Արթուր Կարապետյան/Կարմիր կտուրներ

Կանաչ սոխի գինը հավասարվել էր գլուխ սոխին։ Ամսվա վերջ էր, ինչ-որ մի շաբաթվա կես։ Շուկաների նկատմամբ զզվանքն այդ օրերին բազմապատկվում էր աշխատավարձին կպչող հարկերի պես։ Բոլորն իրենց ապրանքն էին փորձում վաճառել, իսկ ոմանք գործադրում էին հակամարդկային ջանքեր։ Չուներ գոյություն մարդկային որևիցե դրսևորում, հատկապես բացասական իմաստը կրող, որ չէր արտահայտվում քաղաքի այդ օրերի ամենաաշխույժ հատվածում՝ շուկայում։ Հոտերի բազմազանություն, ուսերի հրմշտոց, և հսկա  երգչախմբի աղմուկ, որը կարծես կորցրել էր նվագապետին։ Տոպրակները փորձելով բալանսավորել, մեկ բանջարեղեն, մեկ մսի կտորներ տրորելով նա դուրս եկավ շուկայից թեթևացած դրամապանակով։ Քրտնել էին միայն ձեռքի ափերը՝ տոպրակի գծերով կարմրած։ Կոշիկները ցեխոտվել էին։ Առաջին իսկ դատարկ նստարանին դնելով առևտուրը՝ ծխեց։ Մատները մտցրեց, օձիքը ձգեց, որ մի քիչ շունչ առնի։
– Ինչի՞ համար է էս ամենը, – մտածեց ու շարունակեց ճանապարհը։ 

Տրանսպորտն ուշանում էր, տաքսին թանկ էր, որոշեց ոտքով քայլել։ Հա ի՜նչ կա որ, էդքան էլ հեռու չէ։ Բայց մոտ էլ չէ։ Քայլելուց վնաս չկա։ Մինչ մտորում էր՝ կանգառների մեջտեղում իր ավտոբուսն անցավ, դե, ինչպես միշտ լինում է։ 

«Նրան սպասե՞լն էր ճիշտ, թե՞ ես որոշել էի մտքով քայլել»։ Դժվար էր միաժամանակ լինել երկու մտքի հեղինակ, հուսալ, հավատալ հավասարաչափ և ամբողջ ընթացքում շարժվել ընդունելի ելքերից մեկով։ Ուսերը սկսում էին արդեն ցավել։ Շուկան մնացել էր թիկունքում։ 

– Առածս ի՞նչ է։ Հիմա ես սրանով ի՞նչ եմ պահելու։ 

Հոգոց հանեց։ 

– Դիմացդ նայիր, – ինքն իրեն ասաց և բռնեց մայթի եզրագիծը, որ գնալով բարակում էր ու սրանում, որովհետև ճանապարհը վերընթաց էր։ 

Ինչքան դժվարանում էր բարձրանալը, այնքան խորանում էին դեպի ներս տրվող հարցերը։ Ինքն էլ հասկացավ պահի կապը, դրա համար արագացրեց քայլերը, որպեսզի շուտ վերջանա ճանապարհը։ Բարձրության կեսից ավելը հատել էր արդեն, երբ հեռվից նկատվեցին կարմիր կտուրները։ Էդպիսի թեթևություն զգացել են երևի ծովում մոլորվածները՝ ցամաք տեսնելիս։
Արևը սակավել էր, առատացել էին ամպերի գույները, կարմիրը գերակշռում էր։ Վերընթացի կեսից ավելն անցնելով՝ դուրս եկավ ճանապարհի ստվերից, և հաճելիորեն մարմինը տաքացավ արևի շողերից։ Շուկայից մինչև կարմիր կտուրներ ճանապարհը չգիտեմ՝ ոտքի՞, բայց մենակի ճանապարհ է հաստատ։ 

Նոր ուժ ու էներգիա ստանալով՝ ավելի արագ քայլեց։ Քթի տակ սկսեց մրմնջալ․ 

– Ես էլ իմ կյանքի ցերեկում եմ, որն անցավ աննկատ, այնպես, ինչպես էսօրը։ Մայրամուտն ավելի շատ հիացած ու զարմացած ու խոստումնալից աչքեր է տեսել, քան իր կիզակետում կանգնած արևը։ Իր ուժերի և տվածի գագաթնակետին քիչ ենք նկատում նրան, կամ բողոքում շոգից։ Իսկ ես․․․ – խոր հոգոց քաշեց, – ես իմ ցերեկ տարիքում ․․․

Բարձունքը վերջապես հաղթահարված էր։ Կարմիր կտուրներն ավելի մոտ էին, ավելի տեսանելի և ընդգծում էին իրենց տարբերությունը։ Նայեց հետո իր տան կտուրին, հետո նորից՝ կարմիր կտուրին։ Կտրուկ գցեց տոպրակները, թափ տվեց ձեռքերը, գրպանը դրեց և քայլեց դեպի իր տուն՝ մտքով, որ կտուրը կարմիր է ներկելու։ 

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *