Ուրսուլա Լե Գուին/Օրվա ուշ ժամին. էկոպոեզիա

Աշխարհահռչակ ամերիկացի գրող, 8 Հյուգո և 6 Նեբյուլա մրցանակների դափնեկիր Ուրսուլա Լե Գուինը (1929-2018 թթ..) ֆենթըզի, գիտաֆանտաստիկ և հայեցողական գրականության (speculative fiction) խոշորագույն ներկայացուցիչներից է: Իր քսան վեպերով և հարյուրից ավել պատմվածքներով նա հարստացրել է ժանրը սոցիալական, քաղաքական և էկոլոգիական խորը շերտերով։ Իր հայտնի գործերում, ինչպիսիք են «Երկրածովի կախարդը», «Խավարի ձախ ձեռքը», «Ունեզուրկները», նա անդրադառնում էր ուժերի հավասարակշռությանը, սոցիալական արդարությանը, մարդկային էությանը և բնության հետ ներդաշնակությանը՝ հաճախ օգտագործելով մարդաբանական հայացք իր ստեղծած աշխարհների նկատմամբ։
Լե Գուինն ինքն իրեն առաջին հերթին համարում է «բանաստեղծ, որը նաև վեպեր է գրում»: Նա հրատարակել է տասնմեկ բանաստեղծական ժողովածու, այդ թվում «Օրվա ուշ ժամին (Late in the Day), «Գտնելով իմ էլեգիան» (Finding My Elegy), «Անհավատալի բախտավորություն» (Incredible Good Fortune): Նրա պոեզիան կենտրոնանում է բնության կենդանի ներկայության, մարդու և աշխարհի փոխկապակցվածության, հակադրությունների ներդաշնակ համակեցության, ինչպես նաև լռության ու լեզվի սահմանների վրա։ Նրա բանաստեղծություններում առօրյան հաճախ ստանում է սրբազան երանգ, քննվում են ինքնության, հասարակական կառուցվածքների և իշխանության հոգեբանության հարցերը։ Մահը ընկալվում է որպես շարունակականության և փոխակերպման մաս, ոչ թե ավարտ:

Մերի Պողոսյան

«Օրվա ուշ ժամին» – բանաստեղծություններ 2010-2014 թթ..


Նախաբան
(Հատվածներ)

Ապրելու հմտությունը, աշխարհին պատկանելու գիտակցումը, աշխարհի մասնիկը լինելու բերկրանքը միշտ հակված են ներառել մեր` որպես կենդանիների, այլ կենդանիների հետ հարազատության մասին իրազեկությանը: Դարվինն առաջինն էր, որ գիտական հիմք տվեց այս իմացությանը: Իսկ այժմ թե՛ բանաստեղծները, թե՛ գիտնականները ընդլայնում են մեր փոխհարաբերությունների զգացողության բանական կողմը՝ տարածելով այն նյարդային համակարգ չունեցող արարածների և անշունչ էակների վրա. որպես արարածներ՝ մեր ընկերակցությունը այլ արարածների հետ, որպես առարկաներ՝ այլ առարկաների հետ։ Ամեն ինչի միջև փոխհարաբերությունը թվում է բարդ և փոխադարձ՝ միշտ առնվազն երկկողմանի, հետ ու առաջ։ Թվում է, թե այս տիեզերքում ոչինչ եզակի չէ, և ոչինչ միակողմանի չի ընթանում։

Դեկարտը և վարքաբանները կամայականորեն շներին դիտարկում էին որպես մեքենաներ՝ զուրկ զգացմունքներից։ Արդյո՞ք բույսերին որպես զգացմունք չունեցող էակներ տեսնելը նույնանման ամբարտավանություն չէ։

Ծառերին, գետերին կամ բլուրներին միայն որպես «բնական ռեսուրս» չտեսնելու մի ձև է նրանց մեզ նման էակներ՝ հարազատներ համարելը:

Երևի փորձում եմ սուբյեկիվացնել տիեզերքը, որովհետև տեսեք՝ ուր է մեզ հասցրել այն օբյեկտիվացնելը։ Սուբյեկտիվացնելը պարտադիր չէ, որ նշանակի յուրացնել, գաղութացնել կամ շահագործել։ Ավելի շուտ դա կարող է ենթադրել մտքի և երևակայության մեծ ձգտում դեպի դուրս։[…]

Պոեզիան այն մարդկային լեզուն է, որը կարող է փորձել ասել, թե ինչ է ծառը, քարը կամ գետը, այսինքն՝ խոսել մարդկայնորեն դրանց անունից և հանուն դրանց: Բանաստեղծությունը կարող է դա անել կամ՝ առարկայի, քարի, գետի ու ծառի նկատմամբ անհատական մարդկային հարաբերության որակը հաղորդելով, կամ պարզապես հնարավորինս ճշմարտացիորեն նկարագրելով այդ առարկան:

Գիտությունը ճշգրիտ նկարագրում է դրսից, պոեզիան ճշգրիտ նկարագրում է ներսից: Գիտությունը բացահայտում է, պոեզիան՝ ներհայում: Երկուսն էլ փառաբանում են այն, ինչ նկարագրում են: Մեզ անհրաժեշտ են թե՛ գիտության, թե՛ պոեզիայի լեզուները, որպեսզի փրկվենք զուտ անվերջանալի «տեղեկատվության» կուտակումից, որն այդպես էլ չի տեղեկացնում մեր տգիտությունը կամ մեր անպատասխանատվությունը:

Պոեզիան հաճախ է ծառայում կրոնին. իսկ միաստված կրոնները, արտոնյալ համարելով մարդկության հարաբերությունն աստվածայինի հետ, ամբարտավանություն են խրախուսում: Սակայն նույնիսկ այդ չոր ու կարծր հողում պոեզիան գտնում է մեզ հարազատ էակների հետ կարեկից հարազատության լեզուն:
Տասնյոթերորդ դարի քրիստոնյա միստիկ Հենրի Վոհանը գրել է.

Բլուրներն ու հովիտները երգով են բռնկվում,
Ու թեև խեղճ քարերը չունեն ո՛չ խոսք, ո՛չ լեզու,
Մինչ աշխույժ քամիներն ու վտակները վազում են ու խոսում,
Այդուհանդերձ, քարերը խորունկ հիացմունքի մեջ են:

«Հիացմունք» ասելով՝ Վոհանն ի նկատի ուներ ակնածանքը իրերի աստվածային սուրբ կարգի հանդեպ և բերկրանքն ու հրճվանքը դրանով: «Հիացմունք» ասելով՝ ես հասկանում եմ ակնածանք անսահման փոխկապակցվածության՝ իրերի բնականորեն սուրբ կարգի հանդեպ և բերկրանքն ու հրճվանքը դրանով: Այդպես մենք ընդունում ենք քարերին մեր սուրբ հաղորդության մեջ. այդպես քարերը գուցե ընդունեն մեզ իրենց մեջ:


Ոսկրածուծը


Քարի ներսում մի բառ կար:
Փորձեցի այն դուրս կորզել՝
մուրճով ու հատիչով, քլունգով ու դուրով,
մինչև քարից արյուն ծորաց,
Բայց այդպես էլ չլսեցի
Այն բառը, որ քարն էր ասել:

Այն նետեցի ճամփեզրին՝
հազարավոր քարերի մեջ,
ու հենց շրջվեցի, բարձր
գոռաց բառն ականջիս մեջ,
և իմ ոսկրածուծը
լսեց ու պատասխանեց:

Աղը

Գաբրիելային

Աղը փոքրիկ ամանից վեր է նայում ինձ
իր բոլոր փոքրիկ, պսպղուն աչքերով ու ասում.
Ես չոր ծովն եմ:
Քո արյունն իմ համն ունի:

Հարազատություն

Շատ դանդաղ այրվելով` անտառի հսկա ծառը
կանգնած է փոքրիկ փչակի մեջ ձյան,
որ հալվել է իր շուրջը՝ մեղմ ու երկար ջերմությունից
նրա լինելիության ու կամքի լինելու
արմատ, բուն, ոստ, տերև, և իմանալու
մութը հողի, լույսն արևի, շունչը քամու, երգը թռչնի։

Անարմատ ու անհանգիստ ու տաքարյուն՝ մենք
բռնկվում ենք բոցից, որ կուրացնում է մեզ այդ դանդաղ,
վեհ, եղբայրական կյանքի կրակի հանդեպ, որ նույնքան հզոր է
հիմա, որքան երկու դար առաջ՝ իր սերմիկի մեջ։

Կանադական լուսանը

Մենք գիտենք՝ ինչպես գիտենալ և ինչպես խորհել,
ինչպես ցուցադրել իմացյալը
երկնքի պայծառ ու անտեղյակ աչքին,
ինչպես զբաղված լինել ու բազմապատկել։

Նա գիտի՝ ինչպես քայլել
ծառերի մեջ միայնակ՝ առանց ետ նայելու,
այնքան թեթև իր փափուկ թաթերին, որ չի ընկղմվում
ձյան մեջ։ Ինչպես չթողնել ոչ հետք,
ոչ ձայն, ոչ ստվեր։ Ինչպես չքանալ։

Անգլերենից թարգմանեց Մերի Պողոսյանը

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *