Գրիգոր Գրիգորյան/Ձայնը

Ամեն առավոտ, երբ Քաղցրաշենի բնակիչները շտապում էին ճակնդեղի վերամշակման գործարան, ուղիղ ժամը ութն անց ութին ստիպված էին կանգնել, հայացքներն ուղղել քաղաքապետարանի 88-րդ հարկին և քար-լռությամբ լսել քաղաքագլուխ Շաքարյանի երգեցիկ ձայնը։

— Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն. սիրելի՛ ներքևիններ, թող բարի լինի ձեր օրը և ոչնչով չտարբերվի նախորդներից։ Հիշե՛ք՝ մեր նպատակները կարող են իրականանալ միայն ձե՛ր անձնվեր և անմնացորդ նվիրվածության շնորհիվ։ Ամեն մեկիդ անհատական եռանդն ու ներդրումն անգնահատելի է, նույն նպատակին միտված ձեր համակարգված կայունությունը ապահովում է թռիչքաձև առաջընթաց, և միասին դուք կարող եք օգնել մեզ՝ հասնել մեր նվիրական երազանքներին։ Հանգիստ եղեք, ես վերևում հոգում եմ ձեզ համար, մտածում ձեր փոխարեն և կարգավորում բոլոր խնդիրները, քանի որ ձեր բարօրությունն ու երջանկությունը մեր անհատական հաջողության գրավականն է։ Սիրելի՛ ներքևիններ, արգասաբեր և արդյունավետ աշխատանքային օր եմ մաղթում բոլորիդ։

Ոգեղեն բարեողջույնից հետո քաղաքի բնակիչների դեմքին ժպիտ էր առաջանում, և քարացած բազմությունը կենդանություն առնելով՝ ավելի մեծ ոգևորությամբ էր շտապում գործարան։ Այս մոդելն աշխատում էր նախանձելի արդյունավետությամբ, ինչը, ի վերջո, արտահայտվում էր ոչ միայն պարոն քաղաքագլխի պարանոցի ճարպակալված ծալքերի խոշորացմամբ, այլ նաև արտադրողական հաշվելի բոլոր ցուցանիշների շարունակական բարելավմամբ։ Թվում էր՝ ոչինչ չէր կարող խաթարել քաղցրաշենցիների քաղցր կյանքի բնականոն ընթացքը, երբ օրերից մի օր հայտնվեց Ձայնը։ Օվերշաբթի՝ աշխատանքային շաբաթվա ութերորդ օրը, քաղաքագլուխ Շաքարյանի առավոտյան «ուղերձ-բարի լույս»-ից անմիջապես հետո, երբ մարդիկ, ժպիտները դեմքներին, արդեն պատրաստվում էին շտապել քաղաքի միակ աշխատավայր, լսվեցին Ձայնի հեռվից եկող հնչյունները։

— ․․․ ա՜ր-գա՜-սա՜-բե՜ր և ա՜ր-դյո՜ւ-նա՜-վե՜տ, քա՜հ-քա՜հ-քա՜հ, աշխատանքային օր եմ մաղթում բոլորիդ․․․ — խռպոտ, չոր հազից խեղդվելով, կրկնեց Ձայնը։ — Բայց դեռ մի շտապեք, մարդի՛կ, մի շտապեք լքել ձեզ, — Ձայնի ելեւէջային երանգները տարօրինակ սահունությամբ մեկ բարձրանում, մեկ մեղմանում էին։ — Մի պահ կանգ առեք, փակեք ձեր աչքերը և ոչ երկար, ընդամենը մի քանի վայրկյան մնացեք այդ անշարժ դիրքով։ Իսկ հետո, մինչ կբացեք ձեր աչքերը, մի աննշան, անկարևոր, պատասխան չպահանջող, մեկ-երկու բառից բաղկացած հարց հորինեք.․․ Հորինեք ձեզ համար, մտապահեք հարցը, շշնջացեք ինքներդ ձեզ, շշնջացեք ուրիշներին, դադարեք շշնջալ…

Մարդկանց մեծամասնությունը շարունակեց շտապել, կարծես ոչինչ չէր էլ լսել, իսկ մի մասի մոտ դեմքների ժպիտը փոքր-ինչ խամրեց՝ վերածվելով տձև պատրանքի։ Եվ միայն շատ քիչ, հատուկենտ մարդիկ տեղից չշարժվեցին․ Ձայնի ուղղությամբ նայելով, որը գալիս էր արևելքից, փակեցին աչքերն ու մի քանի վայրկյան անշարժ մնացին այդ անսովոր դիրքով։

— Գլուխներդ՝ բարձր, — պարանոցին բազմած ճաղատ գլուխը քորելով և քառակուսի սեղանի ուղղությամբ նայելով՝ հավաքույթը սկսեց քաղաքագլուխ Շաքարյանը, — դուք ունեք ինձ, իսկ ես ունեմ ձեզ, մենք ունենք իրար․․․ Քաղցրի՛կ, — դռան մոտ կանգնած տարեց կնոջը դիմեց պաշտոնյան, — բոլորին քաղցր սուրճ բեր։ Ուրեմն՝ այսպես, — բեմական դադարից հետո, Քաղցրիկի հեռանալուց առաջ շարունակեց քաղաքագլուխը, — ասում եք՝ անհասկանալի երևույթ է, բայց մենք, անշո՛ւշտ, ավելի սուր դառնություններ ենք հաղթահարել։ Եղածը մի ձայն է, այն էլ ոչ համ ունի, ոչ հոտ, չորուցամաք մի «ծըլընգ», որ լսելուց հետո, հենց հաջորդ իսկ վայրկյանին, մոռանում ես գոյության մասին։ Բայց անտեսել էլ չարժե, պետք է զգոն լինել և վերահսկել իրավիճակը։ Ի դեպ, պարո՛ն նախարար, խնդրում եմ հակիրճ ներկայացրեք Իրավիճակի հսկողության նախարարության նախնական վերլուծությունը։

— Պարո՛ն քաղաքագլուխ, Իրավիճակի նախարարության Մանրամասների դեպարտամենտի ավագ մանրուքագործ Գնել Աժդահակի Փրփուրյանի նախնական գնահատականով՝ ստեղծված իրավիճակը ավելի քան վերահսկելի է։ Արդեն քանի օր հնչած ձայնը, որն ամեն օր պատահում է նույն ժամին՝ հենց Ձերդ մեծության կարևոր ուղերձից հետո, ունի առեղծվածային ու անհասկանալի ծագում․ այն հնչում է, բայց որտեղի՞ց և ո՞ւմ կողմից՝ պարզ չէ։ Մինչ օրս արված բոլոր փորձերը (իսկ փորձեր մենք շատ ենք անում, գիտեք՝ փորձեր անելու տարեկան կատարողականը, ինչպես և նախորդ տարիներին, արդեն առաջին եռամսյակում կատարել ենք) դեռ չեն կարողացել բացահայտել այս, ամենայն հավանականությամբ, պարզունակ «ֆոկուսի» մանրամասները։ Բայց սա օրերի, ես կասեի՝ ժամերի հարց է, և հաջորդ նիստին, որը կարող է տեղի ունենալ Ձերդ մեծության հրահանգով ցանկացած անպատեհ ժամին, փորձերի վերամշակման մասին համապարփակ հաշվետվությունն արդեն Ձեր սեղանին կլինի։ Իսկ հիմա իրավիճակն այսպիսին է․ ամեն օր ձայնը գալիս է տարբեր ուղղություններից՝ առաջին անգամ արևելքից հնչեց, երկրորդ օրը՝ երկնքից, հաջորդ օրը՝ հարավից, մյուս օրերին մեր մասնագետներին չհաջողվեց հասկանալ ուղղությունը։ Իսկ ահա օրեր առաջ եղավ անհնարինը, այն հնչեց գետնի տակից։ Նկատելի է, որ օր օրի ավելի շատ մարդիկ են միանում ձայնը լսող ներքևինների շարքին, ու եթե առաջին օրերին այդ հիմարներին կարելի էր մեկ ձեռքի մատներին հաշվել, եթե մատներդ չեն տուժել տարատեսակ փորձերից, ապա այդ օրը Քաղցրաշենի բնակչության գրեթե 99.%-ը (շնորհակալ լինենք գործարանի մեխանիկ «քյոռ Վաղոյին» և դիսպետչեր «խուլ Լուսոյին» հավատարմության համար), աչքերը փակ լսում էր գետնի տակից հնչող խոսքերը։ Հատկանշական է, որ տարբեր օրերին, տարբեր ուղղություններից եկող տարօրինակ ձայնի ժամանակ ներքևինների խմբակը հայացքներն ուղղում էր վեր՝ ելևէջների ուղղությամբ՝ ինչպես քրիստոնեա հավատացյալներ, ապա այդ դժոխային օրը ներքևինների խմբակը ծնկի էր եկել մահմենադականների նման և գլուխները կախ լսում էր գետնի տակից հնչող ձայնի բարբաջանքները․․․ Բայց ինչպես նշեցի զեկույցի ամենասկզբում, Իրավիճակի նախարարության Մանրուքաստեղծ դեպարտամենտի կրտսեր հանքափոր Գնել Փրփուրիչի նախնական գնահատականով՝ ստեղծված իրավիճակը վերահսկելի է, և ներքևում ծվարած պատկան մարմիններն ուշի ուշով հետևում են իրավիճակի վայրիվերումներին։

— Հիանալի է, Դուք հաստատում եք իմ բոլոր կանխատեսումները։ Շնորհակալություն ձեր կատարած անգնահատելի մեծ աշխատանքի և իրավիճակի նրբախոր ներկայացման համար։ Սակայն որպեսզի բոլորիս մոտ ձևավորվի ամբողջական և հենքահաճո պատրանք, ես կուզեի լսել նաև Իրազեկման նախարարության գնահատականը․ խնդրեմ, տիկի՛ն նախարար, ինչպես ասում են՝ ամբիոնը Ձերն է, փորձեք փայլել։

— Շնորհակալ եմ, պարո՛ն քաղաքագլուխ։ Իրազեկման նախարարությունը հենց առաջին օրվանից ամբողջ ծավալով լծվել է աշխատանքի և տարատեսակ արբանյակների շնորհիվ փորփրել, պրպտել, բացահայտել և համարյա քողազերծել է անհեռատես «քյանդրբազության» հեղինակներին։ Ճի՛շտ է, մեզ դեռ գրեթե ոչինչ, ավելի շուտ՝ ընդհանրապես ոչինչ չի հաջողվել պարզել, սակայն տղաներն ու ես ամեն ջանք գործադրում ենք (հիմնականում աշխատանքային ժամին), որպեսզի այսպես ասած՝ արկածախնդիր ձայնի քոքը կտրենք։ Անօդաչու սարքերի և արհեստական բավականության միջոցով կատարված վերլուծությունը հանգել է նրան, որ տարօրինակ ձայնը, ինչպես արձանագրեց Իրավիճակային նախարարшթյան ոչինչ չասող, բայց անչափ հետաքրքիր հաշվետվությունը, Ձայնը (կներեք մեծատառիս համար), օր-օրի ավելի շատ մարդ է կլանում իր ուղղությամբ, և նման դինամիկայի պարագայում մի քանի օրից Քաղցրաշենից բացի նաև ամբողջ տարածաշրջանը, բառացիորեն, ներքաշված կլինի այս «կլոունադայի» մեջ։ Ի դեպ, ստեղծված իրավիճակին համահունչ մի չնաշխարհիկ լուր. կրկեսի շենքն արդեն պատրաստ է ամբողջական շահագործման համար, այնպես որ՝ ի հայտ եկած նոր իրականությունը միայն ու միայն կնպաստի այս պատմամշակութային կառույցի արդյունավետ ուտիլիզացմանը։

— Դուք այսօր ստիպում եք ինձ ուղղակի հալվել ցնցող նորությունների տաք հորձանում, ցավոք՝ ներքևինները դեռ չեն գիտակցում իրենց շահագործողների մեծահոգության սահմանները, և տրվում են հնչյունաստեղծ փուչիկի անհեռատես «բըլթբըլթոցին»։ Այո՝ մենք ունենք իրար, ա՛մեն օր, բայց հիշեք՝ մենք ունենք նաև ներքևիններին և պետք է հոգալ նրանց համար․․․ Օօօ՜, տե՛ր, խլիր նրանց լսելու ունակությունը, քանզի չեն գիտակցում իմաստը դրա․․․ Շնորհակալ եմ բոլորից, շաաա՜տ շնորհակալ եմ, — քաղաքագլուխը նստեց, ինչը ստիպեց ներկաներին ոտքի կանգնել, — դուք աննկարագրելի եք, շնորհակալություն ձեր նվիրվածության համար․․․ Ջանի՛կ ջան, դու նստիր, դու մի շտապիր․․․ Իսկ մյուսներդ գնացեք, գնացե՛ք և շարունակե՛ք ձեր փորձերը, ջանք մի խնայեք, տրվեք անմնացորդ և ամբողջ հոգով վայելեք տրվելու վեհաշուք գործընթաց։

Բոլորը դուրս եկան սենյակից, իսկ Ջանիկը նստեց քաղաքագլխի կողքի աթոռին։

— Ջանի՛կ ջան, գիտես՝ որքան եմ քեզ վստահում, կարելի է ասել՝ միայն քեզ եմ վստահում ու միայն քո խոսքին եմ հավատում, — Ջանիկն ամեն բառի հետ նորածին եղնիկի պես անհամաչափ շարժվում էր աթոռին նստած։ — Հիմա ինձ հակիրճ պատմիր՝ ինչ է կատարվում ներքևինների հետ․ վերջին օրերին էդ դառնալեզու ձայնը չկա, բայց ներքևինները էլի նույն վիճակում են՝ ոչ ժամանակին գնում են աշխատանքի, ոչ էլ հետևում են «պռատակոլին», իսկ իմ առավոտվա խոսքը ընդհանրապես բանի տեղ չեն դնում։

— Քարո՛ն պաղագլուխ, ներող եղեք, պարո՛ն քաքագլուխ, ճիշտ եք նկատել՝ ձայնը չկա, բայց կարծես թե կա։ Ես նկատել էի՝ ինչ-որ բան այստեղ այն չէր ու հենց այսօր բոլոր կարևոր գործերս թողեցի և իջա ներքնաշեն՝ խառնվելու ներքևինների ամբոխին։ Մարդկանց գործողությունները շատ տարօրինակ էին, կարծես բան չէին անում, ընդամենը քայլում էին, նստում, իրար հետ խոսում, բայց այնքա՜ն խանդավառ էին թվում, այնքա՜ն ոգևորված, կարծես ինչ-որ նոր բան են բացահայտել իրենց համար։ Մեկ-մեկ էլ նկատում էի մարդկանց, որոնք քաղաքի տարբեր անկյուններում կանգնած իրենք իրենց խոսում են։ Լսողությունս լարում էի՝ ոչ մի ձայն չկար, բայց նրանք մեծ ուշադրությամբ ինչ-որ բանի էին հետևում, ինչ-որ բանի էին մասնակցում․․․ Չդիմացա, մոտեցա ու սկսեցի խոսել մարդկանց հետ, ու պարզվեց այն՝ ինչից վախենում էի։ Պարզվում է՝ անհեռատես ձայնը մտել է մարդկանց մեջ․․․ Դրսից՝ ոչ մի ծպտուն, խոր լռությունն է, բայց մարդիկ ներսից լսում են նրան, խոսում հետը, ինչ-որ բաներ քննարկում։ Այսինքն՝ ձայնը չկա, բայց ձայնը կա, պարո՛ն Քաղաքագլխուկ։

— Չեմ հասկանում էդ ձայնի իմաստը, մարդիկ լսում են դրան, բայց ձայնը չկա․․․

— Ախր հենց հետաքրքիրն էլ այդ է, — ոգևորվեց պաշտոնյան և ոտքի կանգնեց՝ հաշվի չառնելով քաղաքագլխի ներկայությունը։ — Դեռ մի կողմ թողնենք այն անբացատրելի փաստը, որ ձայնը չկա, բայց կա, որ մարդիկ արդեն ամեն մեկը, այսպես ասած, իր ներսում անձնական, սեփական ձայնն ունի, որի հետ խոսում է, կատակում, վիճաբանում, ընկերություն անում․․․ Այդ ամենը մի կողմ, — Ջանիկը ձեռքերը մեջքին լայն քայլերով պտտվում էր սեղանի շուրջ, — ամենահետաքրքիրն այն է, որ Ձայնը մարդկանց սովորեցրել է հարցեր հորինել․․․

— Հարցե՜ր․․․ — ինքն իրեն շշնջաց քաղաքագլուխ Շաքարյանը։

— Այո՛, այո՛, հարցեր, տարատեսակ ու բազմաշերտ, հասարակ ու յուրօրինակ, հեշտ ու անսպասելի․․․ Եվ նրանք՝ մարդիկ ու Ձայնը, ամեն օր խոսում ենք միմյանց հետ, հարցեր քննարկում, պատասխաններ ենք փնտրում, կարծես կյանքը նոր գույներ ու իմաստ է ստացել, շարո՛ն Պաքարյան, ուզում ես շուտ քնել, որ շուտ արթնանաս, որպեսզի․․․ ո՛չ, ո՛չ աշխատանքի շտապելու համար, դրա համար զարթուցիչ կա․․․ որպեսզի նոր հարցեր հորինես, նոր հորիզոններ բացահայտես․․․ Սա հրաշք է, չլսված մի հրաշք․․․

— Քաղցրի՛կ, — չդիմացավ քաղաքագլուխը, — Քաղցրի՛կ, ներս արի՛։

Քաղցրիկը ծովամկան արագությամբ ներս մտավ։

— Քաղցրի՛կ, Պատրանքների նախարարին կարճաժամկետ արձակուրդի ուղարկիր մի քանի ամսով, նա չափից շատ է հոգնել այս խաղաղ օրերին։ Իսկ ինձ համար մի թունդ սուրճ բեր։

— Աչքիս վրա, պարո՛ն Շաքարյան։ Իսկ սուրճը՝ դա՞ռը, թե՞ քաղցր։

Քաղաքագլուխը անակնկալի եկած ոտքի կանգնեց և հայացքը Քաղցրիկին գամած՝ քարացավ տեղում՝ տարիների խոնավությունից ժանգոտած Գրիբոյեդովի արձանի նման։ Երակներում հոսող արյան հոսքը զգում էր, ստամոքսի անհանգիստ ճզմումների խուլ ձայնը լսում, ծնկներում լողացող դողից լուռ սարսափում, բայց որևէ շարժում անել չէր կարողանում։ Քաղցրիկը սպասում էր, Ջանիկը՝ ժպտում, իսկ պարոն Շաքարյանը անճար մոլորությունից ուզում էր կռծել եղունգները։ Հավանաբար նա վստահ էր՝ սուրճն ինչպես է նախընտրում, նույնիսկ գիտեր՝ ինչու է այդպես նախընտրում, բայց նրան երբեք այդ տեսակ հարց չէին տվել, նրան, առհասարակ, երբեք հարցեր չէին տվել․․․

Հանկարծ ստամոքսի կծկումներն ուժեղացան, աղիքները դժգոհ գռմռացին, սրտի զարկերը կորցրին համաչափությունը, լույսը խամրեց աչքերում, քրտնքի կաթիլները խոշորացան ճաղատին, սենյակը դանդաղ պտտվեց քառակուսի սեղանի շուրջ և խուլ խորքից խոսեց Ձայնը. «Դառն ուզի, եղբա՛յր, կյանքը չափազանց կարճ է քաղցր սուրճի համար»։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *