Նարե Գրիգորյան/թերթոտում

թերթոտում

գտանք
բառը, որով ի հայտ եկավ Ամառը.
Ծաղիկ:

Պ.Ցելան

անհնար կլիներ տեսնեի՝
քամին ոնց ա շարժում
ծառը տեսադաշտիցս դուրս,
ու մտքումդ ինչ կա,
սիրտդ ինչ ա ուզում,
ինչին ես նայում հիմա ու
ինչ ես հիմա տեսնում:
ինչն ա դրդում ներսում,
ինչն ա շարժում լեզուդ.
անհնար կլիներ տեսնեի:

_______

հանրահայտ անունը
չեմ ասելու. ու
հանելուկ չի:
բայց դե.
էլ ու՞մ շող:

մի գիծ –
ճշգրիտ:
ճիշտ աչքիս առաջ:
դեռ չգիտեմ, որ
կտեսնեմ շարժվելը:

հանդիպել ա անկյունին ու
իջել ա ներքև ու
գնացել ա առաջ ու…
անանանանցավ.

ընթացքը ուժեղ ու
հետքը հաստատ ու
ըմբռնումս զանց զանց զանց
զանցած:

բառեր, որ …
ասելը
ձախողում ա,
զարտուղի
բառեր, որ …
մեկ ա վրիպում.
ասելը, ասելը, ասելը
ասա:

մոտեցում
լուսատուի հետ
հանդիպմանը:

տապ

անհայտ գույնով, թափանցիկ, լուսավոր շարժուն գծերով .
գունավոր ա:

վերցնում ա ներս, հավաքում հյուսվածքներս ու մնացածը.
մտքերս լուծեց:

դրսից փակող, դեպի ներս բացող, գլգլուն խշշոց.
ձայնավոր ա:

սաստիկ ճնշող մեծ դիմադրությամբ բոլոր կողմերից.
ծորացնում ա:

իմ հարյուրապատիկ սառը ջրավազանի տեսի՞լք, չէ,
զգալիք ա:

_______

երեխայի արև

կճառագեի ու կջերմացնեի
բոլորին,
բայց ոչ հավասար:

մեկին կշոգացնեի՝
բավականաչափ,
որ նկատեր սեփական մարմնի ու
իմ գոյությունը.
կամ՝ մի քանիսին:
մյուսին կկուրացնեի լույսովս, որ
մաշկի մասին մոռանար
ու մնացած ամեն ինչի:
էն մյուսի համար մայր կմտնեի՝
անընդհատ մայր:
մյուսին կուղեկցեի լրիվ օր՝
առանց մթի մի վայրկյան տալու,
ընդհուպ աչքերը փակած վիճակում:
մեկի համար սովորական
կծագեի ու կշարժվեի
գլխավերևում ու
աչքերի առաջ կիջնեի ցած
շատ սովորական մի արևի պես:

իսկ նրա համար, իսկ
նրա համար՝
ամենաճիշտ լուսավորումն ու
ջերմաստիճանը, որ
ամբողջը, որ
ամբողջ:

_______

մի հատ սիրուն շոր
ու
թափանցիկ բաց իրական
երեխայի պես օր՝
փետրավոր թեթև,
գնում գալիս ա երկուսի միջև:

մի հատ սիրուն շոր
ու
թաց մազերի մեջ
խաղացկոտ քամի՝
կիզիչ կիզիչ կիզիչ
շոգին համարժեք:

մի հատ սիրուն շոր
ու
հետաքրքրասեր մատներ՝
կտրվածքի եզրերով.
սահում դիպում հպում
տաքացած մաշկին:

ու
մի հատ սիրուն շոր
ու
մի հատ սիրուն շոր
ու
մի հատ սիրուն շոր
ու
մի հատ սիրուն շոր

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *