Գրիգոր Գրիգորյան/FOOK BEST

Ես նախկին VIP մարմնավաճառ եմ, ես կույս եմ։

անհայտ գրիչ Պորսեմ Առաջին Ավագ

——————————————————————–

Էս տաքսիստները շատ «խոխմ տպեր» են, մեջներն ինչ տեսակ մարդ ասես՝ կհանդիպես։ Ես միշտ որոշակի սպասելիքով, ավելի շուտ` մտավախությամբ եմ նստում մեքենան․ դուռը փակում եմ, թե չէ՝ սպասում եմ ինչ-որ իրադարձության։ Նման կերպ ոչ մի անակնկալ չի լինում, ես արդեն պատրաստ եմ ցանկացած անկանխատեսելի խոսակցության։ Բայց էս մեկը «պռոֆի» էր, ինքը թրծված, հաճախորդների հետ տարբեր փորձարկումներ արած ու շինծու հոգեվերլուծական անտարբերություն կրող առեղծվածային «ստեղծագործություն» էր։

— Բարև Ձեզ, — փոքրիկ մեդիտացիոն դադար վերցրեց ու երգեցիկ ձայնով ավելացրեց․ — Դավթաշե՞ն։

— Այո՛։

Ու սպասում եմ։ Է՛լ ոչինչ։ Վե՛րջ։ Չի՛ շարունակում։ Ավտոմեքենան արդեն շարժվում է, իսկ նա չի էլ պատրաստվում խոսել, կարծես ես չկամ, կարծես Opel Astra-ի հետևի նստարանին նստած ոչ մեկն էլ չկա։ Բայց ես դեռ սպասում եմ։ Երբ առանց որևէ բառ ասելու խաչմերուկում զիջեց Mercedes-ին ու թարթիչների նուրբ շարժումով շնորհակալություն հայտնեց հաջորդիվ իրեն զիջած Mitsubishi-ին, հասկացա՝ սա, ամենայն հավանականությամբ, հաճելի բացառություն է։ Փոքր-ինչ հետ ընկա, շարֆս ուղղեցի, պայուսակիցս հանեցի գիրքը, որ վայելեմ վերջին տողերը, բայց «նե տուտ տը բիլո»․ խայծն արդեն ձկան բերանում էր, և ձկնորսը սկսեց ձգել պարանը։

— Գրո՞ղ ես։

— Դե, մեկ-մեկ գրում եմ։

— Արձա՞կ, թե՞․․․ Չէ, չէ՛, մի՛ պատասխանի, տեսքիցդ էրևում ա, որ բանաստեղծություններ ես գրում։

— Էդքան նկատելի՞ է։

— Էն էլ ոնց, ախպե՛րս, ես կիլոմետրերից ջոգում եմ բանաստեղծներին։ Դաժե կարամ ասեմ՝ ինչ ոճի մեջ ես գրում, ինչ մտորումներ ունես, ինչն ա քեզ գրավում, ինչը՝ տանջում․․․

— Ե՞վ։

— Բայց նեղանալ չկա, ապո՛, ես «պրյամոյ» տղա եմ, ճշմարտությունը ուղիղ մարդու ճակատին ասում եմ։ Դու կորած-մոլորած բանաստեղծ ես, շուտվանից քեզ փնտրում ես, ինչ-որ հանգերով բաներ ես գրում, հեռուն գնում՝ մոտիկը նայում, մոտիկը գալիս՝ հեռուն երազում․․․ ու տենց ավելի ես ինքդ քեզ կորցնում, նեղվում նրանից, որ քո ու փնտրածդ մյուս «քո»-ի մեջ տարածությունը, ես կասեի՝ անդունդն ավելի ա խորանում։ Հասկանո՞ւմ ես, պա՞րզ եմ ասում․ հեսա իմ ստիխերից մեկի տողերով բացատրվեմ, բռատը՛ս․

Քո երազներում քեզ ես որոնում, 
Բայց դու քնած չես, ապե՛ր,
Արթուն ես, անհո՜ւյս արթուն․․․

Հայելու մեջից հեգնաժպիտ ինձ էր նայում ու սպասում ինչ-որ արձագանքի։

— Փաստորեն՝ բանաստեղծ եք։

— Էլ մի ձևականություն արա, կոլեգա՛, բայց քեզ Fook Best-ում չեմ տեսել էս տարի։ Դե գիտես, տարվա ամենակարևոր գրական իրադարձությունն ա։ Նախարարությանը մալադեց, — խոսքին գոհունակ երանգ հաղորդեց, —էս անգամ մոշնի էին կազմակերպել․ երկհարկանի մեծ հարսանիքի զալ էին վերցրել, սիրուն տաղավարներ սարքել, լիքը գրքեր լցրել գրադարակներում, դասական երաժշտություն, դաշնամուր-մաշնամուր էին նվագում․․․ մի խոսքով, շատ հավես անցավ։ Դե, վերջում էլ, ոնց գիտես, մրցանակաբաշխություն էր։ Իսկ քո խոնարհ ծառան բանաստեղծության ժանրում 1-ին տեղ վերցրեց, անցյալ տարի 3-րդն էի։ Իսկ դու ինչ-որ ժանրում մասնակցո՞ւմ էիր։

Ուզում էի մի պատասխան մտածեի, արդարանայի, որ չեմ էլ լսել էդ Fook Best-ի մասին, երբ տաքսիստը շարունակեց․

— Ձեր նման հանգեր բռնող հնադարյան բանաստեղծներն արդեն էլ արդիական չեն, ցա՛վդ տանեմ, դուք պիտի արձակ-մարձակում ձեզ փորձեք, էնտեղ կարող ա բախտներդ բերի։ Մենք՝ նորերս, ոտի վրա արարում ենք․․․ մտքներս սուր ա, աչքներս ամեն բան բռնում ա, ոչ մի բան բաց չենք թողնում, ոչ մի մանրուք չի վրիպում, իրականությունը տեղում ճըպը՛ցնում ենք տողերում ու «ռիալիզմը», ախպո՛ր տղա, նորաստեղծ մեղրի պես ծորում ա էդ տողերից։ Հնի խարխուլ պատերը տեղում ջարդում ենք, քանդուքարափ անում, փոշիացնում ու քամին տանում՝ կորցնում ա էդ հնացած կեղտը։ Իսկ հետո նորի մեջ ապագան ենք խցկում ու տաք լավայի պես ժայթում ենք ամենուր։ Մի նեղացի, ախպե՛րս, բայց պիտի ճիշտը լսես, որ առաջ գնաս, թե չէ կնեխես էդ ձեր սևակախաբեության մեջ․․․

Կրկին ուզում էի պատասխանել, մեկ էլ մեքենան աջ քաշեց, կանգնեցրեց ու պտտվելով իմ կողմ՝ բեմական սեթևեթանքով շարունակեց․

— Հլը դու մենակ զգա․

Քո ունքերից լուռ կախված եմ,
Մտքերումդ խոր թաղված եմ,
Վտի՜տ, մաքո՜ւր, ցնո՜ր էակ,
Միակ, միակ, դո՛ւ իմ միակ․․․
Մաշնեն մոյկից վերցել եմ,
Վատն ու կեղտը ես ցրել եմ,
Հոգուս փոշին վերացրել եմ,
Քոնն եմ, ծի՛տս, քո մարալն եմ․․․

Զգացի՞ր։

— Ի՞նչը։

— Ամե՛ն ինչը։ Կյանքի տարբեր խորխորատներից հավաքել եմ, պոկել ու քաղել եմ, սուր տեղերը տաշել, պլպլացրել, զգացմունք ու իրականություն մի ամբողջության մեջ միավորել եմ ու ամենասիրուն ձևով լույս աշխարհ հանել։ Ծնունդ ա, հասկանո՞ւմ ես, պոեզիայի տատմերն եմ, չեղած տեղից կյանք եմ ստեղծում, ամեն տողում շունչ կա, ամեն բառում բաբախյուն ա․․․ Բայց դու դժվար էդ ամենը զգաս։ Ճի՛շտ ա, լավ մարդ ես էրևում, բայց սխալ ու բորբոսնած պոեզիայով դաստիարակված սերնդից ես, ապո՛, էկել հասել ես մի կոշտ քարի ու տեղում անհույս դոփդոփում ես։

— Մդա՜, — չգիտեի՝ ինչ ասել, ինձ ոնց պահեի ու այլևս բան չէր մնում, քան բարձրաձայն մտածեի,-իսկ կարո՞ղ ա մյուս տարի դրամատուրգիա ժանրին մասնակցեք։

— Մտածել եմ, — ծխախոտը վառեց վարորդը, — բայց ըտեղ մեր ավտոբուսի «շոֆեռները» մրցակցությունից դուրս են․ դե, իրանց առօրյան մերինի հետ չես համեմատի, ավտոբուսներում ամեն օրը մի բեմադրություն ա, դրամա ա, ծերո՛ւկ, դրա համար էլ 45-ի Գագոն արդեն 3-րդ տարին ա դրամատուրգիայի ժանրում խզարում ա․․․ 1-ին տեղն իրանով ա արել, սուկա՛ն։ Հետո, ախպորս ասեմ, ժյուրիի կազմում, խոսքը մեր մեջ, էս քանի տարի ա տրոլեյբուսի պարկի Գուլոն ա թառել․․․ իսկ ըտեղ տղերքը մեկը մեկին լավ ձեռ են գցում։ Իմը պոեզիան ա, ձյա՛ձ ջան, ես ինձ ըտեղ լավ էլ գտել եմ, էդ լրիվ իմ օվկիանոսն ա, իսկ ես արյունախում ակուլա եմ, հասկանո՞ւմ ես, ըտեղ սահմաններ ու կանոններ չկան, քաոս ա, ստեղծագործական անեզր քաոս․․․

— Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում, — մտամոլոր պատասխանեցի ես ու մեքենայի դուռը բացելով՝ որոշեցի հնարավորինս շուտ լքել Opel Astra-ի շատ հյուրընկալ վարորդին։ — Ես երևի էստեղ էլ իջնեմ, ոտքով կգնամ։

— Շատ մի նեղվի, ա՛յ ցավդ տանեմ, նորմալ պրոցես ա։ Դու ինձ լսի՝ քեզ արձակում փորձի, ըտեղ դեռ հին պահերը մոդա ա, մենք հլը էդ դաշտ չենք մտել։ Հետո էլ Fook Best-ին կմասնակցես, ես էլ ինչով պետք ա կօգնեմ, խմբագրում ա, խորհուրդ ա, եսիմ․․․ ժյուրիի տղերքին էլ ինչ-որ պետք ա կասենք, սաղ մերոնք են,  քեզ լավ կնայեն։ Հասկանում ես, չէ՞։

— Չէ՛, չէ՛, եղբա՛յր, պետք չի ոչ մի բան։ Ես գնամ, շատ շուտ գնամ, սպասում են․․․

Արագ ծլկեցի, փախա, մեծ արագությամբ հեռացա մեքենայից՝ ինքս էլ չհասկանալով, թե որ ուղղությամբ են ինձ տանում ոտքերս։ Հասա մարդաշատ կանգառ ու ակամայից սկսեցի բարձրաձայն քրքջալ․․․ քրքջալ ու ինքս ինձ մտածել, թե մեր էսօրվա «գրդոնչիների» մեջ ինչքա՜ն շատ մշակութային գործիչ կա։

Please follow and like us:

1 thought on “Գրիգոր Գրիգորյան/FOOK BEST

  1. Գրիգոր ջան,շատ լավ ես է գրել,շատ․․․բառախաղը ընտիր,վերնագիրը ՝ գտնված․․․շատ ստացված պատմվածք է,աբրիս

Comments are closed.