Նաիրա Աբրահամյան/Ողջի ձկնորսները

Հարավի սրտում մխրճված Ողջի գետը զարդարել էր քաղաքն իր ողջ գեղեցկությամբ։ Ջրերն իրենց երկար ու մոլոր ճամփորդության ընթացքում քաղաք էին իջեցրել Կապուտջուղի սառնարյուն հպարտությունն ու անտառապատ խոր կիրճերի՝ դեռևս չբացահայտված առեղծվածները։

Առաջին անգամ գետի երկայնքով քայլելիս երկարությունն անվերջ է թվում, կամրջակներն՝ անհաշիվ։ Ամռան տապին ջուրը հոսում է հանդարտ ու լռին՝ չզիջելով չոր համառությունը։ Արևի ցոլքերը, մխրճվելով ջրերի վետվետուն սառնության մեջ, ամոթխած սիրախաղի են բռնվում թաքնված կոհակների հետ՝ մակերևույթի հայելուց դուրս քաշելով գոլորշու անթափանց բարակ շերտերը։ 

Գետում ջրերը տեղ-տեղ նոսրացած էին, տեղ-տեղ մակերևույթին նստել էր մամուռի կանաչը։ Մատղաշ եղեգների ու խոտերի փնջերը աղոթքի պես խոնարհվել էին ջրերի հոսքին ընդառաջ։ Կամրջակից կամրջակ անցնելիս գետն անմիջապես փոխում էր դիմագիծը՝ դառնալով այլաձև ու տարբերվող։ Նա իր ափերին փոխանցում էր նոր շունչ ու անթաքույց հիշողություն։

Երեկոն չիջած՝ մայրամուտը քիչ զովություն կախեց քաղաքի վրա։ Գնալով ավելացան ջրերի երկայնքով զբոսնող մարդկանց թիվը։ Ոմանք, հենվելով գետի կողապատերին, երևի թե լուռ մենախոսում էին ջրերի հետ կամ գուցե և թոթափում էին օրվա հոգսն ու ծանրությունը։ Երեխաները հացի ու թխվածքաբլիթի կտորտանքը գետն էին նետում՝ բարձրացնելով ավարի համար կռիվ տվող բադերի կռինչը։ Անցորդներից ավելի երիտասարդները, մեջքը գետին պարզած, ուրախանում էին ստացված լուսանկարների համար։ Լուսանկարվելու միտքն ինձ էլ գայթակղեց։

Իմ անծանոթ լուսանկարիչը տասներեք-տասնչորս տարեկան մի աղջնակ էր։ Գործը սկսելիս պարզվեց ինքս քիչ բան գիտեմ այս գործի փորձառության մասին։ Ծանր տոպրակներ բռնած մայրն անտրտունջ ու համբերատար աղջկան էր սպասում։ Կնոջը նայելով՝ ամաչեցի։ Աղջիկը համառորեն ձգձգում էր գործը։ Լուսանկարում գետն իր երկայնքով պետք է երևար, այդ պատճառով նա ինձ համար ընտրեց կանգնելու հարմար դիրք, հետո պարտադրեց գլուխս թեքեմ, հայացքս ուղղեմ հեռուները։ Պարտադրեց՝ շուրթերս փոքր-ինչ փնջեմ։ Նկարչին հնազանդվելով՝ ժպիտս անմիջապես իրար գլխի հավաքեցի։ 

-Գիտե՞ք, մի տեսակ փայտացած եք կանգնել։ Ոտքերից մեկը գոնե առա՛ջ բերեք, մյուսը մի փոքր ծալե՛ք,- վերջին հրահանգները տալով՝ աղջիկը վերջապես ինձ ազատեց այդ ծանր ու ձանձրալի գործից։ Մայրը ժպտաց, ես էլ։

Լուսանկարում ջրերի բնապատկերն ամբողջական ու բնական էր ստացվել։  Աղջկա՝ լուսանկարչական խցիկին տված լույսի ու ստվերի կարգավորումները գետը վերածել էին իսկական վրձնագործի։ Գեղեցիկ էր շատ։ Աչքս նկարի մեջ երևացող ինձ վրա էլ գցեցի։ Ա՛յ թե ստացվել էր։ Մի լավ ծիծաղեցի։ Քիթս ձգվել էր գետի հասակի չափով, շուրթերս վերածվել էին անտաշ մսափնջի, ոտքս կաղ էր երևում․․․ Լուսանկարը մտածված չջնջեցի, այն պետք է մնար՝ ինձ  հիշեցնելով Ողջին ու անծանոթ աղջկան։ 

Գետը շրջանցող որոշ հատվածներում փոշին ավելի խիտ էր։ Քաղաքում վերանորոգման աշխատանքները դեռ չէին ավարտվել։ Օրվա վերջալույսին ուշք չդարձնելով՝ մի քանի շինարար շարունակում էին տաշել ու տեղադրել գետի եզրերը պարսպող մետաղաձողերն ու քարերը։ Տուֆի կարմրանարինջից գետն ավելի էր շքեղանում։ 

Գլուխս ձախ թեքեցի։ Ութ-ինը տարեկան երկու տղա կարթը գետը ձգած՝ սպասում էին իրենց բախտին։ Մոտեցա։

– Հը՛, էս կողմերում ձուկ շա՞տ կա,-առանց բարև-մարևի՝ հարցրի ես։

– Տուք հո՞ւվ ըք (Դուք ո՞վ եք),-զարմացած հայացքն ինձ ուղղելով՝ հարցրեց նրանցից փոքրը։

– Ե՞ս․․․աղջիկ,- հայտնի մուլտֆիլմի հերոսուհուն հիշելով՝ պատասխանեցի ժպիտով։

Տղան իմ պատասխանից անակնկալի գալով՝ քիչ շիկնեց, կարմրած դեմքի վրա թեթև ժպիտ խաղաց։

– Պա խե՞յըք ըզեցալ կյաք մըր քաղաք (Բա ինչու՞ ուզեցիք գալ մեր քաղաք),-իր անուշ բարբառով  հարցաքննությունը շարունակեց «ձկնորսը»։

– Մտածեցի՝ գամ, ձուկ որսալու հարցում ձեզ քիչ օգնեմ,- այցիս նպատակին արդարացում տալով՝ պատասխանեցի ես։ 

– Փորձաց ը՞ք (Փորձած կա՞ք

– Հա, բա ոնց։

– Հեչ հի՞նչ ծուկուն ըք փռնած (Հեչ ի՞նչ ձուկ եք բռնել

Ինչ ձկան անուն գիտեի, տվեցի։ Թվարկածներիս մեջ երևի ձկներ էլ կային, որ մեր տարածաշրջանում գոյություն չեն էլ ունեցել։ Ընկերներից լռակյանցը պատասխանիս պահով քթի տակ ծիծաղեց։ Որոշեց ինչ-որ բան ասել, բայց էլի լռեց։

– Բայց սա հեշտ գործ չէ,-վերջապես խոսեց ավագը։ 

– Ինչու՞,-զարմացա։

– Համբերություն ունե՞ք։

– Բնավ։

– Ուրեմն մըզ խաբած ըք, տուք ծուկուն փռնող չըք (Ուրեմն մեզ խաբել եք, դուք ձկնորս չեք),- խորամանկ աչքերով վրա բերեց տղան։

Տղաները հասակով գրեթե մոտ էին միմյանց, բայց նրանիցից մեկի աչքերում ապրած հասունություն տեսա․ գրավեց ուշադրությունս։

– Արցախցի՞ ես,- հարցրի։

– Ո՞նց իմացաք։

– Բառերիդ վրա մի ուրիշ ու անուշ շեշտ զգացի։

Չգիտեմ՝ տղան ինչքանով զգաց ասելիքիս սրտխփոցին, բայց գլուխը կախեց։ Ծանոթացանք։ Կապանյան իմ ընկերները Գոռն ու Լևոնն էին։ Քիչ դեսից-դենից խոսեցինք։ Ես էլ իրենց իմ մասին պատմեցի։ Ընկերացանք։

Աչքս տղաների որսադույլին գցեցի։ Երկու փոքր, գորշավուն ձկնիկներ շարունակում էին բերանները բացուփուխ անել․ ազատության տենչը մեծ էր։

– Էս էլ եղավ գո՞րծ,- ժպիտով հեգնեցի։ – Տղե՛րք, էս երկու ձուկը ո՞ր մեկիս փորը կշտացնի, հը՞։

Տղաներն իսկապես զարմացան իմ անակնկալ վերաբերմունքից։ Նոր ընկերությունը, կարծես, ոգևորել էր իրենց։

– Խէ՞ տուքա՞լ ըք մըր հըտ օտելու (Ինչու՞ դուք է՞լ եք մեր հետ ուտելու),-աչքերը ճպճպացնելով՝ հարցրեց Գոռը։

– Հա՛, բա ո՞նց։ Էսօր ձեր քաղաքի ու ձեր հյուրն եմ։ Ուզում եք ինձ սոված թողնե՞ք, որ մեռնե՞մ, հա՞,-կատակեցի ես։ 

-Խաբում ա, մեր հետ դժվար թե գա,- ընկերոջ ականջին փսփսաց արցախցին։

-Էս գլխից խոսք եմ տալիս, էսօրվա բռնած ձկները ես եմ եփելու,-պարծեցա։

– Տուք ծուկունը հո՞ւնց ըք իփում (Դուք ձուկը ո՞նց եք եփում),- հետաքրքրվեց Գոռը։

– Դե՜, ասենք․․․կարամ տապակեմ։

– Չէ՛, ավելի լավ ա, մուք իփինք (Չէ՛, ավելի լավ ա, մենք եփենք),-ինձ սաստեց Գոռը։ – Աղը,  որ պակասնի, օտվելու չի (Աղը՝ պակաս եղավ, չի ուտվելու

Լևոնն ինձ նայեց, ժպտացինք։ 

– Տղե՛րք, -ասացի,- մի լավ առաջարկ ունեմ։ Եկե՛ք հերթով ձկնկարթը ջուրն իջեցնենք, տեսնենք՝ ում բախտը դուրս կգա։ 

Առաջարկս ոգևորեց նրանց։ Խայծը կուլ տալու համար Գոռն անմիջապես կարթի սուր ծայրին կարմիր գույնի ռեզինե արհեստական որդ ամրացրեց։ Ոգևորված գործի անցանք։ Որպես պատիվ՝ տեղացի «ձկնորսները» կարթաձողն առաջինն ինձ տվեցին։ Բարակ մետաղալարից կախած խայծն անմիջապես ջրի մեջ իջեցնելով՝ գոռացի․

– Է՛ս մեկն՝ ի՜մ բախտից․․․ 

Քիչ ժամանակ հետո փոքրիկ հարմարանքը պտտացնելով՝ սկսեցի մետաղալարը հավաքել որսասարքին ամրացրած կոճի վրա։ Տղաները ճիշտ էին․ այս գործում համբերություն էր պետք, ես չունեի։ 

Փաստորեն բախտս չբերեց․ կարթը դատարկ էր։

– Է՛ս մեկը՝ Լևոնի բախտից․․․ 

Սա էլ փուչ դուրս եկավ։

-Է՛ս մեկն էլ՝ Գոռի բախտից․․․

Նորից դատարկ էր։

Ես տխրեցի, տղաները՝ ոչ։

– Բայց լավ չեղավ,- առաջարկիցս ամաչելով՝ նեղսրտեցի ես։

– Բայց խե՞ (Բայց ինչո՞ւ),-զարմացավ Գոռը։ Նա այս անգամ էլ Ողջիի ձկներին գայթակղելու համար որոշել էր ռեզինե որդը հացի կտորով փոխարինել։

– Ախր ոչ մեկիս բախտը չբերեց։

– Դուք ինչու՞ եք ձեր բախտը սրա հետ կապում,-վրա բերեց Լևոնը։

– Բա ի՞նչ եք առաջարկում, տղանե՛ր, մեր բախտը ո՞նց որոշենք, հը՞,- զրույցին նոր շունչ հաղորդելով՝ հարցրի ես։

– Դե բախտը զենքի մեջ ա, խորամանկության, պատերազմի, ընկերության․․․,- որսի համար հացը մանրացնելով՝ ասաց արցախցի ծանոթս։

Տղայի հուսադրող պատասխանից ոգևորվեցի։

– Համաձայն չե՞ք ինձ հետ,-քիթը կախեց Լևոնը։

– Չէ՛, ի՞նչ ես ասում, հատկապես վերջինը շատ լավն էր։

Փորձեցի անպայման տեղեկանալ, թե սովորելու հետ գործերն ինչպես են։ Գլուխը կախեց։ Պարզ էր։

– Լևո՛ն, Արցախի ո՞ր շրջանում էիք ապրում։

– Քաշաթաղում։

– Սիրո՞ւն էր։

– Շա՜տ։

– Կարոտե՞լ ես։

Լռեց։

– Ամենաշատն էնտեղի ինչի՞ն ես կարոտել։

– Կուզեի հիմա նստած լինեի մեր այգու տանձենու հովի տակ, ձեռքով հողը վերցնեի ու լցնեի ոտքերիս վրա։

Ա՛յ քեզ կարոտ։ Հուզվեցի։ Երազանքը դառնոտ, բայց անուշ էր շատ։ Որոշեցի մտովի նրան ծննդավայրում թողնել, ուզում էի հիշեր, պատմեր, վերապրեր․․․ Բայց, գուցե և բարեբախտաբար, զրույցն ընդհատվեց հեռվից մեր ձկնորսության ողջ ընթացքին հետևող կապանցի մի տարեց մարդու այցով։

– Ախր անիմաստ խէ՞ ըք կանգնած ստեղ։ Ծըր բախտը Արջի տական փորձեք։ Դըղի ծուկուններն ավելի մըծն են ու լյավ համավ (Ախր անիմաստ ինչու՞ եք կանգնել էստեղ։ Ձեր բախտը Արջի տակից փորձեք, էնտեղի ձկներն ավելի մեծ են ու շատ համով)։ 

Օրն արդեն լիարժեք մթնել էր։ Քաղաքի մեծ ու փոքր լույսերը նվաղ լուսավորություն էին հաղորդել ջրերին։ Ողջից սկսել էր թեթև սառնություն փչել, գետը մի փոքր աշխուժացել էր։ Նայում էի ջրերին ու հասկանում՝ այստեղ ապրում են ժամանակները, անցյալը հավերժացնող պատմությունները, կորուստը, հանդիպումը, վերապրումը․․․ Գետը մարդու հոսող միտքն է, չծնված բառը, ներսում ապրող անթաքույց լռությունը։ Ու այսպես հոսելով՝ ջրերը դառնում են հավերժություն, գլգլոցը՝ չնոտագրված ելևէջում։

Տղաներն աշխուժացել էին, մտածեցի՝ գործը հաջողել է։

Որսադույլի պարունակությունը դարձյալ նույնն էր։ Ձկներից մեկն արդեն անշարժացել էր, մյուսը՝ կյանքի ազատության համար դեռ պայքարում էր։

Գոռը ոչ մի ձևով ընկերոջ՝ տուն գնալու հորդորներին ուշք չէր դարձնում։ Ամեն գնով փորձում էր երրորդ ձուկն էլ որսալ՝ գետից դուրս բերելով իրենց հետ համտեսելու՝ իմ այդ օրվա ընթրիքի ամենահամով բաժինը։

Please follow and like us: