Օֆելի Դալաքյան/Ապխտած ձկների տերը

– Փըշտ, փըշտ,- հեռվից վազելով մոտեցավ Աստղիկը՝ ձկներով լի արկղի մոտից հեռացնելով կատվին, որն ամեն հարմար առիթն օգտագործում էր մի ձուկ թռցնելու համար։- Աչքս մի րոպե թարթում եմ, սա ձկներս թռցնում ա։ Վովա, չէիր կարո՞ղ քշել կատվին, մինչև գայի,- շրջվեց դեպի Վովա պապը։

-Ես քո կատվին չեմ տեսել,- գլուխը գրքից չկտրելով պատասխանեց Վովա պապը։

-Իմը ձկներն են, հետո էլ՝ եթե կատուն գար մտներ մրգերիդ արկղերը, կտեսնեիր, չէ՞,- շարունակեց Աստղիկը։

-Սրտովս գնա, Աստղ,-ասաց Վովա պապը՝ առանց Աստղիկին նայելու։

-Սրտիդ ի՞նչ եղավ, համ էլ ի՞նչ ես էդքան կարդում։

Վովա պապն այսօր սովորականից լուռ էր, նույնիսկ խուսափում էր Աստղիկի հետ վիճելուց, ինչն ամեն օր լինում էր։ Նույն մայթի երկու եզրերին առևտուր էին անում Աստղիկն ու Վովան՝ անկախ եղանակի բարեհաճությունից։ Միասին սուրճ էին խմում, վիճում, բամբասում անցնողների հետևից, վիրավորվում հաճախորդների քմահաճ վերաբերմունքից, օրն անցկացնում։

Աստղիկը մի քանի անգամ փորձեց վեճի մեջ ներգրավել Վովա պապին, բայց չստացվեց։

– Ասում եմ՝ ինչ ես կարդում, մի ասա տեսնեմ, ես էլ լուսավորվեմ, դու խելացի մարդ ես, կարդացող, հո ինձ նման չես։ Մի կարգին դպրոցն էլ չավարտած՝ հերս պսակեց ինձ նման անուսում մարդու հետ։ Չնայած՝ նա ինձնից անբանը դուրս եկավ․ձեռքից իսկի բան չի գալիս,- անկարողությունից ծիծաղեց Աստղիկը,- տանն էլ որ մի սրճեփ փչանա, չի կարողանա սարքել։

Վովա պապը քմծիծաղ տվեց, մի աչքով նայեց Աստղիկին, հետո գրքին, իսկ հետո փակեց գիրքն ու նայեց մրգերին․ այսօր ոչ մի կիլոգրամ չէր վաճառել։

– Սարոյանի «Նարինջներ»-ն եմ կարդում, ինձ հիշեցի։ Երբ փոքր էի, մայրս ամռանը կանաչիներ էր չորացնում, լցնում տարաներն ու տալիս ձեռքս, որ տանեի խանութներին բաժանեի։ Կարդացե՞լ ես էս պատմությունը։

– Չէ,-կտրուկ պատասխանեց Աստղիկը՝ ձեռքով քշելով ճանճերին,- ես ժամանակ չեմ ունեցել։-Կարդում ես, որ իմանաս՝ նարինջներդ ոնց ծախե՞ս,- ավելի շատ ձևացրեց, քան իսկապես ծիծաղեց Աստղիկը։

– Է՜հ,-ձեռքն օդում թափ տվեց Վովա պապը,- տիկին Աստղիկ, դու գրականությունից հեռու ես, բայց․․․․

Վովա պապն ուզում էր շարունակել, բայց Աստղիկը կտրուկ ընդհատեց։

– Հա, հեռու եմ, դու ես մոտ։

– Լավ, լավ, լսիր պատմեմ՝ մի անգամ ինչ եղավ։ Մի օր հոգնած եկա տուն, անտանելի շոգ էր, դռներն ու պատուհանները բացեցի եւ պառկելս ու քնելս մեկ եղավ։ Արթնացա, տեսնեմ կանաչիները թերթերից թափվել էին ցած․ մաման հին թերթերի վրա կանաչիներ էր չորացնում։ Վախեցա, որ մաման գործից կգա ու կջղայնանա, սկսեցի ավլել կանաչիները ու լցնել տարաների մեջ, մամայի մոտ էլ գլուխ գովեցի, թե օգնել եմ իրեն։ Մաման ուրախացավ, հետո տվեց ձեռքս այդ նույն տարաները ու ճանապարհեց շենքի տակի խանութ։ Մերս այդպես էլ չիմացավ, թե ինչու  դրանից հետո խանութը հրաժարվեց կանաչիներից։ Աստղ, կարոտեցի մորս։

Աստղիկը ձայն չէր հանում․սառած աչքերով նայում էր ձկներին։ Աստղիկն էլ այսօր ոչ մի ձուկ չէր վաճառել։ Շոգին էլ ձկան հոտն ավելի տհաճ ու անախորժ էր դառնում։ Նեղսրտել էր Աստղիկը․ այսօր խանութից ի՞նչ պիտի գնի, ինչքա՞ն կարող էին ապխտած ձուկ ուտել։

– Աստղիկ, տիկին Աստղիկ,- ձայն տվեց Վովա պապը,- տես՝ ինչ լավ խնձոր է, մի հատ փորձիր։

Աստղիկը հրաժարվեց։

– Էսօր մորս շատ հիշեցի, Աստղիկ, ինքն էլ էր խնձոր շատ սիրում, վերցրու, փորձիր։

– Գոնե ծիրան սիրեր,- ժպտաց Աստղիկը,- քանի օր է՝ աչքս ծիրանների վրա է։

Վովա պապը բարձր-բարձր ծիծաղեց։

– Չունենամ քեզ, Աստղիկ, առ, էս ծիրանը քեզ, անուշ արա։

Աստղիկը ճպճպացնելով կերավ՝ բերանի եզրերով հոսող հյութը ձեռքով սրբելով։ Հետո ծիրանի կորիզը քարով կոտրեց, կերավ։

Մարդիկ անցնում էին, հարցնում ձկների և մրգերի գինը, նայում, տնտղում, հետո առանց բառ ասելու հեռանում։ Լավագույն դեպքում գինն իջեցնում էին, նոր գնում։ Որ մեկի մոտից էլ գնում էին, մյուսը չար աչքով էր նայում։

– Էսօր գործ չկա, գնամ տուն,- ասաց Աստղիկը՝ փորձելով հավաքել արկղերը։

– Շուտ ես գնում,-ասաց Վովա պապը՝ սրտի խորքում ուրախանալով,- կոֆե էլ չխմեցիր։

Աստղիկն ուսերը թոթվեց՝ չեմ ուզում։

Վովա պապը տարածքում մնաց մենակ, ուրախացավ՝ կարծելով, թե Աստղիկի  ձկներն էին մեղավոր, որ իր մրգերը չէին վաճառվում։ 

Հաջորդ առավոտ Վովա պապը եկավ իր տեղը, արկղերից հանեց, դասավորեց մրգերը՝ գովելով վերջիններիս, որ անցորդների ուշադրությունը գրավի։ 

Աստղիկը դեռ չէր եկել։ Զարմանալի էր, որովհետև նա Վովայից շուտ էր գալիս։ Մեկ-երկու ժամ անցավ, բայց Աստղիկը չկար։ Օրվա հետ Վովան մոռացավ Աստղիկին, մանավանդ որ առևտուրը եռում էր։ Հաջորդ և մյուս օրերին ևս Աստղիկը չեկավ։ Վովա պապը հեռախոսահամար էլ չգիտեր, որ զանգեր։

Գրեթե մեկ ամիս անց Աստղիկի տեղը մի մանկահասակ դեմքով տղա էր կանգնած՝ երկու ստվարաթղթե արկղերով՝ լի ապխտած ձկներով։ Վովա պապը նայեց-նայեց, հետո մոտեցավ։

– Էս Աստղիկի տեղն ա, ուրիշ տեղ կանգնի։

– Մաման մահացել ա,- պատասխանեց տղան՝ ձեռքով քշելով կատվին, որն անցել էր իր հին գործին։

Վովա պապը կարկամեց, օդում ճնշող լռություն կախվեց։ Հետո սկսվեց ինքնամեղադրանքները, անփույթ խոսքերը հիշելը, բայց այնքան ուշ էր արդեն։ Վովա պապի աչքերը  թրջվեցին, նեղսրտեց, որ այսքան ժամանակ միասին աշխատել են ու ոչինչ չեն իմացել միմյանց մասին։ Ինքն իրեն մեղադրում էր, որ այսքան ժամանակ չի իմացել Աստղիկի ուսերին դրված բեռի մասին, նրա հիվանդության մասին, որն էլ տարավ նրան։ Մի քանի րոպե հետո Վովա պապը կարողացավ մոտենալ արկղերին, մի քանի ծիրան վերցրեց ու տվեց տղային։

– Աստղիկը ծիրան շատ էր սիրում․․․

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *