Ես նստած էի Արևմտյան պողոտայի բարում։ Կեսգիշերին մոտ էր, և ես իմ սովորական շփոթված վիճակում էի։ Այսինքն՝ գիտեք, երբ բան չի ստացվում՝ կանայք, գործը, աշխատանքի բացակայությունը, եղանակը, շները։ Վերջապես դու պարզապես նստում ես մի տեսակ շշմած և սպասում ես, կարծես ավտոբուսի կանգառի նստարանին լինես՝ մահվանը սպասելով։
Դե, ես նստած էի այնտեղ, և ահա գալիս է մեկը՝ երկար, մուգ մազերով, լավ մարմնով, տխուր, շագանակագույն աչքերով։ Ես չարձագանքեցի։ Անտեսեցի նրան, չնայած նա նստել էր իմ կողքին գտնվող աթոռին, երբ տասնյակ այլ դատարկ տեղեր կային։ Իրականում, բարում միայն մենք էինք, բացի բարմենից։ Նա պատվիրեց չոր գինի։ Հետո հարցրեց, թե ինչ եմ խմում։
– Շոտլանդական վիսկի և ջուր։
– Շոտլանդական վիսկի և ջուր տուր նրան, – ասաց նա բարմենին։
Սա արդեն անսովոր էր։
Նա բացեց իր պայուսակը, հանեց մի փոքրիկ մետաղալարե վանդակ, մի քանի փոքրիկ մարդուկներ դուրս հանեց այնտեղից ու նստեցրեց բարի վրա։ Նրանք բոլորը մոտ երեք դյույմ հասակ ունեին, կենդանի էին և պատշաճ հագնված։ Նրանք չորսն էին՝ երկու տղամարդ և երկու կին։
– Հիմա պատրաստում են սրանցից, – ասաց նա, – շատ թանկ են։ Երբ ես գնեցի, մեկ հատը մոտ 2000 դոլար արժեր։ Հիմա մոտ 2400 դոլար են։ Տեղյակ չեմ արտադրական գործընթացից, բայց դա, հավանաբար, անօրինական է։
Փոքրիկները քայլում էին բարի վերևում։ Հանկարծ փոքրիկ տղաներից մեկը ապտակեց փոքրիկ կանանցից մեկին։
– Պոռնիկ, – ասաց նա, – հերիք եղավ։
– Ո՛չ, Ջորջ, դու չես կարող, – գոռաց նա, – ես քեզ սիրում եմ։ Ես ինքնասպան կլինեմ։ Դու իմը պիտի լինես։
– Թքած, պետքս չի,- ասաց փոքրիկ տղան և հանեց մի փոքրիկ ծխախոտ ու վառեց այն։ – Ես ապրելու իրավունք ունեմ։
– Եթե դու նրան չես ուզում, – ասաց մյուս փոքրիկ տղան, – ես նրան կվերցնեմ։ Ես նրան սիրում եմ։
– Բայց ես քեզ չեմ ուզում, Մարտի։ Ես սիրահարված եմ Ջորջին։
– Բայց նա սրիկա է, Աննա, իսկական սրիկա։
– Գիտեմ, բայց միևնույն է, ես նրան եմ սիրում։
Փոքրիկ սրիկան մոտեցավ և համբուրեց մյուս փոքրիկ կնոջը։
– Ես էստեղ սիրային եռանկյունի ունեմ, – ասաց այն կինը, որը ինձ խմիչք էր տվել։ – Սա Մարտին է, Ջորջը, Աննան և Ռութին։ Ջորջը կործանվում է, լրիվ է ընկել։ Մարտին էլ մի տեսակ քառակուսի է։
– Տխուր չէ՞ այդ ամենին հետևել։ Ը․․․ Ի՞նչ է Ձեր անունը։
– Դոուն։ Սարսափելի անուն է։ Բայց դա այն է, ինչ մայրերը երբեմն անում են իրենց երեխաների հետ։
– Ես Հենքն եմ։ Բայց չէ՞ որ տխուր է…
– Ոչ, տխուր չէ դիտելը։ Իմ սեփական սիրեցյալների հարցում բախտավոր չեմ եղել, իրականում սարսափելի դժբախտ․․․
– Մենք բոլորս էլ սարսափելի դժբախտ ենք։
– Երևի։ Ինչևէ, ես գնել եմ այս փոքրիկ մարդկանց և հիմա նայում եմ նրանց, և ապրումներն ասես իրական լինեն, բայց առանց էդ բոլոր խնդիրների։ Բայց ես սարսափելիորեն տաքանում եմ, երբ նրանք սկսում են սիրով զբաղվել։ Այ այդ ժամանակ դժվար է։
– Նրանք սեքսուա՞լ են։
– Շատ, շատ սեքսուալ։ Աստված իմ, դա ինձ տաքացնում է։
– Ինչո՞ւ չես ստիպում նրանց դա անել։ Այսինքն՝ հենց հիմա։ Միասին կդիտենք նրանց։
– Օ՜, չես կարող նրանց ստիպել ։ Նրանք դա պետք է ինքնուրույն անեն ։
– Որքա՞ն հաճախ են նրանք դա անում։
– Օ՜, նրանք բավականին լավն են։ Շաբաթական չորս կամ հինգ անգամ։
Նրանք քայլում էին բարի վրա։
– Լսիր, – ասաց Մարտին, – շանս տուր ինձ, պարզապես մի շանս տուր, Աննա։
– Ո՛չ, – ասաց Աննան, – իմ սերը պատկանում է Ջորջին։ Այլ կերպ չի կարող լինել։
Ջորջը համբուրում էր Ռութիին, մաժմժում նրա կուրծքը։ Ռութին տաքանում էր։
– Ռութին տաքանում է, – ասացի ես Դոունին։
– Նա տաքանում է։ Իրոք տաքանում է։
Ես էլ էի տաքանում։ Ես բռնեցի Դոունին և համբուրեցի նրան։
– Լսիր, – ասաց նա, – ես չեմ սիրում, երբ նրանք հրապարակայնորեն սիրով են զբաղվում։ Ես նրանց տուն կտանեմ և կստիպեմ դա անել։
– Բայց այդ դեպքում չեմ կարող դիտել։
-Դե, ստիպված պետք է ինձ հետ գաս։
– Լավ, – ասացի ես, – գնանք։
Ես ավարտեցի խմիչքս և միասին դուրս եկանք։ Նա մարդուկներին տանում էր փոքրիկ մետաղալարե վանդակի մեջ։ Մենք նստեցինք նրա մեքենան և մարդկանց դրեցինք մեր միջև՝ առջևի նստատեղին։ Ես նայեցի Դոունին։ Նա շատ երիտասարդ և գեղեցիկ էր։ Նա, կարծես, նաև լավ ներքին ուներ։ Ինչպե՞ս կարող էր սխալվել իր տղամարդկանց հարցում։ Այդ բաներում սխալվելը այնքան հեշտ է։ Չորս փոքրիկ մարդիկ նրան 8000 դոլար էին արժեցել։ Միայն նրա համար, որ հարաբերություններից փախչի և հարաբերություններից չփախչի։
Նրա տունը բլուրների մոտ էր, հաճելի վայրում։ Մենք դուրս եկանք և մոտեցանք դռանը։ Ես փոքրիկ մարդկանց վանդակը պահեցի, մինչ Դոունը բացեց դուռը։
– Ես լսեցի Ռենդի Նյումանին անցյալ շաբաթ «Տրուբադոր»-ում։ Նա հրաշալի է, չէ՞, – հարցրեց նա։
– Այո, նա հրաշալի է։
Մենք մտանք հյուրասենյակ, և Դոունը փոքրիկ մարդկանց դուրս հանեց և դրեց սուրճի սեղանի վրա։ Հետո նա մտավ խոհանոց, բացեց սառնարանը և գինու շիշ հանեց։ Երկու բաժակ բերեց։
– Ներողություն, – ասաց նա, – բայց դուք մի փոքր խելագար եք թվում։ Ի՞նչ գործի եք։
– Ես գրող եմ։
– Գրելու՞ եք այս մասին։
– Ոչ ոք չի հավատա սրան, բայց ես կգրեմ։
– Նայիր,- ասաց Դոունը,- Ջորջը հանել է Ռութիի վարտիքը։ Նա մատներով է փաղաքշում։ Սառո՞ւյց։
– Իրոք որ։ Չէ, չբացած ավելի լավ է։
– Չգիտեմ,- ասաց Դոունը,- ես շատ եմ տաքանում սրանց նայելիս։ Գուցե դա նրանից է, որ դրանք շատ փոքր են։ Դա իսկապես գրգռում է։
– Հասկանում եմ, թե ինչ նկատի ունես։
– Նայիր, Ջորջը հիմա պառկում է նրա վրա։
– Իրոք արեց, հա՞։
– Մի դրանց նայիր։
– Տեր աստված։
Ես բռնեցի Դոունին, և համբուրվեցինք։ Մինչ մենք համբուրվում էինք, նրա հայացքը ինձնից թեքվում էր նրանց վրա ու վերադառնում ինձ վրա։
Փոքրիկ Մարտին և փոքրիկ Աննան նույնպես դիտում էին։
– Նայիր, – ասաց Մարտին, – նրանք պատրաստվում են անել դա։ Մենք էլ կարող ենք։ Նույնիսկ մեծ մարդիկ են ուզում դա անել։ Մի նրանց տես։
– Լսեցի՞ր դա, – հարցրի Դոունին։ – Նրանք ասացին, որ մենք պատրաստվում ենք դա անել։ Դա ճի՞շտ է։
– Հուսով եմ՝ դա ճի՞շտ է, – ասաց Դոունը։
Ես նրան տարա նստեցրի բազմոցին և փեշը ազդրերի շուրջը բացեցի։ Համբուրում էի նրա վիզը։
– Ես քեզ սիրում եմ, – ասացի ես։
– Իսկսպե՞ս, Իսկապե՞ս։
– Այո՛, ինչ-որ իմաստով, այո՛…
– Լավ,- ասաց փոքրիկ Աննան փոքրիկ Մարտիին,- մենք էլ կարող ենք փորձել, չնայած ես քեզ չեմ սիրում։
Նրանք գրկախառնվեցին սուրճի սեղանի մեջտեղում։ Ես հանեցի Դոունի վարտիքը։ Դոունը տնքաց։ Փոքրիկ Ռութին տնքաց։ Մարտին մոտեցավ Աննային։ Դա տեղի էր ունենում ամենուրեք։ Թվաց, որ հիմա աշխարհի բոլոր մարդիկ դրանով են զբաղված։ Հետո մոռացա մնացած աշխարհի մասին։ Մենք ինչ-որ կերպ մտանք ննջասենյակ։ Հետո մտա Դոունի մեջ՝ երկար, դանդաղ ճանապարհորդության համար…
Երբ նա դուրս եկավ լոգարանից, ես ձանձրալի, չափազանց ձանձրալի պատմություն էի կարդում «Փլեյբոյ»-ում։
– Այնքան լավ էր,- ասաց նա։
– Հաճույքով,- պատասխանեցի ես։
Նա վերադարձավ անկողին։ Ես ամսագիրը մի կողմ դրեցի։
– Կարծում ես՝ կարո՞ղ ենք միասին լինել,- հարցրեց նա։
– Ի՞նչ նկատի ունես։
– Այսինքն՝ կարծում ես՝ կարո՞ղ ենք միասին լինել գոնե մի որոշ ժամանակ։
– Չգիտեմ։ Ամեն ինչ էլ պատահում է։ Սկիզբը միշտ ամենահեշտն է։
Հետո առջևի սենյակից ճիչ լսվեց։
– Վա՜յ, – ասաց Դոունը։ Նա վեր ցատկեց և դուրս վազեց սենյակից։ Ես հետևեցի նրան։ Երբ ես այնտեղ հասա, նա Ջորջին ձեռքերում էր պահում։
– Օ՜, Աստված իմ։
– Ի՞նչ պատահեց։
– Աննան արեց դա։
– Ի՞նչ արեց։
– Կտրեց նրա ամորձիները։ Հիմա Ջորջը ներքինի է։
– Վա՜յ։
– Շտապ զուգարանի թուղթ հասցրու։ Նա կարող է արնաքամ լինել։
– Բոզի տղա, – ասաց փոքրիկ Աննան սուրճի սեղանի մոտից, – եթե Ջորջը իմը չի, ուրեմն ոչ մեկինը չի լինի։
– Հիմա դուք երկուսդ էլ իմն եք, – ասաց Մարտին։
– Ոչ, դու պետք է մեկին ընտրես, – ասաց Աննան։
– Ո՞ւմ ես ընտրում, – հարցրեց Ռութին։
– Ես երկուսիդ էլ սիրում եմ, – ասաց Մարտին։
– Արնահոսությունը դադարեց, – ասաց Դոունը։ – Նա անգիտակից է, – նա Ջորջին փաթաթեց թաշկինակով և դրեց բուխարու դարակի վրա։ – Նկատի ունեմ,- դեպի ինձ շրջվեց Դոունը,- եթե կարծում ես, որ մեզ մոտ բան դուրս չի գա, ուրեմն ես չեմ ուզում սա շարունակել։
– Կարծում եմ՝ սիրում եմ քեզ, Դոուն։
– Տես, – ասաց նա, – Մարտին գրկում է Ռութիին։
– Նրանց մոտ կստացվի՞։
– Չգիտեմ։ Նրանք, կարծես, հուզված են։
Դունը վերցրեց Աննային և դրեց մետաղալարե վանդակի մեջ։
– Բաց թողեք ինձ։ Ես կսպանեմ երկուսին էլ։ Թողեք ինձ։
Ջորջը տնքաց իր թաշկինակի միջից՝ բուխարու դարակի վրայից։ Մարտին հանել էր Ռութիի վարտիքը։ Ես Դոունին քաշեցի դեպի ինձ։ Նա գեղեցիկ էր, երիտասարդ և ուներ լավ ներքին։ Ես կարող էի նորից սիրահարվել։ Դա հնարավոր էր։ Մենք համբուրվեցինք։ Ես ընկա նրա աչքերի մեջ։
Հետո վեր կացա և սկսեցի վազել։ Ես գիտեի, թե որտեղ եմ։ Խավարասերը և արծիվը սիրով էին զբաղվում։ Ժամանակը բանջոյով հիմար է։ Ես շարունակում էի վազել ու վազել։ Նրա երկար մազերը թափվեցին աչքերիս։
– Ես բոլորին կսպանեմ, – գոռաց փոքրիկ Աննան։ Նա առավոտյան ժամը 3-ին բախվում էր իր մետաղալարե վանդակի ճաղերին։
Թարգմանիչ՝ Համբարձում Համբարձումյան
