Գրիգոր Գրիգորյան/Իմ օրվա ժամերը

Աղջիկները պարտվեցին չինացիքին, բայց տղերքը սատկացրին դրանց։ Վաղը ուզբեկների հախից էլ գանք՝ բան չի մնա․․․ Ֆուտբոլն էլ վատ չէր, բայց չեմ ուրախանում, չի ստացվում․․․ Էս Արոյի թրաշը ինչ-որ սրված տեսք ունի՝ սիրուն, խնամված ու ձիգ, իսկը երկարուկ գլխի համար․․․ Հլը-հլը, տեսնենք՝ ինչ նոր բան ես կերել, աղջի՛կ ջան, ինչեր ես արել մարզասրահում, ինչ կարմիր փոմփոլիկներ ես հագել․․․ Կողքի թաղի Վաղոն ոնց որ լինի, Լուսիկենց կուրսից էր, չէի սիրում սրան, բայց գործերը վատ չեն, քաղաքապետարանում ա, միշտ կաստում-շլվարով… Չմոռանամ՝ գործի տեղը էրեխեքի անձնագրերի մի քանի օրինակ տպել… «Աստծու պարգև…», «мер тагавор…», «ձեզ լավ օր եմ մաղթում, սիրելի՛․․․»․․․ Թե էս Մենուային ինչի՞ եմ տեսնում՝ դոշերը բաց, ժպիտը դեմքին, ինչ էլ գունավոր նկարներ են, աչքիս՝ Միլանն ա… բայց ախր ես ի՞նչ կապ ունեմ էս տղու հետ, ինչի՞ եմ տեսնում իմ լենտայում, ոչ ծանոթ ենք, ոչ ընկեր ենք․․․ Կոմունալներից ի՞նչ կա, արդեն օրերն են, չնայած՝ երբ էլ գան, ախպե՛ր, փող ստանալու օրն եմ փակելու․․․ «ԱՄՆ նախագահն առավոտյան մտել է Տվիտեր և ուժեղ հոտ հանել»․․․ Քսաներկու հազար չորս հարյուր երեսունվեց դրամ լույսի համա՞ր․․․ բա ոնց, անջատել չունեն, հետևներից վազվզում եմ, ու էս՝ հլը հոկտեմբերը, բա ձմեռն ի՞նչ ենք անելու․․․ Հիշեմ՝ գործից հետո ունիտազի կափարիչի համար մտնեմ Ջուլոյենց տնտեսական․․․ Զուգարանի թուղթը երևի կձգի մի քանի օր․․․ Խշշշ, բուլ-բըլ-բըլ-բլ-բլ-բլթ․․․

Ավտոբուսը ճիշտ ընտրություն էր, շուտ զարթնում ես, նստելու տեղ էլ կա ու չնայած կիսաթուրքական ռաբիզին՝ դժվար ուշանամ էսօր․․․ «Հետևը ազատ ա, առաջացեք, դեմը պռոբկա մի ստեղծեք, ա՛յ ժողովուրդ, հետ գնացեք․․․»․․․ Էս շենքը վատը չի երևում, գրել են՝ 29-ին կավարտվի, այսինքն՝ 31-ին երևի պատրաստ լինի, բակ չկա էրեխեքի համար, բայց կողքը եկեղեցին կա, արդեն վատ չի․․․ Կամուրջը անցնենք՝ հետո կթեթևանանք, կարևորը՝ նստած եմ․․․ — Նստեք։ Չէ՛, չէ՛, երեխայի հետ եք, նստեք, ես համարյա հասնում եմ, հեսա մտնում ենք կամուրջ՝ հետո մետրոյի մոտ իջնելու եմ․․․ «Խնդրում եմ, պատուհանը փակել, ուղիղ վրաս է փչում․․․», «Մորքո՛ւր ջան, շատ ծանր ա օդը, կխեղդվենք․․․», «Ոնց կլիներ, պոդումայեշ, պրիչոսկեն փչանում ա տիկինի․․․»․․․ Ախր լավը չեն, շատ սուր են, էնքան շատ են ցանվում՝ աչքերս արցունքոտում են էս հոտերից, վանիլայինները վերջն են, ոնց որ խմորեղենի խանութում լինեմ․․․ «Վարպե՛տ ջան, էլ տեղ չկա․․․», «Կա, կա, խտտացեք մի քիչ․․․ իջնողներն առաջանան․․․»․․․ Ըհը՛, մտանք կամուրջ․․․ 

«Մերի՛ ջան, մի քիչ կուշանամ՝ 10-15 րոպե, մաքսիմում՝ կես ժամ, մետրոյում եմ արդեն․․․»․․․ Լուծում պիտի գտնել, չեմ կարա ամեն օր վիզ ծռել, 6-ին զարթնեմ, հաց-մաց՝ պատրաստություն, էրեխեքին Լիլոն ճանապարհի, ես էլ 7-ն անց կես ընկնեմ ճամփա․․․ «Հարսը կապել է սկեսրայրի ոտքերը և փախել տնից․ հետևեք ինձ իմ տելեգրամյան․․․»․․․ Տոյոտան ա մեղավոր, պարզ չի՞, իձյոտը համ դուրս ա էկել պռոծիվ, համ էլ խփել, հիմա էլ վիդեոն խումբ ա գցել ու լուրջ դեմքով հարցնում՝ կարա՞մ բողոքարկել․․․ Ավտոյի կալոդկեքը պիտի փոխվեն, մի օր փորձանք են բերելու․․․ Էլի էս Մենուան, ինչի՞ եմ քեզ տեսնում, եղբա՛յր, հիմա էլ Բարսելոնայում, Սագրադայի դեմը՝ սուրճը ձեռքին․․․ «Էրեկ էլ նույնն էր, էրեկ չէ առաջին օրն էլ, ամբողջ ամիսը․․․ Արտյո՛մ ջան, գործի ժամը 9-ն ա, հիշի՛ր, ականջիդ օղ արա՛։ Էսպես երկար չի կարա շարունակվի, սրանից հետո ամեն ուշացումդ ազդելու է աշխատավարձիդ վրա»․․․ Չուկ-չուկ-չուկ․․․ Ինչ անեմ, սենց բանի մերը․․․ տո քոնն էլ, քո գործինն էլ, քո տված աշխատավարձինն էլ, մի քանի կոպեկ փող են տալիս, էդ էլ ուզում են կտրեն․․․ սաղ գործը վրես, առավոտից իրիկուն ճռռում եմ, հիմա էլ փողիս են կպնում, վախեցնում են, սուկանե՛ր․․․ առը՛ քեզ հաաա, ա՛յ բոզ, դառմայեդ մարդուդ աշխատավարձը կտրի, շա՛ն քած, երբ ուզում՝ գալիս ա, ինչ ուզում՝ անում ա՝ բացի գործից, սաղ օրը դրա քաքերն եմ մաքրում․․․ առանց ինձ կորած եք, կթքեմ ձեր ֆիրմայի վրա էլ, ձեր տված մի քանի կոպեկի վրա էլ, արա՛․․․ — Հա, Մերի՛ ջան, կներես, վերջին անգամ էր, բան մի նախաձեռնի, վաղվանից էլ չի կրկնվի, 9-ից 10 պակաս էստեղ կլինեմ․․․ ու ամեն օր էդպես, էրեխեքի արև․․․

— Չէ, ջա՛ն, երկար չի, մի էրկու ժամվա գործ կա, վերջնաժամկետն էսօր ա՝ պիտի հանձնեմ, մինչև էրեխեքի քնելը տանը կլինեմ․․․ հաստա՛տ կլինեմ․․․ «Մերի՛, գործից հետո մի 2 ժամ կմնամ, ուզում եմ ուրբաթ օրվա պրեզենտացիան սկսել»․․․ Ջուլոյի տնտեսականը փակ կլինի, ոչինչ՝ էս պահը կարևոր ա, վաղը կառնեմ կափարիչը․․․ կամ մյուս օրը․․․ «Ծիծեռնակաբերդի խճուղու էլեկտրակայանը այրվել է նախկին պաշտոնյայի կողմից․․․»․․․ Էս էլ սպանեց իր անճաշակ գիր-գրականությամբ, գոնե տառասխալները ուղղի․․․ Վաաա՜յ, Կարենչիկի ծնունդն անցավ, մոռացանք շնորհավորել․․․ կիրակի կզանգեմ, իբր խառն եմ էղել, ուշ եմ զանգում․․․ Արա դե համերգ էր, էլի, սպանիք՝ թողիք, ցույց տվին՝ անցավ-գնաց․․․ Էս էրեխեն ոնց ա բոյովացել, ոչ բարով քեռուն ա քաշել․․․ Բենզինի գինը՝ թռնում ու թռնո՜ւմ, ուղղակի սավառնում է, Լուսոյին ասեմ՝ մեկ-մեկ տրանսպորտով գնա, նորմալ էլ աշխատում ա առավոտները․․․ Ըհը՛, էկավ, առանց սրա ո՞նց կլիներ, հիմա էլ Լիսաբոնն է ողջունում հպարտ Մենուային․ մեռածի պրիչոսկեն, սիգարը, ոնց որ թրջած հավը ծխի․․․ «Բայց էսօր հլը երկուշաբթի է, Արտյո՛մ, ինքդ քեզ պատժո՞ւմ ես առավոտվա ուշանալու համար :)․․․ դե եթե մնում ես, Սեթոյի պրեզենտացիան էլ մի հատ «դաբըլ չեք» կանես»․․․ — Տո քո մերն էլ, մարդուդ պրեզենտացիան էլ վրեն․․․ «Իհարկե, Մերի՛ ջան, այսօր 2 պրեզենտացիան էլ մաքրամաքուր կուղարկեմ քեզ»․․․

Քնած են․․․ Ապրեն․․․ Շատ լավ է․․․ Ուղղակի հիանալի․․․ Չարթնացնեմ․․․ Թեյ խմեմ՝ կարագ-ջեմով․․․ Հեռախոս չկա․․․ Հեռուստացույց էլ․․․ Պառկում եմ․․․ Ավելի լավ ա՝ շուտ քնեմ․․․ Ուշանալ չկա․․․ Բայց գիրք կարդամ մի քիչ․․․ Գոնե մի քանի էջ․․․ Ջո՞յս․․․ «Ուլիսե՞ս»․․․ Երևի վաղվանից․․․ Ախր պիտի կարդալ․․․ Ամոթ ա․․․ Գոնե կարծիք հայտնելու համար պիտի կարդալ էս զիբիլը․․․ Չէ՛, վաղվանից․․․ Հոգնած եմ, բան չեմ հասկանա․․․ Բայց մի թեթև բան կարդամ․․․ Անպայման․․․ «․․․ժամերդ ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունը․․․»․․․ Փըռռռ․․․ Փըռռռ․․․ Խըռռռ․․․

Ոնց կարան ուզբեկները շախմատից էսքան ուժեղ լինեն, մի բան էն չի էստեղ․․․ Թե ասա դու սաղ կյանքդ հայաթ չէիր իջնում, հիմա ամեն առավոտ հեծանիվով նկար ես դնում, իբր ի՞նչ․․․ Ամեն դեպքում, էսօր երևի մի էրկու հատ զուգարանի թուղթ առնեմ՝ ուկրաինականներից․․․ Շոչիկի նկարն էլ պիտի ուղարկել էս շաբաթ․․․ Պահ, պահ, պահ, սպորտզալի փոխարեն ձվածեղով ա սկսել էսօր, երևի տոնական օր ա․․․ Ասա՝ նորմալ, հարգված երգիչ էիր, էս ինչ ես դառել, ա՛յ մեյմուն․․․ Ուշանալ չկա՛, ուշանալ չկա՛, ուշանալ չկա՛, թռա՛նք․․․ Յաաա՜, բա ո՞ւր ա մեր Մենուան, չի էրևում հոսքի մեջ, տեսնե՞ս՝ ուր ա հասել, որտեղ ա նկարվել․․․ Հլը ման գամ՝ Menua, ազգանունը ո՞նց էր․․․ Խշշշ, բուլ-բըլ-բըլ-բլ-բլ-բլթ։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *