եք ձգտում, ձեզ ցույց եմ տալիս հեշտ և գուցե ամենաարագ ճանապարհը։ «Ինտելեկտուալ կապիկությունը» ձեզնից մեծ ջանքեր չի պահանջի. բոլորս էլ ինտելիգենտ ընտանիքներից դուրս եկած, նորմալ կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, կրքոտ, կրակոտ երիտասարդներ ենք և մնում է այս գործընթացի երկրորդ՝ ոչ պակաս կարևոր մասն էլ ապահովել, ու ամեն բան պատրաստ է փառքի համար։ Յութուբյան ալիք եք բացում, տիկ-տոկում եք գրանցվում, սոց-հարթակներում ակտիվանում եք, փոդքաստ եք վարում, հարցազրույցներ եք կազմակերպում, մի խոսքով՝ ամբողջ փաթեթից օգտվում եք և հենց այս կետից սկսում եք կիրառել մեր փաղաքշական ԻԿ-ը, այսինքն՝ «Ինտելեկտուալ կապիկությունը»։ Հանդիպում եք հանրային դեմքերի հետ, հոնքներդ կիտած հայրենասիրություն եք խաղում, քաղաքի ամենահայտնի գրականագետին կանչում և փողոցային լեզվով, ոնց որ բակի «բիսետկայում», սկսում եք Թումանյանի մութ կողմերը բացահայտել, եթե այդպիսիք չեք գտնում՝ հորինում եք, ստեղծում, պատգամավորի հետ պարկեշտությունից եք խոսում, ծանրամարտիկի հետ՝ ֆուտբոլից, գործարարի հետ՝ թատրոնից… Եվ այստեղ ասելիքն ու բովանդակությունը կարևոր չեն, ձևն է թելադրում բոլոր կանոնները։ Այդ ամենը մեծ աղմուկ կհանի, ակտիվ հանրության մի մասը, ի դեպ՝ բավական ինտելիգենտ բազմություն, որից ինքներդ էլ կզարմանաք, կկիսվեն նյութով սոց-ցանցերում՝ որպես «նոր, յուրահատուկ հայացք», մի մասն էլ նույնը կանի՝ ներկայացնելով որպես «ժամանակակից աղբ»։ Բայց կկիսվեն, կմեկնաբանեն, կքննարկեն, ծանր ու թեթև կանեն, իսկ դուք անկյունում կծխեք և կհետևեք թվերին, որոնք հստակ քայլերով ձեզ կտանեն դեպի նվիրական նպատակ։ Զանգերի տարափ կլինի, առաջարկներ կստանաք հովանավորներից, ապրանքը արդեն հստակ ձևավորում ու պահանջարկ կունենա, դուք կորոշեք՝ ինչքանով ծախվել, ում ծախվել… Իսկ հետո նույնիսկ հնարավոր է Հանրային հեռուստատեսություն հրավիրեն, հետաքրքիր գործարքներ առաջարկեն, և այդ հաջողությունը՝ միայն մեր փոքրԻԿ-ի շնորհիվ։ Ամենի արդյունքում կունենաք, առաջինը, ճանաչելիություն, — փակ բռունցքն առաջ է պարզում և հերթով բացում մատները՝ սկսելով բութից, — երկրորդը՝ հռչակ, երրորդ, չորրորդ և հինգերորդը՝ փող։ Մի խոսքով, «ինտելեկտուալ կապիկությունը» սահմաններ չի ճանաչում, ընկերնե՛ր, ճիշտ ու նպատակաուղղված աշխատանքի պարագայում այն ձախողման հնարավորություն գրեթե չունի, և ձեր բոլոր թաքուն և անթաքույց երազանքները կի-րա-կա-նա-նան։

— Ես իմ երազանքները չեմ բացահայտում խոզերի առաջ, — ինքն իր ասածի վրա ժպտում է խոսակցությունը շարունակող մեկ այլ երիտասարդ, — բայց «ինտելեկտուալ կապիկությանը» լրիվ կողմ եմ, և դժվար թե արհեստական բանականությանը հաջողվի լիարժեք փոխարինել դա ապագայում։ Թող ներեն ինձ այդ ազնվազարմ կենդանու ջատագովները, բայց «կապիկությունը» բառացիորեն մարդկային հատկանիշ է, որը ռոբոտացնել գրեթե անհնար է։

— Մի՛ ասա, մի՛ ասա, — երրորդն է խառնվում խոսակցությանը, — արհեստական բանականության հիմնական սնունդը՝ տվյալների բազան, հենց մենք՝ մարդիկս ենք՝ մեր բոլոր լավ ու վատ բնավորության գծերով։ Այնպես որ «կապիկության» պահանջարկի նմանատիպ պրոգրեսիվ աճի պայմաններում դրա ավտոմատացումը սարերի հետևում չի։ Իսկ ահա մեր երազանքները դեռ վախենալու բան չունեն, որքան էլ մեզ փորձում են շեղել, ուղղություն տալ, սահմանափակել կամ հակառակը՝ ավելի լայն հնարավորություններ առաջարկել երազանքախաբության համար, մեր երազանքները, իմ կարծիքով, դեռ միայն մեր կողմից են կառավարվում։ Օրինակ, քո երազանքը ո՞րն է, հարգելի՛ Լևոն, ինչի՞ մասին ես այս պահին մտածում, կիսվիր քո մտքերով մեզ հետ։ Հենց այս պահին ի՞նչ ես երազում:

— Հենց այս պահի՞ն, — հարցից անակնկալի է գալիս Լևոնը:

— Հա՛, հա՛, — մեջ են ընկնում բոլորը, իսկ Մանեն փոքր-ինչ ձգվում է։

— Չգիտեմ ոնց ասել, մի քիչ ուրիշ բան եմ երազում հիմա, այդքան էլ նորմալ բան չի․․․ Ուզում եմ ասել՝ գուցե ձեզ նորմալ չթվա, չգիտեմ։ Արժե՞ որ։

— Իհարկե, արժե, դու այստեղ ընկերների շրջապատում ես, եղբա՛յր, — պնդում է առաջին հռետորը։

— Դե, ինչ ասեմ․․․ վերջապես գտել եմ իմ փնտրածը, այն էլ հայերենով, այսինքն՝ արդեն ունեմ, տանն է՝ իմ սենյակում՝ սեղանին․․․ առավոտն եմ գնել, մինչ այստեղ գալս… ուզում եմ, երևի երազելու չափ, շուտ գնալ տուն, շատ երկար եմ սպասել այս պահին․․․ վերցնել «Ուլիսեսը» ու վերջապես սկսել․․․

Բոլորը լուռ էին։ Շարունակությանն էին սպասում, չէին հասկանում՝ Լևոնն ավարտե՞լ է, թե՞ խոսքը կիսատ է թողել։ Լևոնն էլ լուռ էր, հայացքը մոլորված, աշխուժությունը վերափոխվել էր անհայտ սպասման, և ոչ մեկը համարձակություն չէր ցուցաբերում խաթարել այդ լուռ սպասումը։

— Իսկ․․․

— Պետք է գնամ, ինձ կներեք, — Մանեի «իսկ»-ը կտրում է Լևոնի անհանգստությունը, — կհանդիպենք, լավ մնացեք։

Հավաքվածները շարունակում էին պահպանել պատշաճ քաղաքավարությունը, լռում և անշարժ հետևում էին Լևոնի հեռացող քայլերին։ Շտապողականությունը խանգարում էր Լևոնին գտնել բաճկոնը, և այն պահին, երբ նա արդեն պատրաստվում էր լքել երեկույթն առանց գտնված բաճկոնի, Մանեն հայտնվեց նրա առաջ՝ բաճկոնը ձեռքին։

— Իսկ որտեղի՞ց գտաք։

— Կներես, բայց էս քաղաքավարությունն արդեն բկիս է կանգնել, — չի դիմանում Լևոնը։

— Ախր ես ամեն տեղ ման եմ էկել, է՛լ գրախանութ, է՛լ գրադարան, է՛լ Վերնիսաժ․․․ Թա՞նկ էր։

— Ջոյսի համար թանկն ու էժանը ո՞րն է,— ջղայն զարմանքը սառել էր Լևոնի հայացքում։ — Հիմա ինչ՝ բաճկոնս տալո՞ւ ես, թե ես առանց դրա վազեմ։

— Մի պայմանով, — Մանեն փոքր-ինչ առաջ է ձգվում և շշնջում Լևոնի ականջին. — Եթե ինձ էլ հրավիրես։

Լևոնը խեթ-խեթ նայում է Մանեի փայլող աչքերին, հետո աղջկա ձեռքից վերցնում բաճկոնն ու աննկատ ժպտում։

— Թռա՛նք։

ԱՅՈ

Փոքրիկ սենյակը, որի մեջ և մահճակալն էր, և գրասեղանը, լուսավոր չէր, միակ պատուհանի հենց դեմուդեմ տնկվել էր ահռելի բարձրահարկը։ Ամեն ինչ հավաք էր՝ անկողինը, սեղանի փոշին, նույնիսկ զգեստապահարանի դուռը կիսափակ էր, բայց անզեն աչքով էլ նկատելի էր, որ սենյակում այս վաղուց կնոջ նշույլ չէր եղել։ Գիրքը սեղանին էր, մեջտեղում բազմած՝ փայլում էր սենյակի խավարի մեջ։

— Ձեռք տալ չկա՛, էս գործը հանգիստ է սիրում։

— Մենք ո՜ւր, հանգիստը ո՜ւր, — Մանեն արագորեն հանում է կոշիկները, բաճկոնը շպրտում մահճակալին։

— Քո տրամադրությունը զգում եմ, բայց արի մի մոռացի, որ սա իմ երազանքն էր, ու դու, թեկուզ արդեն ոտաբոբիկ, մտել ես էդ բաղձալի սահմաններից ներս։

— Ճիշտ էլ ձևակերպեցիր. քո երազանքն էր, իսկ հիմա արդեն դարձել է մերը, — Մանեն նստում է մահճակալին՝ գրասեղանի դիմաց, ոտքը գցում ոտքին։

— Իսկ դու հաճա՞խ ես ուրիշների երազանքների մեջ խառնվում,— Լևոնը կանգնում է հաստափոր գրքի ու Մանեի միջև։

— Իսկ դու էսպիսի գայթակղիչ երազանք ունեցող քանի՞ մարդ ես ճանաչում։

— Ի՞նչ գործ ունես ուրիշների երազանքների հետ։

— Իսկ դու ուրի՞շ ես։

— Իհարկե՛, ես հաստա՛տ ուրիշ եմ։

— Հո ինձ դուրս չե՞ս վռնդելու քո Դուբլինից։

— Դե, Դուբլինում անձրևները շատ են։

— Ես հոդացավերից չեմ բողոքում։

— Դե, դուբլինցիներն էլ առանձնակի հետաքրքիր կյանքով չեն ապրում, ամեն մեկն իր ընկճախտի մեջ տապակվում է։

— Պաշտում եմ մենակությունը, էն էլ քեզ հետ։

— Դե, կյանքը՝ տխուր, ժամանակը՝ կանգնած։

— Շատ ձանձրանանք՝ կզվարճանանք, մի մոռացի՝ ես կին եմ, ձևերը գիտեմ։ Հետո մի սենյակում, որտեղ մահճակալ կա, նույն երազանքով ապրող ես ու դու կանք, որ շատ ջանանք էլ՝ ձանձրանալ չի ստացվի։

— Չէ՛, — Լևոնը ցուցամատը թափ է տալիս գլխավերևում, հետո վերցնում է հաստափոր գիրքը, նստում Մանեի կողքին և սկսում թերթել էջերը։

— Իմ հետ զվարճանալը փոխելո՞ւ ես գիրքը կարդալով։

— Դեռ կհասցնեմ զվարճանալ։

— Վստա՞հ ես:

— Երևի այո։ Հետո, երբ սիրենք միմյանց կրքոտ, տաք, վայրենի սիրով, իսկ ուրիշ ձև մեզ մոտ չի էլ ստացվի, կսիրահարվենք, միանշանակ․․․ ու էլի կուզենք իրար, համարյա ամեն օր․․․

— Կխանգարի գիրքը կարդալուն․․․

— Կսկսեմ սպասել, երբ ուշանաս՝ կանհանգստանամ․․․

— Ես հաճախ եմ ուշանում․․․

— Կսկսեմ խանդել․․․

— Վստահաբար, հատուկ տեսարաններ կսարքեմ․․․

— Մի օր էլ չես գա․․․ — Լևոնը շարունակում է թերթել գիրքը՝ հայացքը լուսամուտին։

— Հաստա՛տ։

— Կասես՝ հիվանդ եմ, բայց դժվար հիվանդ լինես, ուղղակի հավես չես ունենա․․․

— Չէ՛, կասեմ՝ հավես չունեմ․․․

— Կկռվենք․․․

— Էն էլ ինչքան․․․

— Վերջում ես կլինեմ մեղավորը, գրեթե միշտ․․․

— Այո՛, և քո սիրտը խենթի պես կխփի․․․

— Կգամ մոտդ, նեղանալ չի ստացվի․․․

— Այո՛, և առաջինը ես կգրկեմ քեզ․․․

— Կսիրենք իրար․․․

— Այո՛, և կքաշեմ ինձ մոտ, որ զգաս իմ բուրավետ կուրծքը․․․

— Ուժեղ ու կրքոտ, շատ կարոտած․․․

— Այո՛։

— Ու նորից կսպասեմ Մանեին, իսկ դու էլի կուշանաս․․․

— Ճիշտ ժամին դժվար թե ես գամ․․․

— Կխելագարվենք իրար համար․․․

— Քանի գիշերներ չեմ քնի․․․

— Բայց ես կսպասեմ: Սենյակի բոլոր լույսերը կանջատեմ, մենակ քո նվիրած լուսամփոփը միշտ վառ կլինի․ սեղանին՝ 2 բաժակ, մեկ շիշ գինի, միրգ, շոկոլադ, խուրմա, ընդեղեն․․․ վերևի փոքրիկ պատուհանը երեկոյան կբացեմ, որ երաժշտության ելևէջները տան սահմաններից դուրս սողոսկեն, ու գուցե, ամենայն հավանականությամբ, երբ մինչ տուն գնալդ էս կողմով անցնես․․․ իսկ դու մեկ-մեկ միամիտ էս կողմով կանցնես․․․ չդիմանաս, չհամբերես, ինչ-որ անհեթեթ պատճառ հորինես, դա ավելի կարևորես, քան ինձնից նեղանալու մինչ էդ հորինած բոլոր հիմքերը, և վերջապես բարձրանաս ինձ մոտ ու․․․ ու էդպես էլ «Ուլիսեսը» չեմ կարդա․․․

— Ես էլ․․․

— Ուրեմն՝ կարդա՞նք։

— Այո՛։

— Հիմա՞:

— Ես ասացի այո։

— Վստահ ես․․․

— Ես կամենում եմ «Այո՛»։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *