Վովա Արզումանյան/ Մարդն ու մարդը «Քրջի BAZZAR»-ում

Մարդն ու մարդը երկխոսելու տարբեր թեմաներ ունեն։

Մարդն ու մարդը երբեք չեն սպառում իրենց պատմությունները։

Բայց մարդն ու մարդը նաև վիճում են, ծիծաղում, ջղայնանում, ապրում հոյակապ, ապրում անորոշ ու վիճելի ժամանակներում։ Ապրում վիճելի ու անորոշ մարդկանց մեջ։

Մարդու ապրածը նման է մեկ այլ մարդու ապրածի, մեկ այլ մարդու ապրածն էլ թվում է անհամատեղելի կամ համատեղելի շարունակությունն այս ամենի։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ մարդիկ՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոցի ուսանողները, հանդիպել են հանրահայտ քրջի բազարի մարդկանց, հարց ու փորձ արել, որսացել նրանց պատմությունները, բնավորությունները, շարժ ու ձևը, մտածողությունն ու մոտեցումները։ Նրանք երեք ամիս շարունակ քչփորել ու գտել են այն, ինչն այսօր բեմում է՝ վավերագրական նյութի հետևողական մշակումից ծնված դրամատուրգիական ամբողջականությամբ:

«Քրջի BAZZAR» վերբատիմ ներկայացման փիլիսոփայական հիմքում ընկած է իրական մարդկային ճակատագրերի վավերագրականությունը, որտեղ կենսական բազմաթիվ խաչմերուկներ ամբողջանում են իրենց լուսաստվերային ողջ խորությամբ։ Այս բեմական տարածությունում մարդկային գոյությունը, սոցիալ-քաղաքական իրողություններն ու էքզիստենցիալ շերտերն անդառնալիորեն միահյուսվում են՝ ծնելով այն երևույթը, ինչն իտալացի գրականագետ և թատերագետ Սիմոնետա Վալենտին բնորոշել է որպես «հումանիզմի նոր տեսակ»։ Այս համատեքստում, արվեստի միջոցով աշխարհի էսթետիկական վերակառուցման ձգտումը, որն իրականանում է կեցության տրավմատիկ ճեղքվածքների, հոգեբանական վշտի և խորը ձանձրույթի արտացոլմամբ, զուգորդվում է մարդկային տագնապի բառայնացման պահանջով։

Մարդկային տարբեր ճակատագրերի ու ապրումների այսպիսի վավերագրումը թույլ է տալիս կողքից նայել մեր կյանքին՝ իր ողջ դրամատիզմով: Այս իրականության մեջ, որտեղ ամեն ինչ խառնված է իրար՝ կենսահաստատ ու կործանարար հակադրություններով, թատրոնն օգնում է հաղթահարել կեցության քաոսը։ Այն կարծես բացահայտում է հենց կյանքի թաքնված կախարդանքը՝ այս դառն ու անուշ, ապտակող ու ցնցող իրականությունը։

Այս ներկայացման բոլոր կերպարներն իրական են։ Նրանք որոշակի սոցիալական խմբերի շահերի ներկայացուցիչներ են։ Կրիտիկական խնդիրներն ու հարցադրումները, որոնք դրված են այս ներկայացման առջև, հաջողվել է աշխատանքի ղեկավարներ Նադեժդա Իսրաելյանին ու Դիանա Ռազիելին հասցնել այն կետին, որտեղ կարծես բացահայտվում են պատճառներն ու հարաբերությունները, ճշմարտությունն ու դեմքերը, դեպքերի պատճառահետևանքային կապը։ Իրենց շրջապատող իրականության քաոսային բազմազանությունից, անձնական և սեփական անձի հետ կոնֆլիկտներից ծնվող պատմությունները դրամատուրգիորեն կառուցված են առանց գեղարվեստական շեղումների, կոնկրետ են ու դիպուկ։ 

Շուշաննա Ալիխանյանի մարմնավորած կերպարը ոչ միայն ինքնատիպ կոլորիտ ունի, այլև յուրատեսակ նախերգանք է հանդիսանում ներկայացման համար՝ իր մեջ կրելով մեծ պատմության արձագանքներ։ Դերասանուհին առաջին իսկ տեսարանից ձևավորում է ներկայացման հուզական միջավայրը՝ կերպարի հոգեբանական նրբերանգների միջոցով: Միակ խզումն առաջանում է երաժշտական սկզբնամասում, որտեղ անպատասխան է մնում մի հարց․ ինչո՞ւ են «քրջի բազարի» կերպարներն այդքան իդեալական երգում։ Գուցե երաժշտական դադարներն այն բեկումնային կետե՞րն են, որոնցից հետո նրանք վերափոխվում ու վերամարմնավորվում են։

Ժորա Գևորգյանի մարմնավորած կերպարն առաջին հայացքից ներկայանում է որպես «քյարթու» սոցիալական տիպաժ, սակայն նրա պատմությունը խուսափում է միանշանակությունից: Կերպարի արտահայտչականությունը ձևավորվում է հատկապես հոգեբանական և արտաքին մանրամասների հաշվին, որոնք օգնում են ուրվագծել նրա սոցիալական պատկանելությունը:

Երբ հանդիսատեսը հայտնվում է հենց բեմական տարածքում, թատրոնը կորցնում է իր ավանդական հեռավորությունը՝ վերածվելով բաց նյարդի։ Այս մոտիկությունը դերասաններից պահանջում է առավել կենտրոնացված և ճշգրիտ գոյություն բեմում։ Այս պայմաններում հանդիսատեսը հաճախ ներգրավվում է ոչ միայն որպես դիտորդ, այլև որպես գործողության անմիջական մասնակից:

Այստեղ ժամանակային հարթությունները փոփոխվում ու ֆիքսվում են, սակայն անփոփոխ է մնում իրականությունը, որն ընթացքում ավելի է խտանում ու ծանրանում։ Աստծո, մահվան և սոցիալական տարաբնույթ խնդիրները յուրաքանչյուր պատմության ներսում բյուրեղանում են նոր դրսևորումներով։

Օպերային երգչուհու կերպարը մարմնավորող Մհեր Մհերյանը ներկայացնում է անհատական ողբերգության պատմություն, որի ազդեցությունը մեծապես պայմանավորված է կերպարի ներքին ապրումների հետևողական բացահայտմամբ: Կերպարի պատմության կարևոր հանգրվաններից է «Սոնա յար» երգի կատարումը, որը բեմական գործողության մեջ ստանում է ամփոփիչ նշանակություն: Իսկ փոքր ժամանակ երգելու երազանքով բազում պատնեշների հանդիպած հերոսուհին, որին մարմնավորում է Անժելա Ստեփանյանը, ներկայանում է որպես նրբազգաց, բայց միաժամանակ նպատակասլաց անձնավորություն: Նրա պատմության առանցքում սեփական սահմանափակումների հաղթահարումն է և երաժշտության միջոցով ինքնադրսևորվելու ձգտումը:

Չենք կարող չանդրադառնալ Էրիկ Վարդանյանի ու Սվետա Հակոբյանի համատեղ տեսարանին, որը ևս մեկ անգամ ապացուցում է քրջի բազարի իրական հնարավորությունները․ որդուն ամուսնացնելու համար լեզուն սուր է, տեսակետները՝ հստակ, նպատակը՝ անփոփոխ։

Էրիկ Վարդանյանը նաև այլ կերպար է մարմնավորում։ Դերասանը կերպարը կառուցում է արտաքին և հոգեբանական մանր դետալների համադրությամբ: Նրա կերտած կերպարը՝ կյանքի բարդ արահետներով անցած ծերունին, բեմում ներկա է  ճշմարտացիությամբ։ Կերպարի էքզիստենցիալ հուսահատությունն ու ցավն առավել ցնցող են դառնում նրա  խոսքերում. «Ընկերներս մեկը մյուսի հետևից գնացին։ Չվիճեցինք, հարաբերություն չփչացավ, մարդը իրա ձեռքով վերցրեց ու տարավ։ Ու մի օր էլ հասկանում ես, որ նստած ես նույն սեղանի մոտ, ուղղակի աթոռներն են դատարկ․․․»։ Սա սոսկ ռեպլիկ չէ, այլ մարդկային կյանքի անցողիկության բանաձևումն է։ Ներկայացման բաց նյարդը կարելի է համարել կնոջ և ամուսնու տեսարանը՝ Արտյոմ Ավետիսյանի և Լիլի Գալստյանի նրբազգաց կատարմամբ։ Վերհուշի հետհայաց ձևաչափում նրանք ասես թերթում են սեփական պատանեկությունն ու երիտասարդությունը՝ վերակենդանացնելով անցած օրերի պատառիկները։ Այս տեսարանում առանցքային է դառնում այն փիլիսոփայական կանխադրույթը, որ ժեստերի լեզուն միակն է, որն ընդունակ չէ կեղծիքի։ Երկու ուսանող-դերասանների խաղն այնքան հասուն ու պրոֆեսիոնալ էր, որ չէր թողնում կտրվել այդ պատմությունից։

«Միայնակ ուրախությունը տխրություն ա, ում ա պետք». այս խոսքերի մեջ արտացոլվում են Գևորգ Մարգարյանի մարմնավորած կերպարի կենսափիլիսոփայական հիմնական շեշտադրումները: Թե ինչպիսի՞ հարվածներ կամ պարգևներ է մատուցել ճակատագիրն այս հերոսին՝ բացահայտված չէ, սակայն բեմական գործողության ողջ ընթացքում նա գտնվում է ինքնության մշտական որոնման մեջ, ինչն արտահայտվում է անգամ նրա ստեղծագործական պոռթկումներում՝ «աքրոստիկոսի ժանրով» գրված տեքստերում։ Այս ներկայացումը հնարավորություն է տալիս տեսնելու դերասանի արտահայտչական տարբեր հնարավորությունները: Կերպարի կառուցվածքը համադրում է արտաքին բնութագրական գծերն ու ներքին հոգեբանական շարժառիթները, ինչը դերասանի առջև դնում է բազմաբնույթ դերային խնդիրներ:

Գարիկ Առաքելյանի մարմնավորած հերոսը ներկայացման մեջ առնչվում է արդարության խնդրին՝ այն դիտարկելով սեփական կենսափորձի տեսանկյունից: Արդարության մասին կերպարի պատկերացումները բացահայտվում են անձնական փորձառությունների և հիշողությունների միջոցով: Գարիկ Առաքելյանի խաղաոճը հիմնված է զուսպ արտահայտչամիջոցների վրա, որոնց միջոցով աստիճանաբար բացահայտվում են կերպարի ներքին հակասությունները:

Անահիտ Անդրեասյանի մարմնավորած հերոսուհին ունի ընդգծված կենսասիրական գիծ, որը դրսևորվում է նրա ներքին հակասությունների և ճակատագրի հետ պայքարի համատեքստում: Ծովում հանգստանալու նրա ցանկությունը և դրան ուղղված քայլերը դուրս են գալիս կենցաղային մակարդակից՝ դառնալով կյանքի ծանրությունից փախուստի և ազատության որոնման փոխաբերություն:

Ներկայացման կառուցվածքային, ժամանակային և իրադարձային կապն ապահովում է Անի Նոբելյանի կերպարը, որը հանդես է գալիս որպես ուղղորդող։ Սակայն նրա հայտնվելը քրջի բազարում դառնում է ներկայացման կոմպոզիցիոն բեկումնային կետը։ Այս միջավայրում սեփական դրամաներով հայտնված մյուս հերոսուհիները, որոնց մարմնավորում են Իվետա Դավոյանն ու Աննա Սարգսյանը, ներկայացմանը հաղորդում են գունեղություն։ Ուսանող-դերասանուհիներին հաջողվել է հստակորեն ընդգծել իրենց կերպարների անհատական խառնվածքներն ու բնավորության շեշտադրումները։

Ի՞նչ կա քրջի բազարում․ հին կենցաղային իրե՞ր, հագո՞ւստ, տարատեսակ առարկանե՞ր, թե՞ մարդիկ, պատմություններ, ճակատագրեր, սպասումներ։
Պատասխանը հենց մարդն է՝ իր կյանքի տագնապներով, հակասություններով և ամբողջական ներկայությամբ:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *