Համբարձում Համբարձումյան / Համլետի հոր ուրվականը

Ֆրիդա Աղաջանյանի անկենդան մարմինը ամառային սաստիկ շոգի պայմաններում երկու օր մնացել էր բնակարանի հատակին, և միայն երրորդ օրը հարևանները, անհանգստանալով նրա բացակայությունից, դիմել էին փրկարար ծառայությանը, որի աշխատակիցները, դռան կողպեքը կոտրելով և ներս մտնելով, հայնաբերել էին կնոջ դին:

Նրա որդին` Համլետ Աղաջանյանը, որ 15 տարի է՝ բնակվում էր Դանիայում, ժամանեց մահվան լուրը ստանալուց երեք օր անց, և մի օր էլ պահանջվեց, մինչև լուծվեցին թաղման բյուրոյի ու գերեզմանի հողահատկացման հարցերը, այնպես որ թաղման ժամանակ Ֆրիդա Աղաջանյանի մահվանից շուրջ 6 օր էր անցել, և նրա քայքայվող մարմինը, չնայած դիահերձարանում քիմիական միջոցների առատ գործածմանը, տհաճ նեխահոտ էր արձակում:

Հուղարկավորման արարողության մասնակիցների թիվը մեծ չէր` մի քանի հարևան, երաժշտական ուսումնարանի փոքրաթիվ պատվիրակությունը և մի անծանոթ ծերունի, որը հեռավոր ազգական ներկայացավ և Համլետ Աղաջանյանին փորձում էր հիշեցնել տարիներ առաջ ունեցած իրենց հանդիպումը:

Հոգեհացը Համլետ Աղաջանյանը պատվիրել էր մոր բնակարանից ոչ հեռու գործող ռեստորանում: Թեև Համլետը չէր կարծում, թե այդքան մարդ կմասնակցի թաղմանը, սակայն 50 անձի համար սեղան էր պատվիրել. մոր առջև ունեցած մեղավորության զգացումը ներսից ճնշում էր հոգին, և նա անխնա ծախսում էր մոր թաղման արարողությունը «բարձր մակարդակով» անցկացնելու համար: Բայց հիմա, երկար, ուտելիքներով լի սեղանի ծայրին, մոր հարևանուհու` Սեդայի կողքին նստած (զարմանալի է, որ մի ժամանակ ինքը մինչև ականջների ծայրը սիրահարված էր Սեդային, բայց հիմա նրան որպես մոր հարևանուհի էր ընկալում), Համլետը անտարբեր նայում էր դատարկ աթոռներին, խաշլամայով լի ափսեներից բարձրացող գոլորշուն, սակավաթիվ ատամներով ախորժակով միսը կծող ու ծամող ծերուկին և հասկանում էր, որ իր շռայլությունը իզուր էր: Այդ պարզունակ միտքը, որ իրականում բոլորը արարողություններն ու արարողությունների հետ կապված ծախսերը ողջերի համար են կարևոր և նրանց համար են արվում, դառնացնում էր նրան:

Սեդան անշարժ նստած էր: Ձեռքերը սեղանի տակ էին, իրանը` սեղանից թեքված դեպի սրահի միակ պատը, որ լուսամուտ ուներ: Խաշլամայի ամաններից բարձրացող գոլորշու ու պատուհանի ապակիների միջով մտազբաղ նայում էր բակի անշարժ, տոթակեզ ծառներին:

Համլետը փորձում էր գուշակել, թե ինչի մասին է մտածում նա. իր մոր մահվա՞ն, իրենց չկայացած սիրո պատմությա՞ն, իր չստացված կյանքի՞: Բայց ինչու էր ինքը մտածում, թե նրա կյանքը չստացված է, մի՞թե միայն այն, որ ինքը տարիներ առաջ թողել է նրան ու գնացել արտերկիր, միայն այն, որ Սեդան չի ամուսնացել, երեխաներ չունի, բավարար պայման է նրա կյանքը չստացված համարելու համար, և արդյոք ինքը նույնը կմտածե՞ր, եթե եվրոպացի կին լիներ իր առջև:

Ծերուկը անատամ բերանով, ճպճպոցով ծամում էր միսը:

– Ափսոս, -ասաց ծերուկը` դեռևս շարունակելով ծամծմել բերանի մեջ եղած մսի կտորը, – էսքան ծախս ես արել, սեղան ես գցել, բայց մարդ չեկավ: Դու ախր ո՞նց չես հիշում ինձ, ես ձեր տանը երկու անգամ եղել եմ: Թմփլիկ, աշխույժ երեխա էիր… Չե՞ս հիշում, մենք գնացինք այգի…

Չգնա՞նք` համրորեն, ձեռքի ժեստով հարցրեց Համլետը Սեդային: Սեդան գլխով դրական պատասխան տվեց: Ծերուկը շարունակում էր պատմել, թե ինչ առիթով է նրանց տուն գնացել, և ինչ էին անում նրանք այգում, բայց Համլետն ու Սեդան արդեն ոտքի վրա էին: Համլետը գրպանից մի 20 հազարանոց թղթադրամ հանեց և ձեռքը երկարելով դրեց ծերուկի ափսեի կողքին. նրան թվում էր, որ ծերուկի` իրենց միջև եղած ազգակցական կապը բացատրելուն ուղղված ջանքերը և իրենց հանդիպման մասին արված հիշատակումները նյութական օգնության ակնկալիքով էին պայմանավորված:

-Սա վերցրու, – ասաց Համլետը, – պետք կգա:

Ծերուկը շփոթված նայեց Համլետին, ապա ասես կռահելով Համլետի միտքը` թղթադրամը փորձեց ետ վերադարձնել` ասելով, որ ինքը դրամի կարիք չունի: Համլետը, ծերուկի առարկությունից ճնշված, արագ քայլեց դեպի դուռը` մտածելով, որ ինչ-որ բան սխալ է արել. գուցե ծերուկը ավելի մե՞ծ գումար էր ակնկալում ստանալ:

Համլետը քայլում էր քաղաքով, որը միշտ օտար ու անհրապույր էր եղել, և իրեն լավ էր զգում այն մտքից, որ մի քանի օրից, երբ մոր տան վաճառքը իրականացնի, հեռանալու է այդ քաղաքից և այլևս չի վերադառնալու, քայլում էր ծանոթ փողոցներով իբրև զբոսաշրջիկ, և քաղաքը նույնիսկ դուր էր գալիս նրան, հատկապես, որ այն բավականին փոխվել էր տասնհինգ տարվա իր բացակայության ընթացքում: Այդ տարիների ընթացքում երբեք չէր տառապել հայրենիքի կարոտախտով, ինչը նա իր համար բացատրել էր հայր չունենալով. ահայր և անհայրենիք բառերի նշանակությունը նույնացել էր նրա համար: Պատանեկան տարիքում, մինչև դպրոցն ավարտելը նա երազել էր հանդիպել իր կենսաբանական հորը, մտքում պատկերացրել էր, թե ինչ տեսք կունենա նա, երևակայել էր իրենց հանդիպումը, չափահասությունից հետո ատելություն էր զգացել նրա հանդեպ, իսկ արտագաղթելուց մեկ-երկու տարի հետո մոռացել էր այդ թեման: Երբևէ չտեսած ու չճանաչած հոր հանդեպ ունեցած զգացողությունները նույնությամբ տարածվում էին նաև «հայրենիքի»` իրենց թաղամասի ու քաղաքի վրա: Դեռևս նախադպրոցական տարիքից թաղի երեխաները նրա մականունը «Բիջ Համո» էին դրել: Իրենց բակում, դպրոցում «Բիջ» մականունը ստացած այլ տղաներ էլ կային, սակայն նրանց դեպքում այդ մականունը նրանց աշխուժությունը, ճարպկությունը, խորամանկությունն էր մատնանշում, իսկ իր դեպքում՝ «անօրինական» կապից ծնված լինելը` անհայրությունը: Այդ մականունից ազատվելու համար դպրոցական տարիքից սկսած քանի անգամ էր ծեծկռտուքի մեջ ընկել, կապտուկներով, փոշոտ ու ճղճղված շորերով տուն վերադարձլ և փորձել մորից պարզել, թե ով է իր հայրը, բայց ապարդյուն: Բոլորին հնարավոր չէր ծեծել, ամեն օր հնարավոր չէր կռիվ անել ու ծեծ ուտել, և այդ մականունը սոսնձվել, մնացել էր նրա վրա մինչև Հայաստանից հեռանալու օրը:

Պատանեկության և երիտասարդության տարիներին այնքան ատելի էր եղել իրենց թաղը, դպրոցը և քաղաքը ամբողջությամբ, որ հիմա նրան բոլոր փոփոխությունները դրական լույսի տակ էին ներկայանում: Հատկապես դուր էր գալիս Հյուսիասյին պողոտան, որովհետև այն քիչ ընդանուր բան ուներ քաղաքի հարակից հատվածների հետ, և նա նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե ինչ գնով է կառուցվել այդ պողոտան, պատմամշակութային քանի շենք է քանդվել, և որքան մարդկանց ճակատագրեր են խեղվել պողոտայի կառուցման արդյունքում:

Դեռևս Դանիայում նա առուծախի մասնագիտացած կայքերում տան վաճառքի մասին հայտարարություններ էր տվել և, որովհետև էժան էր վաճառում բնակարանը, անմիջապես արձագանքէլ էին: Մի քանի բրոքերների հետ արդեն պայմանավորվել էր հանդիպել հաջորդ օրը և հույս ուներ, որ մի շաբաթում կվաճառի մոր բնակարանը, որի փաստացի սեփականատերը ինքն էր, քանի որ սեփականաշնորհման ժամանակ մայրը իր անունով էր ձևակերպել այն:

Մոր բնակարան վերադարձավ ուշ երեկոյան: Դեռևս բնակարանի դուռը չբացած՝ քթին հասավ բնակարանի ծանոթ հոտը, իսկ երբ բացեց ու ներս մտավ, ամբողջովին այդ հոտի` մոր հոտի մեջ էր: Տարիների ընթացքում այդ հոտը ավելի էր սրվել, տան վերանորոգում չտեսած պատերը, կահույքը, հագուստը, գրադարակներն ու գրքերը ամբողջովին ներծծված էին այդ հոտով, և հիմա, երբ մայրը այլևս չկար, նրանից եկող հոտը շարունակում էր իր գոյությունը: Նա մտավ հյուրասենյակ և վառեց սենյակի լույսերը: Տասնհինգ տարվա ընթացքում ոչինչ չէր փոխվել բնակարանում, բացարձակապես ոչինչ, եթե փոփոխություն չհաշվենք այն փաստը, որ երկրաշարժից հետո առաջացած պատերի ճաքերը մեծացել էին և պատերին կպցրած պաստառների գույնը տարիների ընթացքում նստած փոշուց՝ մգվել: Բոլոր իրերը գտնվում էին ճիշտ այն դիրքում, ինչ դիրքում նա դրանք թողել էր 15 տարի առաջ: Սենյակի պատերց կախված էին գրադարակները, որոնք լցված էին երաժշտական, մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ: Մահճակալի դիմաց դրված էր հին, սև-սպիտակ էկրանով հեռուստացույցը, որը իր մեկնելուց մի քանի ամիս առաջ փչացել էր, և Համլետը վստահ էր, որ մայրը չի վերանորոգել այն, որովհետև չէր սիրում հեռուստացույց նայել: Մահճակալի մոտ դրված պահարանի վրա ռադիոընդունիչն էր, որը մայրը հաճախ էր միացնում լրատվություն կամ երաժշտություն լսելու համար: Նա հայացքով զննում էր սենյակի իրերը, փորձելով գտնել ինչ-որ նորություն, բայց միակ նորությունը սենյակի կենտրոնում դրված իր ճամփորդական, մեծ ճամպրուկն էր:

Արդեն տանմեկ տարի էր, ինչ նա կանոնավոր կերպով մորը ամսական 300 դոլարի չափ գումար էր փոխանցում, և նրան միշտ թվացել էր, որ մայրը ոչ մի բանի կարիք չունի, այնինչ պարզվում է, որ նա նունիսկ նոր տեխնիկա գնելու և տունը վերանորոգելու հնարավորություն չի ունեցել: Ինչպես շատ արտագաղթածների պարագայում է, Համլետի մոտ էլ սխալ պատկերացում էր ձևավորվել, թե Հայաստանը ճիշտ այնպիսին է, ինչպիսին եղել է իր՝ երկրից դուրս գալու պահին: Չգիտես ինչու նրա մտքով չէր անցել, որ գնաճի երևույթը, ինչին շատ անմիջականորեն ծանոթ էր գործի բերումով, տարածվում է նաև Հայաստանի պես «քոսոտ» երկրների վրա: Բայց այնուամենայնիվ տարօրինակ էր, որ մայրը իր ուղարկած գումարով ոչ մի նոր իր չէր կարողացել գնել, մի՞թե գումարը ամբողջությամբ սնունդի ու կոմունալ վճարումների վրա էր ծախսվել:

Համլետ Աղաջանյանի հայացքը կանգ առավ մոր ռոյալի վրա, որը սենյակի գրեթե մեկ երրորդն էր զբաղեցնում և նա մտահոգվեց, թե ինչպես են բեռնակիրները այն դուրս հանելու սենյակից և իջեցնելու ներքև, եթե տան նոր տերը դրա կարիքը չունենա: Իսկ ի՞նչ է լինելու մոր իրերի` գրքերի, ռադիոընդունիչի, հագուստի հետ: Ինչ- որ անհասկանալի և անտեղի տրտմություն ու միայնակության զգացողություն էր համակել նրա հոգին, որ նա վերագրում էր կյանքի մեծ մասը մենության մեջ ապրած մոր բնակարանի միջավայրին:

Պատի ժամացույցը կանգնած էր, ասես մոր մահվան հետ կյանքը, ժամանակը կանգ էր առել նրա բնակարանում, իսկ գուցե ժամացույցը կանգնել էր մոր մահվանից շատ առաջ, և մայրը չէր փոխել մարտկոցները: Համլետը գրպանից հանեց հեռախոսը և, կոճակներից մեկը սեղմելով, լուսավորեց էկրանը: Քանի որ հեռախոսի ժամային գոտին չէր փոխել (ինչ իմաստ ուներ փոխելը, միևնույնն է մի երկու օրից ընդմիշտ հեռանալու էր Հայաստանից), մտովի Դանիայի ժամանակին գումարեց ժամանակային գոտիների տարբերությունը: Ժամը 23-ն էր, բավականին ուշ ժամ հյուր գնալու համար, բայց Համլետն այնուամնայնիվ դուրս եկավ մոր բնակարանից և թակեց Սեդայի դուռը` մտածելով, թե ինչ պատրվակ ներկայացնի ուշ ժամին անհանգստացնելու համար:

Բայց պատրվակ ներկայացնելու կարիք չեղավ, որովհետև Սեդան դուռը բացելով անմիջապես ներս հրավիրեց նրան և թեյ առաջարկեց, ասես նախապես պայմանավորվել էին ուշ երեկոյան թեյ խմել միասին: Խոհանոցի փոքր սեղանի մոտ նստած՝ Համլետը հետևում էր էլեկտրական թեյնիկի մեջ ջուր լցնող Սեդային. նրա մարմինը դեռևս գրավիչ էր, դեմքը գեղեցիկ, բայց ևս 5-10 տարի, և նրա գեղեցկությունը կխամրեր: Երբ ինքը գնում էր Հայաստանից, նա քսանամյա աղջիկ էր՝ իր տարիքից էլ փոքր երևացող, իսկ հիմա իր առջև հասուն կին էր: Հիշեց, թե ինչպես էր մեկնելուց առաջ, իրենց վերջին հանդիպման ժամանակ տխուր, արտասվող Սեդային սփոփում, խոստանում, որ հենց Եվրոպայում քաղաքացիություն ստանա, աշխատանք գտնի, կկանչի նրան, և ամոթի, մեղավորության զգացումը գլուխ բարձրացրեց: Եվրոպա մեկնելուց հետո մի քանի անգամ էր զանգահարել նրան, այն էլ` առաջին ամիսներին: Հավանաբար նա օրերով սպասել էր իր զանգին, երազել համատեղ կյանքի մասին:

Համլետը հարցրեց, թե ինչպես էր մայրը ապրում այս տարիների ընթացքում, Սեդան ասաց, որ տիկին Ֆրիդան երբեք չի դժգոհել ու չի տրտնջացել: Համլետը մեղադրանք որսաց Սեդայի ձայնի ու հայացքի մեջ: Դա այն էր, ինչ նա ուզում էր լսել և տեսնել, որովհետև ինքնաքննադատությունը ավելի անողք ու տանջալի էր: Համլետը ափերի մեջ վերցրեց Սեդայի՝ սեղանին դրված ձեռքը:

-Կներես ինձ, -ասաց նա,- ես ինձ շատ վատ պահեցի …

Սեդան սառած հայացքով նայում էր հատակին: Համլետը Սեդայի ձեռքերը մոտեցրեց շրթունքներին և համբուրեց նրա ձեռքը, ապա տեսնելով, որ Սեդան չի առարկում՝ սկսեց ավելի կրքոտ համբուրել ձեռքը, շուրթերը, վիզը… Սեդայի մարմինը ցանկալի էր, բայց եթե նույնիսկ ցանկալի չլիներ, Համլետը փորձելու էր սիրով զբաղվել նրա հետ, որովհետև նրան թվում էր, թե այդպիսով կարող է վերադարձնել Սեդային այն, ինչ պարտք է նրան կամ գոնե պարտքի մի մասը:

Տան գնորդը ասել էր, որ տան իրերից ոչինչ հարկավոր չի իրեն և գործարքը կատարելու օրը բեռնակիրներ էր բերել գույքը իջեցնելու և աղբանոց տանելու համար: Մինչ բեռնակիրները իջեցնում էին գրադարակներն ու գրքերը, Համլետը մեծ պայուսակի մեջ էր տեղավորում այն ամենը, որ ցանկանում էր, և որ հնարավոր էր վերցնել մոր տանից և իր հետ Դանիա տանել՝ որպես հիշատակ: Մի քանի ժամից թռչելու էր Դանիա, և թվում էր, որ պետք է ուրախ լինի, որ մեկընդմիշտ հեռանում է Հայաստանից, բայց Սեդայի հետ անցկացրած գիշերը խառնաշփոթ էր առաջացրել հոգում:

Գրապահարանի միջից վերցնելով լուսանկարների ալբոմը՝ սկսեց թերթել սև-սպիտակ լուսանկրաների շարքը: Երկու իրար կողք դրված լուսանկար գրավեցին նրա ուշադրությունը: Երկուսում էլ մայրը նկարված էր մի տղամարդու հետ, որ Համլետին հիշեցնում էր մոր թաղմանը մասնակցած ծերուկին: Հաջորդ էջին դարձյալ այդ տղամարդու լուսանկարն էր՝ ավելի հասուն տարիքում, և հիմա արդեն հստակ էր, որ դա այն ծերունին էր: Տղամարդը նկարվել էր մանկական այգում, իսկ նրա գրկին ինքն էր` 3-4 տարեկան հասակում:

Այն միտքը, որ ցնցոտիներ հագած, անատամ այդ ծերունին կարող է իր հայրը լինել, Համլետի հոգում խորշանքի և խղճահարության զգացողություն առաջացրեց. դա ճիշտ այն զգացողությունն էր, որ ուներ «հայրենիքի» հանդեպ: Նա համակերպվել էր այն մտքի հետ, որ հայր չունի, արդեն վաղուց դադարել էր մտածել դրա շուրջ, և հիմա, չգոյությունից հայտնված հոր ուրվականը նրան հանկարծակիի էր բերել: Համլետը լուսանկարների ալբոմի միջից հանեց այդ երեք լուսանկարները և դրանք գցեց անպետք իրերի ու աղբի կույտի վրա, ապա ալբոմը դրեց պայուսակի մեջ: Մոր բնակարանը լքելու, ավելի ճիշտ բնակարանից փախչելու ցանկություն առաջացավ, քանի դեռ իր կասկածները հաստատող ապացույցներ ի հայտ չէին եկել, բայց հազիվ էր կռացել, որպեսզի ճամպրուկը վերցնի, լսեց բեռնակիրներից մեկի ձայնը:

-Էս դոշակի տակ ինչ-որ թղթերով տոպրակ կա:

Բեռնակիրը ներքնակը գրկած անցավ դռնով և իջավ ներքև: Համլետը մոտեցավ մահճակալին և տոպրակը վերցնելով հանեց թղթերը: Դա բանկի հետ կնքած պայմանագրի օրինակն էր, նոտարում հաստատված մոր կտակը, որով նա բանկում ավանդ դրած ամբողջ գումարը` 42400 դոլարը կտակում էր որդուն և մի ծրար, որի մեջ մոր նամակն էր: Դա նշանակում էր, որ այս տարիների ընթացքում մայրը ոչ մի դրամ չի ծախսել իր ուղարկած գումարից և իրեն է վերադարձնում իր ուղարկած գումարը՝ գումարած ավանդի տոկոսը: Հուսահատության և անզորության զգացողությունից Համլետը փլվեց մահճակալի վրա և նոր անակնկալի սպասումով պատռեց սոսնձված ծրարի թուղթը ու ծրարի միջից հանեց մոր նամակը: Նամակի բովանդակությունը շատ հակիրճ էր: Մայրը ներողություն էր խնդրում, որ նրան զրկել է հոր հետ շփվելու հնարավորությունից, գրում էր, որ հայրը` Հայկ Սարգսյանը, միշտ ցանկացել է կապ պահպանել նրա հետ: Նամակի վերջում գրված էր հոր բնակության հասցեն:

Համլետը փորձեց հիշել մոր թաղմանը և հոգեհացին մասնակցած ծերունու անունը, բայց չկարողացավ մտաբերել: Նա բարձրացավ մահճակալից և աղբակույտի միջից վերցրեց ծերուկի լուսանկարները. հիմա նրա կերպարանքը, որ թաղման օրից մնացել էր հիշողության մեջ` նրա կորացած մեջքը և անատամ բերանը, հնամաշ հագուստն ու հոգնած, ջրակալած աչքերը այնքան մտերիմ և հարազատ էին դարձել:

Please follow and like us: