Տարիներ առաջ՝ 2008 թվականին, բեմադրիչ Նարինե Մալյանը Վիլյամ Սարոյանի հինգ պատմվածքները՝ «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին», «Հանճարը», «Բիթլիս», «Խեղճուկրակ արաբը», «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծել, պոկել էր կրկեսի վագրը», ինչպես նաև «Պինգ-պոնգ խաղացողները» պիեսը, միավորելով մեկ բեմական ամբողջության մեջ, ստեղծեց «Պատմություններ գնացքում» ներկայացումը։ Սարոյանի տարբեր ժամանակներում գրված ստեղծագործությունները բեմադրիչը համախմբել է մեկ գաղափարական առանցքի շուրջ՝ ձևավորելով ինքնատիպ, ոճապես ամբողջական և բազմաշերտ բեմական ստեղծագործություն։
Ներկայացման բեմանկարչական լուծումն արդեն իսկ բացահայտում է բեմադրության գաղափարական հենքը։ Բեմը բաժանված է երկու հատվածի. միջնավարագույրից առաջ գրեթե դատարկ տարածությունն է, իսկ վարագույրից այն կողմ տեղադրված են գնացքի վագոն հիշեցնող երեք հատվածներ, որոնք մարմնավորում են գնացքի ներքին աշխարհը։ Այս լուծումը ոչ միայն ստեղծում է գործողության միջավայրը, այլև վերածվում է ներկայացման գլխավոր փոխաբերության։ Մալյանի համար գնացքը միայն ճանապարհորդության միջոց չէ. այն կյանքի խորհրդանիշն է, որտեղ յուրաքանչյուր հերոս իր անհատական ճամփորդությունն է իրականացնում՝ միաժամանակ գտնվելով մյուսների կողքին։ Սարոյանական կերպարները նույն գնացքում են, սակայն նրանցից յուրաքանչյուրը շարժվում է սեփական կյանքի ուղեգծով։
Ներկայացումը սկսվում է Պապի (Արա Սարգսյան) և Թոռան (Սամվել Թոփալյան) երկխոսությամբ։ Կյանքի երկար ճանապարհ անցած պապը փորձում է իր փորձառությունն ու խրատները փոխանցել նոր կյանք մտնող երիտասարդին։ Այս դրվագը ոչ միայն բացում է ներկայացումը, այլև նախանշում դրա գաղափարական առանցքը՝ սերունդների միջև փորձի փոխանցման և այդ փոխանցման անհնարինության թեման։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ պապի խորհուրդները մնում են պարզապես խորհուրդներ. թոռը, ինչպես հաճախ լինում է երիտասարդների դեպքում, ընտրում է սեփական ճանապարհը։ Խրատական այս նախերգանքից հետո բացվում է ճերմակ միջնավարագույրը, և երիտասարդը մուտք է գործում գնացք, որտեղ նրան սպասում են սարոյանական հերոսները՝ իրենց պատմություններով, ճակատագրերով և մարդկային ապրումներով։ Այստեղից սկսվում է ներկայացման բազմաձայն ընթացքը, որի ընթացքում առանձին պատմությունները միահյուսվում են մեկ ամբողջական բեմական հյուսվածքի մեջ։
Նարինե Մալյանը, հավատարիմ մնալով իր ստեղծագործական ձեռագրին, ներկայացման կառուցվածքում լայնորեն օգտագործում է էտյուդային մտածողություն, կինեմատոգրաֆիկ մոնտաժի սկզբունքներ, մուլտիպլիկացիոն պատկերային լուծումներ և նուրբ գրոտեսկ։ Այս միջոցներով նա երբեմն սրում է իրականությունը, երբեմն՝ պայմանականացնում այն՝ անընդհատ փոփոխելով կերպարների վարքագծի արտահայտչականությունը։ Փոքր բեմական տարածության մեջ ընթացող «գնացքը» դառնում է շարժվող միկրոտիեզերք, որտեղ հավաքված են տարբեր բնավորությունների, ճակատագրերի ու աշխարհայացքների մարդիկ, որոնց միավորում է ոչ թե արտաքին նմանությունը, այլ ներքին ներդաշնակությունը։ Պատմությունների միջև կապող օղակ է դառնում Արամի կերպարը (Սամվել Թոփալյան), որն իր պատանեկան անմիջականությամբ, կենսասիրությամբ և անկեղծ հուզականությամբ միավորում է ներկայացման տարբեր դրվագները՝ ստեղծելով ամբողջական դրամատուրգիական ընթացք։
Բեմադրության պատկերային ամբողջականության ձևավորման գործում կարևոր դեր ունի Արմինե Գևորգյանի բեմանկարչական և զգեստային լուծումը։ Նրա ստեղծած գեղարվեստական միջավայրը ներդաշնակորեն լրացնում է Մալյանի կինեմատոգրաֆիկ և մուլտիպլիկացիոն երևակայությունը՝ ստեղծելով պայմանական, բայց միաժամանակ կենդանի և արտահայտիչ բեմական իրականություն։
Դերասանական անսամբլը ներկայացման ամենաուժեղ բաղադրիչներից է։ Քրիստինե Հովակիմյանը, մարմնավորելով երիտասարդ հմայիչ կնոջ և Միսս Գեմմայի կերպարները, բնականորեն ներառվում է ներկայացման պայմանական աշխարհում՝ պահպանելով կերպարների մարդկային ջերմությունն ու հմայքը։ Հայկ Սարգսյանը ներկայացման ընթացքում մարմնավորում է մի քանի տարբեր կերպարներ՝ Զոհրապին, Վարսավիրին և Խոսրով քեռուն։ Դրանցից առավել տպավորիչն, անկասկած, Խոսրով քեռու կերպարն է։ Թեև դերակատարի տարիքն առաջին հայացքից լիովին չի համապատասխանում կերպարին, դերասանի խաղի շնորհիվ այդ անհամապատասխանությունն աստիճանաբար վերանում է։ Նրա մարմնավորած Խոսրովը ձեռք է բերում բնորոշ սարոյանական դիմագիծ՝ ճակատին թափված մազափունջը, կախ ընկած շրթունքը, շղթայով ժամացույցը, դուրս ցցված փորը, խոսքի յուրահատուկ եղանակը և, ամենակարևորը, կերպարի ներքին հոգեբանական ամբողջականությունը։
«Պինգ-պոնգ խաղացողները» հատվածում սիրային հարաբերությունները ներկայացվում են զուսպ և նուրբ արտահայտչամիջոցներով։ Հատկապես տպավորիչ է Ինեսա Մկրտչյանի և Հարություն Խաչատրյանի դերային զույգը։ Եթե Ինեսա Մկրտչյանը հիշեցնում է 1930-ականների կինոաստղի, ապա Հարություն Խաչատրյանը ներկայանում է որպես բնիկ ամերիկացի երիտասարդ՝ իր արտաքինով, պահվածքով և շարժուձևով։ Նրանց հաղորդակցության հիմնական լեզուն դառնում է պարը, որն առավել ամբողջական է արտահայտում հերոսների ներաշխարհը, քան բառերը։ Կարեն Խաչատրյանի մարմնավորած Ֆելիքս Օտրիայի կերպարը գտնվում է իրականի և պայմանականի սահմանագծին։ Նրա խաղում համադրվում են կինեմատոգրաֆիկ և մուլտիպլիկացիոն արտահայտչամիջոցները, իսկ կերպարին բնորոշ մանկական պարզությունն ու երազկոտությունը դերասանը փոխանցում է անկեղծությամբ և զգացմունքային լիարժեքությամբ։
Գնացքի բեմական կյանքի կազմակերպման կարևոր դերակատարներից է նաև Գնացքի սպասավորը (Վահագն Գասպարյան), որը ոչ միայն տեխնիկապես կազմակերպում է գործողությունը՝ բացելով ու փակելով վարագույրները, տեղափոխելով բեմական առարկաները, այլև դառնում է ներկայացման ռիթմն ապահովող կերպարներից մեկը՝ ստեղծելով ամերիկյան ռետրո միջավայրի ժամանակային և տարածական պատրանքը։ Գեորգի Հովակիմյանը հանդես է գալիս մի քանի դերերով, սակայն առավել ամբողջական է ներկայանում քեռի Մինասի կերպարում՝ աշխարհ տեսած, փորձառու հայի, որի ողբերգական պատմությունը վերածվում է սարոյանական յուրօրինակ հումորի և ցավի միաձուլման։ Դերասանը հանգիստ ձայնային ինտոնացիաներով, ճշգրիտ դերասանական չափով և ներքին հավասարակշռությամբ կերպարին հաղորդում է համոզիչ կենսականություն։
«Պատմություններ գնացքում» ներկայացումը Նարինե Մալյանի ստեղծագործական կենսագրության կարևորագույն բեմադրություններից է և նշանակալի երևույթ՝ ժամանակակից հայկական թատրոնում։ Այստեղ բեմադրիչը լիարժեքորեն իրագործում է իր ստեղծագործական սկզբունքները՝ համադրելով էտյուդային մտածողությունը, կինեմատոգրաֆիկ մոնտաժը, մուլտիպլիկացիոն պատկերայնությունն ու կոլաժային կառուցվածքը՝ առաջնային տեղ հատկացնելով դերասանի ստեղծագործական ներկայությանը և անսամբլային խաղին։ Արդյունքում ծնվել է բեմական մի աշխարհ, որտեղ Սարոյանի գաղափարները վերաիմաստավորվում են ժամանակակից թատերական լեզվով՝ պահպանելով գրողի մարդասիրական և կենսասիրական ոգին։
