Է՜հ, պատերազմի ժամանակ շա՛տ բաներ անցան Կաղնուտի գլխով: Շա՜տ: Տղերքը գնացին կռիվ ու նրանց կեսից ավելին ետ չդարձավ, դաշտերը մնացին անվար, հողերը անցան, հետո հացը պակասեց, հացը թանկացավ ու, վերջն էի թուրքը եկավ ու ծանր նստեց հինգ ամիս… Ու այդ օրերին՝ Կաղնուտի գլխով շատ բաներ անցան… Բայց այն, ինչ Ունանանց Օհանի գլխով անցավ դեռ չի անցել ոչ մի մարդու գլխով: Այո՛:
Դեռ թուրքերը չեկած՝ կաղնուտցիներն իրենց տավարն առաջ արին ու, որը ոտով, որը սայլով գնացին զորքի հետ, փախան Լոռի. մինչև անգամ տերտերն էլ նրանց հետ. ու գյուղում մնացին միայն ծերեր, պառավներ ու կաղեր: Դրանց հետ մնաց և Ունանանց Օհանը: Տղին, հարսին ու աղջկան ճամփու դրեց և ինքը մնաց, թե «տունն ու բոստանը չի կարելի անտեր թողնել»: Հասկանու՞մ եք, չուզեց իր տունը, իր ձեռով ցանած բոստանը թողնել անտեր ու գնալ: Զարմանալի մարդ էր. ինչպես կնոջը, հարսին, տղին, էնպես էլ սիրում էր տունը, բոստանը: Դեռ գուցե ավելի: Մարդն այդպես բնավորություն ուներ: Ինչքան ասին «վտանգ ա», չլսեց: Մնաց ու մնաց, ինչ կըլի-կըլի… «Ոնց որ խալխը, էնպես էլ ես… Ինձ բան չի ըլնի, դուք ձեր մասին մտածեցեք»…
Այսպես՝ հարևաններին, տանեցոց ճամփու դրեց ու ինքը մնաց: Նրա մեծ որդուն թուրքերը սպանել էին Կարսի կռվում, ու Օհանը մտածում էր՝ նրանից հետո ինքը գնար ի՛նչ աներ. նրան սպանելուց հետո թո՛ղ իրեն էլ սպանեն: Մեկ էլ մտածում էր, որ եթե թուրքը գա, միևնույն է, երկար չի մնա, էլ ինչու տունը թողնել անտեր: Ու մնաց… նրանց թաղում մնացել էր և պառավ Եղսանը իր կովի հետ: Նա էլ չուզեց գնալ, նա էլ այն կարծիքի էր, թե թուրքը չէ, թեկուզ հարամի էլ գա, պառավ կնկան բան չի անի… Թուրքերը եկան և, իսկապես, ոչ Օհանին ձեռ տվին, ոչ էլ Եղսանին. նրանք եկան, մտան սրա-նրա տուն. ման եկան զենքի, զինվորի, բան չգտան, հետո տեղավորվեցին զանազան տներում՝ «փաշան» տերտերի տանը, ասկյարները՝ ուր պատահեց: Դրանցից մի տասը հոգի էլ՝ իրանց հրացաններով, բանով, եկան Օհանի տունը: Եկան՝ բռնեցին երկու սենյակն էլ ու նստեցին:
-Մենք էստեղ պիտի մնանք…
Օհանը… Ի՞նչ կարող էր ասել Օհանը, մի քանի փալաս հավաքեց ու գնաց գոմը: Դեռ թուրքերի գալուց առաջ, երբ երկյուղ կար, թե ահա պիտի գան, նա տան պղնձեղենն ու ամանեղենը թաղել էր այնտեղ գոմում, սալի տակ, իսկ տավարն ուղարկել էր տղի հետ: Ու երբ թուրքերն այդպես սենյակները բռնեցին, նա ձայն էլ չհանեց և անխոս գնաց գոմը: Շատ դառնացավ, իհարկե, մտքում հայհոյեց, բայց ի՛նչ կարող էր անել, բզի գլխին չես կարող բռունցքով խփել… Թշնամի է, կռվով եկել է գեղը գրավել, կարա՞ս բան ասել… Ու հինգ ամիս մնացին այդպես թուրքերը սենյակներում, Օհանը գոմում. թուրքերն իրենց համար, Օհանն իր համար: Այսպես՝ թուրքերը քնում, վեր էին կենում, գնում էին իրանց բանին, երբեմն հեռանում էին օրերով, նրանց տեղ նորերն էին գալիս, իսկ Օհանը անխոս ցերեկը միշտ դռան առաջի բոստանում էր լինում, մարգեր էր քաղհանում, մարգեր էր ջրում, ու միշտ աչքի տակով նայում թուրքերին, մեկ-մեկ էլ իր հին, հալից ընկած շորերը հագին, պառավ, փրչոտած կոճղի նման, տնկվում էր բոստանում ու աչքի տակով նայում այնպես, ինչպես կատուն մկան՝ մարաղ մտած: Իսկ երբ բակից անցնում էր դեպի բոստան կամ բոստանից դեպի գոմը՝ մազոտ հոնքերի տակից նայում էր նրանց, և, եթե առավոտ էր, ասում էր՝ «սաբան խեր»…, իսկ երեկոյան` «ախշամը խեր»… Ու էլ ոչինչ. չէր ուզում երկար խոսել: Եթե մի բան հարցնեին, կպատասխաներ, մնացած ժամանակը՝ լուռ: Իր գործին: Բայց ասկյարները երբեմն կանչում էին նրան թեյի, երբեմն ուտելիք էին առաջարկում: Չէր ընդունում. – Շնորհակալ եմ, ղարդաշ, շատ շնորհակալ եմ… Իսկ երբ զոռով միս կամ կերակուր էին տալիս, վերցնում էր «նրանց չնեղացնելու համար» և տանում էր աղբանոց կամ գիշերը տալիս շանը: Միշտ վախենում էր, թե թուրքերը կարող են թունավորել իրան, ու նրանց տվածը չէր ուտում. կա՛մ դեն էր գցում, կա՛մ շանը տալիս… Երբ ասկյարները, տարօրինակ արտասանությամբ, կանչում էին նրան՝ «Օհյան ամու», «ՕՀան ամուն ձեր աչքը հանի» ասում էր մտքում և, դարանակալ աչքերը գետնին, որոնց մեջ միշտ զգուշություն կար, մոտենում էր նրանց: Ու պատահում էր, ասկյարները զրուցում էին հետը, տան առաջի գերաններին նստած հանաքներ էին անում, բայց նա, օ՜, միշտ զգույշ էր, միշտ իրան պահում էր, որ մի ավելորդ բան չասի: Իսկ այնքան բան ուներ իր սրտում, այնքա՜ն… Մի հին չուխա հագին, մազի մեջ կորած դեմքով տնկվում էր բոստանում կաղամբների, բազուկների մեջ և արևածաղիկների արանքում, ինչպես հին փրչոտած կոճղ, և աչքերի տակով նայում թուրքերին, թե ի՛նչ են անում, ու՛ր են գնում, տնից բան չե՞ն տանում արդյոք, կամ չե՞ն գնում դեպի գոմը, ուր թաղված էր պղնձեղենն ու ամանեղենը: Իսկ մեկ-մեկ էլ, երբ ասկյարները, հրացանները վերցրած, որևէ տեղ էին շտապում, նա կուչ էր գալիս արևածաղիկների ետև և, ամբողջովին ուշադրություն դարձած, հետևում էր, թե գուցե քաշվում են, գուցե մերոնք հարձակվել են… Գիշերները մանավանդ, երբ մենակ պառկում էր գոմում, համարյա չէր քնում. մտածում էր, մտածում, ու այնպես բաներ, որ չեղա՜ծ…
– Ա՛յ, մի մերոնք գան քամակից ու ջարդեն. ա՛յ մի մերոնց թոփը տրաքի սրանց մեջ, կոտորվեն. այն ժամանակ ինքն էլ սրանց հրացաններից մինը կվերցնի ու մեկ, երկու, տասերկու… Այն ժամանակ կիմանան ի՛նչ բան է մարդ սպանելը…
Մտածելով՝ հիշում էր սպանված որդուն ու հառաչում գոմի խավարում: Եվ գոմի լռության ու խավարի մեջ նրա ականջները խշշում էին, սիրտը փուլ էր գալիս ու ՕՀանը, այդ ահագին մարդը, սկսում էր արտասվել… Այդպես, որդու կսկիծը նրան այդպես բաներ էր մտածել տալիս, և նա արտասվում էր. արտասվում էր ավելի անզորությունից, որ ոչինչ չի կարող անել, որդու վրեժը չի կարող առնել: Հասկանու՞մ եք… Մեկ-մեկ մտածում էր, թե ինչ լավ կլինի դրանց մեկն ու մեկին, ջուր քաշելու ժամանակ քցեր ջրհորը, երբ վեդրոն ձեռին հորի վրա կռացած կլնի՝ բոթես ետևից թող գնա… Գլուխը քարը, թե ջուրը կփչանա, ինքը մի սիրտը կհովացնի՜… Երբեմն էլ գնում էր պառավ Եղսանի մոտ և կամաց, զգույշ, շունչ պահելով, որ իրենց ոչ ոք չլսի, խոսում էր թուրքերի մասին։
-Եղսան հարս, ի՞նչ ես իմացել, ե՞րբ են կորչում։
Եղսան Հարսը, տարիքով ՕՀանից մե՞ծ էր, թե շուտ էր կարգված նրանից, իրեն ավելի հեղինակավոր էր պահում:
-Ոչ մի բան էլ չեմ իմացել. Թուրեքերն իրենց սիտի խորհուրդը ինձ չեն հայտնում: Գլուխը քարը, թե երբ կերթան…
Օհանը զարմանում էր Եղսան հարսի անտարբերության վրա, բայց իսկույն հիշում էր, որ նա թուրքերին կաթ է ծախում, «խերվում է՝ դրա համար, քավթա՛ռ»… Ու մի փոքր մտածելուց հետո, փրչոտ գլուխը բարձրացնում էր ու դառնում պառավին.
-Եղսան հարս, էլի կա՞թ են տանում… Հա՞… քթներովը գա՜…
Մի օր նույնիսկ նա այնքան հեռու գնաց, որ Եղսանին հարցրեց, թե չի՞ կարող արդյոք կաթի մեջ մի այնպես բան գցի, որ «շանսատակ ըլեն»… Այսպես էլ ասավ: Բայց Եղսանը աչքերը, անմազ կոպերի մեջ կորած աչքերը այնպես ոլորեց Օհանի վրա, որ «Ուզում ես տունս քանդե՜լ»… Օհանն զգաց իր անզգուշությունը ու այդ օրվանից էլ Եղսանի հետ չէր հոսում այդպես անզգույշ բաների մասին, բայց ինքը շարունակ մտածում էր, թե ինչ անի, որ սիրտը հովացնի, որ որդու կսկիծը մոռանա: Հասկանու՛մ եք, մարդը միշտ, ցերեկ թե գիշեր այդ մասին էր մտածում: Իսկ երբ մարդի գլուխը մի բան է մտնում՝ էլ հեշտ չի դուրս գալիս այնտեղից: Եվ մի գիշեր էլ ահա նրա գլուխը եկավ մի սարսափելի միտք, ու այլևս քնել չկարողացավ… Շարժվեց երկար այսուայն կողմի վրա, նստեց անկողնի մեջ մի քանի անգամ, ուզեց վեր կենալ, բայց էլի չկարողացավ, աչքերը փայլում էին գոմի խավարի մեջ, ինչպես սոված գայլի աչքեր: Մազերը խռիվ, վիզը բարակ՝ նստել է թախտի վրա ու մտածում է… Եվ ի՞նչ է մտածում… Մտածում է տունը դրսից փակի ու, երբ թուրքերը քնած կլինեն, վառի, վառի ու փախչի անտառ կամ մի որևէ տեղ, ուր կպատահի… Եվ նա երևակայում է, թե ինչպես տունը բոցավառվում է գերանները ճարճատում են և ընկնում, և ասկյարները այրվում են դրանց մեջ… Օհանի աչքերը վառվում են. դրանից լավ միտք երբեք չէր կարող նրա գլուխը գալ…
Ու այս միտքը մի քանի օր կլանեց նրան: Բոստանում, քրչոտ խրտվիլակի պես կանգնած, արևածաղիկների արանքով նայում է տանը, այս անգամ արդեն վայրի կատվի աչքերով… Թուրքերը դուրս ու ներս են անում, գնում են տերտերանց տուն` փաշայի մոտ, գալիս են այնտեղից. և նա միշտ հետևում է նրանց, ինչպես կատուն իր որսին…
Ու մի օր էլ ահա, երբ, արևածաղիկների արանքում կան գնած նայում էր այսպես՝ նկատեց, որ թուրքերն անհանգիստ գնում-գալիս են, անհանգիստ խոսում ու շորեր, հրացան, բան են հավաքում…
«Էստեղ մի բան կա», մտածեց Օհանը ու տեսողությունը լարեց, որ ավելի լավ տեսնի, թե ի՛նչ է կատարվում: Այո, թուրքերն անհանգիստ են… նրանք հավաքում են տան բաները…
Հավաքեցին, հավաքեցին և, վերջը, զինվեցին, շինել, ջրի աման և ուրիշ բաներ վերցրած՝ գնացի՜ն…
«Այ քեզ բան,- մտածում է Օհանը,- էս ո՞ւր են գնում»: Մտածում է ու բարձրանում գոմի կտուրը: Դա նրա դիտարանն էր, սովորաբար այդտեղից էր նայում, որ տեսնի, թե ինչ կա գեղում, որովհետև այդտեղից երևում էր գեղամեջը, գեղի մեծ ճամփեն, հետո հանդը ու այդպես՝ մինչև երկաթուղին: Այս անգամ էլ նա ուզեց տեսնել, թե ո՛ր կողմի վրա են շարժվում թուրքերը։ Ու տեսավ, որ թուրքերն առաջ դեռ գնացին տերտերանց տուն՝ փաշի դուռը, հետո այնտեղ եկան ուրիշ տներում ապրող ասկյարներ ու, վերջը, բոլորը միասին, շարքով, կարգով ճամփա ընկան դեպի ստանցին… Գեղում կարծես էլ թուրք չմնաց: Բայց չէ՜… քիչ հետո նա նկատեց մի բանի ասկյար, որ կանգնած էին այստեղ, այնտեղ. մեկն էլ տերտերանց դռանը։ -Ղարաուլ են,- մտածեց և, գոմի կտրից իջնելիս, նկատեց Եղսանին, որ իր բակում լոբի էր փռում: Շտապեց նրա մոտ:
-Տեսա՞ր, Եղսան հարս: Գնացին: Կռի՞վ կա, ի՞նչ ա… Բան չե՞ս իմացել…
Չէ: Եղսանը բան չգիտեր, բայց անհանգստացավ:
– Գնացի՜ն, ասըմ ես: Բա մածուն են մերել տվե՜լ… իրիկվա համար… – Եվ նա գլուխը շարժեց մտածմունքի մեջ: – Չէ, հալբաթ մոտիկ տեղ են գնացել, իրիկունն էլի ետ կգան…
Ու երկուսով սկսում են զանազան ենթադրություններ անել, բայց Եղսանին ամենահավանականը թվում է այն, որ թուրքերը իրիկունն անպատճառ ետ կգան, եթե ոչ, մածուն չէին մերել տա: Իհարկե… Հարևանները խոսում են այսպես, մեկ էլ ինչ–որ ձայն, շարժում է լսվում գեղի ծայրից, անտառի կողմից… Օհանը նորից վազում է իր դիտարանը՝ գոմի կտուրը և, ձեռը ճակատին, նայում անտառի կողմը: Նայում է, նայում և ինչ՝ թուրք զորքը ահա ետ է գալիս, բայց ուրիշ տեսակ՝ իրար խառնված, անկարգ… Ու, կարծես, միայն գեղից գնացածները չեն, ավելի շատ են… նրանց ետևից էլ գալիս են ձիավորներ՝ թնդանոթ, գնդացիր են բերում… ու կամաց-կամաց մոտենում են գեղին…
Փախչու՜մ են…
Ահից Օհանը կռացավ. կնկատեն և, ո՛վ է իմանում, փախչում են՝ գազազած կլինեն, կնկատեն ու վըզզ, մեկ էլ տեսար գնդակը եկավ… Նա կուչ եկավ ավելի ու շարունակեց դիտել…
Թուրքերն եկան, անկարգ շարքերով մտան գեղի տակի շոսեն ու՝ շոսեով ուղիղ ետ… Մի քանիսը ջոկվեցին, եկան մտան գեղ և ուղիղ տերտերանց տուն՝ փաշի կացարանը, մտան ներս, ինչ-որ կապոցներ, բաներ առան ու հայդա… նրանց հետ գնացին և ղարաուլները… Դրանք էլ շոսեն ընկան ու գնում են ձիով, ոտով… Իսկ թնդանոթը, գնդացիրը վազեցնում են ձիերը, ու ճամփից ամպի պես փոշի է բարձրանում…
– Քաշվու՜մ են… Փախչում են…
Երբ այդպես շոսեի փոշին բարձրացնելով հեռացան բավական, ավելի շուտ, երբ ծածկվեցին հեռվի փոշում, Օհանն իջավ իր դիտարանից և ուղիղ տերտերանց տուն՝ տեսնի թուրք չկա՞ արդյոք: Տերտերանց բակում մարդ, շունչ չկար: Տան դռները կրնկի վրա բաց են, և ներսը՝ ո՛չ մի շունչ… Ա՛յ քե՜զ բան, ուրեմն ինքը չի սխալվում, բոլորը քաշվել են… Ա՛յ, անսպասելի բա՜ն… Ուզեց գնալ Օհանը նորից Եղսանի մոտ, հայտնել այդ մասին, բայց մտածեց, որ լավ կլինի առաջ մի գնա իր տուն, տեսնի ի՛նչ են արել այնտեղ թուրքերը:
Առաջ նա վախենում էր թե ինչ, իր սենյակները չէր մտնում, այժմ էլ զգուշությամբ դուռը բաց արավ և մտավ առաջին սենյակը: Ո՜ւ, ինչ ասես չկար այնտեղ, թափած, թափթփած էր ամեն բան` փամփուշտներ, գնդակներ, հին տրեխներ, շորի կտորտանք, թղթեր ու խոտ, քար, քար ու խոտ… Խոտը թուրքերը փռել էին իրենց տակ, իսկ քարերը դրել բարձի տեղ, ու քարերի վրան՝ էլի խոտ… Եվ ամեն կողմ սեխի վարունգի կեղևներ…
-Թովլա են շինե՜լ…
Մտքում հայհոյեց ու մոտեցավ մյուս սենյակի դռան:
Բայց հազիվ մի քայլ էր արել, որ մտնի ներս, կանգ առավ քարացած: Նրա աչքերն ակամա չռվեցին, բիբերը լայնացան և ձեռները, ահագին ձեռները, կոտրված թևերի պես, կախ ընկան կողքերից…
2
Այն, ինչ Օհանը տեսավ այդ րոպեին և՛ անսպասելի էր, և՛ զարմանալի, և՛, եթե կուզեք, երկյուղալի:
Սենյակի միակ տախտին, որի վրա դարձյալ խոտ էր փռած, որպեսզի քնողի համար փափուկ լինի, պառկած էր, ի՞նչ եք կարծում ո՞վ կամ ի՞նչ, որից Օհանը վախեցավ, ո՛չ, ավելի շուտ հանկարծակիի եկավ, զարմացավ և, եթե կուզեք ապշեց… Պառկած էր մի թուրք, մի ահագին, վիթխարի մարդ իր ասկյարի շորերով, տրեխները հագին…
Մի քանի վայրկյան, ի՜նչ, մի քանի րոպեից ավելի Օհանը մնաց այդպես քարացած, վեր քաշված, և առաջին միտքը, որ եկավ նրա գլուխը, այն էր, թե, ուրեմն, բոլորը դեռ չեն գնացե՛լ… Շատ կարելի է ուրիշ տներում էլ կան սրա նման…
Մտածում է Օհանը շեմքում կանգնած, ինչպես կենդանի զարմանք, մտածում է ու մտքերը, ինչպես մեղվի պար եռում են նրա գլխում,- շատ կարելի է գնացին մեզ խաբելու, մեզ փորձելու համար, հը՞, շատ կարելի է… Բայց գուցե սա մեռա՞ծ է, դրա համար են թողել: Չէ, մեռած լիներ, կթաղեին… Մտածում է Օհանը շեմքում կանգնած, մտածում է, ու մտքերը, ինչպես մեղվի պար, եռում են նրա գլխում: Մտածում է, մին էլ թուրքը, ահա, շարժվում է ու տնքում քնի մեջ, տնքում է ծա՜նր ու երկա՜ր, և նրա կուրծքը բարձրանում է- իջնում բարձրանում է-իջնում…
«Մնացել է»՝ մտածեց Օհանը, և նրա աչքերը, հոնքի մազերի տակ կորած մանրիկ աչքերը, պսպղացին ուրախությունից: Ծեր, կուչ եկած դեմքին երևաց ուրախ մի բան, գոհ տեսք, և նա իսկույն, իր հասակին անհամապատասխան արագությամբ ցատկեց դռների արանքից և թեթև, անձայն քայլերով, ոտի մատերի վրա, վազեց դուրս:
Դուրս եկավ և ուղիղ՝ դեպի գոմը, վազում է թեթև և աչքերն էլ շարունակ փայլում են այնպես, կարծես գանձ է գտել։
Վազեց, մտավ գոմը ու, քիչ հետո, դուրս եկավ մի կացին ձեռին, դուրս եկավ ու նորից թեթև քայլերով դեպի սենյակները: Կացինը բռնել է ոտին կպցրած, կարծես վախենում է մարդ տեսնի:
Այդպես՝ կացինը ոտին սեղմած մտավ ներս և զգույշ, շատ զգույշ քայլերով գնաց դեպի երկրորդ սենյակը…
Մոտենում է և հետն էլ սիրտը դողում է՝ չլինի հանկարծ թուրքը զարթնած լինի… Մոտենում է ատամները սեղմած մոտենում է, մոտենում և շեմքի մոտ կացինը բռնում է ետևը…
Չէ, թուրքը դեռ մեկնված է առաջվա պես՝ ամբողջ տախտի երեսովը մեկ, և ծանր շնչում է էլի, կուրծքը բարձրանում է իջնում, բարձրանում է, իջնում…
Օհանը, աչքը թուրքին, մոտենում է քայլ առ քայլ զգուշությունից՝ հավի քայլեր է անում ու կացինը կամաց-կամաց բարձրացնում…
Նա բարձրացրեց կացինը, բարձրացրեց մինչև ուսերը բարձրացրեց ուսերից վեր և, երկու ձեռքով ուսերից վեր բռնած՝ քայլերը փոխեց դեպի տախտը, այնպես զգույշ, ինչպես կուտ ուտող կամ կանգնած հավին են մոտենում ետևից բռնելու… Բայց հազիվ մի քանի քայլ էր արել, թուրքը տնքաց առաջվա պես ծանր, տանջանքով, դժվարությամբ, ինչպես ծանր երազի մեջ: Տնքաց ու այդ տնքոցի հետ նրա բերանից թռավ մի բառ.
-Անա՜…
Օհանը մի ակնթարթ կանգ է առնում, աչքերը քնածի վրա՝ կանգ է առնում անշարժ, առաջվա նման քարացած, շունչը բերանում պահած և, ապա կացինը նույն դիրքով բռնած՝ մոտենում է քայլ առ քայլ, մոտենում է զգույշ, ինչպես գողն է մոտենում աչքադրած բանին… Մոտենում է կացնի կոթը ոսկրոտ մատներով պինդ բռնած: Ատամներն էլ սեղմվում են իրար, իսկ աչքերը փայլում են, ինչպես որս տեսած կատվի աչքեր, որ զգույշ, գողեգող մոտենում է իր որսին՝ մեկեն հարձակվելու համար:
Բայց այստեղ պատահեց մի բան, որ կանգնեցրեց Օհանի ձեռի թափը: Մի բան, որ նա երբեք չէր կարող սպասել:
Արդյոք նրա քայլերի ձայնի՞ց, թե՞ պատահաբար՝ պառկած թուրքը ծուլ եղավ հանկարծ և զարմացած, լայն-լայն բացված աչքերով նայեց Օհանին, նայեց ինչպես երեխա, որ կարծես տեսիլք է տեսել երազում՝ հայացքը ահով ու սարսափով լիքը: Նա ձեռները հովհարի պես բռնեց դեմքին, ասես պաշտպանվելու համար, հետո ձեռի մեկը կրծքին դնելով, մյուսով ցույց տվեց ուսը, և արցունքի երկու կաթիլ ընկան նրա աչքերից…
Արցունքի կաթիլներ, հասկանում եք. այդ ահագին մարդու աչքերից արցունքի կաթիլներ ընկան և գնացին, կորան միրուքի մեջ..
Այդ բոլորը նման էր փոքրիկ երեխայի արածի, դա տևեց միայն մի ակնթարթ, մի վայրկյան, գուցե և քանի րոպե, Օհանը լավ չկարողացավ որոշել, բարձրացրած կացինը իջավ նրա ձեռի հետ և նա մնաց իր տեղում մեխված… Իսկ թուրքը, նորից, մեջքի վրա ընկավ տախտին ու… արտասվեց… Օհանը քարացավ զարմանքից։
Թուրքը արտասվու՜մ է… Նա երբեք չէր տեսած, երբեք չէր սպասում, որ թուրքը արտասվի… երբեք չէր կարծում, թե թուրքը կարող է արտասվել… Արտասվե՜լ, այն էլ՝ երեխայի պես… Ուրեմն վախեցա՞վ իրանից ու արտասվում է… Բայց չէ, մենակ չի արտասվում, արտասվում է ու տնքում ծանր դժվար, տնքոցով:
«Ի՞նչ ցավ ունի տեսնես», մտածում է Օհանը, մտածում է և ուզում է հարցնել, թե որտե՞ղն է ցավում: Այո, այնպես ծանր, դժվար է տնքում թուրքը, որ նա ուզում է հարցնել, թե նրա ի՞նչն է ցավում, բայց չի համարձակվում, ամաչում է ինքն իրենից, ամաչում է, որ թուրքն իր առաջ լաց եղավ: Նշանակում է մի բան ունի այս թուրքը կամ մի տեղը ցավում է…
Օհանը մտածում է անշարժ, իսկ թուրքը մեջքին ընկած՝ շնչում է արագ-արագ: Երբեմն հառաչելով, ինչպես ահարկու բանից փախս առած երեխա… Օհանը տարակուսում է, չի իմանում՝ թուրքը իրենի՞ց վախեցավ, թե նրա մի տեղը ցավում է: Ուզում է հարցնել, էլի չի կարողանում, չի համարձակվում…
Վերջապես, նա մի քայլ է անում և ձեռը մոտեցնում թուրքի ուսին:
Թուրքը վախեցած ծուլ է լինում նորից և ուզում է նստել
-Վախիլ մի, վախիլ մի, ղորխմա,- ասում է Օհանը ու աշխատում է խոսել մեղմ ձայնով:- Հիվա՞նդ ես… Նաչաղ սա՞ն…
Հարցնում է Օհանը մեղմ, մեղավոր ձայնով։
Թուրքը, աչքերն իրենց բներում խաղացնելով՝ նայում է նրան և ուզում է կարծես վեր կենալ տեղից ու փախչել կամ պաշտպանվել ու չի կարողանում…
Այդպես նայեց Օհանին, լավ տնտղեց, հետո աչքերը պրպտելով նայվածքը ուղղեց Օհանի ձեռին. կացինը չկար, ու, կարծես, հանգստանալով՝ շունչ քաշեց թեթևացած: Բայց դեմքը դեռ սպրդնած էր, մոմի պես դեղին, կարծես տեսիլք էր տեսնում… Դեմքը կծկում էր շուտ-շուտ և, ուսը բռնում նիհարած, դեղնած ձեռով:
Օհանը էլի տարակուսած նայում էր նրան և չէր կարողանում ոչ հեռանալ, ոչ մոտենալ, մի ծանր բան է զգում կոկորդում, թե սրտում: Ու ամաչում է, ամոթ է զգում կարծես, մի ամոթ, որ մեծերն զգում են փոքրերի մոտ… Եվ հանկարծ, ասես անտառում ծառ կտրելու ժամանակ գողության մեջ բռնված, ու դրանից ազատվելու համար կարծես՝ Օհանը ետ է ցատկում, կացինը վերցնում է ու դուրս մյուս սենյակը, այնտեղից էլ արագ՝ գոմը: Հափշտապ, զզվանքով, ինչպես օձի, կացինը գցում է ներս ու նորից թուրքի մոտ:
Թուրքը նույն դիրքով պառկած էր աչքերը դեպի դուռը: Օհանին տեսնելուն պես՝ նստեց շտապով, աչքերը վառվում են տենդով, խաղում են բներում ու, կարծես, ուզում են պայթել:
Երկուսն էլ լուռ են, ծանր, անհարմար լռություն: Թուրքը զարմացած նայում է Օհանին, Օհանը՝ հոնքերի տակից՝ նրան, ուզում է էլի բան ասի, չի կարողանում, թուրքերեն լավ չգիտի, գիտցածն էլ մոռացել է: Իմացած խոսքերը չի հիշում: Վերջապես, մի ոտից մյուսի վրա հենվելով, նրա միտը մի քանի բառեր եկան, և նա սկսեց խոսել՝ հայերեն, թուրքերեն խառնելով, մեծ մասամբ նշաններով: Եվ առաջին հարցը, որ տվեց Օհանը թուրքին, էլի այն էր, թե ի՞նչն է ցավում՝ նաչա՞ղ որտե՞ղ…
Թուրքը ակամա, դժվարությամբ ցույց է տալիս ուսը։ Օհանը լռում է մի փոքր, դարձյալ դժվարանում է խոսել:
-Ու՞սդ,- ասում է կամաց և, զգուշությամբ, ձեռը մոտեցնում է թուրքի ուսին, այնտեղ, ուր ցույց տվեց ինքը:
Ձեռք տալուն պես նա դեմքը ծամածռում է ցավից.
-Ո՜ւհ…
-Ցավու՞մ է,- հարցնում է Օհանը: Թուրքը աչքերը խփում է և գլուխը շարժում.
– Օ՜, շատ, շա՜տ:
Ու նորից, թուլացած, ընկնում է տախտին: Երևում է՝ ցավին դիմանալ չի կարողանում:
Օհանը նայում է թուրքին, նայում է նրա ցավից տանջված դեմքին և հանկարծ.
– Հլա՛ բաց, գյորա՛խ,– ասում է:
Թուրքը սպասել չի տալիս, կրծքի կոճակները արձակում է, շորը ետ տանում և ուսը բացում:
Ահագի՛ն ուռուցք: Գնդակի տեղ է, հին վերք, ուռել է, և ամբողջ մարմինը այրվում է դրանից:
Օհանին թվում է ձեռները տաք թոնրի մեջ է կոխում, այնպես տաք է թուրքը, այնպես է այրվում:
-Մեր ունե՞ս,- հարցնում է Օհանը ուսը նայելուց հետո և ապա ինքն էլ զարմանում է, թե ինչո՞ւ այդ հարցը տվեց:
Թուրքը չի հասկանում:
Օհանը հիշում է թուրքերենը:
-Անա, անա վա՞ր,- կրկնում է:
Թուրքը գլխով է անում։
– Հա՞, դե շատ լավ,- շարունակում է Օհանը. – Անա՝ յախշի, չո՛խ յախշի…
-Իսկ հեր՝ աթան, վա՞ր,- հարցնում է նորից Օհանը:
Թուրքի դեղին դեմքով մի ժպիտ է սահում։
Թուրքը դարձյալ գլխով է անում:
-Արվա՞դ:
Թուրքի գունատ դեմքը մթնում է. աչքերը փակում է, բայց պատասխանում է էլի գլուխը շարժելով:
Օհանի լեզուն բացվել է. էլ չի լռում, շարունակում է իր հարց ու փորձը, հասնում է երեխաներին, աշխատում է հիշել, թե թուրքերեն ինչ են ասում դրանց: Ու, դժվարությամբ հիշելով, հարցնում է
– Ուշաղ, օղլան վա՞ր:
Թուրքի աչքերը լցվում են, շրթունքները դողում:
Նա իսկույն չի պատասխանում, աչքերը տրորում է ու, քիչ հետո, ցույց է տալիս երեք մատը:
– Երեք հա՞տ, – զարմանում է Օհանը և գլուխը կախում, էլի ամաչում է թուրքի երեսին նայել, աչքերը փախցնում է նրա աչքերից ու լռում:
Իսկ թուրքը այդ հարց ու փորձից կարծես ուշքի է գալիս մի փոքր ու շվար, շփոթված նայում է դեպի դուռը, դեպի լուսամուտը, ու ամբողջ մարմնով ասես ուզում է հասկանալ, թե ու՞ր են իր ընկերները, իրենց ասկյարները: Նա նայում է այդպես դուրս, իսկ Օհանը իր միտքն է մտածում, թե ինչու գնացող թուրքերը մոռացել են սրան ու թողել, այդ ինչպե՞ս է պատահել… Մտածում է. մտածում և ուզում է հարցնել իրեն՝ թուրքին դրա պատճառը:
Բայց մինչ այդ՝ թուրքն ինքը հարցնում է, թե ո՞ւր են «մերոնք»
– Բըզըմլար հարա՞ գեդտի…
Օհանը ձեռը շարժեց իրենից շա՜տ հեռու:
-Համսի գեդտի, գեդտի, – ասում է: – Հիմի մերոնք են գալիս… Բըզըմ… ղոշուն… Սըզըն՝ գեդտի, հիմի բըզըմ՝ գյալ…
Թուրքը ամեն ինչ հասկացավ, հասկացավ, որ իրենց զորքը նահանջել է, իրենց բոլոր պահակները գնացել են, հիմա գալիս է հայոց զորքը…
Նրա դեմքն ավելի դեղնեց, քան առաջ, և նա վախով, անվստահ նայեց Օհանին:
Օհանը ժպտաց միայն և ձեռը խփեց նրա մեջքին.
– Վախիլ մի՛, ղորխմա՛…
3
Այսպես է լինում ահա, որ Ունանանց Օհանը պատահում է թուրքին, իսկ թե ինչպես է դրանից փորձանք գալիս իր՝ Օհանի գլխին, այդ մասին մի քիչ հետո: Առայժմ ասենք, թե ինչու թուրքը, իր պատմելով, ետ է մնացել իրենց զորքից: Երբ Օհանը լուր առավ, որ մեր հայոց զորքը գալիս է, թուրքին իսկույն տարավ գոմը, որ եկողները չտեսնեն: Ու այդտեղ՝ գոմում տեղ հարմարեցրեց նրա համար, այսինքն այն տեղը, ուր քնում էր ինքը, տվեց նրան: Հետո այնպես, ի միջի այլոց, հարցրեց, թե ինչպես է, որ նա ետ է մնացել իրենց զորքից: Եվ թուրքը, կարճ պատմեց, թե ինչու՛։ Երբ ասկյարները գնում են, նրան մի քանիսի հետ ղարաուլ են նշանակում գեղում, բայց նրա ուսը, հին վերքը, որ քանի օր էր ցավում էր և տաքություն տալիս, այդ օրն էլ տաքությունը բռնում է, սաստիկ մի տաքություն է գալիս, այնպես որ ոտի վրա չի կարում կանգնի, ու գալիս է մտնում զով օթակները պառկում: Ու մնում է այդպես… մինչև Օհանը գալիս է: Ա՛յ ինչպես է եղել, որ նա ետ է մնացել իրենց զորքից: Տաքության մեջ նա մինչև իսկ չի իմացել ինչպես է եկել ու պառկել:
-Ա՛յ քեզ բա՜ն,- ասում է Օհանը: – Բա հիմի ի՛նչ անենք, որ մերոնք քեզ չտեսնեն…
Թուրքը լուռ, խեղճ-խեղճ նայում է Օհանին ու կարծես, ուզում է ասել՝ ես բան չգիտեմ, իմ կյանքը քո ձեռքին է:
Իսկ Օհանը մտածում է, մտածում ու վեր կենում։
-Եախշի, – ասում է,- դուր բուրդա…
Ու դուրս է գնում, բարձրանում է իր դիտարանը՝ գոմի կտուրը և, ձեռը ճակատին, նայում ճամփաներին, թե չի՞ գալիս արդյոք մեր զորքը հայոց:
Բայց զորքը չեկավ այդ օրը. առավոտը միայն 20-30 զինվոր մտան գյուղ և տեսան գյուղը դատարկ, առաջ անցան: Հարցրին Օհանին, թե թուրքերը ե՞րբ են գնացել. «Մի օր առաջ», պատասխանեց Օհանը:
Սրանք գնում են, ետևից՝ երեկոյան գալիս է մեծ զորքը հայոց, հետն էլ ինքը գեներալ Նազարբեկովը: Գալիս են ու գեղի տակի շոսով անցնում: Դրանցից մի քանի հոգի միայն, մի երեսուն զինվոր ու երկու աֆիցեր մնում են գեղում, մնացածը անցնում են առաջ, որ գնան Ղարաքիլիսա: Աֆիցերները տեղավորվում են էլի տերտերի տանը, զինվորները ուր պատահում է:
Օ՜, այդ զինվորները, որտեղ մի հավ են տեսնում՝ ընկնում են ետևից: Ինչ որ թուրք ասկյարներից ազատվել է, ուզում են բռնել դրանք:
Այսպես, Օհանն սպասում է, որ զորքի ետևից փախած ժողովուրդը կգա, նրանց հետ էլ իր տնեցիները: Բայց չկան: Զինվորներն ասում են՝ «ժողովուրդը կգա երկու շաբաթ հետո»…
Երկու շաբաթ հետո՜… Շատ ուշ է: Արտերը հասել են, անտառի պտուղները հասել են, հավաքող է պետք, իսկ նրանք երկու շաբաթ հետո… Մեկ էլ մտածում է՝ եթե գան ու հանկարծ, թուրքին տեսնեն իր մոտ…
Այ քեզ բա՜ն…
Բայց լավ է, դեռ երկու շաբաթ կա. մինչև այդ մի բան կանի, մտածում է Օհանը, ու այնպես է անում, որ եկած զինվորները թուրքին չտեսնեն, իսկ թուրքին պատվիրում է, որ դուրս չգա բակը.
– Բիլըրսան. դուրս չգաս, հա բըզըմ ղոշուն գեալդի…
Գոմի մութի մեջ թուրքի աչքերը լայն բացվում են, և նա՝ անշարժ, զարմացած, էլի խեղճ-խեղճ նայում է Օհանին Իսկ Օհանը նրան՝ «Ղորխմա, վախիլ մի», ասում է. ու այնուհետև ցերեկով՝ մեկ-մեկ, իսկ իրիկունները՝ հաճախ, գոմում նստած՝ կես թուրքերենով, կես հայերենով, բայց մեծ մասամբ նշաններով զրուցում է թուրքի հետ որտեղացի՞ է. քանի՞ տարեկան, վաղու՞ց է ամուսնացած ու այսպե՜ս…
– Ո՞ւթ տարի է ամուսնացած եմ,- ասում է թուրքը մատները ցույց տալով, նա միշտ կարծում է, թե Օհանը խոսքերը չի հասկանում և հասկացնելու ամենալավ միջոցը մատներն են, ու ցույց է տալիս ութ մատը:
– Ո՞ւթ… իմ Մինասն էլ ութ տարվա պսակված էր, – ասում է Օհանը ու հառաչում։ Մինասը- այսինքն նրա սպանված որդին էլ ութ տարվա պսակված էր, այո՛, որ սպանվեց Կարսի կռվում: Բայց մայրը, հարսը դեռ սպասում են նրան, թե կգա մի կողմից: «Սրա մերն ու կինն էլ կսպասեն սրան», մտածում է Օհանը ու հանկարծ հարցնում թուրքին.
-Յարեդ ո՞նց ա,- ցույց է տալիս նրա ուսը. – էլի ցավու՞մ է..
– Յոք,- ասում է թուրքը, – առաջվա պես չի ցավում:
-Յախշի, յախշի,– ասում է Օհանը,- մի երկու անգամ էլ փոխենք կլավանա… էնպես չի՞…
-Տեսնենք,- ասում է թուրքը։
Անցնում է մի քանի օր, ու մի օր էլ վերքը փոխելու ժամանակ, թուրքն ասում է՝ եթե մի քիչ կաթ լինի, վերքը լվա, ավելի շուտ կլավանա:
-Հա՞՜,- ասում է Օհանը,- էդ ես գիտեի ոչ…
Ու գնում է Եղսանի մոտ կաթի:
– Կարալ՞ չես, Եղսան հարս, մի քիչ կաթ տաս…
– Ի՞նչ կա,- զարմանում է Եղսանը:- Ի՞նչիդ է կաթը…
-Էնպես,- ասում է,- սիրտս ուզում է. եթե ունես՝ մի քիչ տուր:
Պառավը բերում է մի բաժակ կաթ. «Ա՛ռ, Օհան, խմի՛»…
-Չէ, տուն պտի տանեմ, – ասում է Օհանը,- ուզում եմ տաքացնեմ, փրթեմ:
– Հա՛, դե որ ըտենց ա, բե՛ր,- ասում է պառավը,- մի քիչ ավելացնեմ… Աֆիցերների համար տարան, մի քիչ մնացել ա…
Ու ավելացնում է. փարչի մեջ է լցնում ու տալիս Օհանին:
Օհանը բերում է ու թուրքի վերքը լվանում:
Եվ ի՞նչ եք կարծում՝ թուրքի ասածը ճիշտ է դուրս գալիս. կաթը օգնում է: Էլ ցավ, տաքություն չկա: Նրա դեղնած դեմքը կամաց-կամաց պարզվում է: Օրեցօր իրեն լավ է զգում:
-Հը՞, յախշի՞,- հարցնում է Օհանը իր պռատ թուրքերենով:
Թուրքը գլխով է անում ու ինչ-որ մռմռում:
-Սարսաղ, սարսաղ,- ասում է Օհանը ձեռը նրա գլխին դնելով ու գլուխը հուպ տալով։- Դե թեզ արա, լավացի ու ըստեղից գնա, թե չէ…
Թուրքը նայում է նրան, նրա խոսքերից բան չի հասկանում, բայց անհանգստանում է: Իսկ երբ Օհանը հաց է տալիս նրան, ուտում է և միշտ աչքի պոչով Օհանին նայում, կարծես վախենում է նրա ներկայությունի՞ց, թե՞ կերակրից: «Կեր, շաշ անհավատ, կեր. քեզ դեղիլ չեմ: Վախիլ մի… Կեր լավացի ու գնա, ախպեր»… Ու էլի հանաքով խփում է նրա ուսին կամ գլխին… Իսկ երեկոները գոմի դուռը փակում է թուրքի վրա ու ինքը, գնում սենյակում քնելու: Այս բանը, ինչպես երևում է, թուրքին շատ է անհանգստացնում, որովհետև ամեն առավոտ, երբ ինքը՝ Օհանը դուռը բանում է, ներս մտնում, տեսնում է թուրքը շորերը հագին անց ու դարձ է անում: «Ինչ թեզ ես վերկացել, տո… Ինչպես երևում է՝ իսկի քնել չես, հը՞»: Թուրքը գլխով է անում, թե քնել է, ու էլի բերանը հուպ տված, անց ու դարձ է անում: Ինչպես երևում է՝ կասկածում է, թե իր գլխին մի փորձանք չբերի, ի վերջո, այս հայը: Ու զգուշանում է, մինչև անգամ չի էլ հարցնում՝ ինչ կա… Մտամոլոր շրջում է կամ տախտակի վրա նստած՝ լռում: Երբեմն, շրջելու ժամանակ, կանգնում է՝ ականջը ձենի կամ աչքերը գոմի ոստայնով ծածկված երդիկին: Հետո հառաչում է սրտի խորքից, այնպես, կարծես սրտի թելերը կտրտվում են:
«Կնկա, երեխանց մասին ա մտածում», ասում է Օհանը մտքում:
Ու այսպես, օրը երեք-չորս անգամ Օհանը մտնում է թուրքի մոտ՝ հաց է տալիս, արևածաղիկ է բերում բոստանից, որ նա «մլուլ» անի, զրուցում է կամ երկու խոսք է ասում ու գնում՝ բոստանը բանելու կամ Եղսանի հետ զրուցելու: Ու այդ ժամանակ գոմի դուռը երբեմն փակում է, երբեմն մոռանում ու բաց թողնում…
Ու այդպես մի անգամ էլ ահա մոռացավ փակել, ու այդ մոռանալը ծանր նստեց նրան: Դա եղավ պատճառը, որ այն փորձանքը եկավ նրա գլխին, որ չի եկել գուցե ոչ մի մարդու գլխի:
Այսպես, իրիկնադեմ է, ու Օհանը, հայտնի չէ ու՞ր է գնացել (հետո, ասենք, պարզվեց, որ գնացել էր բոստանի համար ջուր կապելու): Նա չկա, իսկ պառավ Եղսանը եկել, նրա բակում որոնում է նրան: Նայում է բոստանը, նայում է արևածաղիկների ու սիմինդների արանքը: Չկա՛: «Բա էս եղանը հարկավոր ա ու»… ասում է ինքն իրեն և նայում դես ու դեն… Հետո կամաց-կամաց գնում է դեպի գոմը, գուցե այնտեղ լինի, ինքը չլինի էլ, եղանը այնտեղ է լինում, կվերցնեմ, մտածում է Եղսանը ու, դուռը բանալով, մտնում է գոմը…
Մտնում է գոմը ու ի՜նչ… Օհանի փոխարեն՝ թուրքը նրա առաջ… Շատ էլ Եղսանը ոչ մի թուրքից չէր վախենում, բայց այստեղ վախենում է. վախենում է հանկարծ տեսնելիս, տեսի՞լք է, ինչ է… հանկարծակիի է գալիս ու, զարհուրած, դուրս գնում, մտածում է՝ չլի թուրքերը եկել են նորից… Ճոներին ուժ է տալիս ու գնում տուն, ու այն է մոտենում է տանը՝ հանդիպում է Օհանին, որ թաց բահը ձեռին գալիս է առվի կողքով՝ ջուր է կապել…
-Քեզ ի ման գալիս, Օհան,- ասում է պառավը իրեն կորցրած: – Էն ի՞նչ թուրք է ձեր գոմում…
Օհանը շփոթվում է, բայց պահում է իրեն:
-Թուրք, ի՞նչ թուրք..
Պառավը շարունակում է մի քիչ զարմացած, հևում է, գոգնոցով ճակատի քրտինքը սրբում ու ասում.
-Եկա եղանին, ընտեղ չէիր… Եղանը հարկավոր էր. քամին խոտը թափել ա, ասում եմ՝ գնամ Օհանի եղանը բերեմ… Եկա, դու չկաս: Ասի՝ մտնեմ գոմը, իցե’ ընտեղ ըլի… Ու ինչ տեսնեմ՝ հրես մի թուրք…
– Թու՜րք,- զարմանում է Օհանը։- Ի՞նչ թուրք…
– Հա՛, թուրք, իսկական թուրք… Սիրտս փորս ընկավ…
Օհանը գլուխը պտտում է, չգիտես իր մոռացկոտության վրա, թե պառավի վրա.
-Թուրքը որտեղի՞ց, ա հարս, աչքիդ երևացել ա…
– Ինչ ես ասում, ա տղա, իմ աչքով տեհա…
– Սարսաղ բաներ ես ասում. – բարկանում է Օհանը։- Թուրքը իմ գոմում ինչ ա անում, աչքիդ երևացել ա, ուրիշ ոչինչ…
Ու ծիծաղում է պառավի վրա…
Եղսանը, տարակուսած, ձեռը դնում է շուրթին ու մտածում, թե չըլի՞ իսկապես աչքին երևացել է:
-Է՛h, կըլնի՞ որ,- հարցնում է զարմացած:
-Խի չի ըլի: Էնքան թուրք ես տեհել,- ասում է,- թուրքից ահ առած ես, երազումդ էլ կտեսնես, աչքիդ էլ կերևա…
Շշմած, զարմացած պառավը գնում է տուն՝ կասկածը սրտում, թե կարո՞ղ է պատահել, որ աչքին թուրք երևա… Իսկ Օհանը վախեցած՝ դեպի գոմը: Չգիտես ինչու, նրան թվում է, որ թուրքը պառավին տեսնելուց հետո, փախած պիտի լինի, տեսնելու են՝ դա էլ մի խայտառակություն, «որտե՞ղ էիր», «էս ինչի տանը»… Խայտառակություն..
Հով իրիկնապահը կամաց-կամաց մթնում է: Մոտիկից, Ծիրանանց բակից լսվում է զինվորների երգը և մի մադիանի խրխինջ, որ կանչում, որոնում է կարծես քուռակին։
Օհանն անհանգիստ, գլուխը կորցրած իրեն քցում է գոմը: Գոմը մութն է. երդիկից հազիվ լույս է ներս ընկնում: Թուրքը կանգնած է գոմի մեջտեղը այլայլված, ականջը ոտնաձայնի:
– Հը՞, նեջա՞ սան,- վրա է պրծնում Օհանը հևալով:
Թուրքը շփոթված, վախեցած է, խոսում է ընդհատվող ձայնով, վատ չի, բայց քիչ առաջ մի կին, մի պառավ կին եկավ ու իրեն տեսավ այստեղ: Դրանից մի բան չի պատահի՞…
– Հը՞, Օհան ամու, զատ օլմասը՞ն…
Նա խոսում էր կամաց, ձայնը կոկորդում խեղդվելով, և մութի մեջ միայն նրա աչքերի սպիտակուցներն են երևում սև դեմքին, և դրանից Օհանն զգում է, որ թուրքն անհանգիստ է, շատ անհանգիստ: Ինքը նրանից ավելի է անհանգիստ, բայց ձեռը խփում է նրա մեջքին ու ծիծաղում.
-Վախիլ մի. ղորխմա: Բուրդա դուր, մի բան կանենք…
Ու դուրս է գալիս և դուռը փակում թուրքի վրա։
Լսվում է էլի զինվորների երգը Ծիրանանց բակից և մադիանի խրխինջը, որ կարծես կանչում, որոնում է քուռակին:
Դուրս եկավ Օհանը բակը ու մտածում է՝ ինչպես անի, որ թուրքի հետքը ծածկի, եթե ոչ՝ մի օր էլ տեսար, զինվորները եկան… Դե այն ժամանակ արի՛ պատասխան տուր… Մտածում է Օհանը ու գնում-գալիս տան առաջ: Աստղերը դուրս են գալիս երկնքում զինվորների երգը լռում է, ձին կտրում է իր խրխնջոցը, բայց Օհանը գնում-գալիս է ու մտածում… Հոգնում է, վերջապես, նստում է շեմքի քարին ու նորից մտածում, թե ի՛նչ անի, որ թուրքի հետքը կորցնի կամ, ինչպես անի, որ նրան վնաս չտան: Բռնելու ժամանակ ասի՝ մեր հարևան գեղերի թուրքերից է՝ չե՛ն հավատա, շորից, բանից կճանաչեն, որ այստեղի թուրք չի…
Մտածեց Օհանը, մտածեց երկար ու վերջը որոշեց–տանել նրան անտառ ու բաց թողնել: Թո՛ղ գնա իրանց թուրքերի մոտ, թե չէ կբռնեն, իրա համար էլ վատ է։ Չէ՛, թող գնա, մտածում է ու որոշում՝ այո՛, կտանի անտառ ու ճամփեն ցույց կտա, թե որ կողմով պետք է գնալ…
Բայց այդ մասին առաջուց դեռ պետք է խոսել իր` թուրքի հետ, տեսնենք նա ի՞նչ կասի…
Կեսգիշերից անց էր արդեն, երբ Օհանը մտավ գոմը:
Թուրքը արթուն էր, ըստ երևույթին, շատ զարմացավ Օհանի գիշերային այցելությունից: Իսկույն վեր թռավ՝ կանգնեց: Մութի մեջ աչքերի սպիտակուցներն են երևում էլի:
Օհանը մոտեցավ և ձեռը դրեց նրա ուսին:
-Գեդա՛ղ,- ասում է:
Թուրքը զարմացած է, չի հասկանում ու´ր պետք է գնալ կեսգիշերին, ու՛ր է ուզում տանել իրեն Օհան ամուն:
-Գեդա՛ղ, գեդաղ,- ասում է Օհանը:- Գնա՛ ձերոնց մոտ:
Հերիք է ինչ մնացիր, ախպեր…
Ու իր պռատ թուրքերենով, հայերեն խառնելով, մասամբ նշաններով հասկացրեց թուրքին, որ նրա տեղը իմացել են, էլ մնալը վտանգավոր է:
-Հասկանում ես, քեզ որ էստեղ տեսան՝ քեզ համար էլ վատ կըլի, ինձ համար էլ… Գյալ գեդաղ մեշա… Էնտեղ ճամփեն ցույց կտամ, գնա, ախպեր, Աստված քեզ հետ… Սանդա սաղ օլ, ման դա սաղ օլ…
Թուրքը գլխի ընկավ բանն ինչումն է, հասկացավ:
-Յախշի, յախշի, բու սհաթ, -ասավ ու սկսեց շորերը կարգի բերել, գոտիքը կապեց, տրեխների թելերը ամրացրեց:
– Գեդաղ…
Դուրս եկան կանգնեցին դռանը ու ականջ դրին, թե մարդու ձայն չի՞ գալիս արդյոք: Չէ, ո՛չ մի ձայն չկա, զինվորներն էլ չեն երգում, գեղը քնել է. շներն անգամ չեն հաչում, այնպես խաղաղ է: Ու գիշերն էլ ոչ մութ է, ոչ լուսավոր, լուսին չկա, աստղալույս է միայն:
– Գյալ,- ասում է Օհանը ու առաջ է ընկնում: Ուղիղ ճամփեն թողած՝ գնում է բոստաններով, անցնում է ինչ-որ ցածրիկ պատերի վրայից, լոք է տալիս փշոտ ցանկապատերից, նորից բոստաններ, նորից պատեր, տեղ-տեղ գնում է կուզեկուզ ու, շուտ-շուտ ետ նայելով, շշնջում՝ «Գյալ… գյալ»… Թուրքը հետևում է և ամեն բանում օրինակում նրան. ուր Օհանը կռանում է և կուզեկուզ անում, ինքն էլ գնում է կռացած ու կուզեկուզ անում: Իսկ երբ նա կանգնում է և ականջ դնում, ինքն էլ կանգնում է ու ականջ դնում:
Բոստաններից դուրս եկան շուտով կալերը, իսկ կալերից՝ ուղիղ դեպի անտառ: Տեղը դարիդուս է՝ բարձրանում են կամաց-կամաց, հևում են, քրտնում, իսկ Օհանի սիրտը էնպես է գցում, ինչպես խնոցի: Բայց ոչինչ, բարձրանում է էլի թուրքից արագ, գնում է նրա առաջից ու կանչում է էլի՝ «Գյալ, գյար»… Կանչում է կամաց, զգույշ, էնպես, որ մարդ չլսի… Իսկ անտառը կանգնած է պարսպի նման, անշարժ, ու խուլ խշշոց է գալիս միայն. Դա՝ կամ տերևներն են թափվում, կամ ջրի ձենն է, ասում է Օհանն ինքն իրեն և մտածում՝ թե անտառ հասավ՝ ամեն ինչ վերջացած է, թուրքին ճամփա կդնի, կազատվի, կհանգստանա… Ու ուժ է տալիս ոտներին, դժվար տեղերը բռնում է թփերից, մացառներից… Գնում է ու թուրքը նրա ետևից…
Հասնում է, վերջապես, անտառի պռունկը: Օհանը մի խոր շունչ է քաշում:
– Դե՛, գե՛դ,- ասում է կամաց:
Ու, հանկարծ, խոսքը դեռ բերանում, ծառերի տակից մի ձայն.
– Ո՞վ է, կանգնեցեք՛.
Թուրքն իրան գցեց անտառը, իսկ Օհանը մնաց շշմած հանկարծակիի եկած, ճիշտ այնպես, ինչպես, անսպասելի կերպով, թուրքին տեսնելու օրը, ձեռներն էլի կախ ընկան կողքերից, ու մնաց անշարժ՝ աչքերը ձայնի կողմը:
Կարծես գետնի տակից դուրս եկավ մեկը և տնկվեց անտառի պռնկին: Հետո, արագ-արագ մոտեցավ հրացանը ձեռին: Պահակ զինվոր էր: Նրա ձայնի վրա մյուս կողմից եկավ մի ուրիշ պահակ, ու երկուսով շրջապատեցին Օհանին.
– Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ու՞ր ես գնում…
– Ոչինչ, – հավաքում է իրեն Օհանը,- էնպես եկել եմ մերին…
– Իսկ էն ո՞վ էր, որ փախավ…
Օհանն իրան չի կորցնում.
-Փախա՜վ… Չէ,- ասում է,- մարդ չկա. ես մենակ եմ:
-Ես քո՞ռ ե՜մ,- բարկանում է զինվորը:– Իմ աչքով տեհա, մինը փախավ մերին…
Օհանը՝ չէ. ինձ հետ մարդ չի եղել, ես մենակ եմ…
Նրան չհավատացին և բռնեցին բերին տերտերանց տուն՝ իրանց աֆիցերների մոտ:
Մյուս օրը, ճաշի դեմ, տերտերանց տան աֆիցերները քննեցին նրան:
Սկզբում Օհանը ոչինչ չէր ուզում ասել, ուրանում էր. բայց երբ աֆիցերները հայտնեցին, թե իրենք գիտեն, հաստատ իմացել են, որ նա իր տանը, այսինքն գոմում, թուրք է պահել և գիշերը ճանապարհ է գցել, զարմացավ.
-Էդ ձեզ ո՞վ ասավ:
-Նու, այդ կարևոր չի,- ասում է աֆիցերը:- Դու ասա տեսնենք ի՞նչ գործ ուներ թուրքը քեզ մոտ:
-Հիվանդ էր.- ասում է Օհանը:
Աֆիցերները ծիծաղում են.
– Հիվա՜նդ…
-Հա, հիվանդ էր,- ասում է Օհանը ու զարմանում է, որ իրեն չեն հավատում:
-Իսկ քանի՞ օր է քեզ մոտ էր:
-Կլի տաս օր…
-Տաս օ՜ր… Հապա ինչու՞ մեզ չէիր հայտնում, որ քեզ մոտ այդպես մարդ կա, թեկուզ հիվանդ. հը՞…
Օհանը միամիտ նայում է աֆիցերներին, նա այդ մասին իսկի չի մտածել:
– Ինչի՞ համար հայտնեի որ… էնա հիվանդ էր, ասի՝ թո՛ղ մնա լավանա…
Աֆիցերները իրար են նայում և գլուխներն օրորում։
-Լա՜վ: Եթե հիվանդ էր, ինչու՞ իրանց մարդիկ հետները չտարան. Հը՞… Ինչու՞ էին թողել…
-Ինչու՞ էին թողել՛… – երկարացնում է Օհանը միրուքը բռնելով ու պատմում է, թե ինչու:- Նրանց գնալու ժամանակ դրա տաքությունը բռնում ա, մնում ա օթախում ընկած: Նրանք էլ, ինչպես երևում ա, միտները չեն քցում, թե էսպես մեկը պակաս ա…
Աֆիցերները իրար երեսի են նայում ու գլուխներն օրորում.
– Տարե՛ք…
Երկու օր հետո Օհանին գնդակահարեցին, իբրև թշնամու լրտես պահողի: Գնդակահարեցին անտառի ծայրում և հենց այնտեղ էլ թաղեցին:
Գնդակահարելու րոպեին էլ նա ասում, համոզում էր, թե ինքը ոչ մի մեղք չունի, թե թուրքին պահել է ինչպես վիրավոր մարդու… բայց նրան չհավատացին և գնդակահարեցին…
Երբ սպանության լուրն իմացվեց գյուղում, պառավ Եղսանը գունատվեց սաստիկ, լիքը կովկիթը գցեց ձեռից ու ծնկներին խփեց. – «Լեզուս չորանար»…
Ու այնուհետև, մինչև այսօր էլ, երբ խոսք է լինում Օհանի մասին, նա ծնկները ծեծում է միշտ և կրկնում ինքն իրեն.
-Լեզուս չորանար, ա՛խ, լեզուս չորանար…
Բանից պարզվում է, թուրքին տեսնելու մյուս օրը՝ առավոտ, նա դեռ ահաբեկ, աֆիցերների համար կաթ վերցնող զինվորին պատմում է իր վախի մասին, թե ինչպես Ունանանց Օհանի գոմում թուրք է տեսել և սաստիկ վախեցել… Զինվորներն էլ` աֆիցերներին: Խուզարկում են Օհանի տունը, գոմը ու, վերջը, տեսնում են Օհանը այն մարդն է, որ բռնվել է անտառի պռնկին… Ու ամեն ինչ պարզվում է…
Ահա թե ինչպե՛ս եղավ Օհանի մահը, որի մասին այսօր էլ պատմում են թե՛ Կաղնուտում և թե՛ մոտիկ գեղերում…
