Խորեն Արամունի / Աքին

Անունն Աքրևոս էր, ընտանիքում ու թաղում Աքի էին ասում։ Աքին ընդունված անուն չէր։ Քանի դեռ նա փոքր էր, ինքն անձամբ իր անվան հետ խնդիր չուներ, իսկ քիչ թե շատ տարեց ընկերներն ու համաթաղեցիները, անգամ դպրոցի որոշ վարժապետներ քմծիծաղով Աքիով էին դիմում նրան, դեռ մի բան էլ ավելին՝ մոտենալիս թեթև ծոծրակին էին խփում։ 

Հասակ առնելու հետ Աքին սկսեց գժտվել իր մականվան հետ, սկսեց ատել իր անունը, անունը լսելիս ակամայից արհամարհում, չէր արձագանքում այն արտաբերողին, այնպես որ հաճախ՝ պարսավանքների, իսկ ծնողների կողմից հանդիմանության էր արժանանում, երբեմն էլ մտածում էին՝ չլինի՞ թե խլանում է։

Աքրևոսն արտաքին գեղեցկությումբ ևս աչքի չէր ընկնում։ Կլորիկ, կարմրած թշիկներ, թմբլիկ, թեթև կախված կրծքեր, հասակը՝ միջինից ցածր, դանդաղաքայլ, ծույլ, անշարժունակ երեխայի տպավորություն էր թողնում։ Նրան նաև խիքի՝ գեր, ածականն էին շնորհել, որի պատճառով էլ թե՛ դպրոցում, թե՛ փողոցում չարաճճի հասակակիցների հետ ծեծկռտոցի առիթ էր տալիս։ Միակ բանը, որով Աքրևոսը համադասարանցիների նախանձը շարժում էր, իր ընթերցասիրությունն էր։ Միջին մակարդակի սովորող էր, բայց շատ էր կարդում։ Ձեռքն ընկած գրքի կամ լրագրի որևէ պատառիկի նկատմամբ անտարբեր չէր։ Ծնողներն էլ հենց դրանով էին հպարտանում։ Ծնողական ժողովներին, թեյասեղաններին, սուրճի սեղաններին, փողոցում կանգնած հավաքներին, ճաղագործության զրույցներին Աքրևոսի մայրն առիթը բաց չէր թողնում կոկորդը մաքրելու և խոսելու որդու ընթերցասիրության մասին։ «Աշխարհում գիրք չկա, թերթ չկա, որ Աքրևոսս կարդացած չլինի»,- հաճախ կրկնում էր Սաթենիկը, լաչակը շտկում ու գլուխը բարձր, հպարտ հայացքը հեռուները՝ իբր ինչ-որ բան է փնտրում։

Որոշ ոչ գրաճանաչ ազգական ու հարևաններ նկատելով Աքրևոսի այս նախասիրությունը՝ երբեմն-երբեմն ձեռքներն ընկած ինչ-որ պատահական, անհասկանալի գիրք կամ լրագիր նրան էին նվիրում։ 

Գավառական կրթությամբ Աքրևոսի հայրը՝ Մևոսը, համարվում էր թաղի գրագետ մարդկանցից մեկը, իսկ մայրն անգամ տառաճանաչ չէր, բայց գրքերի նկատմամբ ակնածանք էր ցուցաբերում, մեսրոպատառ ամեն պատահական գիրք ձեռքն ընկնելիս՝ փոշին առնում, սուրբ գրքի պես համբուրում ու տանում էր որդու սենյակը․ «Աքրևոսինս ա, դարդը տա դոշիս»,- շշնջում էր Սաթենիկն ու երբեմն էլ երկրորդ համբույրն էր դրոշմում նույն գրքին։

Աքրևոսը հասունացման շրջան էր ապրում, միջնակարգ դպրոցի աշակերտ էր: Հասակակից աղջիկներին քիչ էր մոտենում, ամաչում էր, փողոցում քայլելիս տարածություն էր պահում, նրանցից յուրաքանչյուրի ծիծաղը կամ ժպիտն իրեն էր վերագրում, բայց մի հարևանուհի ուներ, որի նկատմամբ անտարբեր չէր, իսկ թե ինչո՞ւ էր նրանից վախենում՝ ինքն էլ չգիտեր, բայց արդյո՞ք վախենում էր։ Տեսնելիս քայլերն արագացնում, ծանր-ծանր փախչում էր։ 

Աքրևոսը, հակառակ իր որոշ հասակակիցների, արդեն գիտեր, թե երեխան ինչպես և ինչ հանգամանքների բերումով է լույս աշխարհ գալիս։ Գուցե պատճառը հենց դա էր, որ հարևանուհուն տեսնելիս փախչում էր ․․․

* * *

Աքրևոսենց տանը, պատի թարեքին դրած թավշյա, կարմիր կտորով փաթաթված գրքի կողքերին հալչող երկու մոմերը լուսավորում էին պատին փակցված սրբի նկարը։ 

Աքին նկատել էր, որ մայրը հաճախ է մոտենում այդ գրքին, փոշին առնում, համբուրում, խաչակնքում ու նորից տեղն է դնում։ Մի քանի անգամ մորը խնդրել էր այդ գիրքը իրեն տա, մայրը խիստ ընդդիմացել էր․ «Չէ՛, բա՛լամ, դարդդ դոշիս, էդ Սուրբ գիրք ա, Ավետարան ա, ձեռով ա գրած, հերդ ասում ա՝ ձեռագիր ա, ամեն մարդու բան չի, դրա բացելն էլ ա մեղք: Ասում են՝ հայերեն չի, գրաբար ա: Եսիմ ինչ լիզու ա, չես հասկանա, բա՛լամ, կմեծանաս, կկարդաս: Տեր Սողոմոնն էլ մե անգամ էկավ, աղոթեց, խաչակնքեց, մե քիչ կարդաց, վայ թե ինքն էլ բան չհասկացավ, աչքերը ղժի-բժի արեց, գլուխը պտուտ էկավ, ուզում էր տաներ՝ չթողեցի, ասի՝ էս Սուրբ գիրքը մեր տան ումուդն ու հավատն ա, խերն ու բարաքաթն ա, ո՞ւր ես տանում։ Շատ զոռեց, ամա ես կողս գիր տվի: Համ էլ հերդ ասում ա՝ էս գիրքը մեծ պատմություն ունի, երկար ճամփա ա կտրի… Հորդ որ ասես, ամեն ինչ կպատմի, մեծ տղա ես, պիտի իմանաս․․․»։

Աքրևոսի հայրը գրբաց էր, գյուղում տիրացու էր եղել, քաղաք տեղափոխվելիս ժամի գրքերն իրեն էին վստահել, որոնցից մեկն էլ համարյա մոռացության մատնված, իրենց տան ձեռագիր Ավետարանն էր։

Աքրևոսը մի քանի անգամ փորձել էր հոր Սուրբ գրքերը ձեռքն առնել, բացել, բայց հայրը խիստ հանդիմանել էր․ «Բա՛լամ, էդ քու բանը չի»,- ասել էր հայրն ու ավելացրել․ «Երբ ժամանակը գա, կտամ՝ կկարդաս, կարևորը հավատն ա, դու պիտի Աստծուն հավատաս, աղոթես՝ Հայր Մերը ասես, Սուրբ հոգուն որ հավատացիր՝ Աստված ուզածդ բանին կհասցնի, ինչ որ ուզես՝ քեզ կտա»։

Աքրևոսը հպարտ էր։ Հոր գրաճանաչությունն ու մի քանի սուրբ գրքերի հաճախակի քթի տակ մրմնջալը թաղի բացառիկ երևույթներից էր։ Նրա հասունացումն ու դեպի հակառակ սեռի նկատմամբ նրա հետաքրքրասիրությունը, հատկապես պարսկական միջնակարգ դպրոցի միջավայրը, որտեղ միայն տղաներն էին սովորում, նրա կյանքի մեջ այնպիսի փոփոխություններ մտցրին, որ իրեն թվաց՝ ոչ թե տարով, այլ օրով է մեծանում։ 

Դպրոցում աղջիկների ֆիզիկական բարեմասնությունների, նրանց մերկության, տղամարդ-կին հարաբերությունների մասին խոսելն ու մերկ լուսանկարների տարածելն աստիճանաբար դառնում էր սովորական երևույթ, իսկ այդ առումով Աքրևոսն այն եզակիներից էր, որը կարողանում էր այդ թեմաներով գրականություն ձեռք բերել ու երբեմն էլ՝ տրամադրել վստահություն ներշնչող ընկերներին։ Մի օր էլ տեղի ունեցավ հակառակը․ տղաներից մեկը, Աքրևոսին լրագրերով փաթաթած մի կապոց տվեց ու ականջին ինչ-որ բան շշնջաց։ Աքրևոսի մարմնով դող անցավ։ Կապոցը կոխեց պիջակի տակ, կոճկվեց ու շտապեց տուն այնպես, ինչպես գողոնը փախցնող գողը կվարվեր։

Բարեբախտաբար, տանը մարդ չկար։ Աքրևոսը զգուշորեն բացեց փաթեթը, մաշված, համարյա քրքրված գիրք էր, սկսեց արագ թերթել, զգաց որ այտերը վառվում են, նեղ փողոցով անցնող բեռնատարի հռնդյունը սթափեցրեց նրան. թվաց, թե տանը մարդ մտավ, գիրքն անմիջապես փակեց, նորից փաթաթեց լրագրերի մեջ, մտցրեց ներքնակի տակ ու դուրս պրծավ՝ տարածքը լրտեսելու։ 

Հարևանուհին էր, հենց այն աղջիկը, որի նկատմամբ անտարբեր չէր։ Փորձեց թաքնվել էլեկտրական սյան հետևը։ Միևնույն էր՝ չէր ստացվելու։ Աղջիկը մոտենում էր։ Աքրևոսը նրա սպիտակ օձիքով, մուգ կապույտ դպրոցական համազգեստի տակ պատկերացրեց ու համեմատեց մի քանի րոպե առաջ գրքի մեջ տեսած մի մերկ լուսանկարի հետ ու քրտնեց, սյունի շուրջ մեջքով պտտվեց, պտտվեց, մինչև աղջիկն իրեն շրջանցեց։ 

Աքրևոսը չէր համբերում մութն ընկնելուն։ Այդ օրը դռան շեմքից չհեռացավ, պարտաճանաչ զինվորի պես հսկեց տան սահմանները։ 

Ժամերը դանդաղ էին փոփոխվում, արևը տեղից չէր շարժվում, իսկ Աքրևոսին կիսամութ սենյակ էր հարկավոր՝ անզոր, թեթև լույս։

Վերջապես մութը կոխեց, մթան հետ եկավ նաև իր հարազատ քեռին՝ Թաթոսը։ Համեստ ընթրիքից հետո Թաթոսը քրոջից՝ Սաթենիկից, մի թաս թազադամ1 չայ խնդրեց ու զգուշավորությամբ զրույցի թեման տարավ դեպի իրենց ապրած գյուղի քաղցր օրերը, Հայաստան ներգաղթելու պատճառով գյուղի հայաթափմանն ու ակամայից թե՝

– Փեսա՛ Մևոս, բա չասե՞ս, տեր Սողոմոնն էր էկի մեր տուն։

– Ի՞նչ փորացավ ուներ,- կոկորդը մաքրեց Մևոսն ու հայացքն ուղղեց դեպի կինը։

– Ի՞նչ իմանամ, ասում էր` էս ձեր տան Ավետարանը գեղի ժամի Ավետարանն ա։

– Հա՛, գեղի ժամինն ա, իրան ի՞նչ։ Չայիդ խմի՝ չսառի, էդ տերտեր չի, սատանա ա, դրա փորացավը ես լավ գիտեմ։ Հանգուցյալ հորեղբայրս Հայաստան էթալուց էդ Ավետարանը տվեց ինձ ու ասեց․ «Ոչ մեկին չտա՛ս, արժեքավոր ա, թե որ հնար էղավ՝ կղրգես Հայաստան»։ Էդ խեղճ մարդուն էնտեղից տարան Սիբիր, տենց էլ ետ չեկավ։ Հիմի ասում ես՝ ես ի՞նչ անեմ, մեր տան սրբությունը, մեր տան հույսն ու հավատը, սուրբ երրորդությունը տամ էդ սատանի՞ն, ո՞վ չի իմանում, թե էդ ինչ․․․ բերանս մի՛ բացի, ասելի հա՜․․․

– Լա՛վ, փեսա՛ Մևոս, չասի, որ ջղայնանաս։ Ասում էր՝ թե որ հաշտ ու խաղաղ չտա, վարչութունը զոռով կվեկալնի։

– Հոր գոռից ուտում էր հարամզադեն2։ Ես լավ գիտեմ իմ մալը, ես օրթում եմ կերի՝ էդ Ավետարանը պիտի ղրգեմ Հայաստան,- ասաց Մևոսն ու գնաց դեպի ձեռագիրը։

Այս զրույցին ականջալուր Աքրևոսի համար չնայած թեման հետաքրքիր էր, բայց ժամանակը դանդաղ էր ընթանում, իրեն շատ ավելի հետաքրքիր թեմա պարունակող գիրք էր սպասում։

– Մա՛մ,- Աքրևոսը անսպասելիորեն դիմեց մորը։

– Հա, ի՞նչ ա, դարդդ տա դոշիս, սոված հո չե՞ս, նոր հաց կերար, բա՛լամ։

– Չէ՛, մամ, գլուխս ա ցավում։

– Վա՛յ, քոռա՛նամ ես, ինչի՞,- տեղից ցատկեց Սաթենիկը, մոտեցավ, նստեց որդու կողքին, կիսով չափ գիրկն առավ ու շրթունքները հպեց ճակատին,- քոռա՛նամ ես, վա՛յ թե տաքություն ունես, բա՛լամ, վե՛ր կաց, վե՛ր կաց, գնա՛ պառկի, քեռին չի նեղանա։ Չես նեղանա, Մա՛թոս ջան, չէ՞։

– Չէ՛, ա՛յ քուր, էրեխեն թող գնա քնի։ Չէ՛, չէ՛, հալա թող գա, արի, արի մոտս տսնեմ՝ ի՞նչդ ա։ Ա՛րի, բա՛լամ, ա՛րի քեռու ճրագը։

Աքրևոսը ոտքի կանգնեց, սուփրի մի ծայրից անցավ մյուս ծայրը, նստեց քեռու կողքին ու գլուխը կախ՝ անհամբեր սպասեց, թե քեռին ինչ պիտի ասի։ Մեկ էլ, Մաթոսը կերած-խմած մարդու պես Աքրևոսին քաշեց կողքին, պինդ սեղմեց կրծքին, գլուխն առավ երկու ափերի մեջ ու հայացքն ուղղեց Մևոսին․

– Ա՛յ, լավ հասել ա, խելացի էլ տղա ա, իսկական պսակելու ժամանակն ա։ Քե՛ռու բալա, մե էնենց աղջիկ ճարեմ հմարդ, որ ղուրս զարմանան՝ սիրուն, բոյով, բուսաթով, կրթված, մե թառլան, մե ջեյրան․․․ գնա՛, գնա քնի՛,- ու հանկարծ ձեռքը դրեց երեխայի ճակատին ու ավելացրեց,- էս էրեխեն տաքություն չունի, ինչի՞ եք էրեխուն հիվանդացնում, մե բաժակ չայ տվեք թող խմի, վնաս չունի։ Գնա՛, գնա՛ քեռու բալեն, հորդ էլ բան պիտի ասեմ, էրեխու բան չի, գնա՛ քնի։

Աքրևոսը ծանր-ծանր տեղից կանգնեց, գլուխը՝ կախ, դանդաղ, օրոր-շորոր գնաց իր սենյակը, հետևից դուռը փակելուն պես արագ իրեն գցեց մահճակալի վրա ու անմիջապես ստուգեց թաքցրած գրքի գոյությունը։ Տեղում էր։ Միանգամից քարացավ, սառեց․ «Չլինի՞ թե մայրը ներս մտնի»։ Շտապելու ոչինչ չկար։ Վերմակը քաշեց վրան ու ականջալուր եղավ հոր և քեռու հազիվ լսվող խոսակցության․

– Փե՛սա Մևոս, Սաթե՛նիկ քույրիկ, դո՛ւ էլ արի, արի լսի՛, տես ի՛նչ եմ ասում։

– Խե՛ր էլնի, ա՛խպեր ջան, ի՞նչ ա պատահի։

– Որ ասեմ խեր ա՝ չէ՛, խեր չի, շառ էլ չի։ Ասում եմ՝ վեց ամիս ա հարս եմ բերի, ամա խաբար-մաբար չկա։ Ասում եմ՝ ա՛յ քուր, մի ագամ էլ դու հետը խոսա․․․

– Քուրդ ի՞նչ ասի, ա՛յ Մաթոս ջան,- մեջ ընկավ Մևոսն ու շարունակեց,- էգուց Սալբի քույրիկի հետ ղրգի մեր տուն, ուրբաթ ա, ես գործի չեմ, թող մի հատ էլ կարմիր աքլոր բերեն, վայ թե աչքով են տվի, սիրուն հարս ա, հզար ու մի աչք կա վրեն, բալքի թուղթ ու գիր են արի, ո՞վ ինչ գիդի, մի գլուխ Նարեկ կկարդամ, բոյնամա3 կգրեմ, Աստված մենձ ա, ի՞նչ ես ձեռ ու ոտ ընկի, տնա՛շեն։ Վեց ամիս ա․․․ չէ հա՜, մե վեց տարի։

– Մևոսը ճիշտ ա ասում, ա՛խպեր ջան, ի՞նչ ես մատի փաթաթանք սարքում, վեց ամիս ա․․․ չէ՝ մե վեց տարի։ Լավ ա, բոլ ա, խեր տեսնես, մենակ թե էն մեկի պես չբեր չըլնի։

– Էն մեկն էլ ո՞րն ա, ա՛յ կնիկ։

– Քո՛ւրը, քո՛ւրը, էս հիրեք տարի ա պսակվել ա, էրեխա չի ունենում, ես ըտուց եմ վախենում․․․ 

Աքրևոսն այս խոսակցությանն ականջալուր բացեց իր գիրքն ու շատ արագ ինչ-որ լուսանկարներ աչքի տակով անցկացրեց, մի քանի կարճ պարբերություններ կարդաց ու գլուխը թաքցրեց վերմակի տակ։

Հաջորդ օրը քեռակին Սալբին ու հարսը մի կարմիր աքաղաղ ձեռքներին՝ հյուր եկան։ Թե ի՞նչ խոսեցին մոր հետ՝ Աքրևոսն այդպես էլ չհասկացավ, բայց տեսավ, որ հարսը գնաց իր հոր մոտ, հայրը ինչ-որ գիրք վերցրեց, հինգ-տաս րոպե մրմնջաց, թելով հարսի բոյը չափեց, աղոթեց, խաչակնքեց, ճակատը համբուրեց ու ցույց տվեց սենյակի դուռը։

Հյուրերի գնալուց հետո հայրը որդուն կանչեց իր մոտ․

– Ա՛րի, բա՛լամ, արդեն մեծ տղա ես, կարա՞ս էդ աքլորի վիզը կտրես։

Տղայի մարմնով սարսուռ անցավ, գույնը դարձավ սպիտակ գաջ, աչքերը չռվեցին, հայացքն ընկավ ոտքերը կապած աքաղաղին, մի պահ հապաղեց ու դիմեց փախուստի։

– Չթա՛մմես դու, Աքրև՛ոս, իրա տարիքին ես գառ ի մորթում, մարդիկ մարդ են մորթում, իմ տղեն աքլորից ա վախենում,- ասաց Մևոսն ու տնքալով ոտքի կանգնեց։

– Մևո՞ս, էդ էրեխեն ինչի՞ տենց խրտնեց։

– Չունե՛նինք տենց էրեխուն։ Ասի՝ էդ աքլորին մորթի՝ փախավ։

– Այ՛ մարդ, էրեխուն բա տենց բան կասե՞ն։

– Լա՛վ, խե՛ր տսնես, դանակը բի՛, քշերը բա ի՞նչ ենք ուտելու, մի լավ սուպ կդնես, էրեխեն էլ ջրիկ ճաշի կարոտ ա, համ էլ էրեգ տաքություն ուներ, տեղիցդ ժաժ արի․․․

Սալահատակ փոքր բակ էր, երկու ծառ, մեկի տակ ոտքերը կապած կարմիր աքաղաղն էր, մյուսի՝ չորոտանու վրա նստած՝ դանակը ձեռքին Մևոսը։ 

Աքրևոսը սենյակի վարագույրը թեթև ետ քաշած՝ ծիկրակին էր տալիս։ Նա հաճախ էր տեսել, թե ինչպես են հավ կամ աքաղաղ մորթում, բայց այս մեկը տարբերում էր, առաջին անգամ էին այդ գործն իրեն առաջարկում ու ինքը վախեցել, փախել էր։ Գուցե իրո՞ք ինքը դեռ չի մեծացել, դեռ երեխա է կամ վախկոտի մեկն է։ Չնայած այդ հարցը բոլորովին էլ չէր վերաբերում թաքցրած գրքին ու նրա բովանդակությանը, բայց մտքով մի անգամ էլ անցավ, որ այն տանից հեռացնի։ Երկու վախ միաժամանակ նրան տարակուսանքի մեջ էին առել։ Ընկճվեց, վարագույրը ծածկեց, հայացքը հառեց մահճակալին, լսեց հոր ձայնը․ «Ա՛յ կնիկ, էս դանակը վայ թե գուլ ա, խեղճ աքլորը կթպրտա, մեղք ա․․․»։ Մևոսն իր ասածի պատասխանը չլսեց։ Աքրևոսը նորից բացեց վարագույրը։ Հայրը դանակը մի ձեռքին, թեյի բաժակը՝ մյուսին, մոտենում էր կարմիր աքաղաղին։ Վարագույրի ճեղքը նեղացավ։ Աքրևոսը մի աչքը փակեց ու հետևեց մորթին։ Մևոսը դանակը բռնած ձեռքով խաչակնքեց, թեյի բաժակը դրեց սալիկի վրա, բացեց կողքի ջրի ծորակը, ոտքերը միմյանցից հեռացրեց, մի ոտքը սեղմեց կարմիր աքաղաղի կապված ոտքերին, մյուս ձեռքով բռնեց նրա գլուխը, ձգեց ու աջ ձեռքի դանակով սկսեց խողխողել անմեղի նիհարիկ վիզը։ Արյունը թռավ Մևոսի սպիտակ ներքնաշապիկին, իսկ շատրվանվող արյունը լցվեց թեյի բաժակի մեջ։ «Վա՛յ ես քո հերն եմ անիծի, էս խոմ լրիվ արուն էլա»,- լսվեց Մևոսի տրտունջը։

Աքրևոսը ետ քաշվեց։ 

Փետրահան եղած կարմիր աքաղաղը դրվեց կաթսայի մեջ, նավթավառը վառվեց: Մևոսն արյունոտ ձեռքերը պահեց ծորակի ջրի տակ, մի բուռ ջուր էլ շփեց դեմքին, ներքնաշապիկը փոխեց ու գոռաց․

– Ա՛յ կնիկ, ո՞ւր ես, շապիկս բե՛ր։

Սաթենիկը շապիկը ձեռքին մտավ բակ ու կանչեց․

– Աքրև՛ոս, բա՛լես, հորդ հետ էթում ենք խնամ Մամիկոնին գլուխ քաշենք, շուտ կգանք, աչքդ ալլադինին4 ըլնի, տնից դուրս չըլնես, շուտ կգանք:

– Հա՛, մա՛մ, դուրս չեմ ըլնի, գնացեք,- ասաց Աքրևոսն ու սկսեց ցատկոտել։

Աքրևոսը մահճակալից չէր իջնում, լրագրերով փաթաթված արգելված գիրքը կրծքին սեղմած՝ գամվել էր մահճակալին, իսկ նավթավառի մասին ընդհանրապես մոռացել էր։

«Աքրև՛ոս ջան, չունենինք քեզ, բա՛լամ, էս սուպի ջուրը իստակ քաշվել ա, բա ո՞րդի ես»։ Լսեց Աքրևոսը, ընկրկվեց ու ծոցին սեղմած գրքով մտավ վերմակի տակ, գլուխը ծածկեց, քնած ձևացավ, բայց ուրախացավ, որ քնով չէր մնացել։ Մայրը մոտեցավ, ձեռքը դրեց երեխայի ճակատին․ «Վա՛յ, էս էրեխես վառվում ա, քրտինքդ ինչի՞ ա տվել վրեդ, բա՛լամ, վե՛ր էլի, վե՛ր էլի, էս ա՝ սուպը կեփի, կուտես, կլավանաս»,- ասաց Սաթենիկն ու սենյակից դուրս եկավ։

Երեկո էր, հայրը մի թուղթ մեկնեց որդուն․ 

– Էս սադա5 թուղթը վեկալ, էս էլ քեզ մկրատ, չորս մատիդ լայնությունով հավասար կտրի ու շրիշտով6 կպցրու իրար, թա էս թելի չափ ըլնի, էս թելը հարսի բոյի չափն ա։

Աքրևոսը սուսիկ-փուսիկ անցավ գործի, չէ՞ որ մինչ այդ էլ շատ էր եղել այդպիսի թուղթ պատրաստող մոր կողքին։

– Ա՛պրես, բա՛լես,- խրախուսեց հայրն ու կիսով չափ արյունով լի թեյի բաժակը մոտեցրեց որդուն, մի գրիչ էլ ձեռքը տվեց ու ավելացրեց,- տե՛ս, բա՛լամ, հենց որ էդ շիրիշտը չորցավ, էս արունով, վերից ներքև սենց կժղես, տե՛ս, սենց,- ասաց հայրն ու օրինակ ծառայեց։

Երկար չանցավ։ Աքրևոսը սկսեց աջից ձախ անընթեռնելի ինչ-որ ծուռտիկ-մուռտիկ գծեր քաշել, այնպես որ քիչ թե շատ հեռվից դիտողին կթվար, թե նա արյունը թանաքի տեղ օգտագործելով՝ ինչ-որ բան է գրում։ Բայց հայրը նկատեց, որ իրոք որդու ձեռքը դողում, ճակատին քրտինքի կաթիլներ են հայտնվում, հայացքն անճանաչելի է դառնում․

– Ա՛յ բալամ, ի՞նչդ ա, լավ չե՞ս։

– Արուն․․․

– Հա՛, աքլորի արունն ա, հո մարդու ա՞րուն չի։ Էս հո մո՞րթել չի, որ վախենում ես։ Մորթել-պրծել ենք, հիմի էլ միսը կուտենք, մերդ համով սուպ ա սարքի, ջրից կխմես, հալդ կգա տեղը։

– Պապ, չի լինի՞ թանաքով գրենք, էս ճժելը ի՞նչ ա նշանակում, յանի ի՞նչ։

– Բալես, էդ քո խելքի բանը չի, ինչ որ ասում եմ՝ էն էլ արա։ Էդ անքննելի ա, էդ հավատի բան ա, հավատը լավ բան ա, մարդ որ մի բանի հավատա ու էդ հավատով ապրի, Աստված նրան կօգնի, թե հիվանդ ա՝ կբուժի, թե սոված ա՝ հաց կտա, թե որ անգործ ա՝ գործ․․․ Էս էրգան թուխտին «բոյնամա» են ասում, էս կարում ենք մաքուր կտոր մեջ, տալում ենք հիվանդին ու ապսպրում ամրացնել բարձին, բարձի տակ էլ անպայման մի Սուրբ գիրք ենք դնում, քառասուն օր հետո էդ բոյնամեն գցում են թաշտի ջրի մեջ, հիվանդին էդ ջրով լողացնելուց հետո, էդ ջուրը թափում են մաքուր տեղ, ասենք՝ ծառի տակ։ Էդպիսով չարը խափանվում ա, վախը փարատվում ու կամաց-կամաց հիվանդը բուժվում ա։

– Պա՛պ, բայց հարսիկը հիվանդ չի, հարսիկը էրեխա՛ չի ունենում…

– Դե որ էս բոյնամեն անենք՝ կունենա։ Համ էլ դեռ քու ի՞նչ ժամանակն ա, էրեխա ես, դաս սովրի, կմեծանաս, կիմանաս։

– Պա՛պ, Հիսուսն էլ ա տենց ծնվի՞, մեր կրոնի պարոնը ասում էր․․․

– Չէ՛, բա՛լամ, Հիսուսը Սուրբ հոգով ա ծնվի, ստոնք լրիվ տարբեր բաներ են, հարսիկին աչքով են տվի, թուղթ ու գիր են արի։ Ա՛յ կնիկ, ա՛րի, ա՛րի սեղանը հավա՛՛քի, հաց գցի, վայ թե էրեխեն քեֆ չունի, էդ սուպից բի՛, թող տաք-տաք խմի։

– Սուպ չեմ ուզում պապ, սոված չեմ, քունս ա տանում։

– Մինչև հաց չուտես, մինչև մե քանի գդալ սուպ չխմես, քնել-մնել չկա, տաքություն կունենաս բալամ։ Նստի՛, չե՛թաս։

Հացը դրվում է, Աքրևոսին ստիպում են մի քանի գդալ աքլորի մսով սուպ ուտի: Երեխան դեմը դրած ճաշից մի քանի գդալ, մի կերպ կուլ է տալիս, հետո՝ փսխում․ «Արունի հոտ ա գալի, պա՛պ»,- ասում է Աքրևոսն ու վազում է իր սենյակը։

«Շան տղեն վայ թե վախեցել աե,- ինքն իրեն լսելի ձայնով ասաց Մևոսն ու կանչեց․

– Սաթենիկ, ա՛րի, ա՛րի սուփրեն հավաքի, էս բոյնամեն պիտի պրծնեմ, էդ էրեխուն էլ տիրություն արա, վայ թե վախեցել ա շան տղեն։ Էն Ավետարանը տա՛ր դիր բարձի տակ։

Աքրևոսն ականջալուր եղավ հոր հորդորներին, մայրը մոտեցավ նրան, սառը թրջոց դրեց որդու ճակատին, ոտքերը դրեց սառը ջրի մեջ, սենյակից դուրս եկավ ու թավշյա լաթով փաթաթած Ավետարանը տարավ, դրեց նրա բարձի տակ ու խաչակնքեց․ «Շուտ կգամ, բա՛լես, հալդ որ մե քիչ տեղը գա՝ թաշտը կվեկալեմ։ Նայի հա՜, ոտներդ չհանես»։

Ոտների հետ միաժամանակ, Աքրևոսը ներքնակի տակից հանեց լրագրերով փաթաթված գիրքը, Ավետարանի թավշյա լաթով փաթաթեց, դրեց բարձի տակ, իսկ Ավետարանը լրագրերով ծածկեց, դրեց իր փոքրիկ գրապահարանում՝ դասագրքերի հետևը, մի այնպիսի տեղ, որ աչքից հեռու լինի։ Ապա մոր ուշացումից օգտվելով ՛բացեց թավշյա լաթով փաթաթված արգելված գիրքն ու սկսեց աչքի անցկացնել․

Սեռական հարաբերություն

Բնական է համարվում այն սեռական հարաբերությունը, որը կարող է հղիություն առաջացնել։ Հետևաբար տղամարդու և կնոջ հակաբնական սեռական հարաբերությունը, որը տեղի է ունենում կնոջ կամքին հակառակ, ոչ թե բռնաբարություն, այլ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է․․․

Մայրը ներս մտավ։ Աքրևոսը հանգիստ գիրքը հավաքեց, կապեց թավշյա լաթի մեջ ու նորից դրեց բարձի տակ։

– Կարդո՞ւմ ես, բալես, լավ ես անում, կարևոր չի, որ հասկանաս, հենց էնքան, որ Աստծո հետ ես խոսում, Աստված քեզ կսիրի, կհասկանա: Թո՛ղ ոտներդ հանեմ, քրտինքդ չորցել ա, լավ ես, վնաս չունի, էգուց դպրոց չէթաս, հերդ էլ տունը չի, ես էլ պիտի էթամ քեռոնցդ տուն, բոյնամեն տանեմ, շուտ կգամ։ Ի՞նչ կուզես էփեմ, մակարո՞ն, թե՞ կարմիր փլավ։

Աքին իրեն թույլիկ ձևացրեց, չպատասխանեց։ Մայրը զգուշավոր, մատերի ծայրով սենյակից դուրս եկավ, դուռն առանց աղմուկի ծածկեց։ 

Հաջորդ օրը Սաթենիկը «բոյնամեն» կոխեց ծոցն ու ուղղվեց եղբոր տուն։ Դուռը բացողը հարսն էր։ Սաթենիկն անմիջապես ծոցից հանեց աղոթաց գիրը, խաչակնքեց, երեք անգամ պտտեցրեց հարսի գլախավերում, ապա սուսիկ-փուսիկ, իր իսկ ձեռքով խոթեց հարսի ծոցն ու ձայնը դուրս չգալու ի նշան՝ մի ցուցամատը հարսի, մյուսն իր շրթունքին դրեց ու ներս մտավ․

– Բա կիսուրդ ո՞ւր ա, սիրուն հարս ջան,- հարցրեց Սաթենիկն ու ինքն իրեն լսելի ձայնով ավելացրեց,- էթան, որ խեր ու խոշի չտսնեն, աչքով են տվի, գրքի մեջ էր գրված․․․

– Գնաց խաղող առնի, հո՛րքուր ջան, հիմա կգա, նստի՛, համե՛ցի նստի։

– Լա՛վ, հարս ջան, էդ բոյնամեն չբացես, հենց բացես՝ տառերը կխառնվեն, չես կրնա կարդա։ Կկարես բարձիդ, քառսուն օր, քառսուն օրից հետո կգցես թաշտի մեջ, կլողանաս, ջուրն էլ կլցնես մաքուր տեղ, բոյնամեն աղոթած ա, ավելի լավ կըլնի՝ ջուրը լցնես պտուղի ծառի տակ, ծառն էլ կծաղկի։ Ամեն ինչ լավ կըլնի, քուրդ որ չի բերում՝ էդ չի նշանակում, որ դու էլ անպտուղ կըլնես։ Աստված մենձ ա, մինակ հավատ ունեցի, ամեն ինչ լավ կըլնի։ Գնա՛, գնա՛ մե թազադամ չայ բի, մինչև կիսուրդ գա․․․

Հարսը, քրոջ չբերությունը երեսովը տալու համար, վիրավորված մոտեցավ ինքնաեռին, մինչև նորաթուրմ թեյը սեղանին հասնելը սկեսուրը ևս առևտրից վերադաձավ։ Հարսն առանձնացավ։ Սաթենիկը եղբոր կնոջ հետ քննարկեց թաղի անցուդարձը, փսփսուկով անդրադարձան նաև հարսի ու նրա չբեր ցեղի պատմությանը, վայելեցին թարմ գաթան, հարսի դրած վառվռուն թեյն ու թեթև պաչպռոշտիից հետո միայն հարսին կանչեցին, խաչակնքեցին, հույս ներշնչեցին ու Աստծուն ողորմած համարելով՝ բաժանվեցին։ 

Աքրևոսն օգտվելով ծնողների բացակայությունից, նորից բացել էր թավշյա լաթով փաթաթված գիրքն ու կանանց անպտղությանը վերաբերող մի քանի գրություն էր գտել, կարդացել, բայց, ըստ երևույթին, բան չէր հասկացել․

Կանանց անպտղություն

Կանանց անպտղությունը կարող է կապված լինել արգանդի և հավելումների առանձնահատուկ և ոչ առանձնահատուկ բորբոքային գործընթացների հետևանքով առաջացած արգանդափողերի անանցանելիության հետ։ Անպտղությունը նաև ներզատիչ գեղձերի (ձվարաններ, վահանագեղձ, մակերիկամներ և այլն) և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր (այդ թվում՝ վարակիչ) հիվանդությունների (հատկապես սեռական հասունացման շրջանում) հետևանք է։ Երբեմն անպտղության պատճառը սեռական օրգանների թերզարգացումն է (ինֆանտիլիզմ)։

Բուժում

Բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է՝ վաղ։ Բուժման արդյունավետությունը 25 տարեկան կանանց մեջ համարյա կրկնակի բարձր է, քան 35 տարեկանից բարձր կանանցը։ Բորբոքային գործընթացների հետ կապված անպտղության ժամանակ լայնորեն օգտագործում են ֆիզիոթերապիան և առողջարանային բուժումը։ Երբեմն արգանդափողերի անցանելիությունը հաջողվում է վերականգնել միայն վիրաբուժական միջամտությամբ, որը եթե կապված է ներզատիչ համակարգի ախտաբանության հետ, նշանակում են հորմոնային պատրաստուկներ և վիտամիններ։ Սեռական օրգանների անատոմիական որոշ խանգարումների ժամանակ դիմում են վիրահատական միջամտության։

Աքրևոսը գիրքը փակել ու ընկել էր մտքերի մեջ։ «Անպտղությունը բուժելու համար ինչո՞ւ խոսք չի գնում Սուրբ գրքերից, թուղթ ու գրից, բոյնամեից, աղոթքից․․․»։ Ի վերջո որոշել էր գիրքը վերադարձնել ընկերոջը, որովհետև այնտեղի անորակ մերկ լուսանկարներից բացի, շատ քիչ բան էր հասկանում, իսկ գրքի ներկայությունն իրենց տանը վտանգավոր ու սրբապղծություն էր համարում։ 

Երեկոյան քեռին, մի մեծ ձմերուկ թևի տակ, ի նշան երախտագիտության, նորից հայտնվեց Աքրևոսենց տուն։ Երեկոն անցավ նույն պարզությամբ, ինչպես մյուս երեկոները, վերջում միայն Մևոսը Մաթոսին թավշյա լաթի մեջ մի գիրք տվեց ու ասաց․ «Մա՛թոս ջան, լա՛վ լսի, տե՛ս ինչ եմ ասում, էս գիրքը հենց էն գիրքն ա՝ մեր գեղի ժամի Սուրբ գիրքն ա, ձեռով ա գրած, ասում են՝ ձեռագիր, չբա՛ցես, բան չե՛ս հասկանա, գրա՛բար ա, էրեխու բարձի տակ էր, ամեն ձևի հիվանդություն բուժում ա, հիվանդին էլ չար աչքից հեռու ա պահում, կտանես կտաս տղուդ, թող «Հայր Մերը» ասի, խաչակնքի ու դնի հարսի բարձի տակ, Աստծու կամոք ամեն ինչ լավ կըլնի, Աստված ձեր տան լույսն էլ վառ կպահի։ Գնա, հավատքը ուժ ունի, զորություն ունի, էս անգամ ձմերուկով ես էկի, մյուս անգամ, Աստծո կամոք, մի ղոչ գառ մատաղ կանես։

– Աստված բերնից լսի, Մև՛ոս ջան, Աստված երեխիդ ղայիմ ձեռով պահի, շնորհակալ եմ, հալբաթ մենք էլ կփոխարինենք, բա ինչ․․․

Առավոտյան օրվա հերոսը նկատեց, որ իր «սուրբ» գիրքը չկա, այդ մասին տեղեկացավ միայն ծնողների խոսակցությունից, որտեղ մայրը շնորհակալ էր լինում ամուսնուն՝ բարի կամք դրսևորելու համար, որ եղբոր տան ճրագը քյոռ չմնալու համար ոչինչ չի խնայում, անգամ այդ թանկարժեք ու ամենափրկիչ Ավետարանն է վստահում եղբորը։ 

Աքրևոսն արդեն ընկերոջը հայտնել էր, որ գիրքը վերադարձնելու նպատակ ունի, իսկ ընկերն այն խոստացել էր ինչ-որ մեկ ուրիշ հետաքրքրասերի։ 

Մի քանի օր անց ամբողջ թաղը խոսում է Մաթոսի ու Սալբիի սիրուն հարսի անպտղության, բոյնամեի ու Սուրբ գրքի մասին։

Տեր Սողոմոնը դառնում է Մաթոսենց տան ամենօրյա հյուրը: Մի օր գալիս է տունը օրհնելու, մի օր նշխար բերելու պատրվակ է գտնում, մի օր՝ իբր պատահական անց էր կենում․․․

Տեր Սողոմոնի նպատակը Սուրբ Ամենափրկիչ Ավետարանն էր։ Նա ամեն հնարի դիմում է, ինչ-որ կերպ մտնել հարսի սենյակն ու գանձը փիլոնի տակ դուրս գալ։ Նա առաջնորդին խոստացել էր, իսկ դրա դիմաց ինքն ավագ քահանայի կոչումի ակնկալիք ուներ։ 

Այդ օրը հարսը տանը չէր, Տեր Սողոմոնն էլ անկոչ հյուրի պես համարձակ ներս մտավ: Նրա դեմ դուրս եկավ Սալբին․

– Օշնայի տեր,- ասաց անակնկալի եկած Սալբին։

– Աստվա՛ծ օշնի, հա՛րս Սալբի, բա էս ո՞ւր ես վռազում, Մաթոս եղբայրը տանը չի՞։

– Չէ՛, տե՛ր հայր, գործի ա, էսօր հինգշաբթի ա։

– Վա՛յ, մեղա՜ Աստծո, մեղա) Աստծո, բա հե՞ր եմ կարծում, որ էսօր ուրբաթ ա: Լա՛վ, ես էթամ, էգուց կգամ։

– Չէ՛, տե՛ր հայր, նստի՛, հարսն էլ տունը չի, նստի՛, մտնեմ էս Արշակի խանութը գամ, հոգնած կըլնես, ծարավ, էս ա, գալում եմ,- ասաց տիկին Սալբին ու շտապեց հարևան խանութ, օրվա ճաշը պատրաստելու համար կարագ գնի համ էլ իրենց պատիվ բերող հյուրի համար՝ գաթա․․․

Չնայած տիկին Սալբին չուշացավ, բայց Տեր հայրն այդ ընթացքում հասցրեց մտնել հարսի ննջասենյակ, վերցնել բարձի տակ դրած թավշյա լաթի մեջ փաթաթված ,սուրբե գիրքն ու թաքցնել փիլոնի տակ։

– Նե՛րող կլինես, տե՛ր հայր, հարսս տունը չի, ձեռ ու ոտս խառնվել ա, բա հե՞ր ես ոտի վրա, նստի՛, համեցի նստի՛,- հևիհև ասաց Սալբին ու շտապեց դեպի ինքնաեռը։

– Հարսդ բա ո՞ւր ա,- հետաքրքրվեց Տեր Սողոմոնը։

– Հերանց ա գնացի, քեֆ չուներ, սիրտը խառնում էր, ասի՝ թող էթա մոր մոտ, ի՞նչ իմանամ, բալքի կարոտն ա… Հեռու տեղից հարս բերելն էլ մե բան չի, Սպահան ո՜ւր, Թեհրան ո՜ւր․․․

– Հա՛, հա՛րս Սալբի, կարոտը լավ բան չի, տաքություն հո չունե՞ր։ Աստված մեծ ա, էս բա հե՞ր են թամբալություն անում, օջախը ճրագ ա ուզում, չլինի՞ թե․․․

– Չէ՛, տե՛ր հայր, ո՞ւր է թե, օրհնանքդ թող իրանց վրա ըլնի, իրանք գիտեն, չեմ ուզում խառնվեմ, ժամանակները փոխվել են, էրեխա էլ չեն, որ խրատես։

– Լա՛վ, մի թաս չայ տուր խմեմ, էգուց կգամ, Մաթևոսին բան պիտի ասեի, ինձ թվաց՝ էսօր ուրբաթ ա․․․

– Տե՛ր հայր, ուզո՞ւմ ես ասեմ՝ գիշերը գա ձեր տուն։

– Չէ՛, նեղություն կլինի, էգուց որ ժամանակ անեմ, մե գլուխ կքաշեմ, էդքան էլ կարևոր չի։ Տո՛ւր, էդ չայը տուր խմեմ, նեղությունը քչացնեմ։ Խուրմա չունե՞ս, հա՛րս Սալբի։

– Չէ, Տեր հայր, ներող եղիր, ղանդ7 ա, թազա գաթա էլ կա․․․

– Շնորհակալ եմ, նեղություն մի՛ քաշի․․․

* * *

Աքրևոսն տեղը չէր գտնում։ Ուշ ու միտքը «սուրբ» գիրքն էր։ Գաղտնիքը բացահայտվելու պարագային չէր պատկերացնում, թե ինչ է գալու իր ու ընտանիքի գլխին, ով ում և ինչ պատասխան է տալու։ Ծնողները նկատել էին, որ իրենց որդու մեջ ինչ-որ բան այն չէ, բայց ոչ մի հնարք ու ոչ մի միջոց չէին գտնում իմանալու, թե բանն ինչում է, երեխան ինչո՞ւ է ուշ տուն գալիս, ինչո՞ւ է ժամանակից շուտ պառկում քնելու, ինչո՞ւ է ախորժակը փակվել։ 

Աքրևոսը քեռու հարսի հորանց տուն մեկնելու մասին տեղյակ լինելով՝ հնար է փնտրում մտնել հարսի սենյակն ու «սուրբ» գիրքը գողանալ, բայց այդպիսի առիթ իրեն չէր ընձեռվում, համ էլ ահավոր վախկոտ էր ու դանդաղաշարժ. բա որ նկատեի՞ն։ Դպրոցում ևս նա մեծ խնդիրներ է ունենում ընկերների հետ, նրանք գիրքն էին պահանջում, Աքրևոսն ամեն անգամ մի պատրվակով դրժում է վերադարձնելու խոստումը, մինչև բանը հասնում է ծեծկռտուքի։ 

Աքրևոսին ծեծված ու լլկված տուն են հասցնում։ Չի խոսում։ Ոչ մի հարցի չի պատասխանում։ Անգամ իրավապահ ժանդարմ է այցելում, փորձում է ինչ-որ բան հասկանալ։ Դպրոցից են գալիս, բոլորն էլ անզոր գտնվելով՝ չեն կարողանում երեխայի բերանից չնչին իսկ խոսք դուրս քաշել։ 

– Ա,յ մարդ,- չդիմանալով Սաթենիկը, մի օր դիմում է ամուսնուն,- չըլնի թե էդ Ավետարանը էրեխու բարձի տակից հանեցինք, էրեխեն գժվեց, չէթա՞մ ետ ուզեմ։ Էրեխեն ձեռներիցս էթում ա, ա՛յ մարդ, սկի ասում ե՞ս՝ ի՛նչ խաբար ա։

– Դու գիտես ու քո Աստվածը, ա՛յ կնիկ, ամա քառսուն օրը չթամմած՝ չի կարելի, հարսդ հավատը կկորցնի, հույսը կկտրի ու քեզ էլ մեղավոր կհանեն։ Էգուց էրեխուն կտանեմ բժիշկի, բալքիմ ուրիշ բան ա։ Ժամը քանի՞սն ա, ա՛յ կնիկ, սոված հալաք էլա, սեղանին մե բա՛ն դի,- ասաց Մևոսը, նստեց հացի ու ինքն իր մեջ շարունակեց,- ասա ո՞րտեղ ես, շա՛ն տղա, ամեն ինչներս դյուզ էր, էս էր պակաս…

Հարսի՝ մեկ շաբաթ բացակայությունից հետո, վերադառնալուն պես Մաթոսենց տուն իրարանցում եղավ։ Հարսի ննջարանից Սուրբ գրքի անհայտացումը վախ ու սարսափի մատնեց ընտանիքին։ «Աստծու պատժից պրծում չի լինի»,- հավատացած էր Մաթոսի ընտանիքը։ 

Հաջորդ օրը Մաթոսն աշխատանքի չգնաց, տղան՝ նույնպես, Սաթենիկն ու հարսը եկեղեցուց ուշ վերադառձան։ Ողբացել, մատաղ էին խոստացել։ 

Լուրը, արձակված գյուլլի պես, հասավ Մևոսին, Սաթենիկին ու Աքրևոսին, ապա շրջագայելով թաղի փողոցները՝ թաղը վերածվեց ականջի։ 

Կիրակի օրը, ըստ ավանդույթի, ղողանջեցին եկեղեցու զանգերը, պատարագ մատուցվեց, մոմեր վառվեցին, աղոթեցին, Աստծուց խնդրեցին գտնել սատանայական արարք կատարած հանցագործին, վերադարձնել Սուրբ գիրքը։ 

Պատարագից հետո տեր Սողոմոնը խոժոռված դեմքով մոտեցավ Մևոսին, խզված ձայնին խորհրդավորություն տալով, մտավ նրա թևի տակ ու ականջին շշնջնջաց․ «Էդ էիր ուզում, հա՞, դեռ պատասխա՛ն պիտի տաս, Աստծու անեծքը քու ու քու ընտանիքի վրա ա, եկեղեցի ես եկել, որ ի՞նչ անես, կյանքդ էլ որ տաս, չոքեչոք էլ որ էթաս Երուսաղեմ ու ետ գաս, օգուտ չունի, էն աշխարհում, Աստծու դատաստանից փրկություն չունես, անիծվե՛ս դու, դժոխքի բա՛ժին դառնաս, Մև՛ոս»։

Մևոսի ոտքերը թուլացան։ Անզոր էին նրան տուն հասցնել։ Օգնության հասան կինն ու Թաթոսը։ Երեկոյան հայացքը ևս փոխվեց: Ներկաներին թվաց, թե իրենք բոլորն էլ Մևոսին անծանոթ են։ Ապա նրա ջերմությունն այնքան բարձրացավ, որ սկսեց զառանցել։ Բժիշկ կանչեցին: Նա ևս հույսը կապեց Աստծո հետ ու խորհուրդ տվեց աղոթեն․ «Հեշտ բան չէ, մարդը հոգեբանական տագնապ ա ապրել, այս ճարերը տվեք, թողեք խմի ու հույսներդ դրեք Աստծու վրա»,- եզրակացրեց հասակն առած բժիշկն ու խաչակնքելով՝ տանից դուրս եկավ։

Աքրևոսի քունը ևս փախել էր։ Գիշերն ուշ ժամին մահճակալից իջավ, մոտեցավ ծնողների ննջարանին։ Քնած էին։ Ոտքի մատների վրա կամաց գնաց դեպի իր սենյակի անկյունի փոքրիկ գրապահարանը, գտավ թաքցրած Ավետարանը, ակնածանքով ու մեծ զգուշավորությամբ վերցրեց ու տարավ դեպի երկու կարճ մոմերն ու տեղավորեց պատին կախված սրբի նկարի տակ՝ թափուր տեղը։

Լույսը հազիվ էր կաթնագույն դարձել, երբ Սաթենիկը մոտեցավ ամուսնուն ու սկսեց ինչ-որ բան հասկացնել։ Մևոսն առաջին անգամ կնոջ լեզուն չհասկացավ։ Սաթենիկին թվաց՝ ամուսինն է խլացել, ամուսնուն էլ թվաց՝ կինն է համրացել։ Սաթենիկը մտավ որդու սենյակը: Աքրևոսն արթուն էր: Ըստ երևույթին՝ սպասում էր մորը։ Մայրը շփոթված էր, որդուն անկողնուց դուրս քաշեց, օգնեց շորերը հագնել, հասցրեց մինչև տան ելքի դուռը, կոշիկները ևս ինքը հագցրեց ու նրան մի կերպ հասկացրեց, որ գնա, քեռուն կանչի։ Աքրևոսն արդեն գիտեր մոր շփոթի ու անընդհատ խաչակնքելու պատճառը։ Հակառակ իր քաշին ու դանդաղկոտությանը՝ մի առանձնահատուկ եռանդով շտապեց քեռու մոտ։

Կեսօր էր, արդեն Մևոսի բնակարանն ասեղ գցելու տեղ չկար։ Ամբողջ թաղը հավաքվել տեղի ունեցած հրաշքն էին փառաբանում։ Սուրբ Ամենափրկիչ Ավետարանն էր վերադարձել։ 

Եկեղեցու զանգերը չէին լռում։ Մինչև գիշեր մարդկանց հոսքը չէր դադարում։ Նվիրատվություններ էին արվում, մատաղներ խոստանում, իրենց հիվանդներին էին բերում․․․ այն աստիճան, որ թաղի ժանդարմերիան հսկիչ նշանակեց, անգամ տարածաշրջանի ոչ քրիստոնյաններն այցելեցին, ընծաներ բերեցին, հետագայում իրենց մզկիթներում խոսվեց տեղի ունեցած հրաշքի մասին, իսկ Մևոսն այդպես էլ չվերականգնեց իր լիարժեք առողջությունը. աջ կողքը թմրել, բերանը թեթև ծռվել, լեզուն դարձել էր անհասկանալի։

Իսկ թե ինչո՞ւ էր Տեր Սողոմոնը վախենում այցելության գալ վերադարձած Ամենափրկչին, ինքն էլ չէր հասկանում, ներքին ինչ-որ ձայն ամեն օր ու ամեն պահի նրան հուշում էր, որ ամենազոր Ավետարանը տեղյակ է այն բոլոր մեղքերի մասին, ինչ ինքը գործել է։ Ճիշտ է, Ավետարանի փոխարեն պոռնո գիրք էր գողացել, բայց դա համարում էր Աստծու գործ ու ամբողջ օրը մեղա գալով՝ եկեղեցու տարածքից չէր հեռանում։

«Բոյնամեից» քառասուն օր անց, Սալբին մի տուփ թխվածք ձեռքին գնաց Սաթենիկին աչքալուսանք տալու՝ հարսը հղի էր։ 

Մևոսի աչքերից երկու կաթիլ արտասուք գլորվեց․

– Աղջի Սա՛լբի, վայ թե զույգ լինի․․․,- ասաց Սաթենիկն ու հոնգուր-հոնգուր լաց եղավ։ Իսկ Աքրևոսը, միայն ամիսներ հետո, անդրադարձավ, որ այլևս ոչ ոք «Աքի» մականունով չի դիմում իրեն։ 

———————————————————————————

  1. Նոր թրմած։ ↩︎
  2. Պիղծ ↩︎
  3. Հասակով մեկ գրություն։ ↩︎
  4. Նավթավառի տեսակ։ ↩︎
  5. Մաքուր, չգրված։ ↩︎
  6. Սոսինձ։ ↩︎
  7. Շաքար։ ↩︎

Please follow and like us:

1 thought on “Խորեն Արամունի / Աքին

  1. Իրանահայ համայնքը հասկանալու համար, հաստատապես պետք է ընթերցել Խորեն Արամունուն։ Մշակույթային հրաշալի պատմվածք է, տիպիկ հեղինակի գրչին `հումորային, զավեշտական տեսարաններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *