Պատերազմից հետո սա գյուղի առաջին հարսանիքն էր․ ուզենք թե ոչ՝ կյանքը շարունակվում է․ գյուղի մեծերը գիտեին, որ այսպես պիտի լինի շարունակությունը։ Առաջին պատերազմը չէր, որ տեսել էին նրանք, բայց ինչ-որ խռովություն կար, որ չէր հանդարտվում ոչ մի կերպ․ այդ ինչպե՞ս եղավ, որ էս անտեր չարիքը հասավ նաև իրենց երեխաներին ու թոռներին, որտե՞ղ էին սխալվել, որ գյուղում սևազգեստ երիտասարդ կանայք այսքան շատացան․․․
Չգիտես՝ որտեղ ու երբ բախտդ կբերի․ մարտադաշտու՞մ՝ ընկերներիդ հետ ընկնելով՝ ժառանգելով հաղթանակ, թե՞ կվերադառնաս տուն, ուր քեզ սպասում են՝ Աստծուն կաշառած։ Մի տեսակ դավաճանություն կա այդ բախտի մեջ։ Հիմա պատերազմից վերադարձած միակ երիտասարդի հարսանիքն էր, որն իրեն մեղավոր էր զգում՝ վերադարձի համար․ ընկերները բարձրում մնացին, ինքը պիտի շարունակեր կյանքը։ Գյուղում շատ կանայք կուզեին նրա մոր տեղը լինել, բայց հիմա բոլորը մոր աչքով էին նայում նրան, փայփայում իրենց միակ տղային։
Մի գյուղ՝ մի տուն, բոլորն իրար գիտեին ու բոլորը ներկա պիտի լինեին այդ հարսանիքին․ գյուղի ծնունդն էր, հայրենիքի ծնունդն էր։ Ապրել պիտի․․․
– Մա՛մ, ներս արի, շորերդ փոխիր, կես ժամից Հակոբի տանը պիտի լինեք,- դարպասից դուրս գալով ասաց հարսը։
– Ու՜ֆ, այ բալա, ես սիրտ ունե՞մ հարսանիք գնալու, ջահել էրեխուս հողն եմ դրել, որ գնամ Հակոբի տղու հարսանիքի՞ն,- խոր հոգոց հանեց Արփիկը։
– Ես էլ ջահել ամուսին եմ կորցրել, գյուղի կեսը մեր օրին է, բա ի՞նչ անենք։
Սկեսուրն ազդվեց հարսի ասածներից։
– Աննա՛ ջան, իմ ու քո ցավը նույնը չէ, դու, էս տարի չէ, բայց մյուս տարի հետ կգնաս ձեր տուն, ամբողջ կյանքդ մեր կողքը չես նստի, նորից կամուսնանաս, բա ես իմ տղուն որտեղից գտնեմ։
– Մա՛մ, ես ոչ մեկի հետ էլ չեմ ամուսնանա։
– Բա ի՞նչ ես անելու, հարսս էիր, կդառնաս աղջի՞կս։
– Հա, աղջիկդ եմ լինելու,- ասաց ու դարպասը փակեց, վազեց իր սենյակ։
– Ա՜խ, էս աղջիկն էլ որ գնաց, տունս լրիվ կդատարկվի, էս ինչ զուլում էր,- ինքն իրեն խոսում էր Արփիկը։- Որ սենյակ մտնում եմ, Տիկոյիս եմ ման գալիս։- Վայ, Աստված, ինչի՞ էիր ականջներդ փակել, բա ես քեզ հավատում էի, գիտեի, որ ինչ էլ լինի, տղես հետ ա գալու։ Լավ, իսկ էս հարսը մե՞ղք չէր, որ ․․․է՜հ,- ձեռքն անտարբերությամբ թափ տվեց օդում,- խոսամ-չխոսամ, լսողս ո՞վ է, բայց,ախր, սիրտս տրաքում ա, է։
– Հը, ի՞նչ է պատահել,- դուրս գալով տնից հարցրեց ամուսինը։
– Ի՞նչ պիտի պատահի, արդեն ամենավատը պատահել ա, – ասաց կինը, հետո մի քանի վայրկյան լռելուց հետո շարունակեց,- Աննայի հետ էի խոսում, ինձ համոզում ա, թե՝ գնա հարսանիք, այ բալա, ասի՝ ես սիրտ ունե՞մ, որ գնամ,ինքն էլ նեղացավ գնաց։
– Դու ուրիշ բան չե՞ս ասել Աննային, նա էլ դրա համար նեղացավ, գնա՞ց,- հարցրեց ամուսինը։
– Դե՜, ի՞նչ պիտի ասած լինեի, Արամ ջան,- արդարացավ Արփիկը, հետո շարունակեց՝ փորձելով շեղել խոսակցությունը,- ասում եմ, որ էս Աննան էլ գնաց, մենք ի՞նչ ենք անելու։
– Ի՞նչ պիտի անենք, Տիկոս որ գնաց, ի՞նչ արեցինք, պիտի հարմարվենք։
– Այ տղա, էդքան հարմարվել կլինի՞, մեզ չի սազու՞մ հանգիստ ապրել։- Շան աղջիկը գոնե լեզվանի լիներ, էրեխուս էսքան չսիրեր, սրտիս էսքան դարդ չէր լինի։
– Որ լեզվանի էլ լիներ, էլի սրտիդ դարդ կլիներ։
– Օ՜ֆ,- ձեռքերը ծնկներին խփեց Արփիկը, հետո շրջվեց ամուսնու կողմը,- Արա՛մ ջան, Աննային համոզիր, թող գնա էդ հարսանիքին, ջահել աղջիկներ, հարսներ կան, հետները կշփվի, կցրվի, մեղք ա, ամբողջ օրը էս չորս պատի մեջ փակված ա։ Ինքը քեզ կլսի, ասա, թող գնա։
– Է՜, չի ուզում, թող չգնա, դու մի խառնվիր։
– Վա՜յ, ջահել էրեխա ա, ծաղկի նման աչքներիս առաջ թառամում ա, թող գնա, մի քիչ ուրախանա։
– Հա՜, ուրախանա, էլ դարդ չունի հարսդ, թող գնա, ուրախանա։
Արամը հասկանում էր, որ կինն իրավացի է, բայց չէր ընդունում, որ իր հարսին մի օր ուրիշ աչք կարող է նայել։ Ե՛վ տղայից, և՛ հարսից զրկվե՞ր, արդար չէր։ Թող Աննան մնա իրենց տանը, ինչքան կուզի, աղջկա նման կպահեն։ Բայց աղջիկն էլ է մի օր գնում․․․
– Լավ, Արամ ջան, ես ի՞նչ ասացի, որ ջղայնացար։ Էդ անտեր ծխախոտն էլ քիչ ծխի, բժիշկը չի ասե՞լ,- բարկացավ Արփիկը։
– Բժի՜շկը,- քմծիծաղ տվեց Արամը,- իմ դարդը բժշկին են տվե՞լ, որ ինքը որոշի ես ինչքան ծխեմ։ Երանի քեզ, հա՜, Արփի՛կ, հլը հիշում ես՝ բժիշկն ինչ ա ասել։
Էլի ինչ-որ բան էր ուզում ասել, բայց կուլ տվեց բառերն ու ներս գնաց։
– Աննա՛ ջան,- դուռը կամաց բացեց Արամը։
– Գիտեմ՝ ինչ ես ասելու, պա՛պ, ես հարսանիք գնացողը չեմ։
– Չէ, դա չեմ ասելու, չես ուզում, մի գնա։
Աննան զարմացած նայեց սկեսրայրին։
– Ուզում էի ասեի, որ դպրոցի տնօրենի հետ խոսել եմ, մյուս ամսից դպրոցում կաշխատես, ոնց որ միշտ ուզում էիր։
Աննան գրկեց Արամին, պինդ սեղմեց արցունքները, որովհետև ինքն էլ գիտեր, որ Արամը բոլորովին այլ բան էր ուզում ասել։
– Էս ա կյանքի դրվածքը, բալե՛ս, մեկը կլացի, մեկը՝ կխնդա։ Բայց դու գնա հարսանիքին, գնա ու Տիկոյիս կենացն էլ խմի։ Էս քո տունն ա, մենք էլ քեզ՝ հերն ու մեր։
Աննան ամուսնու մահից հետո առաջին անգամ թարթիչաներկն առավ ձեռքը․․․
Գյուղում պատերազմից հետո սա առաջին հարսանիքն էր․․․