1939 թվականի Սուրբ Ծնունդի օրերին, նոր համաշխարհային պատերազմի մեկնարկից մի քանի ամիս անց Լոնդոնի գրախանութներում եռուզեռ էր։ Պատերազմը գրավել էր հանրության ուշադրությունը, որը ցանկանում էր ավելի շատ իմանալ զենքերի, ինքնաթիռների և երկրի մասին, որ կրկին դարձել էր թշնամի։ Ինքնավստահությունն անսասան էր, իշխում էին հետաքրքրասիրությունն ու վախը։ Նոր հրատարակված գրքերից «Ես ամուսնացա գերմանացու հետ» գիրքը արդեն հինգ վերահրատարակություն էր ունեցել, իսկ Լյուիս Քերոլի ստեղծագործություններից ոգեշնչված պատկերազարդ, երգիծական «Ադոլֆը հրաշքների աշխարհում» գրքի տպաքանակը, որի հերոսներն էին որպես բեղավոր երեխա ներկայացված Հիտլերը եւ համակենտրոնացման ճամբարում հայտնված հրեա մկնիկը, վաճառվել էր ընդամենը մի քանի օրում։ Հպարտորեն ցուցադրելով, թե որքան տարբեր են անգլիացիները գրքեր այրող գերմանացիներից՝ հրատարակիչները հրատարակել էին նաև «Իմ պայքարը» («Mein Kampf») գրքի նոր թարգմանությունը՝ ամբողջական, առանց կրճատումների, և այն արագ էր վաճառվում։ Հոնորարները փոխանցվում էին Կարմիր Խաչին, որը գրքեր էր ուղարկում բրիտանացի ռազմագերիներին։ Միայն հաջորդ ամռանը, երբ անսպասելիորեն փլուզվեց Ֆրանսիան, երբ սկսեցին ռումբեր ընկնել, և քաղաքական գործիչները զգուշացնում էին, որ գերմանական ներխուժումն անխուսափելի է, երբ նույնիսկ Չերչիլը հարց էր տալիս՝ «մի՞թե մեր այս կղզու երկար պատմությունը ի վերջո ավարտվելու է», մարդիկ խոստովանեցին, որ այն ընթերցելը դժվարացել է։
«Ում համար է հնչում զանգը» և «Քամուց քշվածները»՝ ավելի վաղ պատերազմների մասին ամերիկյան պատմությունները, այս պատերազմի ընթացքում դարձան բեսթսելլերներ։ Երբ ռմբակոծությունները ստիպեցին հազարավոր լոնդոնցիների ապաստանել քաղաքի մետրոյի կայարաններում, մարդկանց ոգին բարձր պահելու համար այնտեղ հաճախ փոքր գրադարաններ էին ստեղծվում։ Պատերազմական Լոնդոնի ամենահայտնի լուսանկարներից մեկում երևում է գլխարկով տղամարդկանց մի խումբ, որոնք հանգիստ ուսումնասիրում են Քենսինգթոնի մի առանձնատան ռմբակոծված գրադարանի հրաշքով չվնասված դարակների գրքերը։

Ինչպես նշում է գրքի պատմության բրիտանացի հայտնի մասնագետ Էնդրյու Փեթըգրին իր «Պատերազմի ժամանակների գիրքը» աշխատությունում, այդ լուսանկարը անկասկած բեմադրված էր։ Սակայն այն ճշմարտացիորեն արտացոլում էր այն դերը, որ գրքերը ունեին աղետի ժամանակներում՝ որպես սփոփանքի և ոգեշնչման աղբյուր, որպես բարբարոսության նկատմամբ դիմակայության խորհրդանիշներ և որպես դարավոր մշակույթի վկայություն, որ շարունակում էր առինքնող ժառանգություն լինել։
Գերմանացիները, որոնք ժամանակին այնքան կրթված էին, իսկ այժմ՝ գրքերից այդքան սարսափած, նույնպես հասկանում էին դա։ Չիրականացված ներխուժման ծրագրի մասին (որը չկատարվեց հիմնականում Թագավորական ռազմաօդային ուժերի անսպասելի դիմադրողականուության շնորհիվ), հուշում է 1940 թվականին գաղտնի կազմված «Տեղեկատու Մեծ Բրիտանիայի մասին» («Informationsheft Grossbritannien») վերնագրով գիրքը, որը հետագայում թարգմանվեց որպես «Ներխուժում 1940» («Invasion 1940»)։ Այն կազմվել էր ՍՍ-ի (Schutzstaffel) կողմից և իրենից ներկայացնում էր մանրակրկիտ ուսումնասիրված տեղեկատու՝ Բրիտանիայի աշխարհագրության, տնտեսության, քաղաքականության և այլ ոլորտների վերաբերյալ հիմնական տեղեկություններով, որոնք օգտակար կլինեին օկուպացիոն վարչակազմին։ Այս վախենալու վստահությամբ գրված ձեռնարկն ավարտվում էր «Հատուկ հետախուզվողների ցուցակով», որտեղ ընդգրկված էին 2,820 բրիտանացի քաղաքացիներ և օտարերկրյա բնակիչներ, որոնք պետք է ձերբակալվեին անմիջապես այն բանից հետո, երբ նացիստները վերցնեին իշխանությունը։ Ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչների, լրագրողների, հրեաների և այլ անձանց թվում կային նաև մի շարք նշանավոր գրողներ, այդ թվում՝ Էդգար Մորգան Ֆորսթերը, Ռեբեկա Ուեսթը, Նոել Քովարդը եւ Վիրջինիա Վուլֆը։ Նրանցից ոչ մեկը չէր կարող իմանալ, որ իր անունը ներառված է այդ ցուցակում, թեև ոմանք ենթադրում էին, որ թիրախ կդառնան։ Վուլֆի ընկերուհին և երբեմնի սիրեցյալը՝ Վիտա Սաքվիլ- Ուեսթը, ինչպես նաև Վիտայի ամուսինը՝ Հարոլդ Նիքըլսընը (որը նույնպես ցուցակում էր), երկուսն էլ իրենց մոտ թույնի հաբեր էին պահում օրվա համար, երբ գերմանացիները վայրէջք կկատարեին Բրիտանիայում։
Գրքեր ուսումնասիրելը նշանակում է ստանձնել անվերջանալի խնդիր, քանի որ գրքերի մեջ ներառված թեմաների համար սահման չկա։ Գրքի պատմության ակադեմիական ոլորտը փորձում է մշտապես ուշադրության կենտրոնում պահել գրքի՝ որպես նյութական առարկայի ֆիզիկական փաստերը՝ թուղթը (կամ մագաղաթը), տպագրական տեխնոլոգիաները և տպագրության պատմությունը։ Այնուամենայնիվ, այդ ամուր և նյութական փաստերը անբաժանելի են այն ոչ նյութական կյանքից, որը պահպանում են այդ տարօրինակ առարկաները, ինչպես նաև այն ավելի մեծ պատմությունից, որի մեջ գրքերն անխուսափելիորեն ներգրավված են։ Ընթերցողները վաղուց հաճույք են ստանում գրքերի մասին գրքերից՝ սկսած «Վարդի անունից», մինչեւ «Շրջադարձ» կամ «84, Չարինգ Քրոս Ռոուդ»։ Եվ այն ժամանակներում, երբ տպագիր մշակույթի շարունակական գոյությունը հարցականի տակ է դրվում, գրքերի՝ մեր կյանքում ունեցած ավանդի մասին գրքերը առանձնակի հուզիչ են՝ նման մի պատկերի, որը նկարագրում է Փեթեգրին՝ ամերիկացի զինվորի մասին, որի գրպանից դուրս է ցցված մաշված, թղթե գիրքը։
Պատերազմական ժամանակներում գրքի թեման հսկայական է, և Փեթեգրին խելամտորեն սահմանափակում է իր ուսումնասիրության շրջանակը։ Ամենավաղ հակամարտությունը, որը նա քննարկում է, Ամերիկայի քաղաքացիական պատերազմն է, որը նա հիմնականում օգտագործում է անդրադառնալու համար Հարրիեթ Բիչչեր Սթոուի նշանավոր հակաստրկատիրական վեպին՝ «Քեռի Թոմի խրճիթը» վեպին, որը հրատարակվել է 1852 թվականին և հայտնի է նրանով, որ լացկան ընթերցողներին վերածել է զայրացած ու գործողության պատրաստ աբոլիցիոնիստների։

Ֆրեդերիկ Դուգլասը այդ գրքի ազդեցությունը նկարագրել է որպես «ապշեցուցիչ, կայծակնային և համընդհանուր», իսկ նախագահ Լինքոլնը, երբ 1862 թվականին նրան ներկայացրել էին գրքի հեղինակին, ասել է, թե վերջինս «այն փոքրիկ կինն է, որը գրել է այս մեծ պատերազմի մեկնարկը տված գիրքը»։
Փեթըգրին, ինչպես շատ ուրիշներ, համարում է, որ այս հայտնի արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, առասպելական է և չի համապատասխանում իրականությանը։ Նա նաև կասկածներ է հայտնում վեպի՝ իրադարձությունների վրա ունեցած ազդեցության վերաբերյալ իրականում՝ պնդելով, որ Ստոուի առաջացրած աբոլիցիոնիստական տրամադրությունները քիչ ազդեցություն ունեցան պատերազմի ընթացքի վրա և չեն հանգեցրել նրան, որ Միության զինվորները ավելի շատ կամավորագրվեն բանակ։
Նույնիսկ Լինքոլնը չէր հավատում, որ իր զինվորները զենք կվերցնեն ստրկությունը վերացնելու համար, այլ ոչ թե Միությունը պահպանելու նպատակով․ հենց դա էր պատճառներից մեկը, որ նա տատանվում էր ազատագրման հարցում, և Միության զինվորների պահպանված նամակները դա հաստատում են։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ պատերազմի ընթացքում շատերը դարձան աբոլիցիոնիստներ՝ տեսնելով հարավում ստրկության իրականությունը և ոգեշնչվելով սևամորթ զինվորների քաջությունից ու արդյունավետ ծառայությունից։ Ցավոք, սակայն, թվում է, որ անհիմն չէ Փեթեգրիի պնդումը, թե «Քեռի Թոմի խրճիթը» վեպի գլխավոր հետևանքներից մեկը հարավի հակազդեցությունն էր։ Գրքի օրինակները հրապարակայնորեն այրում էին, և սկսեցին հայտնվել այսպես կոչված «հակա-Թոմ» վեպեր, որոնք ստրկությունը ներկայացնում էին որպես բարենպաստ համակարգ և փորձում էին հերքել Սթոուի ներկայացրած հարավային կյանքի դաժան ու քննադատական պատկերը։
Սթոուի գրքի հրատարակումից մոտ կես դար անց նրա պատմության բեմականացված ներկայացումը այնքան զայրացրեց Հյուսիսային Կարոլինայի բապտիստական հոգևորական Թոմաս Դիքսոն կրտսերին, որ նա գրեց ամենաազդեցիկ հակա-Թոմ վեպը՝ «Կլանի անդամը»։ Գիրքը հրատարակվեց 1905 թվականին և պատմում էր վայրենի, սևամորթ բռնաբարների և ազնիվ Կու-Կլուքս-Կլանի սպիտակ «վրիժառուների» մասին՝ փաստացիորեն արդարացնելով այն վերասեգրեգացիան, որը այդ ժամանակ տեղի էր ունենում Ջիմ Քրոուի օրենքների ներքո։ Երբ Դիքսոնը գրում էր, Կլանը արդեն տասնամյակներ շարունակ գոյություն չուներ, սակայն նրա վեպը, որը հետագայում էկրանավորեց ռեժիսոր Դ. Վ. Գրիֆիթը «Ազգի ծնունդը» վերնագրով, նպաստեց դրա վերածնմանը։ Այս սարսափելի, բայց կինեմատոգրաֆիկ առումով հզոր ֆիլմը մեծ էկրան դուրս եկավ 1915 թվականին, և նույն տարում Կլանը վերակազմավորվեց՝ դառնալով նոր, վրեժխնդիր և բռնության վրա հիմնված ուժ։ Զարմանալիորեն, այն վառվող խաչը, որը բարձրացվեց Ջորջիա նահանգի Սթոուն Մաունթենում Կլանի վերածննդի գիշերը և երկար տարիներ խոր հետք թողեց երկրի հասարակական գիտակցության մեջ, իրական պատմական Կլանից չէր վերցված, այլ հենց Դիքսոնի վեպից։

«Պատերազմի մասին գիրք»-ը հասնում է մինչև մեր օրերը, սակայն Փեթըգրին առավելապես գրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, և հատկապես այդ բաժինն է համարվում ամենալավը։ (Նա նշում է, որ իր հայրը եղել է Թագավորական ռազմաօդային ուժերի սպա)։ Այստեղ նա ուսումնասիրում է տպագիր նյութերի լայն շրջանակ՝ քարտեզներ, թռուցիկներ, գիտական ամսագրեր։ Օրինակ՝ բրիտանական հետախուզության համար աշխատող մի գիտնական կարողացել էր միայն Physikalische Zeitschrift ամսագիրը կարդալով հասկանալ, որ 1941 թվականի դրությամբ նացիստները դեռևս չեն ներդրել անհրաժեշտ ռեսուրսներ ատոմային ռումբ ստեղծելու համար։ Ամսագիրը ներառում էր նաև ֆիզիկայի դասախոսությունների ցանկեր, որոնք անցկացվում էին գերմանական համալսարաններում, և պարզվեց, որ Գերմանիայում մնացած լավագույն ֆիզիկոսները (հրեաներին աշխատանքից հեռացնելուց հետո) ցրված էին ամբողջ երկրով մեկ՝ դասավանդելու համար։ Հետևաբար ակնհայտ էր, որ որևէ կենտրոնացված նացիստական ծրագիր չէր իրականացվում։ Նացիստները, ըստ երևույթին, եզրակացրել էին, որ եթե նույնիսկ իրենց գիտնականների համար ռումբ ստեղծելը այդքան դժվար է, ապա «դեգեներացված» դաշնակիցները երբեք չեն կարող դա անել։ Արդյունքում, Մանհեթենյան ծրագիրը՝ դաշնակիցների այդ հսկայական և կենտրոնացված գիտական ծրագիրը, օգտվեց առնվազն տասնմեկ հոդվածներից, որոնք բաց կերպով հրապարակված էին 1942–1943 թվականներին՝ գերմանական ատոմային ֆիզիկայի գաղտնազերծված հետազոտություններով գիտական ամսագրերում։
«Այս պատերազմում մենք գիտենք՝ գրքերը զենք են», — 1942 թվականին ասել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։ Տասը տարի առաջ, երբ տեղի էին ունենում նացիստական գրքերի այրումները, ավելի քան հարյուր հազար մարդ ամբողջ Միացյալ Նահանգներում երթեր էին կազմակերպել՝ բողոքելով դրանց դեմ։ Այժմ ԱՄՆ Պատերազմական տեղեկատվության գրասենյակը (U.S. Office of War Information) հրապարակեց մի պաստառ, որի վրա գրքի այրման լուսանկարը շրջանակված էր հետևյալ բառերով․ «ՆԱՑԻՍՏՆԵՐԸ ԱՅՐԵՑԻՆ ԱՅՍ ԳՐՔԵՐԸ… բայց ազատ ամերիկացիները ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՐԴԱԼ ԴՐԱՆՔ»։ 1943 թվականին ամերիկյան հրատարակիչները սկսեցին արտադրել «Ձեռնարկ զինած ուժերի համար» գրքերը՝ նախատեսած զինծառայողների համար արտասահմանում․ միլիոնավոր գրքեր, որոնք ծառայում էին կրթության, զվարճանքի համար, նույնիսկ խաղաղության պահերի համար։ Այս հրատարակությունները փոքր չափի էին և տպված թեթև թղթի վրա, որպեսզի տեղավորվեին զինվորի գրպանում և դիմանային բազմաթիվ ընթերցումների, քանի որ զինվորները դրանք փոխանցում էին միմյանց։ (Այս շարքի մասին կա նաև ամբողջական գիրք՝ «Երբ գրքերը պատերազմ գնացին», որի հեղինակն է Մոլլի Գուփթիլ Մենինգը)։ Սկզբում ուղարկվել էր 30 հատոր՝ յուրաքանչյուրից 50,000 օրինակով։ Հետագայում ավելացվեցին հարյուրավոր ստեղծագործություններ, և տպաքանակը եռապատկվեց՝ ներառելով վեպեր, դասականներ, կենսագրություններ, հումոր, պատմություն, դետեկտիվներ, գիտություն, պիեսներ և պոեզիա։ Գրքերի փաթեթները տեղափոխվում էին Իտալիայի Անցիոյի ռազմաճակատ, պարաշյուտով նետվում Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիների վրա, և պահեստավորվում 1944 թվականի գարնանը՝ Նորմանդիայում վայրէջք կատարելու դեպքում զորամասեր հասցնելու համար։

«Օլիվեր Թվիստ»։ «Զայրույթի ողկույզներ»։ Ջորջ Գերշվինի և Բեն Ֆրանկլինի կենսագրությունները։ Զեյն Գրեյի վեստեռնները։ Վիրջինիա Վուլֆը («Տարիներ»)։ Օգդեն Նեշը։ Պլատոնի «Հանրապետությունը» («նոր տարբերակ պարզ անգլերենով»)։ «Գիրք շնային պատմություններով բուխարու շուրջ»։ Հատկապես լավ արդյունքներ գրանցեցին սեռի խնդիրներին վերաբերող վեպերը, և բոլորից ամենատարածված գիրքը, կարծես, եղել է «Մի ծառ է աճում Բրուքլինում» գիրքը, որի հեղինակ Բեթի Սմիթը գնահատել է, որ տարեկան մոտ հազար հինգ հարյուր նամակ է ստացել զինվորներից։ «Ես մտածում էի այդ գրքի մասին նույնիսկ բավականին ուժեղ կրակի տակ», – գրել է մի զինվոր։ Մեկ այլ զինվոր, գուցե ավելի լավ արտահայտելով պատերազմական ժամանակ գրքերի գրավչությունը, քան որևէ մեկը, գրել է. «Չեմ կարող բացատրել այն հուզական արձագանքը, որը տեղի ունեցավ իմ այս մեռած սրտում»։

Հնագույն հավատամք կա, թե աստվածները մեզ ուղարկում են վիշտ՝ ներառյալ պատերազմները, որպեսզի մենք ունենանք պատմելու պատմություններ․ «Ես երգում եմ զենքերի և մարդու մասին»։ Մենք գիտենք, թե ովքեր ենք, այն պատմությունների միջոցով, որոնք կիսում ենք։ Եթե ինչ-որ մեկին պատմես քո սիրած գիրքը՝ օրինակ՝ աղքատ երեխայի մասին, որը մեծանում է Բրուքլինի մի բազմաբնակարան շենքում և ձգտում է կրթության, դու այդպիսով ինչ-որ բան ես ասում նաև քո մասին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներին հաջորդած տարիներին գիրք ընտրելու հնարավորություն էր տրվում Գուանտանամոյի ռազմական բանտի կալանավորներին, ուր 2002 թվականից ի վեր պահել են մոտ ութ հարյուր մահմեդական տղամարդկանց և տղաների։ Գրքերը պահվում էին մի թրեյլերում, և կալանավորները դրանք կարդում էին իրենց խցերում։
2010 թվականին Տորոնտոյում ծնված մի կալանավորի՝ Օմար Քադրի դատավճռի լսում էր տեղի ունենում։ Նա մասամբ մեծացել էր Պակիստանում և 2002 թվականին՝ 15 տարեկանում, ձերբակալվել էր Աֆղանստանում։ Մեղադրող կողմի համար ցուցմունք տվող հոգեբույժը Քադրին նկարագրեց որպես վտանգավոր ջիհադիստ, որը Գուանտանամոյում անցկացրած իր ութ տարիների մեծ մասը նվիրել էր Ղուրանը անգիր սովորելուն։ Պաշտպանական կողմի փաստաբանը հակադարձեց՝ պահանջելով ներկայացնել այն գրքերի ամբողջական ցանկը, որոնք Քադրն խնդրել էր կարդալ․ Բարաք Օբամաի «Երազանքներ հորիցս», Նելսոն Մանդելայի «Երկար ճանապարհ դեպի Ազատություն», Իշմայել Բեահի«Երկար ճանապարհ դեպի տուն», ինչպես նաեւ Ստեֆանի Մայերի, Ջոն Գրիշամի եւ Դանիել Ստիլի վեպերը։ Սա այն ցանկը չէր, որը կսպասեին «ջիհադիստից»։ Գրքերը, սակայն, չօգնեցին, որ Քադրին 2012 թվականին տեղափոխեցին կանադական բանտ և մի քանի տարի անց ազատ արձակեցին՝ հետագայում ստանալով Կանադայի կառավարության պաշտոնական ներողությունը և զգալի դրամական փոխհատուցում։ Բայց դրանք վաղ նշան էին, որը նաև լայնորեն լուսաբանվեց մամուլում, որ նա այն անձը չէր, ինչպես ներկայացնում էին նրա պահապանները։ Այդ լսումը յուրօրինակ, գրեթե բառացի օրինակ էր այն մտքի, որ գրքերը նույնիսկ ամենամութ բանտում կարող են մարդուն ազատել։
Շարունակությունը՝ այստեղ
Կլաուդիա Ռոտ Փիրփոթ
Աղբյուրը՝ այստեղ
Թարգմանեց՝ Գայանե Պողոսյանը
