Աբխազիա – Google Map
Մի պահ թվաց՝ մեր տունը դեռ կանգուն է,
ու երեխայի պես ուրախացանք։
Կարծես տանիքն էլ էր նույնը, բակն էլ,
մեր սենյակներն էլ։
Հանկարծ նորից պատկերացրինք՝
ինչպես ենք բացում դուռը,
ավարտում նորոգումը,
որ սկսել էինք 30 տարի առաջ։
Պատկերացրինք՝
ոնց ենք ապրում այնտեղ։
Այնտեղ մեզ կհասներ կիրակին,
որն ուրիշ ոչ մի տեղ չեկավ․
երբ ոչ մի տեղ չես շտապում,
ոչ մի բանի համար չես ցավում,
նայում ես հորիզոնի սպիտակ արևին,
որ համ գնում է, համ ոտը կախ է գցել,
որ մտքումդ պահես ու մտածես՝
երևի էն աշխարհում սրանից կունենամ,
թե որ ճիշտ ապրեմ,
մտածես՝
կարծես Աստված ինձ սիրում է։
***
Ու այդ օրն էլ կգա,
ամենաանկեղծ օրը,
երբ մահվան մասին էլ չեմ գրի,
իմ փոխարեն
ուրիշներին չեմ սպանի պատմվածքներում,
այլ ինքս կլինեմ հանգուցյալ՝
սառը, պառավ, պարտքս կատարած մի ննջեցյալ՝
առանց հոգսերի ու այս մտքի՝
երանի հիմա մեռած լինեի ու ոչ մեկին չկարոտեի։
***
Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է դրախտն առանց մեզ։
Թե որ մենք այլևս չկանք, ո՞վ է երջանիկ։
Ի՞նչ դրախտ, եթե ոչ ոք երջանիկ չէ։
Այն ծառը դեռ կանգո՞ւն է։
Իսկ օձը՞։
Չփոշմանե՞ց, որ մեզ դրդեց մեղքի։
Ինչո՞ւ երբեք սա չենք հարցնում։
Չէ՞ որ մարդն ունի հետ նայելու զարմանալի բնազդ,
ստուգելու՝ ինչ պատահեց այն ամենին,
ինչին մի ժամանակ ասում էր՝ իմը։
Ո՞նց են ապրում թշնամիներս առանց ինձ Սուխումում։
Իմ տունը դեռ կանգո՞ւն է։
Իմ դպրո՞ցը։
Չփոշմանեցի՞ն, որ մեզ վտարեցին։
Կամ նախկին սիրածը, նա ինչպե՞ս է։
Երջանի՞կ է, թե՞ ոչ էնքան։
Նա՞ էլ չփոշմանեց։
Կամ վաղուց կորցրած ընկերը,
որին ինչ-որ բանի համար նեղացրել էի․․․
Որ հանդիպեմ՝ կճանաչե՞մ։
Ի՞նչ է կատարվում դրախտում առանց մեզ։
Ի՞նչ է լինում այնտեղ, որտեղ մենք չկանք։
***
Ուզում եմ դուրս գալ տնից,
վերցնել բահը ու սկսել փորել՝
ջանասիրաբար ու անդադար,
նույնիսկ անձնազոհաբար,
որ ամեն անցնող-դարձողը հարցնի՝
ի՞նչ է անում այս մարդը։
Սկզբում թող կարծեն, թե ծաղիկ եմ տնկում,
երբ փոսը մեծանա՝ ծառ,
հետո թող կարծեն, թե շունս է սատկել,
հետո թող տագնապեն՝
միգուցե իր համար է գերեզման փորում՝
այստեղ, ճամփի միջին։
Ավելի շատ աղմկեն,
ավելի բարձր հարցնեն իրար՝
ի՞նչ է անում էս մարդը։
Ո՞վ է էս մարդը։
Ո՞վ է էն մարդը՝ հողափորը։
Վիճեն, գցեն-բռնեն.
գուցե հակառակը՝ ուզում է
ինչ-որ մեկին հանե՞լ հողի տակից։
Եկեք ցրվենք, որ վկա չլինենք մի վատ բանի։
Գուցե գա՞նձ է փնտրում։
Մնանք, մեզ էլ բաժին կհասնի։
Ինչի՞ է փորում․․․
Իսկ ես փորեմ ու փորեմ, փորեմ ու փորեմ,
ու փորեմ, ու փորեմ, ու փորեմ․․․
Ու իմ փոսը դառնա ինձնից մեծ,
իմ տնից մեծ,
ավելի մեծ, քան կարծիքս անձիս մասին,
քան փոսն ընկած բոլորի հուսահատությունը,
անցնի արմատներից, որդերից, ապարներից,
ջրից, լավայից, ածուխից անդին․․.
Այն անցնի, իսկ ես կանգ չառնեմ։
Իսկ ինչ-որ տեղ վերևում, անհնարին վերևում,
այնտեղ, որտեղ այս փորելը սկսվեց,
ժամանակ առ ժամանակ մեկը հարցնի՝
ի՞նչ է անում էս մարդը։
Ո՞վ է էն մարդը՝ հողափորը։
Երկինքը բացվելուց ի վեր
Մի անգամ այսպես եղավ՝
յոթ երկինքները բացվեցին ու փակվեցին։
Ասացի՝ լավը կտեսնեմ, լավը կհիշեմ։
Սա էլ է թուլություն, բայց ոչինչ․
ինչ որ բարի է, ա՛յն ինձ թողեք։
Այդ օրվանից մարդիկ կարծես հոշոտված լինեն։
Ասես հսկա դևը կծել-կիսել է մարդուն.
ոմանց միայն ձեռքն է մնացել, ոմանց՝ գլուխը,
ոմանք ամբողջանում են ու նորից քրքրվում։
Մեկն էլ ընդհանրապես չկա։
Սիրում էի ու այլևս չտեսա։
Ասացի՝ երևի մի տեղ կուչ է եկել, փնտրեք ամենուր։
Ասացին՝ եթե մտածում էր քո մասին, գլուխը կմնար,
թե սիրում էր քեզ՝ սիրտը,
թե երբևէ ձեռք է մեկնել քեզ, դեմդ կբսնի այդ ձեռքը,
թե խոսքով քեզ քաջալերել էր՝ լեզուն կհայտնվի,
գուցե նաև արյունը, թե զայրույթից եռացել էր։
Գոնե մի բան որ փրկվի, թեկուզ քրտինքի մի կաթիլ,
երբ երկու աշխարհների սահմանը բացեն՝
կտանես այնտեղ, այնտեղ կհավաքես…
Երեկոյան գալիս են հաճախ իմ հոշոտված ընկերները,
կիսատ-պռատված ծանոթները,
ասում են՝ երկինքը բացվելուց ի վեր չենք տեսել։
Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը
