Այդ օրը նա կրծկալ չհագավ: Սպիտակ շապիկը քիպ էր ու կարճ, թափանցիկ չէր, բայց առանց կրծկալ թափանցիկի հաշիվ էր։ Մազերը ձիգ կապեց, թարմացրեց կարմիր շրթներկը, շապիկի վրայից թեթևակի շոյելով կրծքերը՝ մտածեց՝ «էսօ՛ր ա էդ օրը» ու շտապեց դեպի մուտք։
— Աղչի՛, էդ ո՞ւր, — մոր ձայնը հեռվից էր գալիս։
— Ուշ եմ գալու․․․
— Այ թե հերդ սաղ լիներ՝ ձեռից չէիք պրծել էրկու քուր, պոռնիկնե՛ր․․․
— Դու խմի-խմի՛:
— Իիի՞նչ․․․
— Դու քնի-քնի՛, ուշ կգամ, — պայուսակն ու կաշվե բաճկոնը վերցրեց և դուրս եկավ տնից։
Բոլորը պարում էին։ Բարձր երաժշտությունն ու տարօրինակ ծուխը շշմեցրել էին հավաքվածներին, և զոմբիացած ամբոխը ռիթմիկ շարժվում էր անկանոն ալիքի պես։ Արփիի հայտնվելով պարահրապարակի ընդհանուր շարժը կտրուկ դանդաղեց, ծխի քուլաները մի պահ կախվեցին օդում, ու մարդիկ սկսեցին հայացքով հետևել կաշվե բաճկոնով աղջկա քայլվածքին։ Արփին անտարբեր անցնում էր, ավելի շուտ՝ սահում էր մարդկանց արանքով, երբ նրա ճանապարհը կտրեց կարմրաթուշ մի երիտասարդ։
— Ինչի՞ ես էկել, տո՛ւն գնա։
Արփին փորձեց շրջանցել տղային։ Նա կրկին կտրեց աղջկա ճանապարհը։
— Էկել ես՝ քեզ ցո՞ւյց տաս, հիմա պտտվի ու տուն գնա՝ ասո՛ւմ եմ, — փորձեց աղջկա ձեռքից քաշել։
— Ձեռնե՛րդ քեզ պահի ու մի կողմ քաշվի, — փոքր-ինչ մոտեցավ տղային ու հայացքը նրանից չկտրելով՝ խիստ տոնով շարունակեց. — Ավելի լավ ա՝ նշանածիդ հիվանդատես գնա, ա՛յ «ոչմիբան»․ մի շաբաթից ավել ա՝ Լուսեն քեզ ա սպասում։
Կարմրաթուշը փախցրեց հայացքը, մի կողմ քաշվեց ու արագ անհետացավ պարողների բազմության մեջ։ Արփին մոտեցավ բարին, նստեց բարձր աթոռին, ոտքը ոտքին գցեց և հպանցիկ նայեց օթյակում հավաքվածների ուղղությամբ։ Թանձր ծխի մեջ աղջիկը տեսավ նրա ուրվապատկերը, ում համար այդ օրը առանց կրծկալ շապիկ էր հագել։ Արփին հանեց բաճկոնը, իրանը փոքր-ինչ հետ ձգեց, և ձեռքերը կրծքերի տակ խաչելով՝ հենվեց հենակին։ Այդ ժամանակ դիջեյն իջեցրեց երաժշտության ձայնը, և ներքևից մի քանի հոգի բարձրացան բեմ։ Դանդաղ բիթը կրկին ոգևորեց պարամբոխին, բոլորը ձգվեցին դեպի բեմահարթակը, որտեղից հնչեցին ծանոթ երգի կենդանի բառերը։
«Նա մի քանի տարեկան էր,
Խուլ քուչա, ուրեմն՝ շունը բարեկամ էր․․․»։
— Կներեք, օթյակից Ձեզ «Մարտինի» են հյուրասիրում, — բարմենը գեղեցիկ շարժումով լայն բաժակը դրեց Արփիի դիմաց։
Աղջիկն անմիջապես չպատասխանեց։ Փոքրիկ կում արեց, լողացող զեյթունը հանեց բաժակից, հետո հեռու հրելով այն՝ դիմեց բարմենին.
— Իմ կողմից շնորհակալություն ասա հյուրասիրողին, — զեյթունը դրեց շուրթերի արանքը, թեթևակի կծեց. — Բայց նաև ավելացրու՝ պետք չի, չեմ ուզում՝ ինչ-որ մեկը, ինչ-որ բան ինձ հյուրասիրի։
«․․․Շորերդ քանդի, բաց,
Շուրթերդ ներկի ալ,
Մազերդ թաց, թքած,
Թե չեն ասելու քած․․․»:
— Կներես, թե նեղացրի։ Ուզում էի մի լավ բան հյուրասիրել իմ ակումբի ամենագեղեցիկ այցելուին։
Արփին ձայնից անմիջապես հասկացավ՝ ով է։ Նա փոքր-ինչ հետ գնաց, և սպիտակ շապիկը, վեր բարձրանալով, ավելի քիպ գրկեց աղջկա փխրուն մարմինը։ Երիտասարդը մոտեցավ, ձեռքը դրեց բարի սեղանին և հայտնվեց Արփիի դեմ դիմաց։
— Երևի ճանաչում ես ինձ․․․
— Երևի քեզ ո՞վ չի ճանաչում, մանավանդ՝ վերջին շաբաթը։
Տղան անակնկալի եկավ կտրուկ պատասխանից։
«․․․Բառերը ավելորդ են, ավելի բարդ ու խորթ,
Հետաքրքիր ա՝ ինչ ա կատարվում էս մարդու մոտ․․․»։
— Ես էլ քեզ եմ ճանաչում, փոքրի՛կ Արփի, բայց նոր եմ նկատում, որ արդեն էդքան էլ փոքր չես։
— Ո՞նց ես բաց թողել․․․ Հիմա էդ լա՞վ ա, թե՞ վատ։
— Ինձ դուր ա գալիս, — հայացքով տնտղեց Արփիին, իսկ երբ հայացքը կանգ առավ աղջկա կրծքերին՝ ավելացրեց. — Ասեմ ավելին՝ շատ ա դուր գալիս։
— Չէի էլ կասկածում, Լութո՛։ Գիտեմ՝ շատ բաներ ես տեսել, շատ բաներ փորձել, բայց կան բաներ, որ հասանելի չեն նույնիսկ քեզ։
Տղան առաջ ձգվեց, ձեռքը տարավ Արփիի մեջքին և ուժեղ սեղմեց դեպի իրեն։
— Չկա՛ տենց բան աշխարհում․ ես ինչ ուզում եմ՝ ունենո՛ւմ եմ․․․
Արփին մի պահ շունչը պահեց՝ հայացքը չկտրելով տղայից, աննշան ժպտաց, թեթևակի ներս քաշեց օդը և կատվի ճկունությամբ դուրս պրծավ տղայի գրկի ակցանից։ Ձեռքը քնքշությամբ հպեց երիտասարդի ափին.
— Ինձ հենց քո վստահությունից ա պետք էսօր, Լյուդվի՛գ «ամենակալ»։ Բայց ես արդեն գնամ, միջավայրը էլ չի գրավում, — կաշվե բաճկոնը գցեց ուսերին, պայուսակը վերցրեց և հեռանալուց առաջ հպանցիկ շշնջաց,— կարող ես չճանապարհել։
Լյուդվիգն առաջ անցավ Արփիից, դուրս եկավ ակումբից, դիմացի մեքենայի դուռն արագ բացեց և հենվեց մեքենային՝ դեմքով դեպի ակումբի ելքը։ Արփին բացեց դուռը և առանց այլևայլության քայլեց դեպի մեքենան։ Տղան Արփիի հետևից նստեց մեքենան, միացրեց շարժիչն ու աղջկա կողմ չնայելով՝ հարցրեց.
— Ո՞ւր տանեմ։
— Ուր ես տանում էս դեպքերում՝ ըտեղ էլ տար։
Լյուդվիգը աննշան ժպտաց ու ոտքը կտրուկ դրեց «գազին»։ Ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չփոխանակելուց, մութ ու խառը ճանապարհներով անցնելուց հետո՝ երիտասարդը հանկարծակի ասաց.
— Բան չմնաց, հեսա հասնում ենք։
Արփին, կարծելով՝ տղան իր հետ է, ինքնաբերաբար արձագանքեց.
— Լուսեի՞ն էլ էիր էստեղ բերել։
Երիտասարդը անմիջապես չպատասխանեց, մի փոքր լուռ մնալուց հետո կտրուկ արգելակեց մթության մեջ։
— Էստեղ չէր, այգու խորքերն էր. ես խորքային բաներ սիրում եմ։ Բայց էս մասերն էլ վատը չեն։ Իջա՛նք։
— Ափսոս, ես կուզեի նույն տեղը գնալ․․․
Երիտասարդը ծխում էր, Արփին լուռ քայլում նրա կողքով։ Մութը, միտումնավոր լռությունը, վառվող ծխախոտի սվսվունը գիշերն ավելի առեղծվածային էին դարձնում, բայց Արփին բավարար համբերություն չուներ պահը երկարաձգելու համար։
— Վսյոտակի՝ ուզում ես հասնենք քո սիրած խորքերին․․․ Էդ ի՜նչ լավ ա անցել, որ ինձ տանում ես հենց էդ տեղը։
Տղան կատաղությամբ բռնեց Արփիին ու սեղմեց հաստաբուն ուռենուն։
— Կսատկացնե՛մ, արա՛, ուզում ես՝ հունից հանե՞ս։ Ես դրա հետ կապ չունեմ, չներվայնացնես ինձ, ա՛յ․․․ — Լյուդվիգը լռեց։ Ծխախոտը շուրթերի արանքը՝ խոր շունչ քաշեց, հետո ծուխը փչեց Արփիի դեմքին։
Աղջիկը դողում էր, ներքին օրգանները գալարվում էին վախից, բայց նա փորձում էր խուճապի չմատնվել. «․․․էկել հասել ես էս կետին ուզում էիր շոկոլադ ու ծաղիկ տային ոտերդ պաչեին հավաքի քեզ հլը էլ ինչ պիտի լինի թուլացի ու վայելի կստացվի-կստացվի չի ստացվի կորցնելու բան չկա ինչ կա արդեն կորած ա հետ չես բերի․․․ բոզ ես քեզ բոզի պես էլ պահի․․․»:
— Ուզում էիր ասել՝ ա՛յ քա՞ծ․․․ ուզում էիր ասել՝ կսատկացնե՛մ քեզ, ա՛յ պոռնի՞կ, — աղջիկը մի փոքր առաջ եկավ՝ շուրթերը համարյա հպելով վառվող ծխախոտին։ — Դե ասա՛, ինչի՞ ձեն չես հանում, ի՛մ վայրենի։
Տղայի աչքերը շողշողացին, տռփոտ ժպիտը խաղաց շուրթերին, ու նա մի կողմ թքեց ծխախոտը։ Արփին իջեցրեց բաճկոնի շղթան, և տղայի հայացքն անմիջապես փոխեց ուղղությունը։
— Դու ճիշտ ես՝ ինչ ուզում ես՝ ունենում ես, հլը մեկը չտա՝ զոռով կվերցնես․․․
— Բա ո՛նց, էս աշխարհում Լութոյին չտվող չի՛ ծնվել, — հայացքը նույն կետում էր։
Արփին ձախ ձեռքով դանդաղ բարձրացրեց շապիկը, և մերկ կուրծքը լուսավորեց այգու մթությունը։ Երիտասարդը փոքր-ինչ կռացավ և սկսեց ագահի պես համբուրել աղջկա փքված կրծքերը։ Արփին նայում էր վերևից, և ձախ ձեռքով շոյում տղայի գլուխը՝ ուժեղ սեղմելով մերկ մարմնին։ Մյուս ձեռքը թեթևակի հանեց բաճկոնի գրպանից, մոտեցրեց Լյուդվիգի պարանոցին, և տղան ինչ-որ տարօրինակ սառնություն զգաց մաշկի վրա։ Նա չհասցրեց հետ քաշել գլուխը, երբ էլեկտրաշոկի կայծերի ձայնը մխրճվեց նրա ականջների խորքը, և տղան ակնթարթորեն տապալվեց հողին։ Արփին ուղղեց շապիկը, կռացավ անգիտակից երիտասարդի մոտ, ու էլեկտրաշոկը նորից մոտեցրեց Լյուդվիգի պարանոցին՝ հակառակ կողմից։ Անշարժ մարմինը մի քանի վայրկյան էլ ցնցվեց հոսանքի կայծերից։ Արփին բացեց պայուսակը, հանեց բջջայինն ու սկսեց նկարել։
«Ձեզ եմ ներկայացնում Լյուդվիգ Վան Բռնաբարին, նույն ինքը՝ «ուգըլի Լութոն»։ Իրենց թաղերում, հիմնականում՝ «ուգըլում», Լութոն հայտնի տղա է, կարելի է ասել՝ հեղինակություն. կռիվներ, գեղեցիկ մեքենաներ, պապայի փողեր, գիշերային ակումբներ և այլն․․․ էն ամենը, ինչ պետք է իսկական հեղինակություն լինելու համար։ Ուղղակի մի փոքրիկ, շաաա՜տ փոքրիկ թերություն ունի, էս շա՛ն տղեն, — Արփին կողքից վերցրեց դեռ վառվող ծխախոտի «բիչոկը». — Աղջիկների համար խելքը գնում է, իրեն զսպել չգիտի մեր հերոսը, — ծխախոտը հանգցրեց պառկած տղայի այտին և թքեց դեմքին։ — Հիմա քնել է մեր Բեթհովենը, բայց կզարթնի, էսպես չի մնա։ Ժամ-ժամուկեսից ուշքի կգա, կփորձի հիշել գիշերային արկածները, կկատաղի, կմռնչա, բարձր քֆուրներ կտա դատարկ այգով մեկ ու արևի առաջին շողերի հետ կգա ինստիտուտ՝ իմ հետևից․․․ Մի խոսքով, մեծ հեղինակություն ունեցող էս տղան, որի թշին հանգան Սիգարոնի վերջին մնացորդները, չի հանգստանա՝ մինչև ուզածին չհասնի, ցանկացած գնով։ Դեպքից հետո մի փոքր աղմուկ կլինի, լուրը կխոցի տարբեր շրջանակներ, կուրսի տղերքը ավելի շատ կխղճան ինձ՝ դե առանց հեր ու ախպեր մեծացած, անտեր աղջիկ էր, աղջիկներն էլ թե՝ էդ ընտանիքից ուրիշ ի՞նչ պիտի դուրս գար։ Հետո դեպքը կմոռացվի։ Ամեն ինչ տեղը կընկնի։ Բոլորը կշարունակեն լռել։ Իրենք իրենց կստիպեն մոռանալ, չհիշել ոչինչ, այնքան ժամանակ, մինչև էդ ճլճլացող կիսաջարդ սկավառակը ինքնակամ դադարի ձայն հանել․․․ Իսկ այդ ժամանակ, իմ ցուրտ հիվանդասենյակում, ես ու Լուսեն կտաքանանք մեր մանկական անմեղ հիշողություններով։ Թող բարի լինի գիշերն այսօր, ինչպես վաղը և մնացած օրերին․․․»։
Մեռնող քաղաքի լուսաբացում, կիսամթի մեջ երևում էր ականջակալներով աղջկա ուրվապատկերը։
«․․․Կիջնի կեղտոտ անձրև մաքուր մարդկանց վրա,
Դու նրանցից կպի, ապե՛, ոչ թե հանգցրա․․․»։
Գրիգոր Գրիգորյան/Արփի
Please follow and like us:
