Ըստ գրականագետ Ջ. Սքոթ Բրայսոնի՝ էկոպոեզիան բնության պոեզիայի մի տեսակ է, որին հատկանաշական է կենսակենտրոն հայացքը, որն ընդունում է աշխարհի փոխկապակցված բնույթը, արտահայտում է բնության հանդեպ խորին խոնարհում և ակնածանք, թերահավատորեն է վերաբերվում գերռացիոնալության ու տեխնոլոգիաներին և նախազգուշացնում է բնության քայքայման, կլիմայական փոփոխության և կենսաբազմազանության կորստի հետևանքով առաջացող մոտալուտ էկոլոգիական աղետների մասին: Էկոպոեզիան վերելք ապրող ժանր է աշխարհի տարբեր կողմերում ստեղծագործող ժամանակակից հեղինակների շրջանում։ Ստորև ներկայացված են Մերի Պողոսյանի ընտրած հեղինակներն ու նրա թարգմանած բանաստեղծությունները: Կետադրության և մեծատառերի մերժման հարցում հնարավորինս պահպանվել է հավատարմությունը բնագրին:
Մերի Պողոսյան
Մերի Օլիվերը ամերիկացի նշանավոր բանաստեղծ է, որի պոեզիան հիմնականում պատկանում է ռոմանտիկական բնապաշտական ավանդույթին և կենտրոնացած է մարդու ու բնության հարաբերության վրա։ Նրա ստեղծագործությունները ուսումնասիրում են նաև մարդկային գիտակցության սահմանները և աշխարհի հանդեպ զարմանքի զգացումը։
Նա արժանացել է բարձրագույն գրական մրցանակների, այդ թվում՝ Պուլիցերյան մրցանակի և Ազգային գրքի մրցանակի, ինչպես նաև ստացել է Գուգենհայմ հիմնադրամի և ԱՄՆ Արվեստների ազգային հիմնադրամի կրթաթոշակներ։
Օլիվերը սովորել է Օհայոյի պետական համալսարանում և Վասար քոլեջում, սակայն չի ավարտել որևէ մեկը։ Երիտասարդ տարիքում մեծ ազդեցություն է կրել բանաստեղծուհի Էդնա Սենթ Վինսենթ Միլեյից և նույնիսկ որոշ ժամանակ ապրել է նրա տանը՝ օգնելով նրա քրոջը գրական արխիվի կազմակերպման հարցում։
Նրա անձնական կյանքի կարևոր դրվագներից է երկարատև հարաբերությունը լուսանկարիչ Մոլլի Մելոն Քուքի հետ, որի հետ ապրել է Մասաչուսեթսում․ այդ շրջանի բնապատկերը զգալի ազդեցություն է ունեցել նրա պոեզիայի վրա։
Օլիվերի ստեղծագործությունը հայտնի է իր պարզությամբ, խոր զգայականությամբ և բնության պատկերների ուժեղ օգտագործմամբ։ Սկզբնական շրջանում նա կենտրոնացած էր բնության վրա, սակայն հետագայում նրա պոեզիան դարձել է ավելի անձնական և ներքին։
Նա դասավանդել է Բենինգթոնի քոլեջում և ողջ կյանքի ընթացքում մնացել է չափազանց բեղմնավոր հեղինակ՝ պարբերաբար հրապարակելով նոր գրքեր։ Մերի Օլիվերը մահացել է 2019 թվականին՝ 83 տարեկանում։
Արդյո՞ք քարերը զգում են
Արդյո՞ք քարերը զգում են։
Արդյո՞ք նրանք սիրում են իրենց կյանքը։
Թե՞ նրանց համբերությունը խլացնում է ամենը:
Երբ քայլում եմ ափով, հավաքում եմ մի քանիսը՝
սպիտակները, մուգերը, բազմերանգները։
Մի՛ անհանգստացեք,– ասում եմ,– ձեզ հետ կբերեմ,– և բերում եմ։
Արդյո՞ք ծառը, երբ հառնում է վեր, հրճվում է իր բազում
ճյուղերով`
ամեն մեկը մի բանաստեղծություն:
Արդյո՞ք ամպերն ուրախ են թոթափել անձրևի կապոցները:
Աշխարհի մեծ մասն ասում է՝ ոչ, ոչ, դա հնարավոր չէ։
Ես հրաժարվում եմ հանգել նման եզրակացության։
Չափազանց սարսափելի կլիներ, սխալվելը:
Թարգմանեց Մերի Պողոսյանը
