Վաժա-Փշավելա/Վեհաշուք լեռներ

Վաժա-Փշավելան (իսկական անունը՝ Լուկա Ռազիկաշվիլի, 1861–1915) վրացի մեծ բանաստեղծ, արձակագիր և մտածող է, ում ստեղծագործությունը հիմնված է համամարդկային արժեքների վրա: Նրա գրականությանը ծանոթանալը լավագույն միջոցն է վրացական մշակույթն ու լեռնականների հոգեբանությունը խորությամբ հասկանալու համար:

Վաժա-Փշավելան ծնվել է Արևելյան Վրաստանի լեռնային շրջանում՝ Փշավիի Չարգալի գյուղում: Լեռների խիստ բնությունը, ավանդույթներն ու բանահյուսությունը հսկայական ազդեցություն են ունեցել նրա աշխարհայացքի վրա: Հենց այստեղից էլ առաջացել է նրա գրական կեղծանունը, որը բառացի նշանակում է փշավեցի:

Նա սովորել է Գորիի ուսուցչական սեմինարիայում, իսկ ավելի ուշ որպես ազատ ունկնդիր ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն նյութական սղության պատճառով չի կարողացել ավարտել ուսումը և վերադարձել է հայրենիք: Չնայած իր բացառիկ տաղանդին ու ինտելեկտին՝ գրողն իր կյանքի մեծ մասն անցկացրել է հայրենի գյուղում: Նա իսկական «գյուղացի-բանաստեղծ» էր. ինքն էր վարում, ցանում, խնամում անասուններին և այդ ամենին զուգահեռ ստեղծում համաշխարհային մակարդակի գրական գլուխգործոցներ:
Նրա ստեղծագործության հիմնական թեմաներն են մարդու և բնության ներդաշնակությունը, անհատի ազատությունը, հայրենասիրությունն ու բարոյական պարտքը: Վաժա-Փշավելայի պոեմները, ինչպիսիք են «Ալուդա Քեթելաուրին» և «Հյուրն ու տանտերը», պատմում են լեռնականների խիստ սովորույթների, կրոնական ու էթնիկական հակամարտությունների, և դրանցից վեր կանգնած հումանիզմի, մարդասիրության ու արժանապատվության մասին: Իսկ նրա փիլիսոփայական «Օձակերը» պոեմը բացահայտում է մարդու և բնության գաղտնի կապը:

Իր գրական մասշտաբով և ժողովրդական ոգով Վաժա-Փշավելային հաճախ համեմատում են մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ: Թումանյանի նման Վաժա-Փշավելան նույնպես կարողացել է տեղական, լեռնային ֆոլկլորային մոտիվները վերածել համաշխարհային դասական գրականության:

Կանգնած էին ու սպասում էին։ Անհուն է լեռների սպասումը, անեզր ծովի պես է կանգնած նրանց սրտում։ Արյան պես կարմիր մակարդված՝ ծփում է նրանց կրծքում։ Արտաքուստ, սակայն, նրանց դեմքին ոչինչ չի երևում, բացի ոխից։ Սա էլ հենց սպասման նշանն է։ Ո՞վ գիտե, թե ինչ է կատարվում լեռների սրտում, ինչ հուր է եռում ու հորդում այնտեղ։

Ո՛վ լեռներ, լեռնե՛ր, ի՞նչ եք սպասում, ո՞ւմ եք սպասում։ Մի՞թե ունեք վաղեմի սիրած, որին երկար չեք տեսել։ Գուցե զավա՞կ եք կորցրել։ Գուցե եղբա՞յր կամ մա՞յր ունեք հեռու գնացած, որոնցից ոչ մի լուր չունեք։ Պատասխան չկա։  Կանգնած են աննկուն։        

Սպասում էին, սպասում են և դեռ պիտի սպասեն։ Ի՞նչը կցամաքեցնի նրանց սրտում այդ սպասման ծովը։ Չունի այն ո՛չ վերջ, ո՛չ վախճան, ինչպես  աստվածությունը…

Երբ բոլոր արարածները՝ միջատը, խոտը, ծաղիկները, գետն ու անհանգիստ, անդուլ զեփյուռը քնով կլինեն, այնժամ, միայն այնժամ նրանք հառաչանք կարձակեն ու արցունք կթափեն։ Մենք՝ մարդիկս, այնժամ ասում ենք. Ա՜խ, ինչպիսի՜ ծանր քարի պես թախիծ է չոքել սրտիս։

Ինչո՞ւ չեք երգում, լեռնե՛ր։ Մի՞թե այնպես պիտի մեռնեմ, որ ձեր ձայնը, ձեր երգը չլսեմ։ Ինչո՞ւ չեք խնդում։ Գոնե մի ժպի՛տ ցույց տվեք, բարինե՛ր։ Այդ ինչպե՞ս ձեզ ստրկացրեց, գերեց ու իրեն հնազանդեցրեց միակ մի միտք, որ կյանքի ամեն մի այլ ուժ ու նշան տապալվել է ձեր սիրտ ու հոգում։ Ո՛չ, ո՛չ։ Երբեմն դուք էլ եք ուրախանում, իսկ աշխարհին թվում է, թե ոչինչ չեք զգում։ Չէ՞ որ գիտեմ՝ ձեր սրտում մոմեր են վառվում, երբ անկաշկանդ արծիվն է խաղում ձեր գլխավերևում և հանգստանալու համար իջնում է ձեր փեշերին։ Որքա՜ն գեղեցիկ եք այնժամ։ Որքա՜ն է ձեզ սազում, որ ձեր սնած զավակն այդքան քաջ է, անկոտրում ու չնաշխարհիկ։ Չէ՞ որ նա նաև ձեր պատգամաբերն է․ Աստծուն է պատմում, հայտնում ձեր լուրը…

Մի՞թե չունեք խորհուրդ, գաղափար, զգացմունք։ Մի՞թե չեք երազում։ Իհարկե՛ ունեք։ Ապա ի՞նչ են այդ չնաշխարհիկ ծաղիկները, որ զարդարում են ձեր գիրկն ու կուրծքը։ Դա՛ է ձեր երազանքը, հույսն ու սփոփանքը։ Ինչո՞ւ եք ձեր գլուխը պատում խիտ մշուշներով, եթե թաքուն ինչ-որ բան չեք խորհում և այդ մտքերը չեք թաքցնում մարդկանց որդիներից։ Ինչո՞ւ եք խոտեր աճեցնում։ Ինչո՞ւ եք վճիտ աղբյուրներ հորդեցնում։ Ինչո՞ւ եք հարուցում ձնահյուսեր։ Ինչո՞ւ եք սնում խոյակապ այծյամներին։ Ո՞ւմ եք խաբում, ա՛յ բարիներ։

Կանգնած են ու սպասում են։ Անձրևն է տեղում նրանց գլխին, կայծակն է խանձում ոսկե հերերը, շանթն է խաղում նրանց աչքերի հետ և հաճախ նետի պես խրվում նրանց կրծքի մեջ։ Ոչի՛նչ։ Հաճախ կիսով չափ փլվում է լեռը և ձնահյուս դարձած գահավիժում խորխորատը։ Ոչինչ է այդ ամենը, քանի դեռ ժայռերն ու քարաբեկորները սպասում են դեռ։ Հեռացե՛ք դուք, ովքեր չեք կամենում մեզ հետ բարձրում՝ երկնքին մոտ լինել, ննջե՛ք ստորոտում։

Ձյուն է տեղում։ Սառնամանիք է։ Ցուրտ է։ Քարն է ճաքում։ Լեռները պատանք են հագել, ասես մեռելներ լինեն։ «Թաղեցե՛ք մեզ, սգացե՛ք մեզ»,- կանչում են նրանք մեզ։ Մինչդեռ մենք նրանցից ենք սպասում մեր թաղումը…

Կանգնած են ու սպասում են։ Սիրտը ցավում է նրանց, սաստի՛կ է ցավում։ Բայց չեն մեռնում, ոչ էլ հոգեմաշ լինում։ Սպասում են, ո՞ւմ։ Կամ ինչի՞։ Մի բանի։ Այո՛, մի բանի։ Այդ «մի բանը» չտեսնվածը տեսնելն է։ Տեսան ու սպառեցին այն ամենը, ինչին ձգվում էր նրանց աչքն ու սիրտը։ Մի նոր բանի է ծարավ նրանց աչքն ու սիրտը։ Մի՞թե սա աչքի ու սրտի անհագություն չէ։ Հենց այդ է որ կա։

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *