Դուն չհասկցար,
թէ մեր տեսակը աստղերու գոյութիւնը աչքերով չէ
որ կը տեսնէ անպայման,
այլ՝ սիրտով կը զգայ,
սիրտի աչքերով կը տեսնէ զանոնք
այնպէս, ինչպէս վկայած են սերունդներու աչքերը:
Վիգեն Հովսեփյան
Ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական և գրող Վիգեն Հովսեփյանի «Աստղերու հաւատքով» խորագրի ներքո հավաքված հեղինակային արձակ բանաստեղծությունները դարձել են համանուն ներկայացման հիմքը՝ վերածվելով ոչ թե պարզապես գրական նյութի բեմական ընթերցման, այլ ինքնուրույն թատերական ստեղծագործության։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանախումբը՝ Նարինե Գրիգորյանի ռեժիսորական ձեռագրին բնորոշ պոետիկ մտածողությամբ, տեքստը փոխակերպում է բեմական լեզվի՝ բացահայտելով նրա ներքին դրամատիզմը, ենթատեքստերն ու հուզական շերտերը։ Ներկայացման բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը ստեղծել է այն տեսողական միջավայրը, որտեղ բանաստեղծական խոսքը ստանում է տարածական արտահայտություն։
«Աստղերու հաւատքով» ներկայացումը գրական տեքստի պարզ մեկնաբանություն չէ։ Պոեզիան դառնում է գործողության հիմք․ բառը ստանում է մարմին, ձայն և տարածություն։ Դերասանի մարմինը, շնչառությունը, ձայնային ռիթմը, լռությունը, երաժշտական լուծումները և բեմական միջավայրը միավորվում են՝ ստեղծելով բանաստեղծական աշխարհի տեսանելի ու զգայական արտահայտությունը։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ ժամանակակից թատրոնում պոեզիան կարող է դառնալ ոչ միայն պարզապես խոսք, այլև բեմական մտածողության և գործողության աղբյուր։ Առանձնահատուկ նշանակություն ունի արևմտահայերենի ներկայությունը բեմում․ լեզվի հնչերանգը, երաժշտականությունն ու պատմական հիշողությունը դառնում են ներկայացման արտահայտչական կարևոր միջոց։
Դերասաններ Տաթևիկ Ղազարյանի, Նարեկ Բաղդասարյանի, Միլենա Ղազարյանի, Հարություն Սարգսյանի և Անդրանիկ Միքայելյանի միջոցով հեղինակի արձակ բանաստեղծությունները վերածվում են ամբողջական բեմական պատումի՝ բացելով մարդու ներաշխարհի, հայրենիքի հանդեպ կապի, ազգային ինքնության, սիրո և հավատի թեմաները։ Այստեղ ժամանակակից մարդն է՝ իր խոցելիությամբ ու ուժով, կասկածներով ու պատասխանատվությամբ, որը կյանքի փորձությունների առաջ շարունակում է փնտրել լույսը և պահպանել իր ներքին հենարանը։
Ռեժիսորական մտածված շեշտադրումների շնորհիվ առանձին բանաստեղծական հատվածները միավորվում են ընդհանուր դրամատուրգիական տրամաբանության մեջ։ Ներկայացման ներքին շարժումը կառուցվում է հիշողության և սպասման, կորստի և հույսի, հավատքի և կասկածի հակադրությունների վրա։ Պրոյեկցիոն լուծումները ևս կարևոր դեր ունեն․ բեմի վրա արտապատկերվող բառերն ու պատկերները նյութականացնում են բանաստեղծական խոսքը՝ այն դարձնելով տեսանելի և տարածական։ Այստեղ գործողությունը զարգանում է ոչ այնքան արտաքին իրադարձությունների, որքան մարդու ներքին պայքարի միջոցով։
Վիգեն Հովսեփյանի պոեզիայում քաղաքը շարժվող և փոփոխվող կերպար է։ Հեղինակի ճանապարհորդությունը Լիբանանի, Երևանի և ներքին աշխարհի միջև աշխարհագրական չէ, այլ հոգևոր անցում է։ Քաղաքները դառնում են ինքնության ու հիշողության հանգրվաններ, որտեղ անհատական կենսափորձը միահյուսվում է ժողովրդի պատմական ճակատագրին։ Այդ պատճառով «քաղաքը» նրա ստեղծագործության մեջ պարզապես բնակավայր չէ, այլ մարդու հոգևոր գոյության տարածք։
Ես եմ այս քաղաքը.
այստեղ թաղուած է մանկութիւնս՝
վայրկեաններ, որոնք հիմա արդէն զիս կ՛ուրանան,
ուր ամէն մէկ փողոցի ամէն մէկ պատշգամին վրայ,
խնճոյք մը կայ բեմադրուած,
ամէն մէկ լոյսի ամէն մէկ աղօտ փայլքին մէջ,
սիրահարութիւն մը կայ շատոնց վիժած,
ուր ամէն մէկ աղջկայ ժպիտին խորքը,
գաղտնիք մը կայ արդէն դաւաճանուած,
ամէն մէկ ծերունիի աչքերուն յատակը,
արցունքի ծովեր կան անյոյս չորցած,
ամէն բանուորի քրտինքի կաթիլին մէջ,
վիշտեր ու կորուստներ կան ալեկոծող,
եւ կան բոյրեր, կան յուշեր,
կան նաեւ բոյրերու յուշեր։
(Հատված Վ․ Հովսեփյանի «Ես / Այս Քաղաքը» բանաստեղծությունից)
«Ես եմ այս քաղաքը» տողը բանաստեղծության առանցքային նույնացման բանաձևն է․ լիրիկական «ես»-ը ոչ թե ապրում է քաղաքի մեջ, այլ ինքն է դառնում քաղաքը։ Այս ինքնանույնացումը վերացնում է մարդու և տարածության սահմանը․ քաղաքը վերածվում է անհատի կենսագրության, իսկ անհատը՝ հավաքական պատմության կրողի։
«Աստղերու հաւատքով» ներկայացումը փաստում է, որ պոեզիան բեմում կարող է դառնալ ոչ միայն հիշողության կրող, այլև ապրելու ձև։ Այն պահպանում է անցյալի ձայները, վերադարձնում դրանք ներկա և հիշեցնում, որ իրական ու լուսավոր աստղերը տեսանելի են նրանց համար, ովքեր շարունակում են հավատալ ու ապրել․․․
