Նկարները՝ Նաիրա Մուրադյանի
Այդ ձմռանը գարունը շատ ուշացավ։ Արևն աչքիս առաջ ճեղքեց մեր գյուղը պատած սառն ամպերը, երբ հորքուրս իր նշանի շատ ոսկեգույն ու կատարյալ կլոր մատանին հետ վերադարձրեց։ Մեր բակում շատ-շատ նարգիզներ ծաղկեցին, և մեր տունն ու այգին ավելի լայնացավ։ Միջնեկ եղբայրս, որ պապիս սիրելի թոռն էր, չնայած ես էի առաջնեկն ու նրա անունը կրողը, քնից վեր թռավ՝ պապիցս ժառանգված ու ձմեռանոցում դեղնագլուխ ծաղիկների խելքահան անող հոտից փեթակի փայտե պատերը կոտրող մեղուների փոթորկուն բզզոցից։
Պապս մահացել էր հորս ու տատիս մահվան հաջորդ հունվարին։ Տանը մեծերից մնացին երեսունն անց երկու կանայք՝ մայրս ու հորս քույրը, և մենք՝ երեք եղբայր. ես ավագն էի՝ 11 տարեկան, եղբայրներս՝ 10 ու 6։
Պապիս մահվանից հետո նրա աշխատասենյակն առաջին անգամ բացեցինք։ Պապիս կենդանության ժամանակ այնտեղ ելումուտի իրավունք ուներ միայն միջնեկ եղբայրս։ Թութունի ու մեղրամոմի հոտը թանձրացել էր ու ներթափանցվող թթվածնից ավելի էր սրվում։ Առաստաղից մինչև հատակ ձգվող բազմաթիվ դարակներով գրապահարան կար, որի վրա մոմաթերթեր էին, շրջանակներ, մետաղյա լարեր, տարբեր գործիքներ։ Սեղանին կիսադատարկ ծխախոտի տուփ էր, պապիս օպտիկական ակնոցն ու մեղվաբուծության մասին գիրքը, որը բացված էր։ Եղբայրս գիտեր, թե որ դարակում էր պապս խնամքով ծալել ու դրել մեղվապահի հագուստը։ Հորաքույրս բարձրացավ աթոռի վրա և ամենավերևի պահարանից հանեց այն։
Մայրս լվաց և չորացրեց խալաթը։ Նա բացեց իր հետ օժիտ բերած կարի մեքենան, դարակից հանեց մի քանի քորոց և մետր։ Հորաքրոջս չափսերով մայրս ծալում էր խալաթի փեշերն ու շուրթերի արանքում սեղմած քորոցներով ամրացնում ծալքերը։ Կարի մեքենայի ձայնը մենք մերթընդմերթ էինք լսում՝ փեթակները ձմեռանոցից այգի տեղափոխելու ճանապարհին։
Հորաքույրս, որ մորիցս անհամեմատ բարձրահասակ է, կռացավ ու մայրս մեղվապահի ճեփ-ճերմակ խալաթը նրա գլխով անցկացրեց։ Ճերմակ խալաթն իսկը նրա հագով էր ու ընդգծում էր նրա սլացիկ գեղեցկությունը։ Եղբայրներով ուշադիր զննում էինք մորս հոգատար շարժումները։ Սպիտակ հագուստի մեջ հորաքրոջս՝ հուզմունքից բալագույն դարձոող այտերի գույնը որոշեցի երբեք չմոռանալ։ Նա դա հասկացավ և, որսալով իմ հայացքը, նայեց աչքերիս մեջ ու ինձ աչքով տվեց։ Ինձ անհանգստացրեց նրա հասկանալը, ու ես էլ շիկնեցի։ Մեղվապահի գլխարկը մայրս վերջում դրեց հորաքրոջս գլխին և նրա դեմքը ծածկվեց ճերմակ թափանցիկ ցանցով։ Այսպես, հարսի շորը փոխարինվեց մեղվաբույծի սպիտակ խալաթով, քողը՝ դիմացանցով։
Հորաքույրս նարգիզների արահետով քայլեց դեպի մեղվի չորս փեթակը։ Նարգիզների գլխիկները հպվում էին նրա սպիտակ փեշերին և դեղինով ներկում։ Նա բացեց փեթակների փականները։ Բակն ու այգին լցվեցին ազատ արձակված հազարավոր մեղուների բզզոցով։
Բերքառատ տարի էր։ Ինձ թվում է ամենաշատ բերքը լոբին էր տվել, քանի որ արդեն հոգնել էինք կանաչ լոբի ուտելուց։ Մայրս ամեն անգամ մի նոր բան էր փորձում հորինել, որ այդ օրվանը տարբերվեր նախորդ օրերին պատրաստածից։ Թեև միշտ չէ, բայց այդ օրը շատ լավ էր ստացվել։ Սոխը լավ տապակել էր առատ յուղով, վրան կեղևահան արած լոլիկներ ավելացրել ու այնքան եփել, որ լոլիկն ու սոխը միատարր էին դարձել։ Խյուսի մեջ ավելացրել էր նախապես խաշած կանաչ լոբիները, որ հատուկ զիգզագավոր դանակով էր կտրատել։ Վերջում էլ առատ սամիթ էր ավելացրել։ Տարբերվող բաղադրատոմսերով պատրատսված ուտեստները, որ գյուղում հաճախ հանդիպող բան չէր, մենք շատ ավելի մեծ վայելքով ու դանակ պատառաքաղով էինք ուտում։ Ափսեի կեսը դեռ լիքն էր, երբ մեղվի փեթակներից մեկից դուրս թափվեցին բոլոր մեղուներն ու անհանգիստ պար բռնեցին։ Երկնքի այդ կտորն ամբողջովին սև էր։ Մեղուների պարսը գալարվում էր օդում հողմամրրիկի պես։ Հորաքույրս վեր թռավ տեղից։ Նա միայն մեղվապահի քողը դրեց գլխին ու վազեց փեթակի մոտ։ Մեղուներն ավելի վեր էին բարձրացել։ Մենք տեսանք, թե ինչպես պարսը մեծ սև դրոշի պես ծածանվեց-ծածանվեց, ապա անցավ մեր այգով, և սկսեց պտտվել մեզանից երկու տուն այն կողմ գտնվող հարևանի ծիրանենու վրա։ Ծիրանենու ամենավերին ճյուղերից մեկից մեղուները խաղողի հսկա ողկույզի պես կախ ընկան։
Մենք մի դատարկ փեթակ բարձեցինք սայլակի վրա ու երեք եղբայրներով հորաքոջս հետ սկեսցինք սայլակը գլորել դարուփոս, նեղլիկ փողոցով։ Թեև ճամփան վարընթաց էր, սայլակի ակները ծանր էին պտտվում, հատկապես երբ քարերին էին զարնում։ Մեր ամենօրյա խաղի փողոցը, որ շատ կարճ էր, այդ պահին շատ երկար էր թվում։ Եղբայրներս հրում էին սայլակը, իսկ ես ու հորաքույրս քաշում էինք սայլակին կապված ճոպանից։ Կամարաձև փայտե դռան վրա երկաթյա թակիչ կար։ Հորաքույրս մի քանի վայրկյան մտածեց ու ձեռքով շատ նուրբ հարվածեց դռան փայտե հատվածին։ Մի քանի թակոցից հետո փայտե դուռը ճռռալով բացվեց։ Հարևանի հարսը՝ Սաթենիկը, բացեց դուռը։ Հորաքույրս ուրախ պատմեց, որ անուշադիր է եղել, ժամանակին մայր մեղվին չի առանձնացրել ու մայրը փախել է փեթակից և իրենց ծառին հայտնվել։ Սաթենիկը ոչինչ չասաց ու, դուռը կիսաբաց թողնելով, ներս գնաց։ Նա մի քանի անգամ կանչեց ամուսնուն։ Կիսաբաց դռնից լսվում էր Սաթենիկի ու նրա ամուսնու քչփչոցը։ Սաթենիկի փոխարեն ամուսինը հայտնվեց դռան մոտ։ Հորաքույրս միևնույն բառով և դեմքի նույն ժպիտով փորձեց սկսել Սաթենիկին պատմածը։ Նա չթողեց, որ հորաքույրս խոսքն ավարտին հասցնի ու ընդհատեց՝ ասելով, որ մեղվապահությունը կնոջ գործ չի, ու պապս էլ հաստատ գերեզմանում մի քանի անգամ պիտի շուռ եկած լինի, երբ հորաքույրս համարձակվել է փեթակները բացել։ Նրա ձայնը գնալով սաստկանում էր, ու խոժոռվում էր դեմքը։ Նա խոսքն ավարտեց՝ ասելով, որ մեղքը հորաքրոջինս է, եթե որոշել է այդ գործով զբաղվել, բայց մեղվապահության մեջ ընդունված ավանդույթները կինն իրավունք չունի խախտել․ այգում հայտնված մեղվի ընտանիքը տանուտերի բարիքն է ու այնտեղ էլ պիտի մնա։
Այդ օրը շատ շուտ քնեցինք։

Չգիտեմ, թե պապս ինչպես է կառուցել մեր տունը, բայց արևի և առաջին, և վերջին շողերը միշտ այն սենյակում էին, որտեղ մենք երեք եղբայրներով քնում էինք։ Մենք արևից շուտ արթնացանք մեր տան մուտքի մոտ ավտոմեքենայի բարձր ազդանշանից։ Մինչև դուռը բացելը Սաթենիկն ու իր ամուսինը բեռնախցիկից իջեցրել էին մեղվափեթակը և դրել մեր դռան առաջ։ Սաթենիկը հոգնած ու սփրթնած դեմք ուներ։ Հորաքրոջս հետ խոսակցությունը երկար չտևեց։ Սաթենիկը խնդրեց, որպեսզի հորաքույրս թույլ տա, որ իրենց ձեռքով փեթակը տանեն մյուս փեթակների մոտ։ Նրանք հրաժարվեցին սուրճից։ Գնալուց առաջ ամուսինը հոգոց հանեց ու հորաքրոջս ասաց՝ կներես։ Նոր բերված փեթակը մենք առանձնացրեցինք մյուսներից ու երկու օր այգու մյուս հատվածում թողեցինք։ Պապս միշտ այդպես էր անում, քանի որ ավելի ուժեղ մեղվաընտանիքները կարող էին հարձակվել նոր փեթակի վրա, ջախջախել նրանց ու մեղրը գողանալ։ Նոր փեթակը մենք հազիվ էինք տեղափոխել հների մոտ, երբ Սաթենիկը մեր տուն եկավ։ Մեզ համար տարօրինակ էր, որ հորաքույրս հետևեց Սաթենիկի խնդրանքին, որ մենք եղբայրներով մեր սենյակում մնանք մինչև իրենք կխոսեն։ Երբ մենք հյուր էինք գնում և այդ տներում երեխաների համար առանձին սեղան էին բացում, պապս պահանջում էր, որ մենք եղբայրներով մեծահասակների սեղանի մոտ նստենք ու իր կողքին։ Դա մի առավելություն էր, որից հետո մենք մյուս երեխաներին վերևից էինք նայում։ Մեր տանն էլ, եթե եղել են մեզ չվերաբերվող զրույցներ, ապա մենք դրա մասին չենք իմացել։ Մենք մասնակից էինք ամեն ինչին։
Միջնեկ եղբայրս գտավ Սաթենիկի, մորս ու հորաքրոջս զրույցին ականջ դնելու տարբերակը։ Սաթենիկը լացակումած ու սարսուռով պատմում էր, որ երեք օր է՝ չի քնել։ Հենց փորձում է փակել աչքերն ու քուն մտնել՝ պապս է հայտնվում նրա երազում ու սառը քրտինքով պատված, բղավոցով վեր է թռչում քնից։ Վախ բռնողի են կանչել, մոմ են թափել, ոչինչ չի օգնել։
Լիալուսին էր, օրը ցերեկ էր դարձել։ Այդ գիշեր Սաթենիկի անքնությունը տարածվեց ողջ թաղի վրա։ Սաթենիկի բղավոցներին ավելացել էր գյուղի շների ոռնոցը։ Մեր տանը քնած էր միայն փոքր եղբայրս։ Նա քնում էր միշտ ու որտեղ պատահի։ Դրանից երկու տարի առաջ էլ մի ամբողջ օր նրան փնտրել էինք՝ ոտնատակ տալով ողջ գյուղն ու քնած գտել իր անկողնու տակ։ Տատս չթողեց, որ քնից արթնացնենք։ Երբ քունն առավ ու արթնացավ, նա ամենասիրուն մարդն էր մինչ օրս տեսած։ Մենք, որ արթուն էինք ու հազար անգամ լսած պատմություններ էինք հիշում ու խնդրում, որ մայրս ու հորքուրս նորից պատմեն, ու այնպես էինք ծիծաղում, ասես առաջին անգամ ենք լսում, այդ պատմությունն էլ հիշեցինք։ Մերթընդմերթ լսում էինք Սաթենիկի ձայները։ Մեր թաղի բոլոր տների լույսերը վառ էին։
Չեմ մտաբերում, թե լուսինը, երբ փոխվեց արևով։ Առաջին շողերի հետ իրար հերթ չտալով՝ մեր տուն եկան հարևանները՝ մեկը ելակով, մյուսը՝ պանրով․․․ ոչ ոք դատարկաձեռն չէր։ Բոլորը հոգնած էին ու աչքերի տակ մեծ-մեծ սև պարկերով։ Գյուղում բերքահավաքի շրջանն էր, բայց թաղի կանայք տանն էին մնացել։
Մեր այգին լցվեց թանձր, սպիտակ ծխով։ Ես ու միջնեկ եղբայրս իրար հերթ չտալով սեղմում էինք թեյնիկի տեսք ունեցող սարքի ռետինե հատվածը, որից օդը բորբոքում էր վառվռուն ածուխն ու ծուխը քուլա-քուլա գրավում էր այգու երևացող հատվածները։ Սպիտակ ծխի մեջ ճերմակ հագուստով ու քողով հորաքույրս չէր երևում․ նա ձուլվել էր ծխին։ Մենք անդադար սեղմում էինք ռետինն ու նոր ծխի քուլաներ դուրս բերում։ Հորաքույրս դուրս եկավ ծխից՝ մեղրով ծանրացած շրջանակը ձեռքին։ Ծուխը ներծծվել էր նրա հագուստի մեջ և դեռ շատ երկար դուրս էր գալիս տարբեր հատվածներից։ Շրջանակը դրեցինք ալյումինե մեծ կլոր սարքի մեջ ու ես սկսեցի պտտել։ Գնալով ուժեղացնում էի պտույտները։ Բոլորիս գոհ ժպիտը բարձր ծիծաղի վերածվեց, երբ ալյումինե սարքից բաց կապույտ ծաղիկներով մեծ ափսեի մեջ սկսեց մեղր ծորալ։ Մայրս մատը մեղրի հոսքի մեջ մտցրեց, ապա լիզեց ու սկսեց արտասվել։ Մենք բարձր ծիծաղում էինք, մայրս՝ արտասվում։
Փայտե կամարաձև դռան երկաթյա թակիչը հորաքույրս դեռ երրորդ անգամն էլ չէր հասցրել հարվածել, երբ Սաթենիկի ամուսինը բացեց դուռը։ Նա մեզ ներս հրավիրեց։ Մորս ձեռքին կապույտ ծաղիկներով ափսեների փոքրն էր՝ լի մեղրով։ Սաթենիկը թիկնել էր բազմոցին։ Նրա դեմքը սև-սև էր, աչքերը՝ կարմիր-կարմիր։ Հայացքն անշարժ էր։ Մի քանի հարևաններ շրջապատել էին նրան ու լուռ նստած էին։ Հորաքույրս վերցրեց մեղրով լի ափսեն ու մոտեցրեց Սաթենիկին։ Նա շատ թույլ շնչով հոտ քաշեց մեղրից, ժպտաց ապա կողքի շուռ եկավ ու աչքերը փակեց։
Մեղրի հոտն անցնում էր տուն առ տուն։ Ես շարունակում էի պտտել մեղրաքամիչի բռնակը․ մեղրը հոսում էր անվերջ։ Մեր թաղի վրա անուշ քուն էր իջել, իսկ մենք մեղր էինք ուտում։
