Տո՜ւ, տո՜ւ, տո՜ւ։
— Բարև Ձեզ, Դուք զանգահարել եք կամայական ընկերություն․ հայերենի համար սեղմեք «1», դլյա ռուսկըվը յազիկա․․․
Բութ մատը սեղմեց «1»։
— Եթե զանգում եք վթարի վայրից՝ սեղմեք «1», եթե զանգում եք ոչ վթարի վայրից, բայց վստահ եք, որ վթար եղել է՝ սեղմեք «2», եթե վթարի մասին տեղյակ չեք՝ սեղմեք «3», եթե զանգում եք նոր սակագներին ծանոթանալու համար՝ սեղմեք «4», եթե զանգում եք վթարի վայրից՝ նոր սակագներին ծանոթանալու համար՝ սեղմեք «5», եթե չէիք ուզում զանգել, զանգը պատահական է ստացվել՝ սեղմեք «6», օպերատորին միանալու համար սեղմեք «7»։
Բութ մատը սեղմեց «7»։
— Ուշադրություն, անվտանգության նկատառումներից ելնելով Ձեր զանգը ձայնագրվում է․ մեր օպերատորները հաճույքով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։
Տո՜ւ, տո՜ւ, տո՜ւ․․․․
— Այս պահին մեր բոլոր օպերատորները զբաղված են, 1-2 րոպեի ընթացքում մեր օպերատորը կպատասխանի Ձեր զանգին․ մնացեք կապի մեջ, Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար, — երգ՝ առանց քեզ տո՜ւնը իմ ցուրտ է՝ արի տես, առանց քեզ իմ հոգի՜ն չունի էլ հանդես․․․, — 1-2 րոպեի ընթացքում մեր օպերատորը կպատասխանի Ձեր զանգին․ մնացեք կապի մեջ, Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար, — երգ՝ առանց քեզ տո՜ւնը իմ ցուրտ է՝ արի տես․․․
— Ալո՛, բարև Ձեզ, օպերատոր Մադլենան լսում է։
— Բարև Ձեզ։ Ես ուզում էի իմանալ` իմ ապահովագրական փաթեթով․․․
— Շնորհակալություն՝ զանգի համար․ ապահովագրական փաթեթներով զբաղվում է այլ օպերատոր․ հիմա կմիացնեմ, — երգ՝ առանց քեզ տո՜ւնը իմ ցուրտ է՝ արի տես, առանց քեզ իմ հոգի՜ն չունի էլ հանդես․․․
— Ալո՛, բարև Ձեզ, օպերատոր Կառլենան լսում է։
— Բարև Ձեզ։ Ես ուզում էի իմանալ` իմ ապահովագրական փաթեթով կարո՞ղ եմ այլ ատամնաբուժարանից․․․
— Շնորհակալություն զանգի համար։ Ատամնաբուժարանների հարցերով այլ օպերատոր է զբաղվում․ հիմա կմիացնեմ, — երգ՝ առանց քեզ տո՜ւնը իմ ցուրտ է՝ արի տես, առանց քեզ իմ հոգի՜ն չունի էլ հանդես․․․, — 1-2 րոպեի ընթացքում մեր օպերատորը կպատասխանի Ձեր զանգին․ մնացեք կապի մեջ, Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար, — երգ՝ առանց քեզ տո՜ւնը իմ ցուրտ է՝ արի տես․․․
— Ալո՛, բարև Ձեզ, օպերատոր Սիմոնան լսում է։
— Ես ընդամենը ուզում էի իմանալ` իմ փաթեթով կարո՞ղ եմ այլ ատամնաբուժարան գնալ, թե՞ պարտադիր պետք է պայմանագրում նշված միակ ատամնաբուժարանից օգտվեմ։
— Շնորհակալություն հարցի համար, ի՞նչ գանգատներ ունեք։
— Վա՜խ, հորս արև․․․ Ատամս ա ցավում, ուզում եմ․․․
— Շնորհակալություն՝ պատասխանի համար։ Եթե այլ հարցեր չունեք, զանգը փոխանցեմ մեր մասնագետին։ Այլ հարցեր ունե՞ք։
— Էլ ի՞նչ հարց պիտի ունենամ։
— Շնորհակալություն պատասխանի համար։ Զանգը փոխանցում եմ մասնագետին, — երգ՝ առանց քեզ տո՜ւնը իմ ցուրտ է․․․
— Ալո՛, բարև Ձեզ, մասնագետ Կլառան լսում է։
— Ատամս ուժեղ ցավում ա, ուզում եմ հասկանալ․․․
— Շնորհակալություն՝ պատասխանի համար։ «Հասկանալու» համար զանգը փոխանցում եմ մեր հոգեբանին, կարծում եմ, նա կկարողանա օգնել Ձեզ «հասկանալու» հարցում։
— Ձեր տիրոջ մերը․․․
— Շնորհակալություն արձագանքի համար։ Զանգը փոխանցում եմ տիրամորը, — երգ՝ դոռի մե, ինտեռիմո-ադապառե, դոռի մե, ամենո-ամենո, լանտիռե-լանտեռիմո, դոռի մե․․․, — 1-2 րոպեի ընթացքում տիրամայրը կպատասխանի Ձեր զանգին․ մնացեք կապի մեջ, Ձեր քֆուրները շատ կաևոր են մեզ համար, — դոռի մե, ինտեռիմո-ադապառե, դոռի մե․․․
Տու-տու-տու-չը՛խկ․ բջջայինի էկրանը փշուր-փշուր եղավ, իսկ ատամի ցավը շարունակում էր ուժգնանալ։