***
Հողերը
հրաժարվել են գարուններից.
անծանոթ են ձեռքերը,
անծանոթ է ձայնը,
որ շնչում էր լուցկու հատիկի կրակին մոտ,
որը չէր թեքվում։
Հողերը մի քանի օր չսանրված
երկար մազերի են նման…
Ամենասիրելին՝
որպես առանց իմացության հանձնված նվեր.
և՛ հեռու ես, և՛ չկաս,
և՛ կանգնած ես ինքդ քո առջև
ու նայում ես ուղիղ աչքերիդ մեջ,
և դատարկ է աթոռն
առանց պայուսակի,
որը հուշելու էր քո մասին:
Դստերս
Դեռ չծնված խաղաղության մասին էր պատմում,
ճյուղից ծնված տերևի մասին:
Երբ խոսում է,
տանս դռան մոտ գանգուր մազերով երեխաներ են հավաքվում։
Գրկում եմ,
հագուստիս վրա կաթնուկից թացացած մազիկներ են։
Ուտելիս շրթունքները այնքան կոկիկ են,
նման է ճագարի։
Նա ապրում է հողի և ջրի մեջտեղում,
երբեք ափից դուրս չի գալիս,
բայց ոտնաթաթերը հաճախ է դնում
հողի բերանին հասնող ջրի ալիքների վրա։
Նա եղնիկ է և ձուկ։
Ժամերն առանց նրա
նման են դռան թուլացած բռնակի․
հիմա կմնա ձեռքերիս մեջ։
Հինգ, վեց․ սկսվում է անհասկանալի տագնապ,
հետո՝ ցավ,
կանգնում եմ հայելու առաջ
ու քաջալերում ինքս ինձ։
Թանձր ձայնով մեկը համոզում է ինձ,
որ մեր տունը գեղեցիկ վայր է,
և այստեղ շագանակներ կան շատ։
Իսկապես, մտքովս չէր անցնի,
ձեռքի պարան թռչել սովորող երեխայի նման
շփոթված, միամիտ նայում եմ,
հետո տունը սկսում է բուրել,
ինչպես անտառային մանուշակներ։
Ինչ լավ է, որ միայն բուրում է։
Օդրի Լորդ, նա պոեզիա է,
հայրերի սիրած պոեզիան,
և այո, նա կենսակերպ է։
***
Վերադառնում ենք անկողին։
Թեթև ենք քայլում,
զգույշ՝ պատին նստած ցեցի նման,
մինչև մեկս համարձակվի
ոչ կամային շարժում անել։
Վերադառնում ենք։
Մեկս քամուց երեսին քսվող մազերի է նման,
մյուսը պատի ստվերին է թիկունքով սեղմված։
Վերադառնում ենք անկողին․
մարմնի հետքեր են իրարից հեռու,
մեջտեղում շան ջերմություն է․․․
