Ինչպիսի՞ն պետք է լինի կինոնկարը մարդուն տևական ժամանակ էկրանի առջև պահելու համար։ Սովորաբար այն մեկ գաղտնիք չունի, այլ միավորում է մի քանի կարևոր հատկանիշ։ Թերևս հենց պատմությունն ու պատմելու եղանակն են կարևոր։ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում դիտեցի Քրիստիան Մունջիույի «Ֆյորդ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որը նկարահանվել է Նորվեգիայում։
Ֆիլմն առաջին հերթին ուշադրություն է գրավում դերասանական կազմով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սեբաստիան Սթենն ու Ռենատե Ռեինսվեն՝ ժամանակակից եվրոպական և ամերիկյան կինոյի երկու ճանաչված անուններ, որոնց ներկայությունն արդեն իսկ որոշակի սպասումներ է ձևավորում։ Նրանք մարմնավորում են Միհայ և Լիսբեթ Գեորգիու ամուսիններին, որոնք երկար տարիներ ապրել են Բուխարեստում։ Միհայի ծնողների մահից հետո ընտանիքը որոշում է տեղափոխվել Նորվեգիայի այն գյուղը, որտեղ մեծացել է Լիսբեթը։ Այդ որոշումը պայմանավորված է ոչ միայն նոր կյանք սկսելու ցանկությամբ, այլև գործնական անհրաժեշտությամբ. Լիսբեթի ծնողները կարող են օգնել հինգ երեխաների խնամքի հարցում, որոնցից կրտսերը դեռ նորածին է։ Նոր միջավայրին հարմարվելու առաջին դժվարությունը լեզուն է։ Միհայը հասկանում է նորվեգերենը, սակայն ազատորեն չի խոսում, իսկ երեխաները դեռ նոր են յուրացնում այն։ Այդուհանդերձ, համայնքում անգլերենի տարածվածությունն սկզբնական շրջանում մեղմում է օտարության զգացումը, և թվում է, թե ընտանիքի ինտեգրումը համեմատաբար հարթ է ընթանում։ Միայն որոշ մանրուքներ են առաջացնում շրջապատի զարմանքը, մասնավորապես՝ ծնողների որոշումը երեխաներին հեռու պահել բջջային հեռախոսներից և համացանցից։ Սկզբում սա կարող է ընկալվել ընդամենը որպես խիստ կամ պահպանողական դաստիարակության դրսևորում, սակայն հետագայում հենց այդ տարբերություններն են դառնում ավելի խորքային հակասությունների նախանշաններ։ Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ ուսուցիչներից մեկը պատահաբար լսում է երկու ավագ երեխաների զրույցը։ Նրանց խոսքերից կարելի է ենթադրել, որ ընտանիքի կրոնական և պահպանողական դաստիարակության մեթոդները սահմանափակված չեն միայն խիստ կանոններով և հնարավոր է՝ ներառում են նաև ֆիզիկական պատիժ։ Քանի որ դպրոցում նախկինում ևս նկատել էին երեխաների մարմինների կապտուկները, հաստատությունը դիմում է երեխաների պաշտպանության և սոցիալական ծառայություններին։ Այդ պահից ընտանեկան դրաման վերածվում է համակարգային հակամարտության։ Երեխաները բաժանվում են ոչ միայն ծնողներից, այլև միմյանցից, իսկ Միհայն ու Լիսբեթը ստիպված են պայքարել անգամ նրանց հանդիպելու իրավունքի համար։ Ֆիլմը, սակայն, չի սահմանափակվում ծնողների և պետական կառույցների պարզ հակադրությամբ։ Այն հետևողականորեն խուսափում է կողմերից որևէ մեկին միանշանակորեն արդարացնելուց՝ դիտողին թողնելով բարոյականորեն անհարմար տարածության մեջ։ Մի կողմից՝ պետությունը պարտավոր է արձագանքել երեխայի նկատմամբ հնարավոր բռնության ցանկացած նշանի, մյուս կողմից՝ միջամտության ձևերն ու ընտանիքի նկատմամբ կիրառվող մեխանիզմները հարցեր են առաջացնում դրանց համաչափության, անաչառության և մշակութային զգայունության վերաբերյալ։
Գեորգիուների պատմության առանցքում հայտնվում է մշակութային տարբերությունների խնդիրը։ Ընտանիքի արժեքային համակարգը, ծնողական իշխանության ընկալումը և կրոնական համոզմունքները բախվում են մի հասարակության նորմերին, որտեղ երեխայի ինքնավարությունն ու իրավունքները դիտարկվում են որպես գերակա սկզբունքներ։ Սակայն ֆիլմը ցույց է տալիս, որ այդ բախումը տեղի է ունենում ոչ միայն տարբեր մշակույթների, այլև բարու, հոգատարության և պատասխանատվության տարբեր պատկերացումների միջև։ Յուրաքանչյուր կողմ համոզված է, որ գործում է երեխաների շահերից ելնելով, և հենց այդ համոզվածությունն է հակամարտությունը դարձնում գրեթե անլուծելի։
Ֆիլմը Նորվեգիան ներկայացնում է ընդհանրացված սկանդինավյան տարածության մետաֆոր, որի միջոցով քննության են ենթարկվում տարածաշրջանի ինքնության, արժեքային համակարգի և հասարակական ինքնաընկալման հարցերը։
«Ֆյորդ» ֆիլմում Ռենատե Ռեյնսվեն հերթական անգամ ապացուցում է, որ իր սերնդի ամենահետաքրքիր դերասանուհիներից մեկն է՝ ստեղծելով խորապես մարդկային և ներքին հակասություններով լի կերպար։ Նրա հերոսուհին մշտապես փորձում է հավասարակշռություն գտնել սեփական ինքնության, ընտանեկան պարտավորությունների և արտաքին աշխարհի պահանջների միջև՝ չկորցնելով ինքն իրեն։ Ռեյնսվեն նախընտրում է զուսպ դերակատարում, որտեղ ամենակարևոր զգացմունքները փոխանցվում են հայացքով, լռությամբ և դժվար նշմարելի շարժումներով։ Հենց այդ նրբագեղ խաղաոճն է կերպարը դարձնում բազմաշերտ՝ ստիպելով հանդիսատեսին անընդհատ վերաիմաստավորել իր վերաբերմունքը նրա նկատմամբ։
Ֆիլմի գլխավոր արժանիքներից է նաև խիստ մտածված տեսողական լեզուն։ Օպերատորական աշխատանքը նախընտրում է հեռավոր, անշտապ դիտակետեր, որոնց շնորհիվ հերոսները մշտապես ընկալվում են և՛ անհատներ, և՛ իրենց շրջապատող սոցիալական և բարոյական միջավայրի անբաժանելի մաս։ Հատկապես հիշատակման է աժանի ծերանոցում ծավալվող տեսարանը, որտեղ անշարժ, մանրակրկիտ կառուցված կադրը և հերոսուհու գրեթե անթափանց դեմքի արտահայտությունը ստեղծում են սառն ու անհանգստացնող մթնոլորտ՝ հիշեցնելով Ռոյ Անդերսոնի կինեմատոգրաֆիկ գեղագիտությունը։
Ռեժիսորը պատմությունը պատմում է՝ խուսափելով միանշանակ դատողություններից և հանդիսատեսին թողնելով սեփական բարոյական եզրահանգումների հետ։ Արդյունքում այս դրաման ուսումնասիրում է մշակութային բախումները և հիշեցնում, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է հակասական ճշմարտություններ, որոնց համատեղ գոյակցելու հնարավորությունը մնում է բաց հարց։
