Վովա Արզումանյան/  Երբ կինոն վերածվում է ինքնաքննության

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացավ Պեդրո Ալմոդովարի «Դառը Սուրբ Ծնունդ» ֆիլմի երևանյան պրեմիերան։

Կինոյում հաճախ կարելի է նկատել մի հետաքրքիր օրինաչափություն․ որքան երկար է ռեժիսորի ստեղծագործական ճանապարհը, այնքան ավելի հաճախ նա վերադառնում է ինքն իրեն։ Եթե վաղ շրջանի ֆիլմերում պատմությունը կառուցվում է կերպարների շուրջ, ապա ժամանակի ընթացքում այդ պատմությունների կենտրոնում հայտնվում է հենց ստեղծագործողը՝ իր հիշողություններով, կասկածներով և անպատասխան մնացած հարցերով։

Վերջին տարիներին Պեդրո Ալմոդովարի կինոն նույնպես աստիճանաբար շարժվում է այդ ուղղությամբ։ «Ցավ և փառք» ֆիլմը բացահայտ խոսում է ծերացող ռեժիսորի մասին, «Հաջորդ սենյակը»՝ մահվան և հրաժեշտի անխուսափելիության, իսկ «Դառը Սուրբ Ծնունդ» ֆիլմը կարծես միավորում է այդ թեմաները՝ դրանք վերածելով կինո ստեղծելու մասին պատմության։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին Էլսան է՝ նախկին կինոռեժիսոր, որն այժմ աշխատում է գովազդային ոլորտում։ Նա տառապում է ուժեղ միգրենից, որը խաթարում է ոչ միայն նրա առօրյան, այլև հարաբերությունները շրջապատի հետ։ Ալմոդովարը նրա մասին պատմում է դրվագ առ դրվագ՝ չշտապելով ամբողջական պատկեր ստեղծել։ Հերոսուհու անցյալի, սիրային հարաբերությունների և մասնագիտական ձախողումների մասին տեղեկությունները հայտնվում են աստիճանաբար՝ ստիպելով դիտողին ինքնուրույն լրացնել բաց թողնված հատվածները։Շուտով պատմությանը միանում է երկրորդ սյուժետային գիծը։ Ռաուլը ճանաչված կինոռեժիսոր է, որը երկար ժամանակ չի կարողանում ավարտել իր նոր ֆիլմի սցենարը։ Նրա ստեղծագործական ճգնաժամն ու անձնական միայնությունն աստիճանաբար միահյուսվում են Էլսայի պատմությանը, մինչև պարզ է դառնում, որ հենց վերջինիս կյանքն է Ռաուլի գրած ֆիլմի հիմքը։ Այդ պահից «Դառը Սուրբ Ծնունդը» փոխում է իր կառուցվածքը և հոգեբանական դրամայից վերածվում ինքնահղումային պատմության, որտեղ իրականությունն ու հորինվածքը մշտապես հատվում են։

Ալմոդովարի կինոյին ընդհանրապես բնորոշ է իրականության և կինոյի սահմանների մշուշոտումը։ Նրա բազմաթիվ ֆիլմերում կերպարները ռեժիսորներ, դերասաններ կամ գրողներ են, իսկ կինոարվեստը դառնում է պատմության անբաժանելի մասը։ «Դառը Սուրբ Ծնունդ» ֆիլմում այս մոտեցումն առավել բացահայտ է։ Ռաուլի կերպարը դժվար է չընկալել որպես Ալմոդովարի ալտեր էգո։ Նա կասկածում է սեփական ստեղծագործությանը, մտածում է, թե արդյոք չի կրկնում ինքն իրեն, և փորձում է հասկանալ՝ հնարավո՞ր է տարիների ընթացքում պահպանել նույն ստեղծագործական ազնվությունը։Հենց այստեղ է կենտրոնացած ֆիլմի հիմնական գաղափարը։ Ռեժիսորին հետաքրքրում է ոչ միայն այն, թե ինչպես են ծնվում պատմությունները, այլև ինչ պատասխանատվություն է կրում դրանք ստեղծող մարդը։ Կարո՞ղ է արվեստագետը ուրիշի ցավը դարձնել արվեստ։ Որտե՞ղ է ավարտվում իրական կյանքը և սկսվում հեղինակի երևակայությունը։ Ռաուլը բառացիորեն տնօրինում է իր կերպարների ճակատագրերը՝ որոշելով, թե ինչ պիտի տեղի ունենա նրանց հետ։ Սակայն նույն պահին ռեժիսորը հիշեցնում է, որ յուրաքանչյուր հեղինակի հետևում իրական մարդիկ են, որոնց փորձառությունն արդեն իսկ դարձել է պատմության նյութ։

Ֆիլմը հետաքրքիր դիտարկում է անում նաև ինքնատիպության վերաբերյալ։ Ժամանակակից կինոյում հաճախ է խոսվում անընդհատ նոր պատմություններ ստեղծելու անհրաժեշտության մասին, մինչդեռ Ալմոդովարը կարծես հակառակ հարցն է տալիս․ արդյո՞ք յուրաքանչյուր նոր ֆիլմ պարտադի՞ր է ամբողջությամբ տարբերվի նախորդներից։ Նրա կինեմատոգրաֆիան վաղուց կառուցված է նույն թեմաների շուրջ՝ մայրություն, հիշողություն, մեղք, ցանկություն, կորուստ։ «Դառը Սուրբ Ծնունդ» ֆիլմում ռեժիսորը ոչ թե փորձում է փախչել այդ կրկնություններից, այլ ընդունում է դրանք՝ վերածելով ֆիլմի գլխավոր թեմաներից մեկի։Այնուամենայնիվ, հենց այս մոտեցումն է երբեմն թուլացնում ֆիլմը։ Ալմոդովարը չափազանց երկար ժամանակ է հատկացնում իր կառուցվածքը մեկնաբանելուն։ Էլսայի պատմությունը մասնատված է, սակայն նույն զգացողությունն աստիճանաբար փոխանցվում է նաև Ռաուլի պատմության սյուժեին։ Արդյունքում ֆիլմի որոշ հատվածներում դրամատիկական լարվածությունը զիջում է գաղափարների քննարկմանը, իսկ կերպարները երբեմն ավելի շատ դառնում են հեղինակի մտքերի կրողներ, քան ինքնուրույն անհատներ։

Այս ֆիլմում Բարբարա Լեննին հերթական անգամ ապացուցում է, որ ժամանակակից իսպանական կինոյի ամենահետաքրքիր դերասանուհիներից է։ Նրա խաղը կառուցված է զսպվածության վրա։ Էլսան հազվադեպ է բարձրաձայն արտահայտում իր զգացմունքները, սակայն դրանք մշտապես զգացվում են հայացքների, դադարների և գրեթե աննկատ շարժումների միջոցով։ Ալբերտո Իգլեսիասի երաժշտությունը ևս լրացնում է այդ ներքին լարվածությունը՝ երբեք չփորձելով գերիշխել կադրի նկատմամբ։ Ֆիլմի ամենաուժեղ հատվածը եզրափակիչ առերեսումն է Ռաուլի և Մոնիկայի միջև։ Այդ տեսարանում Ալմոդովարը կարծես առաջին անգամ մի կողմ է դնում իր բարդ կառուցվածքներն ու մետաֆիլմային խաղերը՝ կենտրոնանալով երկու մարդկանց խոսակցության վրա։ Հենց այդ պարզությունն է ֆիլմին հաղորդում հուզական ուժ:

Պեդրո Ալմոդովարի կինոյում տեսողական լեզուն կարևոր բաղադրիչ է։ Գունային լուծումները, ինտերիերների մանրակրկիտ կառուցվածքը և կադրերի ճշգրիտ կոմպոզիցիան շարունակում են մնալ նրա ստեղծագործական ձեռագրի անբաժան մասը։ Հատկապես ուշագրավ է հագուստի գունային դրամատուրգիան։ Կերպարների զգեստների գույները հաճախ փոխվում են նրանց հոգեվիճակին զուգահեռ՝ դառնալով պատմության լրացուցիչ շերտ, որն առաջին դիտման ընթացքում նույնիսկ կարող է աննկատ մնալ։ Այդ տեսանկյունից պետք է ուշադիր դիտել, քանի որ բազմաթիվ մանրամասներ բացահայտվում են ոչ թե երկխոսությունների, այլ պատկերների միջոցով։

«Դառը Սուրբ Ծնունդը» դիտելուց հետո մտածում ես՝ հեղինակն առաջին հերթին փորձում է հասկանալ ինքն իրեն։ Ֆիլմը ստիպում է մտածել ոչ միայն Ալմոդովարի կինոյի, այլ ընդհանրապես արվեստի բնույթի մասին։ Իսկ երբ ֆիլմը շարունակում է քննարկվել նույնիսկ կինոդահլիճից դուրս, նշանակում է՝ այն արդեն կատարել է իր հիմնական առաքելությունը։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *