Մեծանալով թվում է, թե չափված ու ձևված ենք դառնում ու ավելի համբերատար։ Բայց համբերատար դառնալով, միևնույնն է, մեր տղամարդիկ մի բանում անհամբեր են։ Ես գիտեմ՝ ինչ եք մտածում։ Իհարկե, տղամարդ էլ կա չի համբերում, թե երբ պիտի ծխի, տղամարդ կա երազում է միայն ուտելու մասին ու հա, չի համբերում, թե երբ պիտի ուտի։ Դե հա , անհամբեր կանայք էլ կան, բայց կնոջ անհամբերությունը կապ չունի հայտնի խոսքի հետ, թե բա՝ շտապողից տղա չի լինում։ Հիմա, երբ մեծ ես, բացի իբր չափված – ձևված լինելուց, մեկ էլ հասկանում ես, որ հենց արև է, տրամադրությունդ շատ լավ է, բայց հենց արևը քչանում է, կարծես դու էլ ես մթնում։ Մեծերի աշխարհում պայմանականությունները շատ են, ու հենց արևի պատճառով է, որ լինում են մարդիկ , որոնց տարիքն իմանալով՝ ուղղակի մտածում ես՝ անհնար է։ Այս մարդիկ միշտ արևավառ մանուկներ են, բայց ուզած-չուզած մեծ են ձևանում։ Իսկ ժամանակը արագ ու շռնդալից սլանում է։ Փոխվում են օրերը, ամիսները, տարիները, բայց միայն օրացույցով։ Իրադարձություն՝ ինչքան ուզես, բայց գիտակցությունդ մնացել է անցյալում, երբ համբերատար չէիր, ու տրամադրությունդ ամենևին էլ կախված չէր արևից, քամուց, անձրևից ու ցրտից։ Ես այստեղ եմ ՝ ներկայում, բայց ապրում եմ անցյալում։ Ու ոչ էլ գիտեմ, թե բժիշկները կամ ավելի ստույգ՝ հոգեբույժները ինչ անուն կտան այս երևույթին։ Բայց լատիներեն մի բան կհորինեն ու հետո էլ կբացատրեն բառի ծագումնաբանությունը։
Փոքր ժամանակ հաճախ էինք մեկս մյուսի ափը վերցնում մեր ձեռքի մեջ ու գուշակություն անում։ Երբեմն գուշակությունն ափից անցնում էր, հասնում դաստակ։ Ու հիմա էլ չգիտեմ, թե արդյոք գնչուների՝ ափով գուշակելը գիտություն է, թե զվարճանք․ իմ դեպքում այն ճիշտ չէր, բայց այ մեր հարևան Սամվելի դեպքում միանգամայն ճիշտ դուրս եկավ։ Հետո իմացա, որ ափով գուշակությունը բավականին մեծ ուսումնասիրության է ենթարկվել ու նույնիսկ անուն ունի՝ հիրոմանտիա։ Աղջիկներով, ոչ էլ հիշում եմ որտեղից, մեզումեզ գտել էինք կյանքի, սիրո ու հաջողության գծերը ու փաստորեն հիրոմանտիա էինք անում իրար, այսինքն՝ բռնում ու սկսում էինք հերթով գտնել միմյանց մե՛կ կյանքի, մե՛կ սիրո, մե՛կ էլ հաջողության գծերն ու խոմ չէինք գուշակում ու վերլուծում։ Ըստ իմ ընկերուհիների հիրոմանտիայի՝ ես պիտի հինգ արու զավակ ունենայի։ Դե, ճիշտ չէ այն առումով, որ հինգ երեխա չունեցա, ցավոք, բայց որ արու զավակներ ունեմ, ճիշտ է։
Մեր հարկի երեք աղջիկ ունեցող Սամվելին գնչուհին գուշակեց, երդվեց իրենց բոլոր գնչու սրբերով ու խռպոտ ձայնով գնչուերեն ինչ-որ կախարդական բառեր ասաց, հետո բացեց աչքերը, այնպես, կարծես կապ էր հաստատել այլ աշխարհի հետ ու սկսեց թարգմանել․ ճիշտն ասած, ոչ ոք էլ չհասկացավ, թե որ լեզվից ու հատկապես՝ որ լեզու։
-Ցավդ տանեմ, ուրեմն չորրորդը հաստատ տղա է, չէ՞։ Մենակ տղա լինի, Ջահել ջան։ Քեզ մաղարիչ եմ անելու։ Թե չէ Կարինեն ասում է՝ չէ, որ չէ, ես տղա բերողը չեմ։ Լսու՞մ ես, Կա՛ր, տղա ենք ունենալու։
Ջահելն այն գնչուներից էր, որոնք մի ժամանակ Երևան էին գալիս դրամ վաստակելու, ու իմ սիրուն քաղաքը այն ժամանակ էլ լցված էր ոչ թե հնդիկներով, այլ՝ նրանց ցեղակիցներով։ Նրանց հատկապես կարելի էր տեսնել Աբովյան փողոցում։ Մեկ էլ մի խումբ երեխեք առաջը գցած, անհասկանալի բլբլոցներով, գոռում-գոչյունով գնում էին։ Անհնար էր որսալ գոնե մեկ բառ։ Թե բախտները բերեր՝ մեկին համոզեին, գոհ կմնային։ Ու վայ նրան, ով կտարվեր նրանց փայլփլուն գլխաշորերով, ծոպավոր շրջազգեստներով ու մեծ, երկար ականջօղերով։ Ամբողջ փողոցով լսվում էր նրանց դժգոհ հորդորը՝ դայ պագադայու, դայ պագադայու։ Ոմանք լուրջ, ոմանք անլուրջ կանգնում էին՝ հասկանալու էս ինչ է կատարվում, ու մեկ էլ ոնց էին հաջողացնում՝ երեք, կամ հինգ ռուբլիանոցը հայտնվում էր նրանց ձեռքում։ Ամենահետաքրքիրը հենց այս պահին էր տեղի ունենում․ ինչ էլ խլած լինեին անցորդի ձեռքից՝ երեք, հինգ, երբեմն էլ տասը ռուբլիանոց, միևնույնն էր նրանց համար, նրանք պիտի թքեին թղթադրամի վրա։ Նկատի չունեմ, թե թքած ունեին ռուբլու վրա, չէ, թքում էին բառի ուղիղ իմաստով։ Թքելու պահը ամենատպավորիչն էր ու հատկապես անցորդների ամենասիրած պահը։ Թե ինչու էին թքում, ամեն մեկս ունեինք մեր բացատրությունը։ Ո՞վ գնչուի թքոտ թղթադրամը հետ կվերցներ։
Ինչ-որ ամսվա մի օր Երևանի շենքերից մեկի հինգերորդ հարկում հանկարծ աշխուժություն սկսվեց։ Ու այս անգամ ոչ թե գնչուհին էր ինչ-որ մեկին առաջը գցած գալիս, այլ գնչուհին էր մեկի առաջն ընկած գալիս։ Չգիտեմ ինչու, բոլոր գնչուհիներն ունեին խռպոտ ձայն ու բոլորն էլ շատ արագաշարժ էին։ Սամվելն էր։ Ու չեմ էլ հիշում՝ որ կենտրոններից էր գտել Ջահելին ու բերել, հասցրել ծայրամաս։ Ջահելը երիտասարդ չէր, բայց ծեր էլ չէր։ Պատճառը մեկն էր՝ հավաստիանալ, որ չորրորդը տղա է ։
-Կարի՛ն ջան , արի տես էս ցիգանկան ինչ է ասում,- ուրախությունից Սամվելի աչքերը փայլում էին։
Ներսից դժգոհության ձայներ լսվեցին։
– Ի՞նչ ցիգանկա, ա՛յ տղա, հիմա էլ իրե՞ն ես կյանքդ պատմել։ Ամբողջ աշխարհին դարդերդ պատմել ես, ամոթ է, էլի՛։
– Արի՛, արի՛։ Տե՛ս, Ջահելը ինչ լավ բան պիտի քեզ ասի։
Կարինեն ապշել էր, ախր գնչուհին երիտասարդ չէր։
– Բայց դեռ ափս չի նայել, էդ ջահելը, ի՞նչ գիտես , որ հենց քո ուզած բանն է ասելու։
– Ճանապարհին պատմեցի, որ երեք աղջիկ ունեմ , նայեց դեմքիս, աչքերը փակեց ու իրենց լեզվով ասաց՝ օխոշ, հըբըբեշ, օխոշ։
– Այսինքն ի՞նչ՝ օխոշ մոխոշ։Դա լավ բա՞ն է, էդ ո՞նց հասկացար ինչ ասաց։
– Հաստատ գիտեմ, որ ասել է՝ չորրորդը տղա է։ Իմացավ, որ երեք աղջիկ ունեմ , ուրեմն հասկացավ, չէ՞, տղա եմ ուզում։
-Այ մարդ, ուզելը քիչ է։
-Դե՛ արի, տե՛ս՝ ոնց է քեզ էլ համոզելու, ես արդեն վստահ եմ, Կա՛ր, տղա է, տղա՛։
Գնչուհի Ջահելը բլբլաց, բլբլաց, հետո էլի օխոշ-մոխոշ, ինչ-որ բաներ ասաց ու վերջում ասաց՝ բա՛խտ։ Սամվելը նրան հարյուրանոց տվեց, ու սա սկսեց մեր հինգերորդ հարկի բոլոր ներկաների բախտը նայել։ Չգիտեմ՝ ինչ էր ասում, բայց մենք գոհ էինք։ Դե ինձ այդ տարի համալսարան ընդունվել էր պետք, ընդունվեցի, մյուսին ընտանեկան անդորր էր անհրաժեշտ, ստացավ, էն մյուսին լավ փեսացու, ոնց որ ստացավ լավ փեսացու։ Կարևոր էլ չէր՝ ինչ էինք փափագում, մենք գիտեինք, որ նա գիտեր բոլորիս ցավը ու բոլորիս հասցրեց մեր այդ պահի երազանքին՝ օխո՛շ, բա՛խտ։ Հիմա բոլորս սպասում էինք, թե երբ էին Կարինեն ու Սամվելը պլանավորելու իրենց չորրորդ երեխային, առաջին որդուն։ Ահագին ժամանակ մեր հարկում չափազանց խաղաղ էր։ Ու հենց այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել գնչուհի Ջահելի համընդհանուր գուշակությունների արարը, երբեմն իրար էին հանդիպում պաշտպանած ակնաբույժը, որը բուժել էր իմ աքաղաղին, Գրետը, որը տիրապետում էր բրնձով սպագետիի պատրաստման գաղտնիքներին, Սամվելն ու Կարինեն, որոնք դեռ պիտի պլանավորեին իրենց տղային, ում Թբիլիսիի իր հասցեն ու հեռախոսահամարն էր տվել գուշակը։ Հասցե տալը հավաստում էր չորրորդի հարյուր տոկոսանոց արական սեռը։
Հինգերորդ հարկի բոլորը կամ ամենքը, որոնք նորանկախ Հայաստանի քաղաքացիներ էին ու մենք, որ այդպես էլ մնացինք Հայաստանի քաղաքացի, սպասում էինք։ Պլանավորման հենց առաջին օրից բոլորն ու ամենքն իմացան, որ ինն ամսից ծնվելու է ըստ գնչուհի Ջահելի՝ սրբի տված արու զավակը։ Կապրենք , կտեսնենք։ Երբեմն-երբեմն , ավելի ճիշտ՝ գրեթե ամեն օր, լսելի էին դառնում նրանց տան անհանգստությունները ։
-Եթե տղա չի եղել, վեշերդ կհավաքես ու հայդե՝ հորդ տուն։
-Արա՛, ես ի՞նչ մեղք ունեմ, դու ու էն Ջահելը որոշեցիք , որ տղա է,- լեզվին էր տալիս Կարինեն։
Երբ հանդիպում էինք մեր ընդհանուր միջանցքում, հարցնում էինք միմյանց որպիսությունը, ու թվում էր, թե երբեք էլ չենք լսել փակ դռների հետևի խոսակցություններն ու ոչ մի բանից էլ տեղյակ չենք։ Իսկ Կարինեի հղիությունն արդեն ակնհայտ էր։ Մերթընդմերթ վախն ընկնում էր սիրտը, թե՝ բա որ աղջիկ լինի, ի՞նչ եմ անելու։ Իսկ մենք բոլորս՝ անվարան, շատ վստահ պնդում էինք ու էլի վկայակոչում Ջահելին։ Այո՛, կար ժամանակ, որ Երևանը ողողված էր գնչուհիներով, ամենուր գուշակում էին․ «աբու-աբու, կապու-կապու»։ Վերջում պարզվում էր, որ գուշակված անձը ամենաուժեղ, ամենահաջողակ, ամենաերկարակյացն է։ Իսկ տատիկս ինձ զգուշացնում էր, որ երբեք ու երբեք դուռը չբացեմ գնչուների առջև՝ գող են։
Իմ աղջկական հիշողության մեջ դաջվել էր Սամվելի ու Կարինեի՝ ինձ համար շատ անհասկանալի խոսակցությունը, ու երկար ժամանակ մտածում ու մինչ երեխայի ծնվելը թաքուն վախենում էի Կարինեի համար։ Չէի ուզում , որ նա հանկարծ անվերադարձ գնար հայրական տուն։ Հետո մտածում էի՝ ինչու՞։ Ի՞նչ վատ բան կա չորս աղջիկ ունենալու մեջ։ Մի՞թե երջանկություն չէ չորս երեխա ունենալը։ Ծանր էի տանում ու շատ էի ուզում, որ տղա ծնվեր։ Ուզում էի, որ տղա ծնվեր, որ նրանք միասին ապրեին։ Դեռ չէի էլ հասկանում, որ ամեն խոսք չի, որ իրականություն է դառնում։ Ի՜նչ իմանայի, որ հենց այնպես ասված խոսք էր պարզապես։
Նոփ-նոր անկախության կարևոր տարիներն էին, ամիսը՝ նոյեմբեր։ Մոտենում էր բաղձալի օրը, ու Սամվելը՝ բոլոր տղամարդկանց բնորոշ մեծ անհանգստությամբ, բայց սրտի թրթիռով սպասում էր այն պահին, թե երբ էին Կարինեի ցավերը բռնելու։ Տարիքով, փորձառու կանայք, նայելով Կարինեի փորի ձևին նույնիսկ ծննդաբերելու օրն էին ստույգացնում ու վերստին հաստատում՝ տղա է, փորդ կոկիկ է ու դեպի վեր, փռված չէ։ Ու ոչ էլ իմացանք, թե գիշերով ինչպես էր հասցրել ծննդատուն։ Միայն առավոտյան Սամվելի զրնգուն ձայնը լսեցինք ու ինքնավստահ շեշտերը։ Տղայոտ շեշտեր էին։ Ջահելը ճիշտ էր դեռ էն գլխից՝ անգամ առանց փորը տեսնելու։ Սամվելի քեֆին քեֆ չէր հասնում ու հանկարծ մի շատ կարևոր բան հիշեց․ պիտի զանգի գնչուհուն ու հայտնի իր տղայի լույս աշխարհ գալու լուրը։ Դժվար օրեր էին, դժվար նոյեմբեր, զանգելը գրեթե անհնար էր կամ հերոսություն։ Նրան հաջողվեց ինչ-որ տեղ զանգել, ապա ասաց քաղաքի անունը ու չվրիպելով մեկիկ-մեկիկ արտաբերեց այն բոլոր թվերը, որ գնչուհին էր գրել։ Շունչներս պահած սպասում էինք։ Լռության մեջ լսում էինք մեկս մյուսի սրտի բաբախյունը ու անհանգիստ շնչառությունը։ Ենթադրում էինք, որ պիտի լսեինք երախտիքի խոսքեր ու խոստումներ, նվերներ ու հրավերքներ։ Սամվելը կարծես պապանձվել էր, մի բան այն չէր։ Հետո նորից կրկնեց գնչուհու անունն ու ճշտումներ կատարեց, հուշումներ արեց։ Չէ՛, բան չփոխվեց։ Անչափ տխուր էր։
– Խաբեց,- հառաչեց Սամվելը։
– Ո՞վ խաբեց, տղա չե՞ս ունեցել,- շփոթվել էր իմ Արուս տատիկը։
– Տղան տղա եմ ունեցել,- աքլորացավ Սամվելը,- հասցեն ու հեռախոսահամարն է խաբել, այսինքն՝ յաբախտի էր բախտս նայել, ոչ թե իմ ու Կարինեի ձեռքի ափերի գծերը գուշակել։ Բա որ հանկարծ աղջիկ լիներ,- էլի խեղճացավ նա։
Մի կերպ սիրտ տվեցինք նրան, կարևորեցինք ընդհանրապես երեխայի ծնունդը՝ անկախ սեռից․ ու կարևորը՝ Կարինեն չի հավաքի իրերն ու գնա հորանց տուն։
Հիմա, շատ տարիներ անց, երբ իմ հոր տան շենքի ոչ մի հարևան վաղուց արդեն Հայաստանում չէ, ոչ էլ իմ ձեռքի ափով գուշակություն անող ընկերուհիները, որոնք միայն ամռանն են մի քանի շաբաթով Հայաստանում լինում, փորձում եմ ինքս գլուխ հանել իմ կյանքի, առողջության, հաջողության ու էլ չգիտեմ ինչ գծերից։ Բոլոր գծերն իրար են խառնված, ընդհատված, հետո նորից մի տեղից սկիզբ առած։ Իմ հիրոմանտիան իրար է խառնվել, իսկ իմ պետքն էլ չէ։ Ու շատ զարմացա, երբ իմացա , որ Ճապոնիայում մարդիկ վիրահատության են դիմում, որ ոչ թե քիթն ուղղեն՝ փոքրացնեն կամ ով գիտի՝ մեծացնեն, շուրթերին ծավալ հաղորդեն, այլ որ ձեռքերի գծերն ուղղեն, այդ գծերը երկարացնեն, ոչ թե սեքսուալություն, այլ երկարակեցություն են ուզում։
Չգիտեմ ինչից է, որ եթե մեկը նույնիսկ երեք տղա ունենա, չորրորդի սեռը պարզելիս չի ասի՝ տե՛ս, հա, եթե չորրորդն էլ տղա լինի, իրերդ կհավաքես ու հայդե՝ հորդ տուն; Ինչու՞ է երեք-չորս տղա ունենալը երջանկություն, իսկ նույնքան կամ նույնիսկ ավելի քիչ աղջիկ ունենալը՝ ապերջանկություն։ Ապրի Ջահելը, որ «յաբախտի» հաստատ գուշակեց, ու էլի մի հոգի ծնվեց։ Չնայած, որ տղա էր, Սամվելը վիրավորված էր։ Ու չգիտեմ էլ, թե շտապելը ի՞նչ կապ ունի տղա չունենալու հետ, բայց գիտեմ, որ մի քանի աղջիկ ունենալուց հետո տղա է ծնվում։