Մհեր Շահնազարյան/ԳՅՈՒՄՐԻ−ԵՐԵՎԱՆ

Ձմեռվա այդ գիշերը ես և ընկերս՝ Տիգրանը, Գյումրիից Երևան էինք վերադառնում, երբ մեր մեքենան խափանվեց։ Կապոտը բացելուց և ոչինչ չհասկանալուց հետո կանգնեցինք ճամփեզրին, սկսեցինք անցնող−դարձող մեքենաներին ձեռքով անել։ Մի քանիսը կանգ առան, սակայն վարորդները չկարողացան մեզ օգնել։ Հույսներս դեռ չէինք կորցնում. չէինք ցանկանում ավտոքարշակ ծառայություն զանգել՝ մտածելով, որ խնդիրն այդքան էլ մեծ չէ։

— Գնանք կողքի գյուղը,— առաջարկեց ընկերս։

Ես նայեցի Արագած լեռան ստորոտին կուչ եկած առկայծող լուսափնջի ուղղությամբ։

— Հեռու չէ՞,— վարանեցի։

— Կես ժամ հետո էնտեղ ենք, էլ չասեմ, որ հնարավոր է՝ մի բարի վարորդ ճամփից մեզ վերցնի…— հուսադրեց նա։

— Էս ժամին դժվար թե արհեստավոր գտնենք։

— Առանց արհեստավորի գյուղ գտնելն ավելի դժվար է։

— Հա՛, բայց քնած կլինեն,— ամեն դեպքում փորձում էի ցրել գյուղը գնալու միտքը, քանի որ դա բավական հեռու էր երևում, իսկ մենք այդ օրը շատ էինք քայլել Գյումրիի ինքնատիպ և արվեստաշուք փողոցներում, և ինձ հոգնած էի զգում։— Ավելի լավ չի՞՝ էվակուատոր կանչենք։

— Միանգամից դրա մասին ես մտածում, չէ՞,— վրդովվեց Տիգրանը։— Հնարավոր է՝ ընդամենը մի փոքր խնդիր է։ Եթե պետք լինի, արհեստավորին քնից էլ կհանենք, տնից էլ։ Որ գլուխ չհանի, էվակուատորը կա ու կա։ Համ էլ մի քիչ քեզ նեղությո՛ւն տուր։ Ջահել տղա ես, էս մի փոքր տեղը չե՞ս կարող քայլել։

— Մի փո՞քր, չէ մի չէ՜… Մոռացար, որ քեզնից ինը տարով մեծ եմ։

— Էլ մի՛ սկսի։ Գնացինք։

— Բա ավտոն էսպես թողնե՞նք։

— Կհրենք բանուկ հատվածից դուրս, դռները կփակենք։ Մեկ է, հետ ենք գալու։ 

Համոզեց։ Այդպես էլ արեցինք ու ճամփա ընկանք։

Համարյա մեկուկես ժամ ճանապարհ անցանք մինչ գյուղը։ Կեսգիշերն արդեն մոտ էր։ Զգացի՝ ընկերս մտախոհ էր. երևի կարծում էր՝ իր հաշվարկներում սխալվել է։ Նա էլ էր հոգնել։ Հավանաբար հույսը դրել էր այն բարեսիրտ վարորդի վրա, որ այդպես էլ կանգ չառավ։ 

Ծուռումուռ և նեղլիկ փողոցներում մարդ չտեսնելով՝ գլխիս մեջ վաղուց կարդացածս հեքիաթի պես մի կատարելություն պատկերացավ, որտեղ գյուղի բոլոր մարդիկ ամբողջ ցերեկը քրտնաջան և ջանասիրաբար աշխատում են, իսկ գիշերը քաղցր քուն մտնում անհոգ երեխայի նման։ Մի պահ նույնիսկ նախանձեցի նրանց, քանի որ վաղուց կախարդական քնով չէի քնել։ Սկսեցինք թակել այն տների դռները, որտեղ դեռևս լույս էր վառվում (դե, խիղճը լավ բան է)։ Առաջին դուռը բացեց մի երիտասարդ կին՝ կարմրած աչքերով, և մեզ նայեց կասկածամիտ հայացքով։ Ինչպես պարզվեց (և ինչպես հասկացանք), նա առհասարակ անծանոթ էր այդ գյուղին, ուր մնաց, թե արհեստավորի տեղ իմանար։ Իր հայրենի բարբառով կցկտուր պատասխանեց մեր հարցերին, և ենթադրեցինք՝ վերջին շրջանում Արցախից բռնի տեղահանվածներից է, որ ապաստան է գտել այդ փոքրիկ, աչքից հեռու գյուղում։ Երկրորդ դուռը բացած միջին տարիքի տղամարդն այնքան խճճված բացատրեց ինչ−որ արհեստավորի տան տեղը, որ փոքրիկ գյուղը երևակայությանս մեջ վերածվեց հսկա լաբիրինթոսի։ Քաղաքավարությունից դրդված՝ մենք միայն շնորհակալություն հայտնեցինք ու հեռացանք։ 

Ասում են՝ Աստված երրորդություն է սիրում։ Բախեցինք հաջորդ տան դուռը, որը կարճ փողոցի մյուս ծայրին էր՝ լեռան ստորոտն ընդգրկող անտառոտ շերտի հովանությամբ։ Դռան մեջ հայտնված տարեց կնոջ զարմացախառն հայացքի մեջ ինչ−որ երեխայական բան կար (գոնե ինձ այդպես թվաց)։ Բարևեցինք, բայց բարևի փոխարեն նա անխոս մեզ նայեց հրճվանք արտահայտող դեմքով. կարծես վաղուց մեր գալուստին էր սպասում։

— Մայրի՛կ ջան, տանը տղամարդ կա՞։ Բան ենք ուզում հարցնել,— խոսեց ընկերս։

— Հա՛, ո՞նց չկա։

— Վարդի՛կ, էդ ո՞վ է,— ներսից լսվեց թավ և խռպոտ ձայն։

— Ջահել տղամարդիկ են, Վախթա՛նգ։ Քեզ են ուզում։

— Բա ասա՛՝ ներս գան։

— Եկե՛ք, եկե՛ք,— ամուսնու խոսքից սրտապնդված՝ ներս հրավիրեց կինը՝ գրեթե իրեն կորցրած։ 

Ներս մտանք։ Հյուրասենյակի շեմին երևաց Վախթանգը՝ մի քիչ կռացած մեջքով, ճեփ−ճերմակ մազերով ու մորուքով։ Այր և կնոջ թերևս միակ նմանությունը, որ նկատեցի, միևնույն բարեխնդիր հաշտվողականությունն էր, որ դրոշմված էր նրանց դեմքերին։

— Արհեստավոր ենք փնտրում, պապի՛,— միանգամից ասաց Տիգրանը։

— Կարո՞ղ է իմանաք՝ ձեր գյուղում…— շարունակեցի ես, բայց ծերն ընդհատեց.

— Ճամփին եք մնացե՞լ։

— Հա՛։ Ավտոն էլ թողել ենք, ոտքով եկել։

— Դռները փակե՞լ եք։

— Փակել ենք։

— Էս ժամին արհեստավոր գտնելը դժվար է,— ասաց ծերուկը, և մենք հիասթափվեցինք։

— Բա ի՞նչ ենք անելու։

— Էդպես որ կանգնած մնաք, բան էլ չեք անի։ Առա՛ջ եկեք, նստենք, խելք խելքի տանք։

Այնուամենայնիվ, այդ առաջարկը մեզ հուսադրող թվաց, և Վարդիկի տրամադրած հողաթափերը հագնելուց հետո (մեր ոտքերը վերջապես շնչեցին՝ ազատվելով ձմեռային ծանր սապոգներից) հետևեցինք Վախթանգին։ Հյուրասենյակ մտնելով՝ հաճելի տաքությունը գրկեց մեզ, և առաջին բանը, որ գրավեց ուշադրությունս, ճարճատող վառարանն էր (քանի որ մրսած էինք)։ Նստեցինք փափուկ բազմոցների մեջ, ու երանավետ հանգստություն տիրեց մարմնիս. եթե ամոթի զգացումը չլիներ, տեղնուտեղը կքնեի։

— Չայ բերե՞մ, էրեխե՛ք ջան,— սիրալիր հարցրեց Վարդիկը։ 

Մարմիններս պատած ջերմությունից զատ՝ ինչ−որ հարազատական բան զգացինք այդ տանը, քանի որ «ջահել տղամարդիկ»−ից դարձել էինք «էրեխեք»։

— Մի՛ հարցրու, գնա՛ ու բե՛ր,— մի քիչ նախատինքով վրա բերեց Վախթանգը։— Մրսած են, կտաքանան։ Սեղա՛նն էլ գցի, հաց ուտենք։

Մենք նույնիսկ փորձ չարեցինք ուրիշի տանը հաց չուտելու ձևական քաղաքավարությունը պահել, որովհետև փորներս սովից կտոր−կտոր էր լինում։ 

Արագ տաքանալուց հետո սկսեցի ուսումնասիրել սենյակը, և ուշադրությունս առավել գրավեց սովորականից մի քիչ մեծ գունավոր լուսանկարը, որ խնամքով դրված էր դարակներից մեկի վրա։ Դրանում երիտասարդ ընտանիք էր պատկերված։

Մինչ տիկին Վարդիկը սպասքադրում էր սեղանը՝ մի սրտաճմլիկ երգ դունդունալով, Վախթանգ պապը մեկնվել էր մաշված և հին դիվանին, գլխի տակ խցկել քաթանե մութաքան ու բաղձական հոգոցներ էր հանում։ Հաստ գուլպաներով փաթաթված նրա ոտքերն անախորժ բուրում էին։ Անմիջապես ենթադրեցի, որ հոգնատանջ դիվանը նրա հիմնական պառկելատեղն է, և տան համեմատաբար նոր կահ−կարասու մեջ դա միակ նմուշն է, որ դուրս չէր տարվել պապի ցանկությամբ (ավելի ճիշտ՝ պապի խիստ պահանջով)։ Ես նայում էի լուսանկարի մեջ պատկերված տղամարդուն, որ ուրույն նմանություն ուներ Վախթանգին (դժվար չէր հասկանալը, որ նա ընտանիքի որդին էր), և մտովի ենթադրեցի (չգիտեմ՝ ինչու), թե այդժամ ընտանիքով ինչ−որ տեղ խնջույքի են մասնակցում և կվերադառնան ուշ գիշերին։ Գուցե երևակայությունս ընդլայներ իր սահմանները, եթե ծեր տանտիրոջ թավ ձայնը չսթափեցներ ինձ.

— Մոտավոր գիտե՞ք, թե ինչից կլինի։

— Չէ՛, գլխի չընկանք,— պատասխանեց ընկերս։

— Թազաների՞ց է։

— Հա՛, «Նիսսան» է։

— Հիմի հազար անուն ունեն։ Դրանով էլ են մարդու ուղեղը ջարդում, իբր էս երկրում առողջ գլուխ է մնացել։ Բա մեր ժամանակ հեշտ չէ՞ր. եղածը՝ մի քանի մարկա՝ «Պոբեդա», «Քսանմեկ», «Մոսկվիչ», «Ժիգուլի», «Վիլիսն» ու «Նիվան» էլ ձեզ փեշքեշ։

— «Քսանչորսը» մոռացար, պապի՛։

— Որովհետև «Քսանչորս» չեմ քշել. դրան սովետի պաշտոնավորներն էին քշում։

— Բա «Չայկա՞ն»։

— «Չայկայով» Բրեժնևն ու Խրուշչովն էին ման գալիս, դուք էլ հո չասի՞ք,— ասաց Վախթանգը բարեպաշտ վրդովվածությամբ։

Հասկացա, որ Խորհրդային Միության փլուզումից 32 տարի անց այդ մարդը կիսով չափ դեռ ապրում է այնտեղ…

Երբ արդեն սեղան էինք նստել, Տիգրանը հարցրեց.

— Բա տատը չի՞ գալիս։

Ես միայն նրա ասելուց հետո նկատեցի, որ ծեր տանտիրուհին սենյակում չէր։

— Կնիկարմատ է, տղամարդկանց հետ ի՞նչ նստի,— առարկեց Վախթանգը։— Հիմի գուլպա է գործում, որ ոտքերս տաք լինեն։— Վերցնելով օղու դատարկ բաժակը՝ նախատինքով նայեց ինձ՝ ասես հիշեցնելով Կուտուզովի դաժան ճակատագրի լեգենդը, որ հորինված է խմողների շրջանում։ 

Ես փութացի լցնել բաժակները, և տանտիրոջ բաժակաճառից հետո խմեցինք՝ բացի Տիգրանից։ Մինչ ես դեռ սանձում էի դիմախաղս, քանի որ օղին շատ թունդ էր, Վախթանգը խիստ հայացքով նայեց ընկերոջս, ասես վերջինս ծանր մեղք էր գործել։

— Էս չխմեցի՞ր, ջահե՛լ։

— Վարորդ եմ, պապի՛,— փորձեց տակից դուրս գալ Տիգրանը։

— Տո՛, քեզնից ի՞նչ վարորդ։ Վարորդը հո մենակ ղեկը բռնելով չէ՞։

— Պապի՛ ջան, ոստիկանների հավեսը չունենք,— օգնության հասա ես։— Գիշեր է, երկար ճանապարհ է. հազար ու մի փորձանք կարող է պատահել։

— Ինձ բան ես բացատրո՞ւմ, ջահե՛լ,— առավել վրդովվեց ծեր տանտերը։— Էս գիշեր ձեզ բաց թողնող չկա, որ մի հատ էլ դրանց ձեռքն ընկնեք։

— Դե… ո՞նց մնանք։ Ավտոն հո չե՞նք թողնի էնտեղ,— փորձեցինք չեմուչում անել։

— Ճամփի վրա չե՞ք թողել։

— Հա, ճամփեզրին է։

— Ավտոյին բան չի լինի։ Հազար անցնող−դարձող կա, դուխ չեն անի։ Կարևորը՝ դռները փակել եք։

Ես ու ընկերս մի պահ վարանում էինք․ առաջարկը որքան սպասելի, այնքան էլ անակնկալ էր։

— Էլ չենք քննարկում։ Էս գիշեր իմ հյուրն եք, հյուրն էլ ինձ համար թանկ բան է։ Կմնաք, առավոտն էլ արհեստավորի հետ կգնաք ձեր գործով: Դու թասերը լցրո՛ւ,— ասաց ծերը՝ ձեռքով շփելով դեմքը, որ արդեն կարմրել էր մեկ բաժակ օղուց։— Վարդի՛կ, Վարդի՛կ,— ձայն տվեց կնոջը, որը երևաց շեմքին՝ երկու մեծ ասեղներից կախված գործվածքի փոքր կտորը ձեռքին։

— Ավտոյին հաստատ բան չի լինի, չէ՞,— փսփսաց ընկերս, մինչ տանտերը կարգադրություն էր անում կնոջը։

— Չէ՛, դե, ի՞նչ պետք է լինի,— հուսադրեցի ես, չնայած այնքան էլ վստահ չէի։

— Լցրե՞լ եք։ Դե վերցրե՛ք, վերցրե՛ք,— կրկին մեզ դարձավ Վախթանգը։— Կուտուզովի աչքը քո՛ռ մնա. դա որ չլիներ, ի՞նչ էինք անելու,— ծիծաղեց։

Տիգրանը մտահոգ ինձ էր նայում (մինչ տանտերը երկրորդ բաժակաճառն էր ասում), և ես հասկանում էի նրան։ Օղին չխմելու համար ասված պատճառը հօդս էր ցնդել, և այդժամ նա ստիպված էր խմել, քանի որ անիմաստ էր այդ գեղջկական կոպիտ մարդուն բացատրել հիմնական պատճառը։ Բանն այն էր՝ ընկերս պատրաստվում էր հերթական ժառանգի հարց լուծելու, և բժիշկներն արգելել էին նրան խմել մի որոշ ժամանակ։ Բարեբախտաբար, պապի ճառն այնքան երկար էր (նա խոսում էր երիտասարդ սերնդի մասին՝ մաղթելով նրանց երկար տարիների կյանք, ինչպես նաև շուտափույթ խոհեմություն նրանց տակավին խակ գլուխներին), որ ես հասցրի պարտադրված խմել փոքրիկ պլաստմասսայե շշի միջի ամբողջ ջերմուկը և դատարկ շիշն աննկատ ուղղել ընկերոջս։ Նա հասկացավ, թե ինչ էր պետք անել, մնացածը վարպետության հարց էր։ Մի բան պարզ էր՝ ծեր տանտիրոջ ահարկու նախատինքը (սեղանի շուրջը չխմելու համար) մեր երեկոն մղձավանջի կվերածեր, բայց մյուս կողմից էլ՝ չէի կարող թույլ տալ, որ ընկերս զրկվեր իր մուրազից։

Վերջապես պապն ավարտեց կենացը, և խմեցինք… Ես ժպտացի՝ տեսնելով ընկերոջս առաջ դրված օղու դատարկ բաժակը, երբ նա փաստացի չէր խմել։ Բացահայտեցի, որ Տիգրանը դերասանական հմտություն ունի, երբ բաժակը շրթունքներին սեղմելուց հետո այնպես ծամածռեց դեմքը, որ նույնիսկ ես մի պահ հավատացի, թե խմել է։

— Ա՛յ ապրես, բա որ էդպես ղոչաղ տղա ես, ինչի՞ էիր խունջիկ−մունջիկ գալիս։ Իմ ու Վարդիկի քաշած արաղն է. մեռոն է, մեռո՛ն։

Մի քիչ ուտել−խմելուց ու զրուցելուց հետո, երբ կրկին հայացքս ընկավ լուսանկարին, հարցրի.

— Պապի՛, բա նեղվածք չի՞ լինի, որ մնանք։

— Ի՞նչ նեղվածք, տո՛ Աստծո օրհնած, էս լենուբոլ տանը չե՞ք կարում տեղ գտնեք,— բորբոքվեց Վախթանգը։

— Դե… ուզում եմ ասել, որ ձեր տղեն, հարսն ու էրեխեն գան…— հետո լեզուս պապանձվեց, երբ նկատեցի ծերունու առավել խոժոռված հայացքը։

Հարևանցիորեն Տիգրանի դեմքն էլ որսացի, որ կարծես հարցնում էր. «Իբր ի՞նչ ասացիր»…

— Բաժակները լցրո՛ւ,— մռնչաց Վախթանգը՝ ձեռքով սրբելով քրտնած ճակատը։

Անմիջապես գործի անցա. զգում էի, որ ուզում է ինչ−որ հատուկ բան ասել։ Բայց այս անգամ ոչ մի կենաց չհնչեց, և լուռ խմեցինք, «խմեց» նաև ընկերս։ 

— Ջահե՛լ,— վերջապես խոսեց ծերը։— Տղիս ընտանիքը եթե անգամ գա էլ, էս տանը միշտ էլ տեղ կա հյուրերի համար։ Իսկ տղես… տղես երբեք չի գա,— նա հանկարծ լցրեց աչքերը՝ հազիվհազ զսպելով լացի պոռթկումը, որ խաղաց նրա շուրթերին։ 

Ես ու ընկերս մտախոհ իրար նայեցինք։

— Վատ բա՞ն է պատահել, պապի՛,— հարցրեց Տիգրանը։

— Պատահել է։ Քառասունչորսօրյան է պատահել։ Էդ պատերազմն իմ աչքի լույսն էլ մարեց,— մրմնջաց՝ հայացքը փոխադրելով լուսանկարին, ապա հեկեկաց։

Ես ու ընկերս շվարած էինք։ Երևի ներքուստ շատ էինք ուզում վեր կենալ, գրկել այդ վշտաբեկ մարդուն ու մխիթարել, բայց մի՞թե այդ ցավը մխիթարվում է… 

Մյուս կողմից էլ՝ մեղքի զգացումն էր ինձ կրծում, որ անգիտաբար փորփրեցի ծերունու վիշտը։ 

Հերթական բաժակները լուռ խմելուց հետո Վախթանգը հառաչեց, մի սիգարետ վառեց ու խոսեց.

— Ճարտարագետ էր Արկադիս։ Երեսուն տարեկան էր, բայց չէր ամուսնանում։ Ամեն օր նախատում էի. «Ա՛յ տղա, դու էդպես սպասում ես, կյանքն էլ հո չի՞ սպասում. երգող առվի նման կողքովդ վազում է, հետ բերողը չե՜ս… Ամուսնացի՛ր, որ օր ծերության անտեր չմնաս, մի բաժակ ջուր տվող ունենաս»։ Ասում էր. «Ա՛յ հեր, ձեռքիս կարգին փող չկա, որ ամուսնանամ, ո՞նց եմ պահելու»։ Ջղայնանում էի. «Հալալ կաթնակեր աղջկա հետ փող էլ կունենաս, ամեն ինչ էլ»։ Պատասխանում էր. «Իմ կողքի աղջիկը պետք է թագուհու պես ապրի»։

Ես արցունքներ նկատեցի, որ դանդաղ գլորվեցին նրա խորշոմած ու խամրած աչքերից։

— Վերջը ուզածն արեց։ Գնաց Ռուսաստան, ինչ−ինչ գործերով զբաղվեց, լավ փող աշխատեց, եկավ, էս տունը վերանորոգեց ու ամուսնացավ։ Լույսի պես մի աղջիկ ունեցան։ Արդեն բլբլում էր էրեխեն, մամա−պապա, տատա−պապու էր ասում, բայց պատերազմը սկսվեց։ Ասաց, որ ուզում է կամավոր գրվի։ Ներսումս մեծ ցավ ապրեցի, բայց ձեն չհանեցի. մեկը մինուճար որդիս էր, մյուսը՝ մինուճար հայրենիքս, ո՞ր մեկին կողքի դնեի, երկուսն էլ միևնույն սիրտն են, որ բաբախում է կրծքիս տակ։ Թող ինձ քարկոծեն որպես հեր, որ որդուս՝ կռվի դաշտ գնալուն չխանգարեցի, թող մեղադրեն՝ առանց ապրելու էն ցավը, որ ես ունեմ։ Հիմի որ մտքով աշխարհը ման գաս, ուրիշին մեղադրելուց ու քննադատելուց ավելի հեշտ բան չես գտնի, իսկ իմ ցավը միակ անգին բանն է, որ հետս գերեզման եմ տանելու…

Մենք հուզվել էինք, կարեկից հայացքով նայում էինք այդ ծեր մարդուն, չնայած ներքուստ զգում էինք, որ նա ամենևին էլ կարեկցանքի, առավել ևս սփոփման կարիք չունի։

— Փաստորեն ձեր տղեն…— ուզում էի միտքս պարզաբանել, բայց Վախթանգն ընդհատեց.

— Իմ տղի հետ էլի 3 հոգի են կռվել մինչև վերջ։ Հենց նրանցից մեկն է ինձ պատմել իրենց հետ պատահածը…— ու վառելով հաջորդ գլանակը դեմքի այնպիսի արտահայտությամբ, որում կար և՛ դառնություն ու ափսոսանք, և՛ ոգեշնչում ու հպարտություն, շարունակեց։— Կամավորների մի ջոկի մեջ են եղել, որոնց բեռնատարով տարել են կռվի դաշտ, ու հենց իջել են, տուրուտրաքոցն սկսվել է։ Ասում էր՝ էդպիսի ահավոր բան նույնիսկ կռիվ կինոներում չէր տեսել. վայրկյանի մեջ հարյուրներով պատրոններ էին: Մի պահ հետ են նայել, տեսել, որ հրամանատարներից ոչ մեկը չկա։ Մտածել են, թե խփել են նրանց, բայց ես էդպես չեմ կարծում։ Տղե՛րք, աշխարհը հայ իգիթի նման իգիթ չի ծնել, ոչ էլ՝ հայ դավաճանի նման դավաճան։ Էդպես, սողեսող անցել են քարերի հետև, մտել փոսերի մեջ ու պաշտպանվել։ Ջոկի տղերքի մեծ մասը զոհվել է…

— Վախթա՛նգ ջան, ջուրը դրել եմ՝ տաքանա, որ ոտքերդ լվանաս,— լսվեց հանկարծ շեմքից, և պատմության լարված թելից կտրվելով՝ մենք ինքնաբուխ բարկությամբ նայեցինք տիկին Վարդիկի` անմեղ ու մի քիչ շփոթված դեմքին։

— Ա՛յ կնիկ, ոտքերս լվանալու վախտ գտա՞ր։ Գնա՛, գուլպադ գործի՛ր կամ մտի՛ր տեղերդ ու քնի՛ր։ Տղամարդիկով նստած՝ խոսում ենք։

Վարդիկը ձեռնունայն հեռացավ։

— Հետո ի՞նչ է եղել,— հարցրինք անհամբեր։

— Դուք բաժակները լցրե՛ք։

Հայ ազգի քաջ մարտիկների կենացը խմելուց հետո Վախթանգը շարունակեց.

— Չորս հոգին ճարը գտել, ճողոպրել են էդտեղից, որ կոտորածի մեջ չընկնեն, ու մի առանձին տեղ միացել են։ Մտել են կողքի փոքր անտառը։ Ասում էր՝ էդ փախուստը հրաշքի պես բան էր, որ մինչև անտառ իրենց չնկատեցին, քանի որ բոլոր կողմերից թշնամու աչք կար. ներքևում թվանքն ու հրետանին էր, վերևում՝ էն թռչող անտերները, անունն ի՞նչ էր…

— Անօդաչուն,— հիշեցրեց Տիգրանը։

— Հա՛, դրանք։

— Բա տղերքը չե՞ն կոտորել,— հարցրի զուտ սիրտս հովացնելու համար։

— Կոտորել են, բայց անիրավները շատ են եղել։ Էն հեքիաթի մեջ ո՞նց էր, որ հերոսը դևի գլուխը հենց կտրում էր, տեղը երկուսն էին բուսնում։ Ասում էր՝ մեկին գետնում էին, երկուսն էին գալիս, հինգին էին սպանում, տասով էին գալիս։ Անհավասար կռիվ է եղել, է՛լի։ Ինչ գիտեմ ու ինչ հիշում եմ, մեր ազգն անհավասար կռիվ է տալիս թշնամու հետ։ Հա՛, ո՞ւր էինք հասել…

— Մտան անտառ, պապի՛։

— Անտառում տղերքին տեսնում են, հետապնդում։ Մի քանի տեղ կռիվ են տալիս, նրանցից մի քանիսին էլ են ուղարկում էն աշխարհ, բայց տղերքից մեկը թևից վիրավորվում է։ Մի ցավը երկու է դառնում։ Դե արի ու էդ նեղ մաջալին վիրավորին դարման արա։ Մի տեղ տեսադաշտից կորչում են, մեկ էլ առջևից գնացողի ոտքն է խրվում գետնի մեջ։ Տեսնում են՝ խաշամով վարպետորեն ծածկած մեծ փոս է։ Հասկանում են, որ գաղտնի ապաստարան է. երևի Քառօրյայի ժամանակ էին մերոնք սարքել։ Արագ մտնում են մեջը, խաշամով ծածկը նորից քաշում գլխներին։ Մի պուճուր անցքից տեսնում են՝ ոնց են թշնամու զինվորները տարածքը հետախուզում։ Մի մասը հեռանում է, բայց թարսի նման մի խումբ տեղակայվում է էդտեղ՝ փոսից մի քիչ հեռու. դրանք չեն իմանում գաղտնի փոսի տեղը, բայց ասես մեր տղերքի հոտն առած են լինում։ Էդ մութ ու խոնավ տեղում մի կերպ խցկված՝ տղերքը երկու օր ու գիշեր սոված−ծարավ դիմանում են (վիրավոր ընկերն էլ՝ մյուս կողմից), չեն իմանում՝ ինչ անեն. դուրս գան, մահ է, մնան, էլի մահ է։ Վերջը Արկադիս ասում է.

«— Սրանք էստեղից գնացողը չեն. մի բան գլխի են ընկել։ Եկեք ամեն մեկս մի թուրքի նշան բռնենք ու կրակենք։ Դրանից հետո ինչ լինելու է, թող լինի։

— Մենակ էդ խմբի մեջ տասը−տասնհինգ հոգի են, թե քանիսն էլ տարածքում են, միայն Աստված գիտի։ Վերջներս կտան։ Մի քիչ էլ սպասենք,— ուզում են հակառակվել։

— Չէ՛, տղե՛րք, սպասելու բան չունենք։ Ավելի լավ է՝ մի քանի հոգի էլ հետներս տանենք, քան էս փոսի մեջ անիմաստ հատնենք ու հող դառնանք. գոնե ազգի համար մի լավ բան արած կլինենք»։

Համաձայնվում են ու երեքով նշան բռնում (դե, էն խեղճ վիրավորը մեռնում է)։ Կրակում են, երեքին գետնում, ու դրանց խմբի մեջ իրարանցում է ընկնում։ Մինչև տեղը բացահայտում են, տղերքը հասցնում են «զարիժատ» անել զենքերը, երեք հոգու էլ փռել ու դուրս թռչել փոսից՝ մահվան ընդառաջ…

Վախթանգն աչքերը լցրեց։ 

— Պապի՛, բա էն մեկը ո՞նց է ողջ մնում,— հարցրինք։ 

Զարմանքից աչքներս չռել էինք։

— Էդ մեկին չեն սպանում, գերի են բռնում։ Ու որ վզից բռնած՝ ծեծելով անցնում են մի մեծ քարաժայռի վրայով, սա պահը չի կորցնում, արագ պրծնում է ձեռքներից ու վազում, իրեն գցում էդ քարից… Հետևից կրակում են, բայց չի դիպչում։ Բարեբախտաբար, միայն ձեռքն ու կողքերն է ջարդում և ծլկում, մի հրաշքով հասնում մերոնց պոստերից մեկին։

— Էդ ամեն ինչը կինոյի նման աչքերիս առջևով անցավ, պապի՛,— ասացի՝ զարմանքից դեռ ուշքի չեկած։— Էդ տղերքն իսկական հերոսներ են։

— Է՛հ,— հառաչեց պապը,— որ մեր ամեն հերոսին ճանաչեինք ու գնահատեինք, երկրի պատիվն իրոք բարձր կլիներ, ու Արցախի տերն էսօ՛ր էլ մենք կլինեինք, ոչ թե թշնամին։ Քանի՜−քանի իրական հերոս թաղված մնաց անհայտի մեջ, որ նույնիսկ անուններն էլ չգիտենք։ 

— Բա հիմի էդ տղեն ո՞ւր է, ի՞նչ է անում,— հարցրեց ընկերս։

— Ի՞նչ պետք է անի։ Գլխում ուռուցք ունի, որ պետք է բուժվի։ Բայց ո՞վ բուժի… Իր համար ահռելի մեծ գումար է։ Իմ ու ձեզ նման հասարակ մարդիկ են փող հավաքում, որ տանեն Եվրոպա՝ բուժելու։ Էն բանի մեջ են հայտարարել, որ փող հավաքեն, սեսբութում։ Չգիտեմ էլ՝ էդ ինչ է։

— Ֆեյսբուք, պապի՛։

— Հա՛, ինչ որ է։

Ես ու Տիգրանը նորից մտախոհ իրար նայեցինք։

— Արկադիից հետո էս տունը դատարկվեց, էս տան ծուխը մարեց։ Սարի պես մարդ էի. սովետի ժամանակ տասնհինգ տարի բրիգադիր եմ եղել։ Դրանից հետո էլ անասուն եմ պահել, տարվա կեսը սարեր բարձրացել։ Ես ասեմ հարյուր, դուք հազար գլուխ պատկերացրեք։ Մի կողմից՝ սելավի ու կարկուտի հետ եմ կռիվ տվել, մյուս կողմից՝ չախկալների ու արջերի, որ պետությանը կաթնամթերք տամ։ Յոթանասունհինգ տարեկանում դեռ գերան էի շալակում, տակի ձորից մինչև մեր տուն հասցնում։ Էս վշտից թուլացա, երկար ժամանակով անկողին ընկա, նոր եմ վեր կենում։ Հիմի հիսուն մետր որ գնում եմ, պիտի մի տեղից բռնեմ, որ չընկնեմ։ Էն խեղճ կնիկս էլ էնտեղ… Երեսուն տարի մեր գյուղի մանկապարտեզի վարիչն է եղել՝ հարգված ու սիրված, քանի՜ քաղցր սերունդ է ճանապարհ դրել… Բայց խելքը շաղվեց տղի դարդից։ 

— Բա ձեր հարսը ինչի՞ ձեզ հետ չի ապրում,— հարցրի։

— Էս քանդված պառավների հետ մնա, որ ի՞նչ անի։ Կամ գյուղերում ի՞նչ ապագա կա, մանավանդ էսպիսի խուլ գյուղում։ Էդ մի ժամանակ էր, որ գյուղը հեղինակություն ուներ։ Ջահել, մանկավարժ աղջիկ է։ Ինքն էլ աղջիկ ունի։ Երևանում են ապրում։ Աշխատում է, իրենց պահում։ Էրեխուն պիտի նորմալ կրթության տա, որ պիտանի մարդ դառնա էս երկրի համար։ Մեզ էլ չի մոռանում, ամիսը մի անգամ տեսության են գալիս։

— Իր մասնագիտությա՞մբ է աշխատում։

— Արդեն մի տարի է՝ հրամանի է սպասում, որ դպրոցում ուսուցիչ աշխատի։ Հա՜ ձգձգում են։ Խանութում վաճառողուհի է։ Լցրո՛ւ, ջահե՛լ ջան, լցրո՛ւ, թե չէ անարդարության մասին մինչև լույսը կխոսեմ։

Երբ հերթական բաժակները խմեցինք, Տիգրանը հանեց դրամապանակը. ինչ−որ բան էր փնտրում։ 

— Կաշվի՞ց է,— հարցրեց Վախթանգը։

— Հա՛։ Օձի կաշի է։

— Է՛հ, բա օձերը մեղք չե՞ն։

— Ի՞նչն են մեղք, պապի՛,— հակադրվեցի ես, քանի որ հատուկ հակակրանք ունեի սողունների հանդեպ։— Զզվելի կենդանիներ են։ Դրանց գոյության իմաստը չեմ հասկանում։

— Ջահե՛լ ջան, կենդանական աշխարհում աննպատակ կենդանի չես գտնի, ավելի լավ է՝ մարդկանց մեջ ման գաս։ Օձը որ օձ է, ավելի երախտապարտ է, քան շատ մարդիկ։ Օձի շնորհիվ է, որ հիմա ես էստեղ նստած եմ։

— Էդ ո՞նց։

— Երբ ջահել էի, Աֆղանական պատերազմի ժամանակ մի քանի ամսով ինձ էլ տարան, որ մոջահեդների դեմ կռիվ տանք։ Ծանր ու դժվար օրեր էին։ Թշնամին՝ մի կողմից, սովը, ծարավն ու շոգն էլ՝ մյուս կողմից, մի կերպ գոյատևում էինք։ Հրամանատարի օգնական էի։ Մեր պոստից յոթ−ութ կիլոմետր ներքև մի աֆղանական գյուղ էինք գտել։ Երկու−երեք օրը մեկ հրամանատարի մեքենայով գնում էի էդ գյուղ, հաց ու ջուր բերում, որ չկոտորվենք։ Մի անգամ էլ, երբ ավազոտ նեղ ճամփով իջնում էի գյուղ, կանգնեցրի Վիլիսը ու գնացի մոտակայքում բնական կարիքս հոգալու։ Հետ եկա, նստեցի ավտոն ու ի՜նչ տեսնեմ… Հենց իմ առաջ՝ ճամփի վրա, օձի ճտեր էին։ Հավաքվում էին, կծիկ դառնում, հետո քանդվում, էդպես խաղում էին։ Մի պահ մտածեցի ավտոյով անցնեմ դրանց վրայով, սատկեցնեմ, բայց խիղճս տանջեց. նույնիսկ բանալին չպտտեցի։ Սպասեցի, մինչև իրենց խաղը պրծնեն, ու էդպես կծիկ դառնալով էլ հեռացան ճամփից, կորան քարերի մեջ։ Դրանից մի քանի օր հետո, երբ բարձրանում էի պոստը, նույն հատվածում, որտեղ էն ճտերին էի տեսել, գալար−գալար նստել էր մի ահագին սև օձ ու գլուխը վեր տնկած՝ ինձ էր նայում։ Վախից լեղիս ջուր կտրեց, ու բնազդով կողքիս ապակիները բարձրացրի, որ առավել պաշտպանված լինեմ։ «Կա-չկա, սա էն ճտերի մերն է»,— կռահեցի։ Առաջ գնալ չէի կարող, քանի որ ճամփես փակել էր։ Մտածեցի հետ դառնալ գյուղ, բայց միտքս փոխեցի։ Մի փոքր հետ գնացի ու կանգ առա։ Սպասում էի, սպասում, բայց օձը տեղից չէր շարժվում։ Էդ ընթացքում լարվածությունից մի յոթ−ութ հատ ծխեցի, տղե՛րք։ Օձի վարմունքը սկսեց ինձ զարմացնել. տեղում մեխվել էր ու ո՛չ դեպի ինձ էր շարժվում, ո՛չ էլ հեռանում։ Ենթադրեցի, որ վրաս հարձակվելու միտք չունի, ու փոքր−ինչ սրտապնդված՝ մի պահ որոշեցի ավտոյով մոտենալ՝ տեսնեմ՝ ինչ կանի, գուցե վախենար ու ճամփես բացեր։ Բայց հենց մոտեցա, միանգամից դեպի ինձ նետվեց, քիչ մնաց՝ իր մեծ ու ահավոր գլխով դիմացիս ապակին ջարդեր։ Սիրտս քիչ մնաց պայթեր։ Ներողություն խնդրող հայացքով նայեցի օձին ու նորից հետ դարձա, կանգ առա իմ տեղում։ Էդպես, էլի մի ժամ օձն ինձ տանջեց՝ հոգիս տեղից հանելով, ու մեկ էլ գլուխը թեքեց կողքի, գալարը քանդեց ու հեռացավ։ Ճամփով մեկ նրա երկարությունը տեսնելով՝ նորից սարսափ ապրեցի։ Առաջս արդեն բաց էր, բայց դեռ սիրտ չէի անում։ Կարծում էի՝ հենց մոտենամ, էլի կգա ու կհարձակվի, բայց չէ, օձից հետք չկար։ Ոտքս գազին սեղմած՝ արագ թռա դեպի պոստ՝ տղերքին պատմելու էդ զարմանալի դեպքը։ Բայց, ես ձեզ մատաղ, ի՞նչ պոստ… մեր պոստի տեղը ավերակ էր, ու չորս կողմից սև ծուխ էր ելնում։ Բոլորը սպանված էին։ Հասկացա, որ Թեհրանյան ութնյակի զորքը մտել է, ամեն ինչ ավերել ու գնացել։ Մենակ ես ողջ մնացի… մայր օձի շնորհիվ։ 

Մենք ապշած նայում էինք ծերունուն։ Ոչ մի բան չխոսեցիք։ Իսկ նա սկսեց հորանջել ու ներողություն ասելով՝ գնաց, թիկնեց իր դիվանին։

— Տղե՛րք ջան, թե ուզում եք, էլի՛ նստեք, բայց ճիշտ կանեք՝ քնեք, հանգստանաք, որ առավոտ թարմ ուղեղով ճամփա ընկնեք։

Մենք բարի գիշեր մաղթեցինք ծերունուն ու գնացինք, մտանք մեզ համար պատրաստված փափուկ անկողինները։

Պառկելուց հետո մի որոշ ժամանակ չկարողացա քնել, չնայած սաստիկ հոգնած էի։ Վախթանգի պատմածները շատ տպավորիչ էին, և գլխիս մեջ ամեն ինչ խառնվել էր իրար։ Զարմանում էի՝ որքան խոր ներաշխարհ կար այդ պարզ և գյուղական դեմքի հետևում, ու որքան վիշտ և հպարտություն՝ նրա կնճիռների տակ։ Մի բան էլ կար, որից զարմանում էի․ որ այդ մարդիկ, առանց մեզ ճանաչելու, ընդունեցին իրենց օջախ, պատվեցին ու քնելու տեղ տվեցին։ Հիմա այսպիսի աշխարհում դժվար է նման բան ակնկալելը։

***

Առավոտյան արթնացանք, կերանք տիկին Վարդիկի պատրաստած համեղ ձվածեղը, ապա խմեցինք անուշահոտ ծաղիկներով թեյը։ Խորին շնորհակալություն հայտնեցինք ու դուրս եկանք այդ հյուրասեր օջախից։ Բակում՝ դռան մոտ Վախթանգը մատնացույց արեց դիմացի տունը, որի կտուրի վրայից շողում էր պայծառ արևը՝ ցավեցնելով տակավին թմրած մեր աչքերը։

— Կգնաք, Ռուդիկին ձե՛ն կտաք,— ասաց։

— Ռուդիկն ո՞վ է, պապի՛։

— Արհեստավոր է։ Ձեզ իր ավտոյով կտանի, ձեր ավտոն էլ կսարքի, հետ կգա։

Մենք երախտագիտորեն ժպտացինք՝ նշանակալից նայելով իրար։ 

— Պապի՛, էն հերոսի անուն−ազգանունը մեզ կասե՞ս, որ անբուժելի հիվանդ է, ու որի համար փող են հավաքում։

— Հա՜ բա, ո՞նց չեմ ասի։

***

Երբ վարպետ Ռուդիկը, որ իր գործից տեղյակ ու կարգին մարդ էր, սարքել էր մեր մեքենան ու արդեն գնացել, Տիգրանը, նստելով ղեկի առաջ, բաճկոնի ծոցագրպանից հանեց պլաստմասե փոքր շիշը, որ նախորդ գիշերը կիսով չափ լցվել էր օղիով։ Ես ծիծաղեցի։

— Ի՞նչ ես ծիծաղում։ Հենց որ վրաս դրված ժամկետն անցնի, խմելու ենք։

— Բոլոր հիվանդների առողջության կենացը,— ասացի, ու մենք շարժվեցինք դեպի Երևան։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *