ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ / ԾՆՆԴԱՏՈՒՆ
Քամի էր։ Սենյակի պատուհանները բաց էին, և դարակների թղթապանակները քամուց ասես սկսեցին շնչել:
Ծննդատան ավագ աշխատողը տուն գնալուց առաջ որոշեց մտնել նորածինների բաժանմունք, պատուհանը փակել և ծանոթանալ նախորդ օրը ծնված երեխաների վիճակագրությանը: Ըստ էության` նրան ամենաշատը հետաքրքրում էր, թե ինչ արդյունք է տվել ծննդատունը նախորդ օրը:
Բացելով նորածինների «գործերը», ավագ աշխատողը նկատեց, որ նախորդ օրը արձանագրվել է 34 ծնունդ՝ 11 տղա և 18 աղջիկ, հինգի սեռն անորոշ է: Նորածիններից 20-ը ապրելու են 50 տարուց ավելի, իսկ՝ 14-ը կմահանան մինչև 50 տարեկանը: 18-ը կլինեն բարձրագույնն ավարտած, 2-ը՝ գիտության թեկնածու, իսկ 14-ը կունենան միջնակարգ կրթություն: Աշխատողը նորածինների անձնական գործերում նկատեց, որ նրանցից 28-ը կամուսնանան, 21-ը կունենան երեխա, իսկ մնացածը՝ կապրեն առանց ընտանիք:
Երբ փակեց անձնական գործերով թղթապանակները և պատրաստվում էր դուրս գալ բաժանմունքից, հանկարծ մի շատ տարօրինակ բան նկատեց: Մոտեցավ սենյակի անկյունում դրված փոքրիկ մահճակալին, որտեղ պառկած երեխան հաշվառված չէր, և նրա տվյալները բացակայում էին:
Աշխատակիցը նայեց երեխային, երեխան՝ նրան: Նրանց սեւեռուն հայացքները հանդիպեցին.
– Ինչո՞ւ ես վախեցած ինձ նայում,- հարցրեց նորածինը:
– Պարզապես խոսքեր չունեմ, ապշած եմ: Ես մինչև օրս այսպիսի բան չէի տեսել,- ասաց ծննդատան աշխատողը:
– Ի՞նչ չես տեսել,- հարցրեց նորածինը:
– Մենք օրական շուրջ 40 ծնունդ ենք ունենում, ես համարյա ամեն օր, արդեն 15 տարի շարունակ, օրվա վերջում ստուգում եմ նորածիններին, ծանոթանում եմ նրանց գործերին և հետո միայն լքում աշխատավայրս։
– Եվ ի՞նչ, ո՞րն է դրա առանձնահատկությունը, որ այսպես ապշել ես,- հարցրեց նորածինը:
– 15 տարվա մեջ առաջին անգամ եմ հանդիպում նորածնի, որ անձնական գործ չունի:
Նորածինը մի պահ լարվեց, քանի որ նրա ողնաշարը դեռ զարգացած չէր և չէր կարող նստել, ձեռքերը միմյանց մոտեցրեց ու նվվաց:
– Հանգստացի՛ր, պետք չէ լարվել, ես մի բան կմտածեմ,- ասաց աշխատողը:
– Ի՞նչ կմտածես, մտածելու բան չկա, ամենայն հավանականությամբ ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ:
– Ամեն ինչ այդքան էլ վատ չէ, եթե մյուս կողմից նայենք, դու բացառություն ես, իսկ բացառիկ մարդիկ միշտ ամենաշատն են վայելում կյանքը,- ասաց աշխատողը:
– Բացառիկ մարդկանց «գործերում» նշվում է նրանց բացառիկության մասին՝ մասնագիտությունը, մրցանակները կամ հաջողությունները, իսկ ես՝ պարզապես պիտանի չեմ:
– Ես քո փոխարեն չէի շտապի:
Երեխան անկողնու մեջ կուչ եկավ, ձեռքը բարձրացրեց վերև և ամբողջ ուժով բռնեց աշխատողի մատը:
– Խնդրում եմ գոնե սեռս ասա:
Աշխատողը մյուս ձեռքով բարձրացրեց երեխային ծածկող սավանը:
– Տղա ես:
Երեխան բաց թողեց մատը, կրկին կուչ եկավ, մյուս ձեռքով սավանը քաշեց վրան:
– Իսկ քանի՞ տարի եմ ապրելու:
– Չգիտեմ:
– Որտե՞ղ եմ դպրոց գնալու:
– Չգիտեմ:
– Առաջին սե՞րը:
– Չգիտեմ:
– Մեքենա կունենա՞մ:
– Դե, երևի, չգիտեմ:
– Ընկերուհի՞:
– Չգիտեմ:
– Մասնագիտությու՞նս:
– Չգիտեմ:
Աշխատողի ձայնը աստիճանաբար լարվում էր, թեև նա փորձում էր քաղաքավարի և ջերմ խոսել, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ երեխայի հետ է զրուցում, բայց, այնուամենայնիվ չդիմանալով բղավեց:
– Բավական է, ասացի չգիտեմ, սա քեզ համար շուտասելուկ չէ, եթե վավերացված «գործ» չունես, ուրեմն ապագա չունես, ուրեմն կյանքդ որոշված չէ, չեմ պատրաստվում հարցերիդ պատասխանել:
Նորածինը շրջվեց փորի վրա և ձեռքերով բռնելով գլուխը՝ լաց եղավ:
Աշխատողը ձեռքը տարավ նրա տաք ու փափուկ գլխին:
– Հանգստացիր, պետք չէ արտասվել, կներես, ես չեմ կարող պատասխանել այնպիսի հարցերի, որոնց պատասխանը ինքս էլ չգիտեմ: Հասկանում եմ, թե որքան ծանր է քեզ համար, բայց միակ բանը, որ կարող եմ ասել «չգիտեմ»-ն է:
– Դու գոնե գիտե՞ս, թե ե՞րբ ես մահանալու,հարցրեց նորածինը:
– Այո, 18 տարուց: Ինսուլտից, ի դեպ, մեքենայի մեջ է խփելու, երբ կնոջս հետ գնանք մեր ամուսնության 50-ամյակը նշելու:
– Հենց ճանապարհի՞ն:
– Այո: Ես ուղեգիր եմ գնելու, բայց ստիպված եմ լինելու հետաձգել ճանապարհորդությունս, և ուղեվորությունս սկսվելու է մեքենայով: Կարծում եմ, լարվածության հետևանք է:
– Իսկ իմ մասին ոչինչ չկա՞ր գրված քո «գործում»:
– Չէ, մարդկանց «գործերում» բոլոր մանրամասները չի գրվում, միայն ամենակարևոր և բեկումնային թվերն են նշվում, իսկ պատճառներն ու հետևանքները մնում է գուշակել:
– Իսկ լարվածությանդ պատճառը ո՞րն է լինելու:
– Չգիտեմ, ասացի արդեն` իմ աշխատանքը լարված է, ամեն օր նույն միջավայրում եմ, բժշկությունը հեշտ ոլորտ չէ, այստեղ շատերն են ինձ պես մահանալու:
Աշխատողը մի պահ նկատեց, որ նորածինը տակը թրջել է: Նրան պառկեցրեց մեջքի վրա, բացեց սավանը: Նորածինը կրկին բռնեց նրա մատը՝ այս անգամ շատ ավելի ամուր, ասես՝ մատը մտցրած լիներ չփչած փուչիկի մեջ և փորձեր դուրս քաշել: Աշխատողը փոխեց երեխայի տակդիրը:
– Իսկ ծնողներս ովքե՞ր են,- դադարից հետո հարցրեց երեխան:
– Ես նրանց «գործին» ծանոթ չեմ, նրանք այստեղ չեն ծնվել: Պետք է, որ լավ մարդիկ լինեն, հաշվի առնելով, թե որքան բարի ու պայծառ ժպիտ ունես:
– Դու երեխա ունե՞ս:
– Ոչ:
– Իսկ ունենալո՞ւ ես:
– Ոչ իհարկե, անհեթեթ հարցեր ես տալիս:
– Տար ինձ քեզ հետ:
Աշխատողը շփոթվեց, քրտնեց, բաց թողեց երեխայի ձեռքը:
– Ինչպե՞ս տանեմ: Դա ամենաանիմաստ միտքն էր, որ երբևէ լսել էի:
– Ոչինչ, երեխաները երբեմն անիմաստ մտքեր ասում են, բայց դու փորձիր ավելի լուրջ մոտենալ այս հարցին, դու երեխա չունես, իսկ ինձ վաղը հաշվառումից հանելու են ու վերացնեն, ու՞մ է պետք առանց ապագայի երեխան: Քեզ հետ ես պաշտպանված կլինեմ:
– Ոչ,- կոպիտ ասաց աշխատողն ու մոտեցավ սենյակի դռանը: Անջատեց լույսը, դուրս եկավ սենյակից: Մի քանի վայրկյան անց ներս մտավ, առանց լույսը վառելու մոտեցավ նորածնին, սավանով փաթաթեց, ամուր գրկեց և դուրս տարավ:
Հաջորդ առավոտ ծննդատան քույրերից մեկը պատահական նկատեց, որ մի թղթապանակ ընկել է գետնին և աննկատ մնացել: Նորածիններից մեկի «գործն» էր: Քույրը բացեց այն: Նորածնի անձնական գործում գրված էր՝ «Որդեգրվելու է մեկ օրականում, ապրելու է տարեց, խորթ ծնողների հետ: Հինգ տարեկանում կոտրելու է ոտքը, տասը տարեկանում անկանոն վարքի պատճառով հեռացվելու է դպրոցից, 12 տարեկանում հաճախելու է բասկետբոլի խմբակ, որտեղ մարզումներից մեկի ժամանակ դանակահարելու է մի տղայի: 15 տարեկանում կորցնելու է կուսությունը, 16-ում բաժանվելու է խորթ ծնողներից, 18-ում ինքնասպան է լինելու՝ մինչ այդ հաղորդագրություն ուղարկելով խորթ հորը՝ մեղադրելով նրան իր բոլոր անհաջողությունների մեջ»:
