Հայկական գրական դաշտը մի քանի քայլ հետ է

Օրերս լույս տեսավ եւ Հայաստան հասավ ժամանակակից հայկական պոեզիայի վրացերեն անթոլոգիան, որի մեջ ներառված են Հասմիկ Սիմոնյանի, Մարինե Պետրոսյանի, Գևորգ Գիլանցի, Կարեն Անտաշյանի, Վիոլետ Գրիգորյանի, Արփի Ոսկանյանի, Էդուարդ Հարենցի, Վահե Արսենի, Հուսիկ Արայի ու Աննա Դավթյանի բանաստեղծությունները։ Թարգմանություններն արել ու անթոլոգիան կազմել են հայ  թարգմանչուհի Ասյա Դարբինյանն ու վրաց բանաստեղծուհի Դիանա Անփիմիադին։ «Մի տեսակ շրջան ենք կազմել՝ մեկ ժողովածուի մեջ ներկայացնելով բոլորովին տարբեր, բազմազան հեղինակների»,- գրված է անթոլոգիայի նախաբանում։ Անթոլոգիան հրատարակվել է Գրողների տան դրամաշնորհով, Նոդար Դումբաձեի անվան հրատարակչությունում։ Այս առթիվ զրուցեցինք թարգմանչուհի Ասյա Դարբինյանի հետ։

– Ասյա, փաստորեն, Վրաստանի պետական միջոցներով հրատարակվել է հայ ժամանակակից պոետների ստեղծագործությունների անթոլոգիան։ Կարո՞ղ ենք սիմետրիկ քայլի սպասել՝ վրաց ժամանակակից պոեզիայի անթոլոգիային հայերեն։

– Այո,  միայն և միայն Վրաստանի Գրողների տան դրամաշնորհով և պետական միջոցներով, ամբողջությամբ վրացական կամքի շնորհիվ է ծնվել գիրքը։ Գաղափարը ծնվելուն պես հենց այդպես էլ պատկերացնում էի,  շատ եմ ուզում պատասխան անթոլոգիա կազմել, ձեր՝ ժամանակակից հայ պոետներիդ օգնությամբ կարծում եմ մոտ ապագայում հնարավոր կլինի դա իրականացնել։

Դու թարգմանում ես եւ վրացերենից հայերեն, եւ հայերենից վրացերեն։  Նման բան հաճախ չի հանդիպում։ Դժվար չէ՞։

-Ես սկսեցի թարգմանական գործունեությունը հայերենից վրացերեն թարգմանելով, քանի որ իմ կրթությունը վրացական է, եւ երկար ժամանակ չէի համարձակվում թարգմանել վրացերենից հայերեն, բայց հետո հասկացա, որ երկու մայրենի լեզու ունեմ, դա հազվադեպ ու հետաքրքիր մի բան է, ու ես իրավունք չունեմ չօգտվելու այս շռայլությունից։

– Ես գիտեմ, որ դու Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության բաժինն ես ավարտել, որը պատրաստել է հայագետներ, թարգմանիչներ։ Ներկայումս կա՞ն ազգությամբ վրացի թարգմանիչներ, որ հայ գրականություն են թարգմանում։

– Թբիլիսիի պետական համալսարանի  հիմնադրման, 1919 թ․ հաջորդ իսկ տարվանից բացվեց և մինչ օրս գործում է Հայագիտական բաժինը, համալսարանի հիմնադիր ակադեմիկոս Իվանե Ջավախիշվիլին նույնպես հայագետ էր, գիտական, պատմական հարուստ թարգմանական գրականություն կա։ Նաև կուզենայի նշել մեր պարծանքի՝ Գիվի Շահնազարի անունը, որը բարձր մակարդակով թարգմանել է Նարեկացի, Քուչակ, Թումանյան, Սևակ և այլ գրողների, եւ անցյալ տարի նրան «Սաբա» մրցանակ շնորհեցին գրականության մեջ ունեցած ավանդի համար։ Մեծ է նաեւ Անահիտ Բոստանջյանի եւ Հրաչիկ Բայրամյանի ավանդը վրացերենից հայերեն թարգմանության գործում։ Խորհրդային տարիներին շատ գրքեր են թարգմանվել, բայց հիմա դա հազվադեպ հանդիպող մի բան է դարձել։ Ցավոք, այսքան մոտ ապրելով և բազմադարյա եղբայրական պատմություն ունենալով՝ միմյանց շատ վատ ենք ճանաչում։

– Ո՞րն է միմյանց հանդեպ հետաքրքրության անբավարար լինելու պատճառը։ Հասկանալի է, որ խորհրդային տարիներին այդ հետաքրքրությունը խթանվում էր պետության կողմից, բայց հիմա էլ դժվար է թերագնահատել դրա առնվազն քաղաքական շարժառիթը։ Հիշում եմ վրացի գրողի խոսքը, որ գիտի՝ ինչ է կատարվում Հյուսիսային Կորեայի գրական դաշտում, բայց չգիտի՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Մինչդեռ մենք ոչ միայն հարեւան, այլեւ բարեկամ երկրներ ենք։ Ինչո՞ւ է այդպես։

– Կդժվարանամ միանշանակ պատասխանել այս հարցին, կարծում եմ բավարար աջակցություն և պատրաստակամություն չեն ցուցաբերում պետական մարմինները։ Դժվար է միայն թարգմանչի էնտուզիազմով կազմակերպել այս գործը։ Երբ հրատարակիչները բավականաչափ հետաքրքրված չեն, որովհետեւ պետական աջակցությունը քիչ է։ Չեմ ասում՝ բոլորովին չկա, բայց մեծ բաներ անելու, իրար լավ ճանաչելու համար շատ քիչ է։

– Դրա համար ասում են, որ դու մի ամբողջ ինստիտուտի գործառույթ ես կատարում։ Քանի որ դու նաեւ գրական գործի կազմակերպիչ ես, ի՞նչ ես կարծում, ո՞րը պիտի լինի պետության կողմից այս ուղղությամբ արվող քայլը։ Ֆինանսավորումից բացի ինչի՞ բացն է, որ դու զգում ես։

– Շնորհակալ եմ նման գնահատականի համար։ Կարծում եմ, որ բացի ֆինանսավորումից հարկավոր է միմյանցով հետաքրքրվել, երկխոսել, փորձել ճանաչել ոչ կենացային մակարդակով, ոչ պաշտոնական այցերի մակարդակով, այլ գրական, մշակութային մթնոլորտ է պետք ստեղծել՝ այն, ինչ մենք այս տարվա հունիսին «ՓԵՆ Հայաստանի» եւ Արմեն Հայաստանցու նախաձեռնությամբ արեցինք։ Դա աննախաեպ մեծ միջոցառում էր, որի շրջանակներում ես տասնյակ հայ և վրացի հեղինակների գործեր թարգմանեցի։ Նախագծում ներգրավված էին «ՓԵՆ»-ի անդամ հեղինակները, օգնում էին խմբագրական աշխատանքերում, արդյունքում ունեցանք հինգ անմոռանալի գրական, պոետիկ օրեր։ Դա մեծ հայ-վրացական գրական երկխոսություն էր։

– «Գրողուցավում» «Փենի» նախաձեռնությամբ ժամանակակից վրացական պոեզիայի ու արձակի շարք ներկայացրինք, եւ ընթերցողների արձագանքներից երեւաց, որ մեզ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում վրացական գրքի շուկայում, ինչպես են վրացները զարգացնում իրենց գրականությունը։ Հատկապես շատ հետաքրքիր է դա գրողներին։ Գրողներից մեկը մասնավոր զրույցում նախանձով ասաց՝ պատկերացնո՞ւմ ես՝ որեւէ հայկական բանկ գրական մրցանակ սահմանի․․․ Կուզենայի պատմեիր վրացական գրքի շուկայի առանձնահատկությունների ու հաջողությունների մասին։

– Վրաստանում 2002 թվականից «ԹԻԲԻՍԻ» բանկի տնօրենի և բանաստեղծ Ռատի Ամաղլոբելիի միահամուռ ջանքերով գործում է ամենամյա գրական «Սաբա» մրցանակաբաշխությունը։ Սկզբում այնքան էլ հայտնի չէր, կայացման փուլ էր անցնում, բայց հիմա տարվա գլխավոր, ամենասպասված իրադարձությունն է։ Բացի այդ կա նաև գրողների տան մրցանակ «Լիտերա», որը նույնպես հեղինակավոր գրական մրցանակ է։ 

– Մի քանի մրցանակաբաշխություն եւ գրական փառատոնը, որին միշտ Հայաստանից էլ են հեղինակներ հրավիրում։ Է՞լ ինչն է, որ վրացական գրական միջավայրը աշխուժացնում է եւ շահեկանորեն տարբերում է հայկական գրական միջավայրից։

– Վրաստանում Գրքի կենտրոնի և Գրողների տան համատեղ ծրագրի շնորհիվ հարյուրավոր գրքեր են թարգմանվել ու թարգմանվում են ամեն տարի։ 2018 թվականին Վրաստանը Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պատվավոր հյուրընկալ երկիրն էր։ Դրա համար ահռելի աշխատանք էր կատարվել։ Տոնավաճառին ընդառաջ մեծաքանակ գրքեր թարգմանվեցին, և Վրաստանը իսկապես պատվով ներկայացավ այդ տոնավաճառին։ Այսօր այդ տեմպը պահում են և շարունակում են մեծ ներդրումներ անել թարգմանական ոլորտում։ Սա շատ մեծ իրադարձություն էր Վրաստանի գրական դաշտի համար, և իրականում նման կարգավիճակի հասնելը իսկապես մեծ պատիվ է, կուզենամ, որ Հայաստանն էլ մոտ ապագայում հասնի դրան։

– Դու որպես թարգմանիչ, որ բավականաչափ խորությամբ է ճանաչում թե վրացական, թե հայ ժամանակակից գրականությունը, ի՞նչ նմանություններ ես նկատել այս երկուսի միջեւ։ Եվ տարբերություններ․․․ 

– Մենք նման ցավեր ունենք, լեզվական, ոճի առումով շատ նմանություններ և միաժամանակ տարբերություններ կան։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե վրաց գրականությունը բաց ու համարձակ լեզու ունի, սակայն մենք էլհետ չենք մնում։ Շատ ընդհանուր թեմաներ կան՝ սոցիալական, քաղաքական, գենդերային, անգամ հիշում եմ՝ Էկա Քևանիշվիլին քո բանաստեղծության վերնագրով բանաստեղծություն ունի՝ «Կնվիրեմ ինքս ինձ ծաղիկներ», ձեր գրքի շապիկներն են անգամ նմանատիպ։ Թեա Թոփուրիայի բանաստեղծությունը մեծ արձագանք ունեցավ, ու շատերն ասում էին, որ եթե չլիներ այնտեղ Սոխում բառը, կմտածեին, որ Հայաստանի ներկայիս վիճակի մասին է գրված։ Հայ-վրացական գրական օրերին, որ վերջերս եղան Փենի նախաձեռնությամբ, մենք հենվել էինք հենց նմանությունների վրա, փորձել էինք հայ եւ վրացի պոետների միջեւ նմանություններ գտնել եւ իրար առավել հարազատ պոետներին ներկայացնել զույգերով։ Մենք շատ ընդհանրություններ ունենք և քիչ տարբերություններ, այդ ամենը պիտի ավելի լավ ճանաչենք երկխոսության միջոցով։

– Այնուամենայնիվ, կուզենայի քեզնից անկեղծ ու անկողմնակալ պատասխան լսել, քեզ ո՞ր գրական դաշտն է ավելի աշխույժ ու բազմազան թվում։  Եթե դու նայեիր մեր երկու երկրների գրականությանը դրսի աչքով՝ որպես ֆրանսիացի կամ չինացի, քեզ ո՞ր գրականությունն ավելի գրավիչ կթվար, ո՞ր գրական դաշտը՝ ավելի աշխույժ։

– Միանշանակ վրացական դաշտը շատ ավելի աշխույժ և գրավիչ է դրսի աչքի համար, իրենք բազմազան գրական փառատոններ են կազմակերպում, ընթերցումներ, հանդիպումներ գրողների հետ, վրացի հեղինակներին անխնա թարգմանում են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով, ապահովում են առաջխաղացումը, հանրահռչակումը։ Հայկական գրական դաշտը մեղմ ասած մի քանի քայլ հետ է։ Բայց միաևնույն ժամանակ մեծ հույս ունեմ, որ մենք կհաղթահարենք այս ճգնաժամը և կկարողանանք հասնել ու միգուցե անցնել։ Որովհետև հայ ժամանակակից գրականությունը ունի այդ ներուժը։

Զրուցեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: