2018 թվականի դեկտեմբերյան մի օր Դուբլինի Սուրբ Պատրիկի տաճարի կամարակապ, գոթական ինտերյերում Ռոզի Հենիգանը նկատեց, որ իր ամուսինը՝ Դեյվիդ Քեննին, հիացած է մի հուշատախտակով։ Քեննին և Հենիգանը սրամիտ ու հմայիչ իռլանդացի զույգ են։ Քեննին Թրինիթի քոլեջի իրավագիտության պրոֆեսոր է, իսկ Հենիգանը՝ վիպասանուհի։ Նրանց զրույցները հաճախ վերածվում են ընկերական բանավեճի։
Հենիգանն առաջարկել էր այցելել տաճար, քանի որ նա ուզում էր ավելին իմանալ տաճարում գտնվող, Թուդորյան ժամանակաշրջանին պատկանող, այսպես կոչված «Հաշտության դուռ» արտեֆակտի մասին, որի թեմայով գիրք էր ուսումնասիրում։ Սակայն Քեննիի ուշադրությունը գրավեց ավելի նոր հուշարձան։ Հարավային դռան մոտ նա հայացքը վեր բարձրացրեց դեպի մարմարե հուշատախտակը, որի վրա գրված էր Ջոնաթան Սվիֆթի տապանագիրը։ Սվիֆթը՝ աննկուն վիպասան, բանաստեղծ, երգիծաբան և Սուրբ Պատրիկի տաճարի նախկին դեկան, մահացել է 1745 թվականին և թաղված է տաճարի հատակի տակ։

Հուշարձանի գրությունը լատիներեն էր, Սվիֆթն ինքն էր պատվիրել գրել այդպես իր կտակում։ Թարգմանությունները տարբեր են, սակայն ամենաընդունվածը հրատարակվել է 1933 թվականին՝ Ուիլյամ Բաթլեր Յեյթսի կողմից, որը համարում էր Սվիֆթի տապանագիրը «պատմության մեծագույն տապանագիրը»․
Swift has sailed into his rest;
Savage indignation there
Cannot lacerate his Breast.
Imitate him if you dare,
World-Besotted Traveller; he
Served human liberty.1
Քեննին կարողանում էր լատիներեն կարդալ և գիտեր, որ Յեյթսը որոշակի ազատություններ էր ինքն իրեն թույլ տվել։ Լեո Դամրոշը, որը 2013 թվականին հրատարակել է «Ջոնաթան Սվիֆթ․ կյանքը և գործը» գիրքը, մատուցել էր պակաս վերամբարձ թարգմանություն․
Here is deposited the body
of Jonathan Swift S.T.D. [Sacrae Theologiae Doctor]
of this Cathedral church
the Dean
where savage indignation
can no longer
lacerate his heart.
Go, traveler,
and imitate, if you can,
a valiant champion
of manly freedom2
Քեննին Սվիֆթով հիանում էր սկսած այն ժամանակվանից, երբ որպես աշակերտ ծանոթացրել էր «Համեստ առաջարկ» ստեղծագործությանը` դեկանի դառը, ոչնչացնող երգիծանքը սոցիալական շերտերի հարաբերության մասին Իռլանդիայում։(Սվիֆթը առաջարկում էր, որ երկրում աղքտության մեջ մեծացող երեխաների թիվը քչացնելու համար հարուստները ուտեն նրանց․ նա նշում է, որ երեխաները համեղ են՝ «լինեն շոգեխաշած, տապակած, ջեռոցում պատրաստված թե խաշած»։)
Քեննին նախկինում էլ էր կարդացել Սվիֆթի տապանագիրը, սակայն այդ մռայլ կեսօրին տողերը գրավեցին նրան նորովի։
«Ինձ մոտ ամենաուժեղ զգացողությունն առաջացավ, որ այստեղ ինչ-որ բան կա, որը ես այնքան էլ չէի կարողանում հասկանալ, և որը Յեյթսի թարգմանության մեջ արտացոլված չէր,-ասել է Քեննին հոդվածի հեղինակին։-Տաճարում ներկայացված մեկնողական նյութերը չէին հուշում որևէ այլ մեկնաբանության հնարավորության մասին։ Յեյթսի վերամբարձ մեկնաբանությունն ակնհայտորեն ընդունված տեսակետն էր։ Բայց իմ ականջին այն ներդաշնակ չհնչեց։․․․ Սվիֆթն ինձ երբեք պարծենկոտ չէր թվացել։ Ինչ-որ բան այն չէր»։։
Քեննիի համար խնդիրը հատկապես հետաքրքիր էր, որովհետև Սվիֆթի գրեթե յուրաքանչյուր տողում սրամտություն ու երկիմաստություն էր տեսնում։ 1953 թվականին քննադատ Մորիս Ջոնսոնը գրել էր, որ Սվիֆթի տապանագրում «ոչ մի կատակ չկա» և այն «ցուցադրաբար լուրջ է»։ Քեննին չէր հավատում դրան։ Սվիֆթը հերոսական ոճով հազվադեպ էր գրում, բացառությամբ այն դեպքերի, երբ հենց այդ ոճն էր ծաղրում։Ինչպես ինքն էր ասում «Նամակ մի տիկնոջ» երգիծական պոեմում․ «Քո և իմ իսկ շահի համար / Ես հրաժարվում եմ վեհ ոճից»։
Քեննին կարծում էր, որ կա մի տեքստ, որը հատկապես կարևոր է տապանագրի ճշմարիտ իմաստը բացահայտելու իր որոնումների համար։ 1732 թվականին Սվիֆթն ավարտեց «Տողեր դոկտոր Սվիֆթի մահվան առթիվ, Դ․Ս․Պ․Դ․» վերնագրով մի պոեմ՝ իր մահվանն ընդառաջ։ Պոեմում նկարագրվում է, թե ինչպես Սվիֆթին մոռանալու են նրա ընկերներն ու ընթերցող հասարակությունը։ Վերջին տողերում կան մի շարք աղաղակող պնդումներ, որոնցից ամենաուշագրավներից մեկն այն է, որ Սվիֆթի դաժան երգիծանքը երբեք դաժան չի եղել․ «Սակայն չարությունը երբեք նրա նպատակը չէր․ / Նա մտրակում էր արատը, բայց խնայում էր անունը․ / Ոչ մի անհատ չէր կարող վիրավորվել, / Քանի որ խոսքը հավասարապես հազարավորների մասին էր»։
«Տողեր դոկտոր Սվիֆթի մահվան առթիվ» ստեղծագործությունը Սվիֆթի կենդանության օրոք, ինչպես նաև դրանից հետո՝ դարեր շարունակ, լայնորեն սխալ է ընկալվել։ Սվիֆթի ընկերներից Ալեքսանդր Փոփը վերջին տները մերժում էր՝ դրանք համարելով «չափազանց սնապարծ» և «ոչ ճշմարիտ»։ Սակայն, ինչպես հետագայում նշել են մի շարք գիտնականներ, Փոփը սխալ էր հասկացել Սվիֆթին։ Այս հատվածներում Սվիֆթը հեգնում էր՝ ծաղրելով ինքն իրեն և առհասարակ սնապարծության բոլոր դրսևորումները։ (Այն պնդումը, թե նա «մտրակում էր արատը, բայց խնայում էր անունը», հերքվում է հենց նույն պոեմի ավելի վաղ հատվածում իրենց անուններով անխնա հարձակման ենթարկված թշնամիների երկար ցուցակով։) Այլ կերպ ասած՝ այդ պարծենկոտ պնդումները Սվիֆթի կատակն էին՝ ուղղված թե՛ ինքն իրեն, թե՛ ընդհանրապես հիշատակի ու հետմահու փառքի գործին։ Քեննին մտածեց՝ արդյո՞ք նույն թյուրիմացությունն էր պատահել «պատմության մեծագույն տապանագրի» հետ։
Նա սկսեց ուսումնասիրել տապանագրերը, Սվիֆթի կենսագրությունները, նամակագրությունը և երկրորդական գրականությունը։ Նրա նպատակը սկզբում նույնիսկ այն չէր, թե կոնկրետ ինչ էր նկատի ունեցել Սվիֆթը, այլ համոզվելը, որ նա իսկապես ինչ-որ այլ բան էր նկատի ունեցել։
Այսպես տարիներ շարունակ շարունակվեց Քեննիի որոնումը, որի ընթացքում նա ընկղմվում էր մի քանի «հրաշալի շեղումների» մեջ, որոնք օգնում էին նրան ավելի խորությամբ հասկանալ Սվիֆթին։ Օրինակ՝ դեկանը տաճարում ևս մեկ տապանագիր էր գրել՝ Շոմբերգի դուքսի համար, որը 1690 թվականին զոհվել էր Բոյնի ճակատամարտում։ Դրանում Սվիֆթը հաշիվներ էր մաքրում Շոմբերգի հարազատների հետ, որոնք անտեսել էին իր խնդրանքները՝ դքսի հիշատակին հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ։ «Օտարների շրջանում նրա առաքինության համբավն ավելի ամուր էր, քան արյունակցական կապերը»,- ասվում էր այնտեղ։ Սվիֆթը նույնիսկ վճարել էր, որպեսզի տեքստը հրապարակվեր լոնդոնյան թերթերում, որպեսզի Շոմբերգի ժլատ հարազատները տեսնեին այն։
Շոմբերգի տապանագիրը Քեննիին մի բան սովորեցրեց․ Սվիֆթը չէր վախենում մարմարը որպես իր միտքն արտահայտելու միջոց օգտագործել։ Սակայն միայն 2025 թվականի մարտին Քեննիի համար պարզ դարձավ, թե որն էր այդ միտքը։ Նա գրավաճառից երեսունհինգ եվրոյով գնեց Սվիֆթի երկար ու մանրամասն կտակի հազվագյուտ հրատարակության երկրորդ ձեռագործ օրինակը։ Նախկինում մի քանի անգամ կարդացել էր կտակը համացանցում, սակայն թղթային օրինակը ստիպեց նրան այն այլ կերպ կարդալ։
Մի երեկո Քեննին կտակը տարավ ննջասենյակ՝ Հենիգանին ցույց տալու մի բան, որը զվարճացրել էր իրեն։ Սվիֆթը չարաճճիությամբ ընկերներին էր կտակել իր առաջին, երկրորդ և երրորդ ամենալավ «կուղբի մորթուց գլխարկները»՝ նրանց հնարավորություն տալով իր մահից հետո վիճել, թե ինչ հերթականությամբ էր դասակարգել այդ գլխարկները։ Մեկ այլ մանրուք նույնպես աչքի ընկավ․ «Ցանկանում եմ, որ իմ մարմինը թաղվի Սուրբ Պատրիկի տաճարի Մեծ կղզում՝ հարավային կողմում, Պրիմատ Նարսիսուս Մարշի հուշարձանի կողքի սյան տակ, մահվանիցս երեք օր անց, հնարավորինս գաղտնի կերպով և գիշերվա ժամը տասներկուսին։ Եվ ցանկանում եմ, որ պատին ամրացվի գետնից յոթ ոտնաչափ բարձրության վրա քառակուսի չափերով սև մարմարե սալ, որի վրա հետևյալ մակագրությունը մեծատառերով, փորագրությամբ և առատորեն ոսկեզօծված տառերով գրված լինի»։
Նարսիսուս Մարշը… Դա ասես որոտի հարված լիներ։ Քեննին գիտեր, որ Սվիֆթը ատում էր Մարշին։ Մարշը Սվիֆթի ժամանակներում Թրինիթի քոլեջի պրովոստն էր, իսկ հետագայում հասել էր Իռլանդիայի պրիմատի՝ այսինքն՝ երկրի գլխավոր հոգևորականի պաշտոնին։ Սվիֆթը նրան համարում էր քիչ սրամտություն և սահմանափակ ընդունակություններ ունեցող մարդ, որը ձախողումներից հետո էլ շարունակում էր պաշտոնի բարձրացում ունենալ։ Մոտավորապես 1710 թվականին գրված՝ պրիմատ Մարշին նվիրված մի նկարագրության մեջ Սվիֆթը անդրադառնում է իր թշնամու տհաճ մարմնական հոտին ու ընկերների բացակայությանը և նշում, որ նա «մարդկային ցեղի առաջին ներկայացուցիչն է, որը, ունենալով կրթության, բարեպաշտության և դիրքի մեծ առավելություններ, երբեք չի դարձել մեծ մարդ»։ Սվիֆթն իր հարձակումը եզրափակում է․ «Նրա մահվանից ոչ ոք ո՛չ ուրախ կլինի, ո՛չ էլ կտխրի, բացառություն կլինի պաշտոնում նրան հաջորդողը»։
Այդ դեպքում ինչո՞ւ էր Սվիֆթը ցանկանում, որ իր տապանագիրը տեղադրվեր հենց Մարշի հուշարձանի կողքին։
Մարշի հուշարձանը հսկայական սպիտակ մարմարե սալ էր՝ մոտ վաթսուն տող լատիներեն գրությամբ, որտեղ թվարկվում էին նրա ձեռքբերումներն ու առաքինությունները։ Սվիֆթի կտակը գրվել էր այն բանից հետո, երբ Մարշի այդ ինքնագովազդային հուշարձանը արդեն զբաղեցրել էր իր տեղը տաճարում։ Եվ Սվիֆթը հատուկ նշել էր, որ իր մակագրությունը պետք է լինի սև մարմարի վրա՝ «խորությամբ փորագրված»։
Քեննիի համար պատկերը սկսեց ամբողջանալ։ Սվիֆթը, կարծես, ցանկանում էր իր մահից հետո էլ ծաղրել Մարշի սնափառությունը՝ նրա հսկայական, ինքնագովեստով լի հուշարձանի կողքին տեղադրելով սեփական սուր, կարճ ու երկիմաստ տապանագիրը։ Դա կարող էր լինել նրա վերջին երգիծանքը։
Սակայն մի խնդիր կար․ այսօր երկու հուշարձանները միմյանցից մոտ հիսուն յարդ հեռու են։ Քեննին սկսեց ուսումնասիրել տաճարի պատմությունը և հայտնաբերեց, որ XIX դարում տաճարը վերականգնվել էր։ 1860-ականներին Բենջամին Գինեսը մեծ գումար էր հատկացրել դրա վերականգնման համար։ Հնարավո՞ր էր, որ այդ ընթացքում հուշարձաններից մեկը տեղափոխված լիներ։
Վերջապես նա գտավ 1777 թվականի մի ճանապարհորդական գրքում պահպանված ժամանակակից նկարագրություն։ Այնտեղ գրված էր, որ Մարշի հուշարձանի դիմաց գտնվում էր Սվիֆթի տապանագիրը, «որը շատ խոսուն կերպով արտահայտում է այն մտածելակերպը, որ ձևավորվել էր նրա անձնական հիասթափությունների և իր երկրի նկատմամբ գործադրվող ճնշումների արդյունքում։ Այն ավարտվում է հետևյալ խոսքերով․ «ubi saeva indignatio cor ulterius lacerare nequit»3։
Այսինքն՝ դրանք իսկապես ժամանակին կողք կողքի էին, ինչպես Սվիֆթն էր պահանջել։ Տաճարի վերականգնումից հետո այդ դասավորությունը փոխվել էր, և Սվիֆթի վերջին կատակը մասամբ կորել էր։
Քեննիի տեսությունը, սակայն, դեռ պետք էր ստուգել Սվիֆթի մասնագետների միջոցով։ Ջոն Սթաբսը՝ Սվիֆթի վերջին տարիների կարևոր կենսագիրներից մեկը, ասաց, որ այդ գաղափարը «լիովին համապատասխանում է նրա բնավորությանը»։ Նա հիշեցրեց, որ Սվիֆթը անուղղելի կատակասեր էր և սիրում էր խեղկատակություններ ու գործնական կատակներ։ Միևնույն ժամանակ Սթաբսը նշեց, որ տապանագիրը կարելի է հասկանալ նաև ուղիղ իմաստով՝ առանց թաքնված կատակի։
Վերջնական կարծիքը Քեննին ստացավ Լեո Դամրոշից՝ Սվիֆթի հեղինակավոր կենսագրության հեղինակից։ Դամրոշը լսեց ամբողջ պատմությունը, ապա ասաց, որ եթե այդ մասին իմանար, իր գրքում անպայման կներառեր այն։ Նրա կարծիքով՝ տեսությունը «լիովին համոզիչ» էր և «ճիշտ այն, ինչ Սվիֆթը կաներ»՝ նույնիսկ գերեզմանից հետապնդել իր հին թշնամուն։
Դամրոշը նաև նկատեց, որ Սվիֆթի մասին երբեմն ամենաբացահայտող ուսումնասիրությունները կատարել են ոչ թե ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները, այլ ոգևորված սիրողական հետազոտողները։ Նրանք Սվիֆթին ոչ թե պատվանդանի վրա դրված մեծ գրող էին տեսնում, այլ մարդու՝ իր վիրավորանքներով, թշնամիներով, սնափառությամբ և անսպառ հումորով։
Քեննին դեռ չի ավարտել Սվիֆթի շուրջ իր որոնումները։ Մնացել են այլ հետքեր՝ Ջոն Դրայդենի և Յուվենալի հետ կապված հղումներ։ Բայց առայժմ նա դադարեցրել է ուսումնասիրությունը։
«Չգիտեմ՝ երբևէ կդադարե՞մ մտածել Սվիֆթի մասին», — ասում է նա։
Հավանաբար հենց սա է Սվիֆթի ուժի ամենահետաքրքիր ապացույցը․ գրեթե երեք դար անց նրա վերջին կատակներից մեկը դեռ ստիպում է մարդկանց կարդալ, փնտրել, կասկածել և նորից վերադառնալ նրա տեքստերին։
Էդ Սիզարի հոդվածը անգլերենից թարգմանեց, կրճատեց եւ պատրաստեց հրապարակման Մուշեղ Գագիկ Համբարձումյանը
- ՍՎԻՖԹՆ իր հանգիստն է գտել վերջապես,
Կատաղի ցասումն այնտեղ, հեռվում,
Չի կրծի նրա կուրծքը էլ երբեք։
Թե հանդուգն ես դու, նմանվի՛ր նրան,
Աշխարհից արբած ճամփորդ, քանզի նա
Ծառայեց մարդկանց ազատությանը։
Թարգմ․ Խաչիկ Գարենցի
↩︎ - Այստեղ ամփոփված է մարմինը
ՋՈՆԱԹԱՆ ՍՎԻՖԹԻ, աստվածաբանության դոկտորի,
Այս մայր տաճարի ավագ երեցի,
Որտեղ դաժան վրդովմունքն
Այլևս չի կարող հոշոտել նրա սիրտը:
Գնա՛, ճամփորդ,
Եվ նմանվի՛ր, եթե կարող ես,
Ազատության այս տոկուն ու խիզախ պաշտպանին:
↩︎ - «Որտեղ դաժան վրդովմունքն այլևս չի կարող հոշոտել սիրտը» ↩︎
