Բացակայությունից դեպի բառ. Արմեն Սարգսյանի «Բացակայություններ» ժողովածուի ժամանակը, տարածությունը և հիշողությունը
Բացակայությունից դեպի բառ. Արմեն Սարգսյանի «Բացակայություններ» ժողովածուի ժամանակը, տարածությունը և հիշողությունը
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում ընթերցողի դատին հանձնվեց Արմեն Սարգսյանի բանաստեղծական նոր ժողովածուն՝ «Բացակայություններ» վերնագրով, որտեղ հատկապես մեծ տեղ ունի ասվածի և չասվածի հարաբերությունը։ Ժողովածուն կազմված է չորս շարքից՝ «Ապրումներ», «Քաղաքներ», «Սերեր», «Բառեր», որոնք առաջին հայացքից կարող են թվալ տարբեր թեմատիկ տիրույթների սահմանագծումներ, սակայն ամբողջության մեջ միևնույն հոգևոր ճանապարհի հաջորդական փուլեր են։ Բաժանումը ոչ այնքան թեմատիկ, որքան կառուցվածքային և աշխարհընկալման առանցքը շեշտելու բնույթ ունի․ ապրումը վերածվում է տարածության, տարածությունը՝ հարաբերության, հարաբերությունը՝ բառի։ Ժողովածուի քնարական հերոսը հեղինակն է՝ ժամանակակից մարդը, որ միաժամանակ ճանապարհորդ է, ընթերցող, սիրող մարդ, քաղաքների բնակիչ, հիշողության կրող և իր ժամանակի վկա՝ շարունակվող բացակայությունները բառերով արձանագրող։ Ըստ այդմ՝ ժողովածուն կարելի է կարդալ որպես ժամանակի, տարածության, սիրո և լեզվի միջով անցնող մեկ միասնական քնարական պատում, որը կառուցվում է ներկայության և բացակայության համատեքստում։ Ժողովածուում առանցքային տեղ զբաղեցնող մարդ-քաղաք և բառ-բառ հարաբերությունները խոսում են հեղինակի ոճի, լեզվամտածողության և աշխարհընկալման վրա արևմտահայ ինքնատիպ հեղինակ Զահրատի գրական ազդեցության մասին: Սարգսյանի ժողովածուն, ըստ երևույթին, Զահրատի «մեծ քաղաք–փոքր մարդ» պոետիկական մոդելի ժամանակակից վերաձևակերպում է, որտեղ «փոքր մարդու» փոխարեն կենտրոնական է պատմական ժամանակից խոցված և բացակայություններով ապրող մարդը:
Ժողովածուն տասը տարիների ընթացքում ձևավորված հեղինակի գիտակցության քարտեզն է, որի մեջ անձնական ապրումն ու պատմական ժամանակն անընդհատ ներհյուսվում են։ Առանցքային է հատկապես 2020 թվականի պատերազմի և դրան նախորդած և հաջորդած տարիների ազդեցությունը, որը, ներթափանցելով անհատի ներաշխարհ, փոխում է տարածության, տան, ճանապարհի, քաղաքի, սիրո և նույնիսկ բառի իմաստն ու ընկալումը։
Բանաստեղծական «ես»-ը ժողովածուի մեկնակետում՝ «Ապրումներ»-ում, ներկայանում է իր զգացական և հոգեբանական ամբողջությամբ՝ հիշողություններով, կորստի զգացումով, սպասումով, սիրով, վախով, կարոտով։ Սակայն «ես»-ի ապրումների մեջ աստիճանաբար ներթափանցում են ժամանակի իրադարձությունները, որտեղ առանցքային դեր ունի հիշողությունը՝ որպես եղած և ավելացող բացակայությունները հաղթահարելու միջոց: Բացակայողը շարունակում է ներկա լինել իր թողած հետքով, հիշողության մեջ պահպանված պատկերով, առարկայով, տարածությամբ կամ չասված խոսքի միջոցով։
Իրականությունը կառուցվում է պատերազմի փորձառության շուրջ, որը խաթարում է ամեն ինչ. փոխվում է մարդու հարաբերությունը տան, ճանապարհի, ժամանակի, ապագայի հետ։ Պատերազմից հետո անգամ խաղաղության լեզուն այլևս նախկինը չէ։ Բանաստեղծական ժամանակը շերտավորվում է. կա ապրած ժամանակ և կա այն ժամանակը, որը շարունակում է ապրել մարդու ներսում։ Հիշողությունը դառնում է տարածականացված։
Քաղաքը՝ որպես հիշողության և ինքնության որոնման տարածք
Ժողովածուի կենտրոնական մոտիվներից է քաղաքը: «Քաղաքներ» շարքը ժողովածուի ամենանշանակալի կառուցվածքային օղակներից է։ Քաղաքը մարդու ներաշխարհի արտացոլման և պատմական հիշողության կրողն է: Հեղինակը քարտեզագրում է անհատի ներաշխարհը Երևանի, Մալմոյի, Վենետիկի, Գյումրու և այլ տարածությունների միջոցով:
«…ասես ամեն ինչ ճիշտ տեղում է, միայն ոչ իմ ներսում:
Մալմոյում կյանքը ծերունական զարթոնք է,
ուշացած լուսաբաց…» («Օգոստոսը Մալմոյում»)1:
Արտաքին կատարյալ կարգուկանոնը (օրինակ՝ Մալմոյի մաքրությունն ու հանգստությունը) հակադրվում է ներքին անհանգստությանն ու տագնապին: Օտար քաղաքների խաղաղությունը չի բուժում հերոսի ներքին անհանգստությունը, այլ ավելի է ընդգծում նրա «տարանցիկ» վիճակը: Աշխարհագրական տեղաշարժերը ինչ-որ տեղ նաև փախուստի կամ սեփական ինքնության որոնման խորհրդանիշներ են:
«Դու պոկում ես գրքիդ թերթերը, ինքնաթիռ սարքում,
որ անցնելու է ամենակարճ ճանապարհը`
քո քաղաքից մինչև քո քաղաք:
Իրականում այդ քաղաքը գոյություն չունի.
հաճելի փախուստ է» (Արամ Ավետիսին նվիրված բանաստեղծությունից):
«Քո քաղաքից մինչև քո քաղաք» շրջագիծը խորհրդանշում է ինքնամփոփումն ու անհնարին փախուստը սեփական անձից:
«Կրկնվող, կրկնվող, կրկնվող պատմություններ։
Բայց և այնպես, բոլորովին չվարժված սպասում։
Ասֆալտի տակ թաղված քաղաքը չկա։
Ասֆալտի վրա կառուցվածը չկա:
… Հրապարակը —
մեռնող երազանքների գերեզմանոց»։
Քաղաքի պոետիկան ստանում է քաղաքական-պատմական և գոյաբանական ենթատեքստ։ Քաղաքը հիշողությունների, ձախողված սպասումների և «կրկնվող պատմությունների» տարածք է։
Այս պատկերները զուգորդվում են Զահրատի պոեզիայում քաղաքի և մարդու հարաբերությունների հետ, որտեղ մեծ քաղաքի դիմապատկերին հակադրվում է «փոքր մարդը»՝ Կիկոն, որի վախերը, մենությունը, օտարությունը և առօրյա ապրումները քաղաքային տարածության միջոցով են բացահայտվում։
Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են
Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ2
Մեծ քաղաքը օտար է փոքր մարդու համար: Արմեն Սարգսյանի մոտ մարդ-քաղաք մտերիմ անհաշտության դրսևորում է «Վենետիկ» բանաստեղծությունը, որը գրվել է Վենետիկում՝ հայրենիքից ստացած արցախյան տխուր լուրերի ազդեցությամբ: Այստեղ անձնական ապրումը վերափոխվում է գեղարվեստական հակադրության՝ Վենետիկի և Երևանի, ջրի և հողի, գեղեցկության և կորստի, ճանապարհորդության և հայրենիք վերադառնալու ցանկության միջև։ Բանաստեղծությունը սկսվում է Վենետիկի հետ մտերմության խոստովանությամբ, բայց այդ մտերմությունն աստիճանաբար վերածվում է քաղաքի հետ երկխոսության։ Վենետիկը սկզբում սիրելի քաղաք է, հետո՝ մելանխոլիայի տարածք, իսկ վերջում՝ այն վայրը, որտեղ առավել սուր է զգացվում հայրենի հողի բացակայությունը։
… ոտքերս հող են փնտրում, տեղ,
որ շենքերը չեն, ջրերը չեն, կամուրջները չեն:
Վենետիկ,
քո սրտում կանգնած,
գրկելով Ադրիատիկի ջրերը ափեափ,
պսպղոցը որսալով ոսկեգույն ժամին`
ես ուզում եմ ասել, որ կարոտել եմ Երևանը,
և գիտեմ, որ կներես ինձ:
Վենետիկը գեղեցիկ է, բայց այդ գեղեցկությունը չի կարող փոխարինել հայրենի հողին։ Քաղաքի պոետիկան հընթացս վերածվում է հայրենիքի պոետիկայի՝ առաջ բերելով խոր հակադրություն. քաղաքը և տունը նույնը չեն։ Մարդ-հող հարաբերությանն անդրադարձ ունի նաև Զահրատը.
Հողը շատ կը սիրէր —
Երկինքէն ինկած աստղի մը պէս էր Կիկօ
կʼուզէր գիրկ գիրկի պառկել հողին հետ
կʼուզէր հողը գրկել — գրկել հիանալ3
Այս երկու տարբեր համատեքստերում հողը, որն անհատական մտածողության մեջ տարբեր արձագանքներ է ստանում, նույն ցանկության՝ հայրենիքի, կայունության, երկրի վրա ամուր կանգնելու առհավատչյան է:
Հայտնի է, որ հայ մշակույթի պատմության մեջ Վենետիկի սովորական զբոսաշրջային քաղաք չէ։ Հեղինակը, հիշատակելով Մուրադ-Ռափայելյան վարժարանը, Վարուժանին, Ալիշանին, Իսահակյանի Ռիալտոն, մշակութային հիշողությունների միջով հասնում է ժամանակակից Հայաստանի ցավոտ ներկային։ Օտար քաղաքի թեկուզ հարազատ հիշողություններով նկարագրությունը վերածվում է հայրենիքը հեռավորությունից տեսնելու միջոց։
Նույն միտումն ավելի լայն ընդգրկմամբ նկատելի է «Հորիզոնը կարճում է լայն աշխարհը» բանաստեղծության մեջ։
«Հորիզոնը կարճում է լայն աշխարհը,
ես տեսնում եմ նռների ճայթոցը
բրեզենտե կոշիկների տակ,
… փակվելը ճանապարհների,
խանութների դարակները դատարկ,
… վախից կկոցվող աչքերը,
փամփուշտների արձակվելը հասցեական,
…արկերի ընդվզումը թռիչքից առաջ,
հրետանավորների խրոխտ հրամանը`
մարտի, մարտի, մարտի»:
Այստեղ ճանապարհը, գնացքը, Ջենովա-Վենետիկ տարածությունը, Եվրոպայի քաղաքային տեսարանները եվրոպական մշակութային միջավայրը (Գյոթե, Փինք Ֆլոյդ) հանկարծակի կտրվում ու կոլաժային հնարքով փոխարինվում է պատերազմական իրականությամբ (նռների ճայթոց, հրանոթներ, զինվորներ): Հեղինակը ներկայացնում է պատերազմի դեմքը՝ կյանքի քայքայման պատկերային հաջորդականությունը:
«Sputnik Արմենիան հաղորդում է…
…երկու անձ մահացել է…
Որ մենք չմոռանանք իսկական արվեստը
գերեզմանափորի…»
Տեքստում լրատվական լեզվի, իրական նորությունների ջնջում է բանաստեղծականի և կոշտ իրականության միջև սահմանը՝ ընդգծելով կյանքի խոցելիությունն ու անպաշտպան լինելը:
Սերը՝ աղետի ժամանակ
«Սերեր» շարքում շարունակվում է նախորդ երկու շարքերի տրամաբանությունը։ Եթե «Ապրումներ»-ում մարդը հանդիպում է իր ներսի անհանգստությանը, իսկ «Քաղաքներ»-ում՝ աշխարհին ու պատմությանը, ապա «Սերեր»-ում վերականգնվում է մարդ-մարդ հարաբերության տարածքը։
Սերը ժողովածուում ընկալվում և ներկայացվում է մարմնական ու հոգևոր զգացողությունների, մեկուսացման և անցողիկության համատեքստում: Այն զուգահեռվում է անկախության սերնդի ընկալման առանձնահատկության հետ՝ իր հիասթափություններով ու որոնումներով:
«Ձեռքդ սահեցրու մարմնիս վրայով,
որ իմանամ
ներսիս դատարկ տարածությունների տեղը»:
«Անկախության սերնդի» ներկայացուցիչների կերպարն արտահայտում է երազային աշխարհի և կոշտ իրականության բախումը:
«Մենք ուզեցինք ապրել էս անբախտ երկրում մեր տանը,
բայց մեզ ասին, որ տունը հայրենիքն ա,
որը չունի չորս պատ, տանիք…
…ոչ մեկին պետք չի քաղաքականությունն
ուղղակի մեռնելը կայֆ չի»:
Սերունդը, որը փորձում է կառուցել իր «տունը», բախվում է վերացական «հայրենիք» գաղափարին, որը հաճախ զրկում է նրանց սովորական կենցաղային ու անձնական երջանկությունից:
«Չգիտեմ, ինչպես սահքը ջրերի վրայով,
երբ սառույցը թմրել է արևի տակ,
մատներս ապրում են մարմնիդ տաքությունը,
երակներդ թրթռում են ափիս տակ,
ինչպես գիշերվա խորքում շնչող գաղտնի ցանկություն,
և դու՝ որպես խոնավ հիշողություն,
իմ սրտում ավելի իրական ես,
քան հառաչանքը նոյեմբերյան կեսգիշերի»։
Ջրի և հիշողության մոտիվը, որն առկա է «Վենետիկ»-ում, այստեղ մարմնավորվում է սիրո տեսքով՝ «դու՝ որպես խոնավ հիշողություն» արտահայտությամբ, սակայն սա նաև խորհրդանշում է ցավից ծնված արցունքը։ «Նոյեմբերյան կեսգիշերը» խորհրդանշում նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրով պայմանավորված մտածող հայի ապրումներն ու տագնապները: Պատերազմից հետո սիրելու կարողությունը ինքնին գոյաբանական նշանակություն է ստանում։ Երբ պատմական իրականությունը մարդուն ստիպում է առերեսվել կորստի, անորոշության և ապագայի խաթարման հետ, սերը դառնում է ոչ թե իրականությունից փախուստ, այլ իրականությանը դիմակայելու ձև։
Բառը՝ վերջին հանգրվան
Ժողովածուում առանձնակի տեղ է գրավում մետապոետիկան՝ անդրադարձը բանաստեղծությանն ու գրելու ընթացքին: Գիրը միաժամանակ դիտարկվում է որպես փրկություն, ծանր բեռ և երբեմն անօգնական միջոց: Չորրորդ՝ «Բառեր» շարքը կարելի է ընկալել որպես ժողովածուի ինքնամեկնաբանող եզրափակում։ Եթե առաջին երեք շարքերում բանաստեղծական «ես»-ը փորձում է ապրել, հիշել, ճանապարհորդել, սիրել և հասկանալ, ապա վերջում նրա առջև մնում է հիմնական հարցը՝ ինչպե՞ս այդ ամենը դարձնել բառ։
«Մենք ապրում ենք ինչ-որ բան որոնելու համար։
Ես գրում եմ,
երբ աշխարհը ջերմանում է էլեկտրական լույսով։
Մի բան, որ քար չի դառնա մեռնելուց հետո,
… Միայն դա չի անհետանա, երբ այլևս չեն լինի բոլորը,
որ քեզնից առաջ ու հետո մտան աշխարհ։
Բառը»:
«Բառը» դառնում է մահվանը դիմակայող գոյության ձև։ Բառի, խոսքի նկատմամբ Ա. Սարգսյանի վերաբերմունքը սերտորեն առնչվում է Զահրատի վերաբերմունքին:
«Քերթուած մը պզտիկ գանձանակ մըն է
Բաց կը զարմանաս
Թէ երբ է այդքան պերճանք հաւաքեր»4:
Բառերի հետ խաղը հեղինակներին երբեմն շատ հեռու է տանում: Նրանք փորձում են այդ խաղի միջոցով կառուցել իրենց հոգու պատկերն ու երազանքների աշխարհը, սակայն լինում են նաև կորուստներ:
«Ես տիկնիկավար եմ,
և ամբողջ աշխարհն ինձնից է կախված…
Իմ տիկնիկները արտասվել չգիտեն,
ես տիկնիկավար եմ,
սիրել չգիտեմ»:
«Տիկնիկավարի» մոտիվը խոսում է վերահսկողության, կառավարման, արհեստականության և հույզերն ապրելու անկարողության մասին. արվեստագետը փորձում է կառավարել աշխարհը, որի հետևանքով ակամա կորցնում է սիրելու կարողությունը:
Ժողովածուն ասես մարտահրավերային հարց է բարձրացնում. արդյոք բառը, լեզուն կարո՞ղ են փոխանցել այն ապրումը, հույզը, կորստի չափը, որն ածանցվել է պատերազմից: Հեղինակը մարտահրավերը փորձել է լուծել հետևյալ կառուցվածքային շարժի միջոցով. ներքին փորձառությունը՝ ապրումը, տարածականացրել է քաղաքի մեջ, քաղաքային և պատմական փորձառությունը բերել է մարդկային մտերմության՝ սիրո դաշտ, իսկ այդ ամբողջ ճանապարհի վերջնական հանգրվանը դարձրել է բառը՝ որպես ապրածը պահպանելու և վերաիմաստավորելու միջոցը։
Չորս շարքերի փոխկապակցվածությունը թույլ է տալիս ժողովածուն ընթերցել որպես միասնական քնարական համակարգ, որի առանձին բանաստեղծությունները միմյանց շարունակում, լրացնում և երբեմն վերաիմաստավորում են։ Տարբեր ժամանակներում ծնված տեքստերը ժողովածուում ձեռք են բերում նոր համատեքստ։ Անձնական թվացող ապրումը մյուս բանաստեղծությունների կողքին կարող է պատմական ենթատեքստ ստանալ։
Այսպիսով՝ Արմեն Սարգսյանի «Բացակայություններ» ժողովածուն վերլիբրով (ազատ բանաստեղծությամբ) գրված ժամանակակից պոեզիայի վառ օրինակ է, որտեղ անհատական ապրումները, քաղաքային մելանխոլիան և ազգային-սոցիալական տրամադրությունները միահյուսվում են փիլիսոփայական ու էկզիստենցիալ որոնումներին: «Բացակայություններ» վերնագրի հոգնակի ձևը խորհրդանշում է տարբեր ժամանակների, հարաբերությունների, մարդկանց, տարածությունների և ներքին վիճակների բազմաշերտ բացակայությունները։ Դրանք միմյանցից անջատ չեն, միավորվում են հիշողության և բանաստեղծական խոսքի տարածքում։ Տեքստի լռությունները, ընդմիջումները, ակնարկները դառնում են այդ բացակայությունների պոետիկական դրսևորումները։
Հեղինակի բանաստեղծական մտածողության մեջ նկատելի է մի կարևոր առանձնահատկություն՝ սակավախոս բազմիմաստությունը՝ մեծ պատմությունը փոքր, կոնկրետ պատկերների միջոցով ասելու ձգտումը։ Ժողովածուի չորս շարքերը՝ «Ապրումներ», «Քաղաքներ», «Սերեր», «Բառեր», կարելի է դիտարկել որպես մեկ ամբողջական քնարական ճանապարհի չորս հանգրվաններ, որոնք ներկայացնում են պատերազմից առաջ և հետո ապրած մարդու ներաշխարհի բանաստեղծական տարեգրությունը. այն ցույց է տալիս, թե ինչպես են տարիները փոխել մարդու զգալու, հիշելու, սիրելու և բառի մեջ ապրելու կարողությունը։ Ժողովածուի պոետիկան կառուցվում է ներկայության և բացակայության մշտական լարվածության վրա։ Բանաստեղծական խոսքը ոչ այնքան վերացնում է բացակայությունը, որքան պահպանում է դրա հետքը՝ կորուստը փոխակերպելով հիշողության և գեղարվեստական ներկայության։
- Սարգսյան Ա., Բացակայություններ, Երևան: Վերնատուն, 2026: Մյուս մեջբերումները ևս նույն գրքից են: ↩︎
- Զահրատ, Մեծ քաղաքը, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978, էջ 21: ↩︎
- Զահրատ, Մեծ քաղաքը, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978, Էջ 35: ↩︎
- Զահրատ, Մեծ քաղաքը, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978, Էջ 144: ↩︎
