Սոլակի տերտերը էս Ծնունդին ում տունը մտավ՝ ուշունցը բերնին դուրս եկավ։
– Ադա՛, լափ սարսաղացել են էս գեղացիք, ճոթի համար փող կա, իրանց արաղին կա, փլավի վրեն էնքան են եղ ածում, որ թեզխարաբցիք իսկի էդքան ջուր չեն ածում իրանց գլխին։ Էդ ինչի, ամեն բանին կա՝ տերտերին չկա։ Էդ ինչի՞ շունը, որ երկու բերան կարադան հաչում ա՝ կուշտ հաց եք տալիս ուտի, իսկ մենք ողջ սաղմոս ենք գլխում՝ չկա։ Ադա՛, մարդ եղեք, մա՛րդ։
Էս խոսքերը ասում էր ամեն տուն, երբեմն «Խորհուրդ մեծ»-ից առաջ, երբեմն հետո, բազի էլ մեկ տուն էնտեղից՝ մեկ էստեղից։
Տուն էլ լինում էր, որ ճարահատ բարկությունը իջեցնում էր, միրուքը սղալում (ոնց ես իմ ձիու պոչը) ու սիրով խաթրով ասում, ատամները մածնոտ բեղերի տակից երևացնելով։
– Ադա, Հա՛կո, բեր քո ալիրի ամբարը օրհնեմ, որ Աստված 100 փութ հաց տա՝ դրանից մի կես փութ ինձ տաս։
– Ախր ա՜յ տերտեր ջան ո՞նց տամ․․․
Էսենց որ չէին ասում, ոնց որ մի քար վերցնես, տաս նորընծի գլխին։ Նորից էր ուշունցի տուտը բռնում ու էնքան տաքանում (մի պուճուր էլ խմած էր երևում), որ շատ տեղ «խորհուրդ մեծի» տեղակ ուշունց էր տալի, «Սուրբ խաչովս» կոխում հետևը ու դուրս գալիս։ Ճլոպենց Զաքարի տանը, երբ տեսավ թե պատրաստվում են բան տալ՝ ուրախացած հանեց Ղուկասու ավետարանը և փեշքեշ մի գլուխ էլ էնդից կարդալ ուզեց, բայց երբ աչքի տակից նկատեց, թե Եղսան բաջու դարակից հանած գաթան իրենց հոտաղի համար էր՝ «Գնացեք աշակերտեցեք ընդ ամենայն հեթանոս․․․» ասելու տեղ՝ «գնացեք գետնի տակ կորեք, ղուրումսաղ քեոփայօղլիք․․․» ասաց ու դուրս փախավ, և դուռն էլ էնենց վռազ վրա արավ, որ միրուքը մնաց արանքը և ահագին մազ փչացավ։
Պառավ Մարանի տանը չեմ իմանում ինչի՞ վրա զրից ելավ՝ տերտերն ասաց․
– Ախ, քո գլուխը թաղեմ, Եղսան։
– Տերտեր ջան, մուֆթա՞ կթաղես, եթե դրուստ ես ասում, պառկեմ, մեռնեմ։
– Խի՞ չի, մուֆթա․․․ եթե մուֆթա թաղեի, հմի սաղ գեղը մեռել էր։
Էսպես գեղացիք վառել էին խեղճ նորընծին։
Բայց վնաս չունի․ վրեժ առնելու օրն էլ եկավ։
Էդ Զատկի չորրորդ թե հինգերորդ օրն եր։ Մեռել էր իրանց գյուղի ամենահարուստը՝ Եղոյենց Մանուկը, որ գիմնազումն էլ մի տղա ուներ։ Տղեն եկել էր գյուղ ու ժամով չէր ուզում թաղել, հենց էնենց բալշևիկավարի, ոնց որ մի գլուխ շաղգամ են թաղում։ Բայց հանգուցյալը կտակ էր արել, որ մի եզ մորթեն ու տերտերով թաղեն։ Ելավ տղեն, եկավ տերտերիս մոտ թե՝ «տեր հայր, եկ հորս թաղիր»։
Տերտերն էլ թե՝ «հախս Է՛ս գլխից կառնեմ»։
– Ի՞նչ կուզես։
– Մորթած եզան կաշին, աջ ու ձախ բուդը, խաշը և սուկին։
– Ասա սաղ եզը, էլի, պոչից սեվայի։
– Էտենց ա։ Հիմի իմանո՞ւմ ես ոսկին ինչքան է բարձրացել քաղաքում, թե չէ։
– Չէ, մի ջուխտ տրեխ կտամ, 5 ֆունտ էլ միս։
– Ուզում ես կթաղեմ, բայց «հայրմերից» զատ ուրիշ բան չեմ ասի։
– Տո հեչ բան էլ մի ասի, հենց էնտեղ ցցվես էլ բոլ է,- ասաց տղան,- էնքան որ հորս կտակը կատարվի։
– Ինչի՞, որ մեկ բուդն էլ տաս, հետը Մաթեոսի 16-րդ գլուխն էլ կարդամ վրեն, փի՞ս կլինի։
– Չեմ կարա տալ,- ասավ,- ռազի չես, Ալափարսի տերտերը կկանչեմ։
Էս որ լսեց, վախեց չլինի էն ջուխտ չարուխն էլ բաց թողնի՝ համաձայնեց։ Տարան թաղեցին, իրիկունը նորընծան վրեժն առած տուն եկավ սաստիկ ուրախ։
– Էդ ի՞նչ է պատահել,- հարցրեց երեցկինը։
– Մի հարցնի, կնի՛կ, էնենց մի քյալակ բերի Մանուկի գլխին, որ չելած․- էսքան բան բերի տուն, կուշտ հաց կերա ու փոխանակ Մանուկի՝ Փիլոյի գերեզմանի վրա կարդացի։
– Էդ ո՞նց․․․
– Ո՞նց պիտի։ Գերեզմանը ճիշտ Փիլոյի կողքն էին հատել։ Նրանք կարծում էին իրենց ննջեցյալի վրա էի աղոթք ասում, այնինչ մտքիս մեջ Փիլոն էր․․․
Վերջն էլ ավելացրեց հաղթական․
-Բա՛ս, քահանայի հետ հանաք կարվի՞․․․
1922թ․
