Լիլիթ Մկրտչյան/Օբշի բաղնիքի նամուսով օջիլները

Թերմաշ ժաժքն ինչ չոռ ու ցավ ըսես իրա հետ բերեց, կապեց ժողովըրդի ջանին ու փորձեց ջարդել մեր կռնըգները, բայց չիդեր, օր ըդոնք արդեն չուգունե են դառե: Ժաժքի «հրաշքներից» մեկն էլ օջիլն էր: Թե ուրտեղի՞ց հայդա ընկան` չիդեմ, մենակ էն գիդեմ, օր օրըմ զարթնանք ու քիփիլիկ դոմիկի մեջ տեսանք` մեզի հետ ապրողներ են հայտնվե: Չորս թարֆից արուններս կծծկեին, ըսոնք էլ` վրադիր: Էնքան շատ էին, օր հեչ մեկը չէր երևակայե, թե ինքը օջիլ տեսած չկա, սաղի գլխին էլ կար. հատըմ ավել, հատըմ պակաս: Մեզեն էպեջա փոքր բան գտանք ու սկսինք զբաղվել ըդոնց ջարդով: Մանդռ ատամներով հատուկ սանդռներ կառնեինք, նավթով ու քիմիական տարբեր նյութերով հերմետիկ կկապեինք գլուխներս՝ ուգառի ենթարկելով ըդոնց: Օջիլի խերը էն էղավ, օր քաղաք շատըցան ճպըլ էրեխեքը, ըդիկ վերջնական քայլն էր, կատեգորիկ կհասկըցնեինք, օր գուզենք իրանցից ազատ ապրինք ու կզրգեինք իրանց բնակմակերեսից: Ընպես տպավորություն էր, օր էդ անդեր միրաթները մենակ գլխի վրա չեն, այլ գլխի մեջ են քաշվե, ու ըդորից է, օր ամենաաննորմալ բաների վրա կխնդայինք ու սովորական կդարձնեինք: Եթե օջիլը գլխներիս մեջ չէր քաշվե, ըբը ի՞նչղ կռնայինք բնական երևույթ դարձնեինք՝ ճիճվոտ հացը, մագարիչով նպաստը, տղամարդ կնիկը ու վերջապես մայլովի բաղնիք էրթալը: Կապ չուներ տարիք, քաշ, գույն, որոշ դեպքերում դաժե սեռ: Ֆանտաստիկա, էռոտիկա ու կրիմինալ սաղ իրար խառնած` էս բանը մենակ կռնար օջիլ կուլ տված ուղեղը մոգոներ:

Ամսվա վերջի կիրակին բաղնիքի օր էր: Ըդիկ հենց ընպես չէր որոշած, հատուկ հաշվարկ էր, օր դեկտեմբեր ամսվա վերջի լողնալը հաշվըվեր մաքուր հոգով նոր տարի մտնելուն: Կռնա սաղ իրար էր խառնվել, բայց կային ադատներ, օր ժաժքը անզոր էր ըդոնց դեմը: Մայլի ամենադինջ, անշառ կընկան կուդային մանդըռ ոտին բաղնիք տանելու պաշտոնը: Կեսօրին ամեն մեկի մերը գուքար, օր իրա էրեխեքին ցայեր, ու սաղով տուն հասնեին: Դինջըցած ջաներով, բարձր տրամադրությամբ, Տեքստիլից մինչև բազար ոտով կիջնեին: էրեխեքն առանց չափազանցնելու կպատմեին մերերին, թե դինջ տոտան ինչղ է ջաները տրորե, օր անցած տարուց կորած մայկեն այան է ելել: Ըսեմ, օր մեջերի ֆայմով հարսները տան լվացքն էլ ձեռի հետ կէնեին լողնալու ընթացքում, ջանդամ թե թևերը չէին պոկվի, հարի էդ թաց շորերը տուն կհասցնեին: Կէղներ վախտ, օր հերթն իրար կուտեր, ու մէ կռուշկա տաք ջրի հըմար ժամերով կսպասեին: Հերթից դուս չըգնելու հըմար հետներն ուտելու բան կվերցնեին: Բաղնիքի օճերը մէ հատըմ մեծ առավելություն ուներ, ոչ թե դուսը կսպասեիր, այլ ներսը, էն սրահում, ուրտեղ բդի հանվեին ու մտնեին լողնալու սենյակ: Երևի ըդորից էր, օր բաղնիքի հերթը հեչ ձանձրացնող չէր, մաքսիմալ թափանցիկ կանցներ՝ մէ հոգին ընտեղ երբեք երկու անգամ ներս չէր կռնա էրթար: Սաղ աչքերիս առաջ կկատարվեր, կտեսնեինք, թե ինչղ սև, մունդառ ու կապըտած ներս կմտնին՝ սիպտակ, մաքուր ու կարմրած գելնին: Միակ օճերն էր, ուրտեղ հերթդ էլ օր չհասներ, չէիր փոշմնի անցրածդ ժամանակի հըմար: Թե էդ խեղդող օդի մեջ, քաղքի կեսի քրթնքահոտին ի՞նչղ բերանները կբացվեին հաց ուտելու, չիտեմ, բայց օր հավեսով կանցներ, էդ լավ կհիշեմ: Ամեն բաղնիքից հետո մեր մեջ մէ հետաքրքիր բանըմ կբացահայտվեր մարդու անատոմիայից (ընձի առանձնակի կտպավորեին կնիկմարդկանց տարաբնույթ գռիժաները, հետո բացահայտի, օր ըդոնք շատ բնական ու բարոյական ճողվածքներ են), դաժե կէղներ օր մէ քանի բաներ: Էս ամեն ինչի մեջ գոնե լավը էն էր, օր տղամարդկանց ու կընիկմարդկանց բաղնիքներն առանձին էին, նույն դռնով կմտնեին, բայց գոլորշու միջից բնազդաբար կառանձնանային: Տղամարդկանց կողմը միշտ խախանդ էր, ի տարբերություն կնիկների թարֆի՝ ուրտեղ միշտ շուխուռ կար, օր լուրջ կռիվ չէղներ, պարտադիր ամեն սաբնվելուց սաղ ջիգյարով «օխա՜յ» բդի ըսեին: էն էլ ըսեմ, օր էդ թվերին էնքան շատ էին լողցողների օճերները, օր մինչև 9 տարեկանը տղա-աղջիկ չկար, որ կողմի հերթը քիչ էղներ, ավտոմատ էդ սեռը կդառնային ու կմտնեին ներս: Լսերի հովհարային անջատումները հաշվի չէին առնի բաղնիք գալողի մաքրվելու երազանքը, ու կէղներ, օր լողնալու կեսից կմարեր լուսը: Սաղ վախվորած փռփուռները կլվանային, մեկ էլ խավարի միջից մեկըմ սատանա տեսածի պես կճվար, ու սաղ բաղնըքի չբլաղ կընկըտիք կձայնակցեին իրան: Մինչև կհասկնային, թե ինչ էղավ, կռնա դուսը ժաժք է էլի, թե չէ, մէ տղամարդըմ հերոսաբար կանցներ մեջտեղից՝ ֆանառիկը ձեռին, բայց աչքերը փակ ու կսեր. «Լողցե՛ք, լողցե՛ք, հըմի դվիժոկը կմիացնեմ, լուս կէղնի»:

Ժաժքից առաջվա մարդիկ կպատմեին, օր իրանք էնքան են հարգել ու վախեցել իրանց դասատուներից, օր մտածել էն, թե իրանք զուգարան չեն էրթա (իրանց մտածած ամենամեծ մունդըռությունը զուգարան էրթալն է էղե): Մեր մոտ էդ էղած-չեղած հարգանքը կֆռար չբլաղ ջաների, գոլորշու ու անդուր հոտերի արանքը, երբ մեր լողնալու օրերը կհամըգնիր դասատուների լողնալու հետ (տարիներով, խորը պահած գաղտնիքը կբացահայտվեր, ու մեր աչքով կտեսնեինք, օր զուգարան էրթալու հըմար նախատեսված սաղ օրգանները իրանց մոտ տեղում են, տեղ-տեղ բանըմ էլ ավել, ու ավտոմատ կերպով վախը կգոլորշանար՝ հարգանքին ծածկելով): Էրեխեքը դասատուհուն տեսնելու պես ջիգյարով կսաբնեին աչքերը, մթոմ մռմռոցից բան չեն տեսնի, բայց մեգել օրը սաղ գիմանային, օր ինքը լողցել է էսինչյանի հետ (աբուռով դասատուները տռուսիկներով կլողնային): Էրթալով էդ էլ սովորական կդառնար ու կէղներ կիրակի, օր դասղեկի ու դասարանցիների լողնալու հերթը իրար հետ կըգներ: Քանի օր սաղ իրար տեսել էին մորե մերկ, էլ գլուխ գովալու բան չկար, ու խախանդ կանցներ շաբաթը, ինչխորթե էն չբլաղ, փռփռոտ լողցողները մնացել են օբշի բաղնիքի օճերի մեջ, իսկ դասի էգածները սամսեմ ուրիշ մարդիկ են:

Քանի հատ օջիլով օր կերթայինք լողնալու, ըդքանով էլ հետ գուկայինք, բաղնըքի ամենանամուսով իսանները ըդոնք էին, իրանց տերերին չէին խառնե ու չէին գայթակղվի կողքի լողցողի վարդի հոտով սաբոնից: Ամեն ինչը մէ կողմ թողած, լավ էր, էլի՜, ըդքան կեղտի, օջիլի ու դոմիկների փթած հոտերի մեջ մաքրություն կար, մարդկային մաքրություն… մտքի ու խղճի մաքրություն: Հեչ մեկի մտքով չէր անցնի խալխի էրեխուն ուրիշ աչքով նայեր, կամ էղած ղալիբ սաբոնի կտորը ռեսըմ չքսեր ըդոր ջանին: Էրէխեն էրեխա էր օբշի բաղնիքի մեջ՝ ով ում կողմը ընգներ, կքաշեին կսաբնեին ու էնքան կտրորեին, օր կաշին կարմրեր:

Քաղաք էլ օբշի բաղնիք չկա, օջիլները նամուս ունեին, հավաքին իրանց անիծ-մանիծին ու արտագաղթին մեզեն: Արուններիս մեջ երևի էլ կարգին վիտամին չէր մնացել իրանց հըմար: Ժողովրդի գլխի միջից էլ են գնացե ըդոնք, ինչքան անսովոր բան կար, սովորական սարքին ու տեղափոխվան ղեկավար ջանդակների գլխի մեջ: Մեր օբշի բաղնըքի պատմությունը իրանց հնարած օրենքների ու մխսած փարեքի դեմ մուլտիկներ դառան:

Հըմի արդեն սաղ բաղնիքներ են սարքե, եվռոդռնով՝ զամոկ-կողպենքով, ու արդեն պարտադիր է, օր տղա էրեխի վաննեն, շամպունը, սաբոնն ու սրբիչը կապուտ էղնին, իսկ աղջիկ էրեխունը՝ ռոզըվի, թե չէ հոգեբանները լուրջ սեռախանգարման դիագնոզ կուդան:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *