Քեթի Ջետնիլ-Կիջիները (Kathy Jetñil-Kijiner) բանաստեղծուհի, կլիմայական ակտիվիստ և մշակութային գործիչ է Մարշալյան կղզիներից: Նա միջազգային ասպարեզում հայտնի դարձավ 2014 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովի ժամանակ իր հզոր ելույթով, որտեղ ներկայացրեց իր դստերը նվիրված «սիրելի մատաֆելե փեյնամ» բանաստեղծությունը՝ բարձրաձայնելով օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով իր հայրենի կղզիների գոյությանը սպառնացող վտանգի մասին:
Մարշալյան կղզիները գտնվում են կլիմայական ճգնաժամի առաջնագծում, քանի որ այս պետությունը բաղկացած է ավելի քան 1000 ցածրադիր կղզյակներից և ատոլներից: Օվկիանոսի մակարդակի բարձրացումը մշտական սպառնալիք է ստեղծում երկրի գոյության համար՝ հանգեցնելով ափամերձ տարածքների էրոզիայի, գյուղատնտեսական հողերի աղակալման և խմելու ջրի պաշարների ոչնչացման: Բացի բնական աղետներից և թայֆուններից, կղզիները կրում են նաև ԱՄՆ միջուկային փորձարկումների ծանր ժառանգությունը: Այսօր Մարշալյան կղզիների բնակչությունը կանգնած է «կլիմայական փախստական» դառնալու իրական վտանգի առաջ։ Ջետնիլ-Կիջիները «Jo-Jikum» կազմակերպության համահիմնադիրն է, որը կրթում և ներգրավում է մարշալցի երիտասարդներին բնապահպանական խնդիրների լուծման գործում: Նա հրապարակել է բանաստեղծությունների մեկ ժողովածու, որտեղ նրա գիրը վարպետորեն միահյուսում է բնիկ ժողովրդի ավանդական առասպելները, ժամանակակից սոցիալական իրականությունը և գոյաբանական վախը՝ կորցնելու հայրենի հողն ու մշակութային ինքնությունը: Նրա ոճը` օգտագործել սակավ կետադրություն և հիմնականում փոքրատառեր, հնարավորինս պահպանվել է հայերեն թարգմանության մեջ:
Սիրուն ձայն
Երբ աղջիկս նվնվում է, ես նրան ասում եմ՝ ինչ-որ ուզում ես, սիրուն ձայնով ասա։
Իմ սիրուն ձայնը պահված է գեղեցիկ տեսարանով հանդիպումների համար, ափս պարզած՝ ասելով՝ ահա այստեղ։ Մեր խնդիրներն են։ Ժառանգություններ, որոնք գլորվում են երփներանգ ապակե գնդիկների պես։ Այդքան մի՛ կենտրոնացիր «ահ ու մահի» վրա կրնկնում են նրանք։ Մենք չենք ուզում ընկճել։ Բոլորին։ Սա ընդամենը մեր գոյատևումն է։ Մենք մեծապես կախված ենք արտաքին օգնությունից՝ ինձ հրահանգված է ասել։ Ինձ հրահանգված է շեշտել կղզիներ կառուցելու համար միջոցների անհրաժեշտությունը, ընտանիքներին տեղափոխել ուեթո առ ուեթո1, բերանս բահ՝ բետոն շաղախելու համար, բայց ես զուտ մատնանշում եմ կարիքավորությունը։ Այնքան կարիքավոր։ Այս՝ փոքր։ Թերզարգացած երկրներ։ Զգում եմ՝ ինչպես եմ փոքրանում տաքսու հետնամասում, երբ մի դիվանագետ ինձ գովում է։ Որքան քաջ եք, որ այդքան բացահայտ ընդունում եք դա։ Գլոբալ բանակցությունների հմայքը խամրում է։ Ինչպես մաշված գդալի հետևը:
Ես հեշտությամբ կորցնում եմ ինձ քեմեմի մեջ։ Քեմեմը սահմանվում է խնջույք։ Որպես տոնակատարություն։ Երեխայի շունչը դիմանում է իր առաջին տարին, այնպես որ մենք հարյուրավոր մարմիններ ենք տեղավորում վրանների տակ, արտադրական գծով շարք կանգնած ափսեների համար, որոնք փոխանցում եմ զարմիկիս։ Մեր ձեռնոց հագած ձեռքերը բզկտում են խորոված հավը, տապակած ձուկը, լցնում կարտոֆիլի աղցանը, բոբի և մայի2 ցողանման կաթիլները։ Ինչ-որ մեկը գոռալով ուզում է ջաջիմիի ևս մեկ տարա: Բարձրախոսից ճռճռում է սինթեզատորային երգը։ Մի երեխա անպայման լաց է լինում։ Իմը պարում է խնջույքի մեջտեղում։ Զույգ արմունկներով հրում են իրար, որ պոկեն կախված լողափի գնդակները իրենց թելերից։ Հանդիսավարը գոռում է Boke ajiri ne nejim jen maan։ Երեխաները փակում են մեր տեսադաշտը։ Ինչ-որ մեկը մի տատիկի անվասայլակով բերում է պարահրապարակ։ Պարերը սկսվում են այստեղ
մի սիրուն
տոնակատարություն է
գոյատևման։
Ասա՛ նրանց
Ես պատրաստեցի ծանրոցը
նահանգներում բնակվող ընկերներիս համար
կախվող ականջօղերը՝ հյուսված
կիսալուսինների տեսքով, սև մարգարիտներ` փայլող
ինչպես աչքը՝ խիտ պարույրների փոթորկի մեջ
զամբյուղները՝
ամուր, նույնպես հյուսված
շագանակագույն ծովախեցիները՝ փայլուն
բարդ մանդալաներ՝
կերտված կոշտացած մատներով
զամբյուղի մեջ՝
մի հաղորդագրություն.
Կրի՛ր այս ականջօղերը
երեկույթներին
քո դասերին ու հանդիպումներին
մթերային խանութում, անկյունի կրպակում
և ավտոբուսով երթևեկելիս
պահի՛ր զարդերդ, խունկը, պղնձադրամները
և սրա պես գալարվող նամակները
այս զամբյուղի մեջ
և երբ ուրիշները հարցնեն քեզ
թե որտեղից ես սա ձեռք բերել
ասա՛ նրանց
դրանք Մարշալյան կղզիներից են
ցույց տո՛ւր նրանց, թե որտեղ է դա քարտեզի վրա
ասա՛ նրանց, որ մենք հպարտ ժողովուրդ ենք
խանձված մուգ թխագույն, ինչպես ծառի կոճղի
փորագրված կողերը
ասա՛ նրանց, որ մենք հետնորդներն ենք
աշխարհի լավագույն նավագնացների
ասա՛ նրանց՝ մեր կղզիներն ընկել են
մի զամբյուղից,
որը տանում էր մի հսկա
ասա՛ նրանց՝ մենք սնամեջ կեղևվներն ենք
քամու պես արագ կանոեների
որ ակոսում են խաղաղ օվկիանոսը
մենք փայտի տաշեղներ ենք
և չորացող պանդանուսի տերևներ
և կպչուն բվիրոներ՝ քեմեմների3 ժամանակ
ասա՛ նրանց՝ մենք տատերի, մայրերի ու քույրերի
մինչև ուշ գիշեր հնչող երգերի
մեղմ մեղեդին ենք
ասա՛ նրանց՝ մենք շշնջացող աղոթքներ ենք
Աստծո շունչը
ֆուքսիայի ծաղիկներից պսակ՝ օղակված
մորաքույր մերիի ծովափրփուրի պես ճերմակ մազերին
ասա՛ նրանց՝ մենք կարմիր կուլ-էյդի4 փրփրապլաստե բաժակներ ենք`
համբերատար իլոմիժին5 սպասող
ասա՛ նրանց՝ մենք պապայայի գույն ունեցող ոսկե արևածագեր ենք
կայծկլտող ծովի մեջ արնահոսող
մենք անխառն երկինքներ ենք
վեհաշուք՝ տարածուն բնապատկերով
մենք օվկիանոսն ենք
սարսափազդու և արքայական՝ իր հզորությամբ
ասա՛ նրանց՝ մենք փոշոտ ռետինե հողաթափեր ենք
հանված
բետոնե շեմքերին
մենք տաքսիների կտրտված կարերն ենք
և կոտրած դռների բռնակները
մենք քրտնած ձեռքեր ենք` շոգին մեկ այլ քրտնած ձեռք սեղմող
ասա՛ նրանց
մենք ցերեկներ ենք
և գիշերներ՝ ավելի շոգ
քան կարող եք պատկերացնել
ասա՛ նրանց՝ մենք հյուսերով փոքրիկ աղջիկներ ենք
անձրևի տակ գլուխկոնծի տվող
ենք գարեջրի կոտրված շշերի կտորներ ենք
թաղված մանր սպիտակ ավազի տակ
մենք երեխաներ ենք, որոնք ռեզինե լարի պես
սլանում են մյուս կողմը ճանապարհի
որ խցանված է դանդաղ հռնդացող մեքենաներով
ասա՛ նրանց
որ մենք միայն մեկ ճանապարհ ունենք
և այս ամենից հետո
ասա՛ նրանց ջրի մասին
որ մենք տեսել ենք, ինչպես է այն բարձրանում
ողողում մեր գերեզմանատները
հորդում ծովապատնեշների վրայով
և փշրվում մեր տան պատերին
ասա՛ նրանց, թե ինչ է նշանակում
տեսնել ամբողջ օվկիանոսը _ _ հավասարված _ _ _ հողին
ասա՛ նրանց
որ մենք վախենում ենք
ասա՛ նրանց, որ մենք չգիտենք
քաղաքականության
կամ գիտության մասին
բայց ասա՛ նրանց, որ մենք տեսնում ենք
ինչ է կատարվում մեր ետնաբակում
ասա՛ նրանց, որ մեզնից ոմանք
ծեր ձկնորսներ են, որ հավատում են, թե Աստված
մեզ խոստում է տվել
մեզնից ոմանք
ավելի թերահավատ են Աստծո հանդեպ
բայց ամենակարևորը՝ ասա՛ նրանց
մենք չենք ուզում հեռանալ
մենք երբեք չենք ուզել հեռանալ
և որ մենք
ոչինչ ենք առանց մեր կղզիների:
Թարգմանությունն անգլերենից՝ Մերի Պողոսյանի
Դիտեք հեղինակի կատարումը`
- հողատարածք, հողամաս ↩︎
- Պանդանուսի և հացամրգի պտուղները ↩︎
- Բվիրո (Bwiro) և Քեմեմ (Kemem): Բվիրոն խմորված հացի ծառի պտղից պատրաստված քաղցր և կպչուն ուտեստ է։ Այն սովորաբար մատուցվում է Քեմեմի ժամանակ, որը երեխայի առաջին տարեդարձի մեծ հանդիսությունն է։ Մարշալյան մշակույթում սա ամենակարևոր տոներից է, քանի որ պատմականորեն մանկական մահացության բարձր ցուցանիշի պատճառով մեկ տարեկանը լրանալը համարվել է կյանքի մեծ հաղթանակ։ ↩︎
- ամերիկյան գազավորված ըմպելիք ↩︎
- Իլոմիժ (Ilomij): Հուղարկավորության կամ հոգեհանգստի արարողությունն է, որի ժամանակ ամբողջ համայնքը հավաքվում է սգալու և աջակցելու հանգուցյալի ընտանիքին։ ↩︎
