1
-Այսինչ գյուղում այսինչ թվին մեծ ջրհեղեղ եղավ։ Ողջ հողը ջրից մինչև է՜ն գլուխը կուշտ էր։ Ո՛չ ծաղիկ մնաց գետնին, ո՛չ խոտ, ո՛չ էլ գոնե աշնան մի խեղճ տերև։ Արուսը հոգնեց լվացքը պարաններին փռել-հավաքելուց ու ի վերջո շրխկոցով փակեց դուռը և ներս անցավ։ Բայց ջուրը համառ էր ու պնդաճակատ. Արուսի փեշի տակով տան մեջ էլ լցվեց։
Արուսը ջղային կնիկ էր ու փուշը միշտ գերան էր սարքում։ Թե արևը մի քիչ երևար, կասեր՝ լվացքս չիր դարձավ, թե օրինական ամուսինն ուշանար գործից, վայ-վույը կդներ ու կկարծեր, թե հիմա անհաց կմնան. դե, որ նրան գործից ազատեն, ինչո՞վ պիտի ապրեն։ Իսկ երբ Լուսիկի հետ կռվե՜ր՝ վե՜րջ. համաշխարհայինն սկսված էր։ Այս անգամ ոչ թե համաշխարհային սկսվեց, այլ՝ ջրհեղեղ։ Դե, ի՞նչ արած. դա էլ կանցնի։
Լուսիկը Արուսի տան վերևի հարևանն էր։ Հարևանն էր, որովհետև հիմա չկա, մեռել է։ Մեռե՞լ է։ Չէ՛, դա նորից Արուսն էր չափազանցրել։ Իսկ իրականո՞ւմ …
Իսկ իրականում Լուսիկը իր երեք աղջկան ամուսնացրել էր, որդուն էլ՝ դարձրել Արուսին օրինական ամուսին։ Լուսիկը դեմ էր, բայց նրանք իրար սիրում էին։ Ամեն դեպքում, գոնե Արուսն այդպես էր կարծում։
Երբ նրանք ամուսնացան, բայց, ճիշտն ասած, նրանք չամուսնացան, այլ մի օրով փախան գյուղից։ Միայն այդ ժամանակ Լուսիկը հասկացավ, որ ոչ թե հարս, այլ իսկական հարևան է ունենալու, ումից երբեմն սուրճ ուզել կարելի է, բայց միասին սուրճ խմել՝ չէ, լվացքի պարանը կիսել կարելի է, բայց լվացք անել խնդրել՝ չէ։ Արուսի օրինական ամուսինը, ճիշտ է, իր տղան է, բայց մոր զավակն ու օր ծերության ջուր բերողը չէ։ Լուսիկը երկար կծեց մատը, որովհետև բարդ է հասկանալը, երբ տղադ քեզ ոչ թե հարս, այլ հարևան է առնում։
2
-Ոտքս բարով լինի քո տուն, Արո՛ւս,- մի կերպ ասաց Լուսիկը, երբ որդու ամուսնանալուց միայն յոթ տարի հետո բացեց «հարևանի» դուռը։
Արուսն ինչպես կարգն էր ընդունեց նրան, նույնիսկ սուրճ ու մուրաբա հյուրասիրեց։ Լուսիկը երկար նայեց մուրաբային, հետո՝ իր որդուն. հայացքի մեջ համեմատական հարց կար. ի՞մ եփածն էր լավը, թե՞… Որդին ձայն չհանեց, միայն թե վերջում ինքը վեր կացավ և մորը ճանապարհեց … վերնահարկ։
Երկրորդ անգամ էլ այդինչ տարվա այդինչ օրն էր, երբ մի քանի կաթիլ ջուրը ջրհեղեղ դարձավ և այդինչ գյուղն իր տակ առավ։ Թե ինչպես Լուսիկի արած լվացքի ջուրը թափվեց «հարևանի» տուն, ոչ ոք չիմացավ։ Ասում էին՝ երկրաշարժ էր եղել, թափվել էր, բայց դրան չէին հավատում։
-Ի՞նչ կարևոր է, թե ինչ է եղել,-կռիվն աչքերում ասաց Արուսը։
Խոնարհ հարսի պես իջավ Լուսիկը, մի լաթով հատակն սկսեց սրբել, հետո որդու, չէ՛, հարևանի օրինական ամուսնու շորերը ձեռքն առավ ու փռեց պարանին։ Երբ չորացան, ծալեց, բերեց դրեց պահարանում։
Արուսն ապշած նայում էր նրան ու փեշը վեր քաշում՝ ցույց տալու համար, որ հատակը դեռ թաց է։ Ու հայելու մեջ ինքն իրեն էր նայում. նա այդ պահին անգամ Աստծո աչքերի մեջ կնայեր, միայն թե Լուսիկը չզգար, որ ինքը դարձյալ մի կաթիլ ջուրը մի կաթիլ մեղր է սարքել։
3
Հետո Արուսն արթնացավ ու մահճակալը դատարկ գտավ։ Վաղուց արդեն նրանք մի բարձ չէին կիսում, որովհետև չէին հանդուրժում իրար։ Անկողինը տեղը տեղին հավաքված էր, անգամ նախաճաշ կար սեղանին՝ երկու եփած ձու, պանիր ու երեկ թխած հաց, որի վրա Արուսի ձեռքերի տեղերը չէին։ Լուսի՞կը. միգուցե նա իմանա, թե ինչ է եղել իր որդուն, ուր է նա։ Բայց հանկարծ մտածեց՝ Լուսիկն ինչպես էր իմանալու Արուսի օրինական ամուսնու մասին։ Ու այդպես երեք օր նստեց մահճակալին, երբեմն վեր կացավ, մազերը սանրեց, լվացվեց, նայեց պատուհանից, հաշվեց տնից երևացող դաշտերը, ճաշ պատրաստեց, սեղան գցեց, նորից նստեց մահճակալին, վեր կացավ երբեմն, մազերը սանրեց…
Ասում են՝ այսինչ գյուղում այսինչ թվին այսինչ տան երկու հարևաններ ներքնահարկն ու վերնահարկը մոռացել, նստել են մի քարի ու մուրաբա են ուտում, և նրանցից ամեն մեկն էլ իր հերթին կարծում է, որ, մեկ է, իր եփածն ավելի լավն է։
Բայց երկուսի մեջ էլ ընդհանուր բան կա. նրանք սպասում են. օրինական ամուսնո՞ւն, օր ծերության ջուր չբերած որդո՞ւն, թե՞ այդ խաղից հոգնած մեկին, ով նայում է նրանց քարե տան մեջքից, ձեռքը թափ տալիս ու հեռանում։
Ո՞ւմ…
-Ո՞ւմ էին սպասում, պապի՛,-հանկարծ հարցրեց փոքրիկը։
-Ասում էին՝ ինձ,-ասաց պապն ու քթի տակ դառը ծիծաղեց։