Մաս առաջին
ԿԱՆԱՅՔ և ԼՈՂԱՎԱԶԱՆԸ
Լողավազանը գտնվում էր հյուրանոցի անտառապատ հատվածում։ Նախագիծը այնպես էր արված, որ տպավորություն էր, թե լողավազանը հենց այդտեղ էր եղել միշտ։ Ներդաշնակ էր բնության հետ, որին մարդկային կանոնակարգված ձեռքը չէր դիպել։
Կնոջս հետ միայնակ վայելում էինք լողավազանը, երբ մեր երանելի վիճակը անտառային լողավազանում խախտվեց, և աղմկալի մի խումբ ներխուժեց լողավազան «էս ինչ կայֆն ա», «շատ հավեսն ա», «ասում էի, չէ՞, որ կայֆ ա ստեղ», «հորս արև….» և այլ բացականչություններով։
Խմբում հինգ կին կար եւ երեք տղամարդ։
Կանայք արագ տեղավորվեցին ազատ բազմոցներին, իսկ տղամարդիկ միանգամից մտան հանդերձարանները։ Քիչ անց նրանք դուրս եկան լողավարտիքներով` պատրաստ հանձնելու ջրին իրենց փորագեղ, «աթլետիկ» մարմինները։
Գոռգոռալով վայրի ցեղերի նման, որ կարծես առաջին անգամ են լողավազան տեսել` ցատկեցին ջուրը։ Մի քանի րոպե չոփ-չոփ անելուց հետո դուրս եկան ու անմիջապես՝ դեպի նվիրական ջակուզին։
Ես ու կինս հարցական հայացքներով փոխանակվեցինք` նույն հարցը մտքներիս` իսկ կանա՞յք։ Կանայք աշխույժ զրուցում էին, հիացած նայում տղամարդկանց, բայց ոչ մի մտադրություն չունեին մտնելու հանդերձարան։
Նաև ժամանակ առ ժամանակ մեր կողմ էին հայացքներ նետում` ուսումնասիրելով հատկապես կնոջս` իր բավականին բաց լողազգեստով, որպես միակ կնոջ այդ տարօրինակ միջավայրում, որ մտել էր հանդերձարան և դուրս եկել լողավազանին համապատասխան հանդերձանքով։
Տղամարդիկ արդեն գարեջուրն էին միացրել իրենց խրախճանքին ջակուզիում նստած, իսկ կանայք դեռ հագնված էին, և ոչ մի նշան չկար հանդերձարան մտնելու։ Փոխարենը նրանք էլ իրենց ընտրած խրախճանքով էին զբաղված` սուրճ, խմորեղեն, մրգերով սկուտեղներ, աշխույժ խոսակցություն բազմոցներին թիկնած և նստած…. Բայց, այնուամենայնիվ, բոլորը հագուստով։
Մարդաբանական տեսանկյունից այս հետաքրքիր իրավիճակը ըմբոշխնելուց հետո, հասկանալով, որ կանանց զգեստափոխումը տեղի չի ունենալու, պատրաստվում էինք լքել լողավազանը, երբ նկատեցի, որ նոր տղամարդ միացավ կոլեկտիվին։
Ինձ շատ ծանոթ թվաց նա։ Նկատեցի մի պահ նրա ուսումնասիրող հայացքը` ուղղված մեզ և հաջորդ վայրկյանին ժպիտն ու շարժվելը դեպի մեզ։
Մի կերպ տեղը բերեցի դասարանցուս։
Ջան-ջիգյար, գրկախառնություն, ախպերս, ո՞նց ես, ի՞նչ ես անում, 100 տարի ա չեմ տեսել և այլ ջերմագին վիճակներ։
Որպես փոխտնօրեն կոլեկտիվին բերել էր հանգստի, բայց մի պայմանով, որ լողավազզանից օգտվելու են միայն տղամարդիկ։ Չնայած նա սա թռուցիկ ասաց, բայց իմ հետաքրքրությունը շատ գրգռեց, քանի որ տղամարդկայինի, հերոսի և կանացիի իմ ուսումնասիրությունների նյութն էր լրիվ։
Մեր գնալու ժամն էր, բայց քանի որ ուզում էի որոշ նրբություններ կորզել ընկերոջիցս, առաջարկեցի բարձրանանք վերևի հարթակի սրճարանի մասը ու մի քիչ շփվենք։ Ընկերս սիրով համաձայնեց, իսկ կինս որոշեց գնալ ու պատրաստվել ընթրիքին ռեստորանում, մինչև ես գամ։
Երկար բարակ զրուցեցինք դեսից-դենից, ու ես սահուն անձնական հարցերից, ամուսնանալուց, կանանց իրավունքներից, սիրածների հետ հարաբերությունները քննարկելուց հետո բերեցի խոսակցությունը բուն թեմային, թե ինչու միայն տղամարդիկ պետք է վայելեին լողավազանը, իսկ կանայք` ոչ։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Տեղի ունեցած խոսակցության գեղարվեստական վերարտադրում)
– Լավ, կարա՞ս ասես, ինչի՞ միայն տղամարդիկ պետք է վայելեին լողավազանը, իսկ կանայք` ոչ։ Արի կետերով գնանք, ոնց որ հարցազրույց կամ քննարկում, հը՞։
– Օքեյ լավ, եթե ըտենց կարևոր ա:
1.
– Ինչի՞ կանայք ` ոչ։
– Ամոթ ա…. ասում են.
– Ի՞նչը կոնկրետ….
– Եսիմ է….։
2.
– Կարող ա՞ ձեր տղամարդիկ չեն սիրում կանացի մարմին։
– Հը՞… Այսինքն գե՞յ են… Չանցավ էդ հաստատ…..:
3.
– Տղամարդկանց պետք չէ ենթարկել գայթակղության կտտանքներին… մեղք են:
– Այսինքն, որ չգրգռվե՞ն…. Լավ էլի…..:
4.
– Հայկական ավանդական արժեքներին հակասու՞մ է կանանց՝ լողազգեստով հանդես գալը տղամարդկանց հետ նույն տարածքում։ Այսինքն հայ ավանդական ընտանիքներում արգելվա՞ծ է եղել կանանց կրել լողազգեստ։ Հա՞։
– Հա, ինչ…. Կարող ա… Ինչ ա՞ էղել որ… Բա մուսուլմանները ո՞նց են պահում իրանց ադաթները։ Բա իրանց մոտ ո՞նց ա սաղ փակ, հը… Էն անգամ Դուբայում ծովափին մարդը մտավ ծովը հանված, իսկ կինը ոտից գլուխ փակ սև շորը հագին մտավ ծով, թեթև թրջեց ոտները ու…. Ըտենց… Հա ինչ, վատ ա՞ որ։ Ամեն մեկը կնգատ ոռը չի տենա։
– Չե՞ս զգում, որ ախմախություն ա էս տարբերակը… Մենք մուսուլման չենք, ախպերս։
– Խի ա ախմախություն։Չէի ասի։
– Փաստորեն, ստացվում է, որ այնուամենայնիվ առկա է մուսուլմանական մշակույթի ազդեցությունը:
– Դէ, չգիտեմ, բայց հնարավոր ա:
6.
– Լավ…. Իսկ էս տարբերակը. մերկ մարմինը խոցելի է, թեկուզ լողազգեստով, և տղամարդը հերոսաբար իր վրա է վերցնում կիսամերկ մարմնի խոցելիությունը…գաղափարական առումով. «դու մի մերկացի, կյանք, թող ես մերկանամ… Թող ես խոցվեմ»… Սենց օրինակ:
– Լավ էլի…. Ախպոր պես… Էս ու՞ր տարար….անկապ ա։
7.
– Կան շատ կանայք, որ չեն սիրում սեփական մարմինը։Կա՞ նման բան։ Պետք է ասել, որ այնուամենայնիվ մեր հասարակությունում…. կա։ Իմ դիտարկումները ցույց են տվել, որ կա նման բան։ Իմ շփումները այն կանանց հետ, ում առաջարկել եմ նկարել մերկ, ինձ էտ մտքին է բերել, բայց ինձ հաջողվել է վստահություն ձեռք բերել և փոխել նրանց ընկալման տեսանկյունը։
Հեշտ չի դա անել, և օրինակ նման իրադարձությունները կարող են նպաստել, որ կինը հաղթահարի դա, երբ զգա, որ միջավայրի տղամարդիկ չեն նայում նրանց ոչ գնահատող և ոչ էլ դատապարտող հայացքով։
– Էս ի՜նչ խորանալ խորացար….. Հմմմմմմ…. Շատ գիտեմ, կարող ա և կա ըտենց բան։
8.
– Իսկ օրինակ էս տարբերակը. Տղամարդիկ, տվյալ դեպքում հայ տղամարդիկ փորձում են այս ձևով ինքնահաստատվել և ստիպել կանանց ընդունել իրենց ներկայությունը այնպես, ինչպես կան. թեկուզ հաստափոր, անխնամ կառուցվածքով` դրանով հաստատելով իրենց դոմինանտությունը։
Այսինքն իրենց դեպքում ամոթ չի՞։ Երևի այն մտայնությամբ, որ տղամարդը կապիկից քիչ պետք է տարբերվի, և կինը պարտավոր է ընդունել իրենց ըտենց։
Սրանից եզրակացնում եմ, որ տղամարդիկ վախենում են կանանցից։ Եվ սա հերթական միջոց է `ճնշելու, սահմանափակելու նրանց ինքնադրսևորումները` իրավունք տալով իրենց ցուցադրելու սեփական մարմինները, իսկ կանանց` ոչ։
– Լավ, էլի, հորս արև… խի՞ են վախենում։ Չնայած…. Ի՞նչ իմանամ։
– Դե, եթե չեն վախենում, թող կանանց էլ թույլ տան օգտվել լողավազանից` ընդունելով նրանց այնպես, ինչպես գտնում են, որ կանայք պարտավոր են ընդունել նրանց։ Թե մտածում են, որ իրենցից յուրաքանչյուրը Ապոլլոն է և կարող է թույլ տալ իրեն լինել փնթի փորավոր, իսկ կանայք պարտավոր են ընդունել իրենց………
Մեր տեսական զրույցը ընդհատեցին ընկերոջս կոլեկտիվից հնչած կանչերը նրա ուղղությամբ։
Արդեն ուշ էր, կինս էլ սպասում էր ինձ։
Հրաժեշտ տվեցի ընկերոջս` պայմանավորվելով, որ անպայման կշարունակենք լողազգեստային համազգային հարցերի քննարկումը։
Մաս երկրորդ
ՀՈՐՍ ԱՐԵՎ-ը
Մեզ նստացրին մի ծանրաբեռնված սեղանի կողքը, որի «հեղինակները» ըստ երևույթին վաղուց էին նստած, ու արդեն սեղանի վրա ուտելիքի մնացորդների ավերակներ էին մնացել։
Իրենից մեկ այլ մարդաբանական մշակութային ուսումնասիրության նյութ էր ներկայացնում այդ սեղանը. ամուսինը` համատարած փոր, կինը` շրթունքներ ու թարթիչներ, բայց ի տարբերություն լողավազանի կանանց, լողազգեստով էր` թափանցիկ մի ծովափնյա զգեստ վրան գցած։
Հանկարծ հեռախոսի զանգի ազդանշանը հնչեց Բարի Վայթի իմ սիրած երգով` Never goanna give you up.
Փորի հեռախոսն էր։
Փորը` հեռախոսով.
– Հա ախպերս…. Հաաաաա, հլը ստե ենք լռված…… Էնքան եմ կերե, հորս արև ….. Հաաաաաա…չէ….խի՞……. Չէ՞ հա ….. Վայ, հոոոոոորս արև…. Հա բա…. հորս արև…. Է հա, հորս արև…. Հորս արև ախպերս….. Չէ… չէ, բան եմ ասում, ապե… տղայական… ասած ա, հորս արև…ապե մորս արև….. Հա ախպերս, առխային, հորս արև…. հը՞՞՞… Իյաաաաաաաաա…. Վայ հոոոորս արև……չե՞ս ջոգում…ասում եմ բեսպռաբլեմ* , հորս արև ախպերս….. տոշնի* եմ ասում, հորս արև…. Հա, հա… հորս արև….բան եմ ասում, հա ախպերս… հորս արև…. Քել, ախպերս…… Հորս արև……Ասա կյանքս,- դիմեց փոքր աղջկան, որը, ընդհատելով հոր «հորս արև»-ները, փաթաթվեց նրան ու ականջին ինչ-որ բան փսփսաց.
– Հա, ախպերս…. Ո՞ւր եք հմի… Հորս արև, խի՞ որ, ախպերս….
Նորից ընդհատելով իր «հորս արև»-ները` դիմեց կնոջը.
– Կյանք, տես էրեխեն ի՞նչ ա ասում։
«Կյանքը», որի համապարփակ աճացրած շրթունքները իրենց վրա էին կենտրոնացրել կնոջ վիզուալ ողջ պատկերը, սմարթից պոկվելով մի պահ` արտաբերեց.
– Ասա, մեռնեմ ջանին։
– Ապե… Վոբշեմ, հորս արև, անում ենք էտի, հորս արև….ով՞…. ապե, ընդե մեր ախպերությունն ա……մորս արև…. Դու պռոբլեմ չունես, հորս արև….
«Հորս Արև»-ի կարճամետրաժը արագ ավարտվեց և ընտանիքը կշտացած լքեց սեղանը։
Մենք էլ վեր կացանք մեր սեղանից` քննարկելու մի ամբողջ նյութ հավաքած։
Մի պահ կանգ առա ու դիմեցի կնոջս.
– Գիտես… մտքիս մի բան եկավ՝ անենք։ Արի վաղը լողավազանում ես շորերով նստեմ իսկ դու մտի ջուրը ու հետո էլ ջակուզի, հը՞։ Համոզված եմ՝ էն ավանդապաշտ կոլեկտիվը գալու ա։ Մի թեթև հեղափոխություն անենք։
– Անենք, համաձայն եմ։
Առաջարկեցի, որ նաև ամենաբաց լողազգեստը հագնի…. և գրկած նրա նրբագեղ իրանը, բազմանշանակալից ժպիտներ փոխանակելով` մտանք վերելակ, ու դռները դեռ չփակված `գրկվեցինք համբուրվելով` հյուրանոցի մեր համարը հասնելու անհամբեր սպասումով։
P. S. Ասեմ, որ զուտ հետաքրքրության համար մոտավոր հաշվարկ էի արել, թե քանի անգամ կողքի սեղանից արտաբերվեց «Հորս արև»-ը և քանի անգամ «Մորս արև»-ը։ Պարզվեց, որ անվիճելի գերապատվությունը տրված էր արևի ծագմանը հոր ուղղությամբ և միայն 2 անգամ մոր ուղղությամբ։
* Տոշնի – ռուսերեն точно (ճիշտ, հաստատ) բառի օգտագործման հայերեն ձևը։
* Բեսպռաբլեմ – ռուսերեն без проблем ( առանց պռոբլեմի) բառակապակցության օգտագործման հայերեն ձևը։
