«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորե՛ք նրանից»։
Կոմիտաս Վարդապետ
Կոմիտասի մասին ներկայացման լեզվով պատմելը դյուրին խնդիր չէ․ նրա կերպարը վաղուց դուրս է եկել միայն կենսագրական սահմաններից և դարձել ազգային հիշողության մաս։ Ռեժիսոր Մարիկա Դովլաթբեկյանի «Կոմիտասը» ներկայացումը հետաքրքիր է հենց այն պատճառով, որ չի փորձում վերարտադրել արդեն ձևավորված պատկերացումը։ Այն փնտրում է ոչ թե հուշարձանային Կոմիտասին, այլ այն մարդուն, որը լսում էր աշխարհի ամենափոքր ձայները և դրանց մեջ հայտնաբերում երաժշտություն։
Մարիկա Դովլաթբեկյանի բեմադրական լուծումը հիմնված է տիկնիկային թատրոնի հնարավորությունների և ժամանակակից բեմական լեզվի համադրության վրա։ Ռեժիսորի համար Կոմիտասի պատմությունը հենց այս ձևաչափում էր հնարավոր բացահայտել։ Բեմադրության առանձնահատկություններից մեկն այն է, որ հանդիսատեսը տեսնում է ոչ միայն վերջնական պատկերը, այլև դրա ստեղծվելու ընթացքը։ Դերասանների աշխատանքը դառնում է ներկայացման տեսանելի մասը։
Ներկայացման գեղարվեստական կառուցվածքի հիմքում բազմաշերտությունն է։ Բեմում միաժամանակ գործում են տիկնիկավար-դերասանները, կենդանի երաժշտությունը, ձայնային միջավայրը, տեսախցիկի միջոցով ստեղծվող խոշոր պլանները։ Այս տարբեր շերտերն էլ ստեղծում են միասնական տարածք, որտեղ յուրաքանչյուր արտահայտչամիջոց ունի իր դրամատուրգիական նշանակությունը։
Տեսախցիկի կիրառումը հատկապես հետաքրքիր լուծում է․ այն փոխում է հանդիսատեսի դիտման դիրքը՝ հնարավորություն տալով տեսնել այն մանրամասները, որոնք կարող են վրիպել։ Խոշոր պլանն այստեղ պարզապես տեսողական հնարք չէ, այլ դիտման նոր եղանակ․ այն ուշադրությունը տեղափոխում է փոքրիկ շարժման, առարկայի կամ դեմքի արտահայտության վրա՝ հիշեցնելով Կոմիտասի սեփական դիտողականությունը՝ նկատելու փոքրիկը և բացահայտելու մեծը։
Ներկայացման Կոմիտասը նախ և առաջ մարդ է՝ իր զգայունությամբ, հումորով, հետաքրքրասիրությամբ և կենսասիրությամբ։ Բեմադրությունը փորձում է վերադարձնել այն Կոմիտասին, որը կենդանի շփման մեջ է աշխարհի հետ, որը լսում է բնության ձայները, կենցաղային հնչյունները, մարդկանց խոսքը և այդ ամենի մեջ գտնում երաժշտական նախադրյալներ։ Այս սկզբունքը հատկապես տեսանելի է ներկայացման այն դրվագներում, որտեղ ստեղծագործական ներշնչումը ծնվում է սովորական կյանքի ընթացքից։ Կոմիտասը ոչ թե հեռանում է աշխարհից, այլ հակառակը՝ խորապես ներգրավված է նրա ամենափոքր դրսևորումների մեջ։ Մարդկային հարաբերությունները, կենցաղային իրավիճակները, պատահական թվացող հանդիպումները բեմում վերածվում են այն նյութի, որից ծնվում է երաժշտությունը։
Կոմիտասյան մտածողության հետ համահունչ՝ այստեղ երաժշտությունը ծնվում է ամենատարբեր աղբյուրներից՝ առարկաներից, շարժումներից, շրջակա միջավայրի ձայներից։ Ներկայացման հենց սկզբից կենցաղային հնչյունները՝ քայլերը, դռան շարժումը, միջավայրի ձայները, դառնում են բեմական գործողության մաս։ Սովորական ձայնը կորցնում է իր առօրյա բնույթը և վերածվում պատմության մասնակցի։
Կոմիտասի և երկու կաքավների պատմությունը ևս ներկայացման մեջ ստանում է ոչ միայն սյուժետային, այլև խորհրդանշական նշանակություն։ Կենցաղային թվացող այս դրվագն աստիճանաբար բացահայտում է կերպարի ներքին աշխարհը։ Վանդակի մեջ փակված թռչունների ճակատագիրն ու Կոմիտասի մարդասիրական բնույթն առերեսվում են։ Նրա ընտրությունը՝ ազատ արձակել կենդանի էակներին, բացահայտում է այն նուրբ հոգևոր աշխարհը, որտեղ կարեկցանքը վեր է ամեն ինչից։
Ներկայացման ամենապոետիկ տեսարաններից մեկը կաքավների հետ Կոմիտասի ճախրանքն է։ Այստեղ բեմական պայմանականությունը վերածվում է կերպարի ներքին վիճակի արտահայտության։ Թռչունների ազատությունը դառնում է նաև Կոմիտասի հոգևոր ազատության խորհրդանիշը։ Երաժշտությունը, շարժումը և բեմանկարչական լուծումները միավորվում են՝ ստեղծելով մի տարածք, որտեղ իրականությունն ու հիշողությունը միահյուսվում են։
Դերասանական աշխատանքն այս պայմաններում պահանջում է մի քանի հմտությունների միաժամանակյա կիրառում։ Դերասանները ոչ միայն վարում են տիկնիկները, այլև ստեղծում ձայնային միջավայր, կառուցում գործողության ռիթմը և մասնակցում ներկայացման ընդհանուր երաժշտական հյուսվածքին։ Բեմադրության դերասանական կազմում են Մարիամ Ալեքյանը, Շուշաննա Ալիխանյանը, Գևորգ Մարգարյանը և Մուշեղ Բաբայանը, որը հանդես է գալիս նաև որպես բեմանկարիչ և մարմնավորում է Կոմիտասի կերպարը։ Երաժշտական ձևավորումն իրականացրել է Սևադա Համբարչյանը, իսկ տեսապատկերների ձևավորումն ու տեսախցիկի աշխատանքը՝ Նարեկ Սահակյանը։
Դերասան Գևորգ Մարգարյանի աշխատանքն առանձնահատուկ տեղ ունի ներկայացման կառուցվածքում։ Նա միաժամանակ հանդես է գալիս որպես դերասան-տիկնիկավար, ձայնային միջավայր ստեղծող և բեմական գործողության ակտիվ մասնակից։ Նրա ստեղծած ձայնային աշխարհը ոչ միայն ձևավորում է ներկայացման մթնոլորտը, այլև դառնում է բեմական գործողության կարևոր բաղադրիչը։ Ձայնի, շարժման և պլաստիկական մանր լուծումների միջոցով նա կարողանում է ստեղծել տարբեր բեմական իրականություններ՝ յուրաքանչյուր դրվագի հաղորդելով արտահայտչական նշանակություն։ Հատկանշական է, որ Գևորգ Մարգարյանի կատարողական վարպետությունը յուրաքանչյուր նոր աշխատանքում առավել ամբողջական է դառնում․ ներկայացումից ներկայացում նա կատարելագործում է իր դերասանական գործիքակազմը, բացահայտում նոր հնարավորություններ և իր խաղով հաստատում մասնագիտական աճի շարունակական ընթացքը։
Այնուամենայնիվ, ներկայացման ամենամեծ ուժը՝ պատկերային և զգայական լեզուն, որոշ հատվածներում նաև բացահայտում է դրա դրամատուրգիական դժվարությունը։ Առանձին տեսարաններ հաճախ ունեն ինքնուրույն գեղարվեստական ուժ, սակայն միշտ չէ, որ դրանք ամբողջությամբ միավորվում են միասնական ներքին զարգացման մեջ։ Երբեմն զգայական տպավորությունը գերակայում է գործողության դրամատիկական ընթացքին, և ներկայացումը փոքր-ինչ թուլանում է։
Սակայն Մարիկա Դովլաթբեկյանի «Կոմիտասը» թատերական փորձ է՝ հասկանալու ստեղծագործողի հայացքը։ Այն պատմություն է ոչ միայն մեծ երաժշտի մասին, այլև այն մարդու, որը կարողանում էր լսել աշխարհը։ Այստեղ Կոմիտասի ներկայությունը շարունակում է ապրել յուրաքանչյուր ձայնի, շարժման և փոքրիկ դրվագի գեղեցկության մեջ։
